ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հանրապետականում կա քաղաքական պլյուրալիզմ, և չկան քաղաքական թևեր»

«Հանրապետականում կա քաղաքական պլյուրալիզմ, և չկան քաղաքական թևեր»
19.05.2009 | 00:00

ԲԼԻՑ-ԶՐՈՒՅՑ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ
-Պարոն Աշոտյան, Դուք արդեն, այսպես ասած, «ձերդ մեծություն» նախարար եք. երկա՞ր եք սպասել այսօրվան:
-Նախ` նախարարն ընդամենն աշխատանքային պարտականություններ ենթադրող պաշտոն է: Իսկ պատրաստվելու խնդիր չկար, որովհետև իմ մտքով չէր անցնում իրավիճակի նման զարգացում:
-Այսպիսով, «իրավիճակային փոփոխության» պատճառով նշանակումն անակնկալ էր:
-Անակնկալ էր:
-Հաճելի՞, թե...
-Անակնկա՛լ էր:
-Հաճելի՜...
-Հաճելի այնքանով, որքանով այն կարելի է կուսակցության, երկրի նախագահի կողմից վստահության արտահայտություն համարել։ Բայց, բոլոր դեպքերում, աշխատանքային դժվարություններն առջևում են:
-Ինչպե՞ս եք գնահատում ԿԳ նախարարների նախկին «պլեադան»` մանավանդ այլևս ընդդիմադիր ՀՅԴ «կատարմամբ»:
-Նոր կարգավիճակից ելնելով` ճիշտ չի լինի պատասխանել այդ հարցին: Եթե լինեի քաղաքական գործիչ, ապա կարծիք պետք է հայտնեի, որ կրթության համակարգում երկարաժամկետ աշխատող նախարարի կարիք կա:
-Ճիշտ որ, էն Լևոն Մկրտչյանն ուղիղ երկու անգամ հասնում էր ընդունելության քննությունների հենց շեմին, և... այլևս նախարար չէր, հասնում էր ու` չէր. «իրադրություն էր փոխվել»: Սա «ա»: Եվ «բ», պարոն Աշոտյան, Ձեզ համար երկարատևության հիմքե՞ր եք նախապատրաստում: Եվ «գ», ինչքա՜ն երկար կցանկանաք աշխատել։ Չէ, ձևակերպեմ քաղաքականապես գրագետ. ի՞նչ ժամանակացույց է նախընտրելի կրթական համակարգի ղեկավարի համար, որպեսզի ռազմավարական նշանակության ոլորտներից մեկը բարեփոխի ըստ էության:
-Քանի որ արդեն գործադիրի ներկայացուցիչ եմ և ո՛չ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ, օգտվում եմ իմ իրավունքից և չեմ պատասխանում հարցին` խիստ հասկանալի պատճառով. սուբյեկտիվ մեկնաբանություններից զերծ մնալու համար:
-Քանի՞ տարին նորմալ կլինի:
-Ես կարծեք պատասխանեցի Ձեր հարցին։ Ի դեպ, ինքս որևէ ամբիցիա չեմ դրսևորել այս պաշտոնին նշանակվելու հարցում և կաշխատեմ այնքան, որքան նպատակահարմար կհամարի ինձ այստեղ ուղարկած քաղաքական ուժը:
-Մենք դեռ այդ «ռիսկայնությանը» կանդրադառնանք, հիմա փորձենք հասկանալ` ինչո՞ւ հատկապես Դուք ընտրվեցիք ԿԳ նախարար. կանխավ ու խոնարհաբար խնդրում եմ չասել` հարցը վերահասցեագրեք որոշումը կայացնողներին:
-Ցավում եմ, բայց, այո՛, Դուք ինձանից այդ պատասխանը կստանաք: Դե, ոչ թե որպես շաբլոն, այլ որպես ազնիվ պատասխան:
