«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Բրդուճը որպես հոգևոր հաց

Սամվել ՍԵՎԱԴԱ. Բրդուճը որպես հոգևոր հաց
23.07.2015 | 18:07

Երեկ, չնայած բարկ արևին ու ահավոր շոգին, ես գնացի Նոր Հաճն` տեսնելու Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցին և շնորհավորելու նախագծի հեղինակին, տաղանդավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանին հերթական գլուխգործոցի առիթով:
Եկեղեցին շրջապատած հազարավոր մարդկանց «կենդանի պատը» ճեղքելով հասա քարե պարիսպներին ու համոզվեցի, որ անիմաստ է շարունակել:
Անկենդան դեմքով, սև կոստյում-կարմիր փողկապներով, սափրված, հեռախոսն ականջներին, նյարդային քայլվածքով դեսուդեն գնացող թիկնապահների բանակը չէր թողնում, որ օձն իր պորտով, ղուշն իր թևով անցներ ռուբիկոնը:
Մուտքի դռանը կանգնած, իբր կարևոր խոսակցության բռնված, գլուխները տմբտմբացնող պաշտոնյաներից շատերը ինձ լավ ճանաչում ու լավ էլ չճանաչելու էին տալիս:
Բնականաբար, ես էլ իրենց շան տեղ չէի դնում:
Կամերան ձեռքիս շրջում էի ժողովրդի մեջ, զրուցում նրանց հետ, նկարում ու նկարվում նրանց հետ:
Ներսում տեղի ունեցողը ցուցադրվում էր եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծադիր էկրանին: Բարձրախոսներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էլ լսվում էր կաթողիկոսի կերկերուն ձայնը:
ՈՒրեմն հավատացյալներից մարդ չկար ներսում: Միայն «տիրոջը» մոտ կանգնած պաշտոնյաներն էին քարացած նստած հետևում արարողությանը:
Բնականաբար, ինչպես միշտ, գործն ավարտվեց պարգևատրման արարողությամբ: Եկեղեցու բարձրագույն շքանշաններով պարգևատրվեցին մեծ բարերարի ծնողները:
Ես սպասում էի, որ որևէ պարգև կստանա նաև արդեն որերորդ եկեղեցին նախագծող ճարտարապետը: Ավաղ: Լավ է, որ այս անգամ կաթողիկոսը բարեհաճեց մի կերպ արտասանել նրա անունը:
Երբ ամեն ինչ ավարտվեց, ես սպասում էի, որ վեհափառը դուրս կգա ու կշրջի ժողովրդի մեջ, թույլ տալով, որ հավատացյալները համբուրեն իր աջը: Կրկին սխալվեցի: Դա էլ շատ համարվեց:
Երկրի ղեկավարներն ու հոգևոր առաջնորդը որ դռնից մտել էին, նույն դռնից էլ դուրս եկան ու անմիջապես դռան մոտ մատուցված մեքենաներով հեռացան:
Մգացված ապակիներով մեքենաները իրենց հետ տարան թագավորական վերնախավի «ծանր աշխատանքից» հոգնած ու սոված պաշտոնյաներին դեպի «Փարավոն» ռեստորանային համալիր:
Մարմնական ու հոգևոր սովից, շոգից ու արևից տանջված հսկայական բազմությունը մնաց ցաքուցրիվ ու մոլորված:
Բայց դա կարճ տևեց: Նոր Հաճնից դեպի ուտուշ-խմուշ սլացող կառավարական մեքենաներին եկան փոխարինելու մատաղ բաժանողները:
ՈՒ սկսվեց...
Ես, բնականաբար, ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ունեմ նկարագրելու այն ամենը, ինչ տեսա իմ աչքերով:
Միայն կուզենայի հարցնել բարերարին` արդյոք դաս չեղա՞վ իրենց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել մեկ-երկու տարի առաջ Աբովյան քաղաքում:
Բրդուճ բաժանողներին ուզում եմ ասել` բրդուճի կարոտ մնաք:
Ցավում եմ մեր ժողովրդի վիճակի ու վարքի համար:
Ցավում եմ, որ նման ղեկավարներ ունենք:
Ցավում եմ, որ նման կաթողիկոս ունենք:
Ցավում եմ, որ ներկա եղա այդ ամենին:
Այնուհանդերձ, սրտանց շնորհավորում եմ Արտակ Ղուլյանին ու շինարարներին սքանչելի կառույցի համար:
Աստծո օրհնությունը անպակաս լինի մեր խեղճ ու թշվառ ժողովրդի գլխից:
Ամեն:

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