ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փաշինյանի «հանճարեղ» քաղաքականության աղետաբեր հետևանքները

Փաշինյանի «հանճարեղ» քաղաքականության աղետաբեր հետևանքները
19.01.2024 | 09:38

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

Բացարձակապես կարևոր չէ՝ ինչպես ենք վերաբերում Լավրովին, Ռուսաստանին՝ առհասարակ, այս դեպքում նախարարը միանգամայն ճիշտ է:

Բայց այս «ճշմարտությունը» շատ ցավեցնող է, որովհետև բացահայտում է Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականության ձախողումը:

2022-ի գարնանից Փաշինյանը «ստրատեգիական» պատրանքային մի հաշվարկ է արել, թե իբրև Հայաստանն ու Ադրբեջանն ուկրաինական պատերազմում «պարտվող» Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ ունեն ու այդ հիմքով էլ պետք է տեղի ունենա հայ- ադրբեջանական հաշտեցումը:

Եվ ահա, «ռուսական կայսերական» ազդեցությունից ազատվելու համար, Փաշինյանը հրաժարվեց «հասանելի խաղաղության» պլանից (Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն), զոհաբերեց Արցախը և չստացավ ոչինչ:

Պարզվեց՝ «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու» ընդհանուր շահ չունեն, նման տեսլական եղել է բացառապես Փաշինյանի գլխում և պատկերացումներում:

Նայեք, թե ինչ վերաբերմունք ունի Ալիևը արևմտյան հարթակների նկատմամբ՝ լրացուցիչ արգումենտի անհրաժեշտություն չեք ունենա:

Հիմա ի՞նչ ունենք:

Ողբերգական մի իրավիճակ:

Ըստ Լավրովի, հենց Հայաստանը դժվարություններ ունի իրագործելու երթուղիների բացումն այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ։ Ըստ նրա, Հայաստանն անվտանգության նոր պահանջներ է դնում, և չեն ցանկանում ռուս սահմանապահների ներկայություն, թեև այդ մասին գրված է Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության մեջ. «ՈՒզում են միայն իրենք լինեն։ Իսկ դա հակասում է պայմանավորվածություններին»։

Միայն Փաշինյանի նման «հանճարը» կարող էր «հասնել» նրան, որ.

● Արցախը զոհաբերվի, բայց Հայաստանը չստանա որևէ անվտանգային երաշխիք,

● Ադրբեջանը և Ռուսաստանը չկատարեն Եռակողմ հայտարարությամբ սահմանված իրենց պարտավորությունները, բայց ստեղծեն մի իրավիճակ, որ Հայաստանը չկարողանա հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները կատարելուց, ավելին՝ չկարողանա դուրս գալ այդ հայտարարությունից, որովհետև դա օբյեկտիվորեն համարվելու է casus belli:

ՈՒ մի խնդրանք՝ հեքիաթներ չպատմեք այն մասին, թե ինչ անի «խեղճ» Փաշինյանը, եթե ռուսներն ու ադրբեջանցիները խախտել են եռակողմ հայտարարությունը:

Փաշինյանն ինքն էլ գիտակցաբար գնացել է Եռակողմ հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոյի վերացմանը, որովհետև կարծել է, թե ՝ «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ ունեն»:

Միայն թե՝ այդ կարծիքը ոչ թե փաստերի, այլ փաշինյանական երևակայության ծնունդ է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3777

Մեկնաբանություններ