-Բոլոր դեպքերում, որպես մտածող մարդ, Դուք հանրագումարի բերում եք, չէ՞, այդ «գործընթացը»:
-«Հանրագումարը» հետևյալն է. այս պաշտոնը մեծագույն վստահություն ու պատասխանատվության բեռ է միևնույն ժամանակ, ես պետք է կարողանամ պարտավորեցնող այդ վիճակի ադեկվատ արձագանքողը լինել: Ինքներդ էլ գիտեք, որ առաջին անգամ, երկար տարիներ ի վեր, հանրապետական կուսակցությունն ստանձնում է այս ոլորտի պատասխանատվությունը, ինչն ինքնին արդեն շատ բան է նշանակում հետագա անելիքների առումով:
-Գիտե՞ք, փորձագետները կարծում են, որ Ձեր նշանակումն այնքանով էր ոչ անակնկալ, որ ներՀՀԿ-ական պայքարում հաղթեց այն թևը, որը «հաղթողականն» է։ Կիսո՞ւմ եք փորձագետների կարծիքը:
-Գիտեք, քանի որ սա, ըստ էության, իմ վերջին քաղաքական հարցազրույցն է (հուսով եմ, որ այլևս կզբաղվեմ ոլորտին վերաբերող հրապարակային քաղաքականությամբ), ազնվորեն պետք է խոստովանեմ` հոգնել եմ այդ հարցից. այն պարբերաբար հնչում էր անցնող բոլոր տարիների ընթացքում. վերջին անգամ արձանագրում եմ` հանրապետականում կա քաղաքական պլյուրալիզմ, և չկան քաղաքական թևեր:
-«Ոտքեր և պոչեր` նույնպես». Գալուստ Գրիգորիչն է այսպես ամփոփ ու ահավոր դասական ձևակերպել ՀՀԿ պլյուրալիզմը: Ես, իհարկե, չեմ խորանում «թևերի, ոտների, պոչերի» մեջ...
-Կարող էի պատասխանել. մի՛ մոռացեք` բժիշկ եմ:
-Սիրելի բժիշկ, շատ նուրբ մեկ այլ հարց ևս. որքան էլ ԿԳ ոլորտը վստահված էր ՀՅԴ-ին` սոցիալիստական-ազգայնական, մեղմ ասած` ատրճանակի վրա երդվող կուսակցությանը, այնուհանդերձ, թե՛ Լևոն Մկրտչյանը, թե՛ Սպարտակ Սեյրանյանն ընդունելի դեմքեր-մարդիկ էին հանրության, այդ թվում և` լրագրողական համքարության համար: Դա Ձեզ չի՞ «խանգարելու»:
-Վերջից սկսեմ, ո՛չ. չի խանգարելու, ճիշտ հակառակը, օգնելու է։ Իմ նախկին կոլեգաները պատվով են աշխատել այս ոլորտում, և, բնականաբար, լինելով այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ, նրանք կյանքի են կոչել կառավարության ծրագրերը: Իսկ կառավարության ծրագրերը բխել են երկրորդ և գործող նախագահների ծրագրերից, հետևաբար, անկախ կուսակցական պատկանելությունից, ոլորտում իրականացվել և իրականացվելու է ընդհանուր ծրագիր:
-Լավ, շատ կարճ-կոնկրետ հարց. ի՞նչ եք կարծում` Դուք կդառնա՞ք համակարգում ընդունված մարդ:
-Շատ անհամեստ հարց եք տալիս: Ես չեմ հավակնում նպատակային այդ համբավն ունենալուն, հակառակ դեպքում` այն արհեստական և ընդամենը «փիար պրոդուկտ» կլինի: Ես իմ աշխատանքով կփորձեմ ընդամենը չնեղացնել այն բոլոր մարդկանց, ում հետ գործ կունենամ: Թույլ տվեք տողատակում նաև ասեմ, որ ես ինձ չեմ էլ թերագնահատում և կարծում եմ, որ Ազգային ժողովում, լրագրողական շրջապատում և առավել ևս մեր կուսակցությունում իմ նկատմամբ դրական վերաբերմունք իսկապես կա:
