Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Մենք շարունակում ենք մաս կազմել Համաժողովրդական շարժման»

«Մենք շարունակում ենք մաս կազմել Համաժողովրդական շարժման»
25.07.2008 | 00:00

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ԻՆՎԵՆՏԱՐԻԶԱՑԻԱ» ԱՆՑԿԱՑՐԻՆ»
Հայաստանի ներքաղաքական զարգացումներում «Նոր ժամանակներ» կուսակցության դիրքորոշումների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս ՆԺԿ վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-Պարոն Սարգսյան, հայտնի է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը դեռևս Մոսկվայում է։ Ե՞րբ է վերադառնալու Հայաստան և մտադի՞ր է շարունակել ակտիվ քաղաքական գործունեությունը։
-Անշուշտ, մտադիր է։ Արամ Կարապետյանը Մոսկվայում է արդեն մեկ ամիս՝ բուժման նպատակով։ Ինչպես հայտնի է, քննչական մարմինները թույլատրեցին նրան երեք ամսով մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք, թեպետ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճված չէ։ Արամ Կարապետյանը 83 օր անցկացրեց մեկուսարանում, ինչի պատճառով էլ առողջական լուրջ խնդիրներ առաջացան, և Հայաստանի բուժհաստատություններում չկարողացան որակյալ օգնություն ցույց տալ կամ բուժում առաջարկել։ Մենք հուսով ենք, որ նա, լիովին ապաքինված, օգոստոսի վերջին կվերադառնա Երևան։
-Այնուհանդերձ, առանց առաջնորդի կուսակցությունը որոշակի գործունեություն շարունակո՞ւմ է ծավալել։
-Իհարկե, մենք շարունակում ենք մաս կազմել Համաժողովրդական շարժման, որին միացել ենք դեռ փետրվարի 14-ին։
-Իսկ ազգային կոնգրեսի գաղափարը Ձեզ համար ընդունելի՞ է։
-Ինչպես նշեցի, մենք շարԺմանը միացել ենք դեռ փետրվարի 14-ից, և նպատակակետը մեզ համար շատ հստակ է՝ այս իշխանությունները քաղաքական դաշտից պետք է հեռանան։ Հետևաբար ՆԺԿ-ն շարունակելու է իր ակտիվ մասնակցությամբ նպաստել Համաժողովրդական շարժման էլ ավելի հզորացմանը։ Անցած 10 տարիներին, պետականության կառուցման առումով, վարչախումբը գրեթե որևէ դրական արդյունքի չհասավ, փոխարենը բազմաթիվ հասարակական արատներ արմատավորվեցին երկրի կյանքում։ Դրան ավելացրած ֆորս-մաժորային իրադարձություններն ու իրավիճակները։ Հոկտեմբերի 27-ը, 1998 թ. նախագահական, 2003 թ. նախագահական և խորհրդարանական, 2007-ի խորհրդարանական և 2008 թ. նախագահական ընտրությունների կեղծումը։ Այդ ամենի հանրագումարն այս տարվա մարտի 1-ն էր։ Ակնհայտ է, որ որևէ դրական հեռանկար չկա երկրի զարգացման առումով այս իշխանությունների գործունեության պայմաններում։ ՈՒստի ընդդիմության գործողությունները, բնականաբար, պետք է միտված լինեն արմատական փոփոխություններին, արտահերթ ընտրությունների անցկացմանը։
-Խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական։
-Երկուսին էլ։ Մեր հասարակությանն այս վիճակից դուրս բերելու այլ ճանապարհ չկա։
-Սակայն նոր կառավարությունը որոշակի նպատակներ է հռչակել և ինչ-որ քայլեր ձեռնարկում է։ Դրանք Ձեզ չե՞ն բավարարում։
