«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ներկա քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները

Ներկա քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները
28.05.2024 | 11:20

Հակաիշխանական բողոքական շարժումը Հայաստանի անկախության տոնի նախօրյակին հասավ իր բարձրագույն կետին: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ միտինգը և Բագրատ Սրբազանի առաջադրումը վարչապետի թեկնածու մեկ անգամ ևս արձանագրեց շարժման վերջնական նպատակը. Իշխանափոխություն՝ սահմանների ճշտման գործընթացը նման ձևերով ու մեթոդներով կանխելու համար: Նախ նշեմ, որ միտինգավորների թվի շուրջ բանավեճը՝ 32 հազար, թե 100 հազար, անիմաստ է, որովհետև Հայաստանի նման փոքր պետության և բնակչության թվի համեմատ հազար հոգու բողոքի հանրահավաքն արդեն որոշակի քաղաքական հայտ է և արժանի է համապատասխան արձագանքի ու գնահատականի հանրության և իշխանության կողմից: Այժմ՝ ըստ էության:

Կա՞ արդյոք քաղաքական ճգնաժամ՝ իշխանափոխության անհրաժեշտությամբ: Ընդդիմությունն ասում է՝ այո, իշխանությունը՝ ոչ: Պարզ է, որ հակառակորդ ճամբարների դիրքորոշումներն այլ կերպ չեն կարող լինել: Իրականությունը, սակայն, ոչ թե դիրքորոշումներով և կարծիքներով է բացահայտվում, այլ ընդդիմության և իշխանության ուժերի և կարողությունների հարաբերակցությամբ և հատկապես պետության ղեկը պահելու և կառավարելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ռեսուրսներով: Մեկ անգամ ևս անհրաժեշտ է հիշել հայտնի բանաձևը. հեղափոխական իրադրություն առաջանում է, երբ վերին խավերը չեն կարող կառավարել, իսկ ստորին խավերը չեն ուզում այլևս հին ձևով ապրել: Եթե այս երկու գործոններից թեկուզ և մեկը բացակայում է, հեղափոխական մեթոդներով, այն է՝ զանգվածային բողոքական ճնշմամբ իշխանափոխությունը շատ դժվար է կամ անհնարին: Վերին խավերի կառավարման ունակությունը դա ուժային կառույցների՝ բանակի, ոստիկանության և հատուկ ծառայությունների կառավարելիության և ենթակա լինելու հանգամանքն է: Մարդկության քաղաքական պատմության մեջ երբևիցե իշխանությունը ներքևից եկող զանգվածային ճնշմամբ չի փոխվել՝ առանց բանակի և ոստիկանության վերաբերմունքի և աջակցության փոփոխության: Իսկ այժմ փորձենք կանխատեսել և հստակեցնել ներկա քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները: Երևում է, որ իշխանությունը վարում է ոստիկանության մեծաքանակ ուժերի միջոցով շարժումը կանգնեցնելու, զսպելու, աստիճանաբար մաշելու և մարելու քաղաքականություն: Այստեղ նրա հաջողությունը պայմանավորված է շարժման ծավալային աճի տեմպերից: Եթե ինչ-որ պահի իշխանությունը երերա, կգա այլ լուծումներ և ելքեր փնտրելու ժամանակը: Ընդդիմության համար իդեալական տարբերակը ժամանակավոր/անցումային կառավարության կազմումն է և ինչ-որ ժամանակ անց արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Իշխանության համար լավագույն տարբերակը շարժումը մարելն է, կիսալավագույն տարբերակը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, առանց ժամանակավոր/անցումային կառավարության: Կարող է և լինել փոխադարձ համաձայնությամբ անկուսակցական-պրոֆեսիոնալ մասնագետների կառավարության կազմումը, որը ես համարում եմ փրկություն պետականության փլուզման կանխման համար, բայց դա հայկական մարտնչող իշխանատենչության մթնոլորտում անհնար է իրականացնել:

Եթե նկատեցիք՝ առաջին երկու տարբերակներում վճռորոշը ընտրությունների կազմակերպման և ղեկավարման գերխնդիրն է: Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում լավ գիտակցում են, որ հաղթում է նա, ով ձայների հաշվման և քվեարկության վերահսկողության մեխանիզմներին է տիրապետում: Դրա համար էլ իշխանությունը ծաղրում է ընդդիմությանը, որը մանդատները վայր չի դնում արտահերթ ընտրությունների գործընթացին նպաստելու համար, իսկ ընդդիմությունն էլ նախորդ փորձից և հատկապես 2021թ. դառը պարտության դասերից ելնելով, հասկանում է ներկա իշխանություններով նոր արտահերթ ընտրությունների գնալու անթույլատրելիությունը: Բոլորն էլ լավ գիտեն, որ Հայաստանում իշխանական լծակների, գործադիր և դատական մարմինների, վարչական ռեսուրսների օգտագործումն է ընտրություններում հաղթանակի գրավականը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