-Իսկ «ալմա-մատե՞րը»:
-Իմ «ալմա-մատերը» բժշկական համալսարանն է. ես ավարտել եմ այդ բուհը. յուրաքանչյուրի համար իր «ալմա-մատերն» իր բուհն է:
-Բուհը` բուհ, բայց չէ՞ որ Դուք ոլորտին այնքան էլ լավ չեք տիրապետում, և «ալմա-մատեր» ասելով` ես հենց դա նկատի ունեի:
-Գիտե՛ք, ոլորտը շատ մեծ ու բազմազան է, ոլորտը շատ դինամիկ ու պատասխանատու է, ոլորտը նաև շատ փոփոխական է: Այն ոլորտ է, որը շատ զգայուն է, և ուր պրոյեկտվում են հասարակության խնդիրները` արժեհամակարգից-սոցիալական խնդիրներից սկսած, և վերջապես դա ոլորտ է, որն առաջին հերթին պահանջելու է ճշգրիտ և արդար կառավարում: Իհարկե, ոլորտն ունի նաև ուրույն խնդիրներ, և, բնականաբար, որևէ մեկը, այդ թվում` և ես, չի հավակնում հրաշքներ գործելու: Աշխատելու եմ և միայն աշխատելու:
-Ասում են` ոլորտն ամենակոռումպացվածն է, ու եթե չեմ սխալվում, հիշողությունս էլ ինձ չի դավաճանում` Դուք ուղիղ «ընկել» եք ընդունելության քննությունների «գիրկը»:
-Քանիցս ասել եմ` ցավում եմ այն հանգամանքի համար, որ մեր հասարակությունը, պետությունն ավելի շատ ապրում են ընդունելության և ոչ ավարտական քննություններով, որովհետև հասարակության համար պետք է ավելի շատ կարևոր լիներ, թե ովքեր են ավարտում բուհը, ինչ մասնագետներ, ինչ քաղաքացիներ են մուտք գործում կյանք և ո՛չ այն, թե ով ընդունվեց: Եվ ընդհանրապես, ես միշտ որպես անառողջ աժիոտաժ եմ ընկալել (հիմա էլ այդ կարծիքին եմ), որ սուպերկոռումպացված ոլորտներ են համարվել առողջապահությունն ու կրթությունը. հիշում եք` ժամանակին նման մի ալիք բարձրացավ: Կարծում եմ, որ պետությունը պետք է և հոգալու է շարքային մանկավարժների, դասախոսների խնդիրները։ Բնականաբար, այստեղ անելիք կա, և կոռուպցիան կենդանի է այնքան ժամանակ, որքան հասարակությունն ինքն է խրված կոռուպցիայի մեջ:
-Ծրագրային ելույթ ունեցաք:
-Քիչ առաջ էլ ասում էիք` ոլորտին, աշխատանքին ծանոթ-պատրաստ չեմ:
-Խնդրում եմ` կարճ-կոնկրետ. պարոն նախարար, Դուք պատրա՞ստ եք ընդունելության քննություններին (խնդրում եմ նկատեք, որ աչքերս խորամանկ փայլեցնում եմ):
-Բնական է, որ ժամանակ է պահանջվելու առհասարակ համակարգին ավելի մոտիկից ծանոթանալու համար, և ես պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր արժանի դիմորդ ընդունելության քննությունների ընթացքում ստանա իր արժանի գնահատականը:
-«Հասկացանք», կպահանջենք: Իսկ հիմա խոսենք Ձեր իրավահաջորդի մասին` ո՞ւմ եք «սպասում» հանձնաժողովում` ՀՀԿ-աբար: Էստեղ էլ լիքը հետաքրքիր է, գիտե՞ք ինչ առումով, որ ով «նստել է, նստում է, կնստի» այդ աթոռին, «մի քանի օր» հետո նախարար է դառնում. հոտնկայս և արագ. հիշենք գոնե Հրանուշ Հակոբյանին:
-Գիտե՞ք, ես շատ սիրում էի խորհրդարանը (Աստված իմ, սիրում եք` ամուսնացեք- հեղ.), շատ սիրում էի իմ աշխատանքը և, այնուհանդերձ, հանձնաժողովի ապագա նախագահի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ` քաղաքական ինչ որոշում է կայացվել կուսակցությունում, բայց վստահ եմ, որ նախարարություն-հանձնաժողով աշխատանքները կլինեն լավագույն ավանդույթների շրջանակում, որոնք հիմնադրվել են թե՛ մինչև իմ` հանձնաժողովի նախագահ լինելը, թե՛ լինելու ժամանակ:
-Կադրային ջարդ իրականացնելո՞ւ եք նախարարությունում, պարոն նախարար:
-Դուք, թերևս, պետք է լավ տեղեկացված լինեք, որ պետությունում գործում է քաղծառայողների համակարգը, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում նույնիսկ անձնական հարաբերությունները պետք է դիտվեն որպես կոլեկտիվ հարաբերություններ: Ես հույս ունեմ, որ նոր կոլեկտիվով մենք ընդհանուր լեզու կգտնենք. նախարարությունը երկար տարիներ եղել է ամենապրոֆեսիոնալներից մեկը, և, կարծում եմ, ողջ կոլեկտիվով կշարունակենք այդ գործելաոճով առաջնորդվել ու կատարել մեր ընդհանուր գործը:
-Չէ՜, պարոն Աշոտյան, էստեղ բոլորը գնացել են, զի դաշնակցականներ էին, մենակ մնացել էր պարոն Արա Ավետիսյանը` հայեցողական պաշտոնյան, փոխնախարարը, որը, որպես փորձառու ՀՀԿ-ական, առաջիկայում Ձեզ նույնպես շատ կօգնի, ինչպես եղել է մինչ այս։ Ներեցեք` Դուք ունե՞ք խորհրդի կարիք:
-Բնականաբար, խորհրդատվության կարիք ցանկացած մարդ զգում է, որովհետև որոշումներ ընդունելուց առաջ հնարավորինս պետք է ընդլայնել փաստարկային դաշտը և կարծիքներ լսել: Ես ավելորդ եմ համարում նման «շահարկումները», որովհետև կա նաև աշխատանքային կարգապահություն և սուբորդինացիա:
-Եվ վերջում, պարոն Աշոտյան, բոլոր դեպքերում, Դուք Ձեր ապագան ռիսկային չե՞ք համարում. այն առումով, որ, ասենք, մեկ էլ տեսաք «տրուբեն պայթեց». ասել է` կառավարությունը հրաժարական տվեց. այդ ժամանակ Դուք կորցրած կլինեք հա՛մ Ձեր սիրած մանդատն ու խորհրդարանը, համ էլ... հասկացաք, ու ստիպված կլինեք ամեն ինչ սկսել զրոյից:
-Առաջին տարին չէ, որ ինձ ճանաչում եք, և կարծում եմ, որ այդ հարցն ինձ չպետք է ուղղեիք, որովհետև ես, որպես կուսակցության անդամ, ենթարկվում եմ կուսակցության մոտեցումներին և որոշումներին. հնարավոր բոլոր «վայրէջքներն» ու վերելքներն ինձ համար պայմանավորված են միայն կուսակցության դիրքորոշումներով:
-Ապրե՛ք, «դիրքորոշվեք»: Իսկ մեր թերթը Ձեզ հաջողություն է մաղթում նոր աշխատանքում, ցանկանում, որ վերելքները գերակշռեն վայրէջքներին:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