-Եկեք ընդունենք, որ ցանկությունը մի բան է, իրողությունը՝ այլ բան։ Առաջնային պաշտոններում այսօր էլ մնացել են նույն մարդիկ, ովքեր այդ դիրքերում են եղել տասը տարի շարունակ։ Եվ եթե այդ կադրային ներուժը ընդունակ լիներ երկիրն իսկապես բարեփոխելու, մարտի 1 չէր լինի։ Տարբեր հաշվարկներով կես միլիոնից մինչև 700 հազար մարդ այս տասը տարում լքել է Հայաստանը։ Հասարակության հիմնական դժգոհությունը եղել և մնում է ոչ միայն տնտեսական վիճակը, այլև, առաջին հերթին, արդարության բացակայությունը։ Բնակչության մեծամասնությունը Հայաստանում իրավազուրկ է։ Նախընտրական ժամանակահատվածում իշխանություններն ընդդիմության այնպիսի «ինվենտարիզացիա» անցկացրին, որ մանրամասն ստուգել էին, թե ընդդիմության ակտիվիստներից և համակիրներից ով ինչով է զբաղված, և ինչ ճնշումներ պետք է կիրառել նրանց նկատմամբ։ Այդ ժամանակահատվածում ձեռներեցությամբ զբաղվող ընդդիմության ներկայացուցիչներն ուղղակի գտնվել են հարկային տեռորի տակ, մի քանի հազար մարդ անօրինական հարցաքննվել է, հարյուրավորները նույն բախտին են արժանացել ծանուցագրերով, և շատերն անհիմն ձերբակալվել են և այսօր էլ դեռ կալանքի տակ են։ Ո՞ր իրավական երկրում է հնարավոր նման բան։
-Այսպիսով, նոր իշխանությունից ոչ մի դրական սպասելիք չունեք։
-Չէ, ինչո՞ւ, ունենք։ Քաղաքական դաշտում հանդուրժողականության հաստատումը շատ կարևոր խնդիր է։ Սովորաբար առաջին քայլն ուժեղ կողմը պետք է անի։ ՈՒժն այսօր իշխանության ձեռքին է, որովհետև նրանք են տիրապետում պետական լծակներին և նյութական ռեսուրսներին։ Եվ եթե իրական ու ոչ թե ձևական ցանկություն կա ընդդիմության հետ երկխոսության հաստատման, առաջին քայլը կամ զիջումը իրենք կարող են անել և ազատ արձակել քաղկալանավորներին։
-Բայց իշխանությունները նաև վստահ են, որ ընդդիմության պահանջները դրանով չեն սահմանափակվի։
-Իհարկե, չեն սահմանափակվի, որովհետև սկզբունքորեն պահանջատերը ընդդիմությունը չէ, այլ, առաջին հերթին, ժողովուրդը։ Պարզապես նա իր այդ պահանջը արտահայտում է այսօրվա ընդդիմության միջոցով։ Վերջին հաշվով, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, որի իշխանության ժամանակաշրջանի վերաբերյալ բացարձակապես ոչ միանշանակ գնահատականներ կային, պաշտոնական արդյունքներով անգամ ստացավ 21 տոկոս ձայն, դա արդեն նշանակում է, որ գործող իշխանությունը, մեղմ ասած, լավ չի աշխատել։ Երկրում բարեփոխումներ իրականացնել հնարավոր չէ այսօրվա չինովնիկների հետ, որոնք սովոր են բացարձակապես այլ սկզբունքներով աշխատել։ Դա անհնարին է բոլորովին այլ արժեհամակարգի արդյունքը հանդիսացող ներկայիս խորհրդարանի հետ, որը ոչ մի կերպ չի արտահայտում հասարակության մեջ քաղաքական ուժերի վարկանիշերի իրական հարաբերությունը։
Ի վերջո, եթե Սերժ Սարգսյանը հետևի Միխեիլ Սաակաշվիլու օրինակին, և ինքը նախաձեռնի արտահերթ ընտրությունների անցկացումը, այդ ժամանակ կարող է կրկին առաջադրվել նախագահի թեկնածու և պայքարել։ Բարեփոխումների այն քաղաքականությունը, որ հռչակում է այսօր իշխանությունը, իրագործելի է միայն հասարակության վստահության պարագայում։ Իշխանությունն ունի այդպիսի վստահության պակաս, և դրանից ելնելով է, որ ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5724

Մեկնաբանություններ