«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Կիլկիները և շնաձկները լրտեսության, պետական դավաճանության հետ կապված հարցերում

Կիլկիները և շնաձկները լրտեսության, պետական դավաճանության հետ կապված հարցերում
14.02.2022 | 19:04

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի համակարգող ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻՆ առնչվող քրեական գործը շինծու է, սուտ մատնության հատկանիշներով նրան առաջադրված մեղադրանքը` անհիմն, ինչը ԶԼՄ-ներում փաստարկվել է դեռ անցյալ տարվանից: Այս ամենը վկայում է, որ Իսագուլյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականում ընդամենը քաղաքական հետապնդում է, ընդ որում, վատ քողարկված:

Ի՞նչ է ասել Գառնիկ Իսագուլյանը 2021թ. սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում, որ քրեական գործ են հարուցել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով) մեղադրանք առաջադրել ու դեռ քննում են, քննո՜ւմ (ի՞նչն են քննում…)` մարդուն, կարծում ենք, արհեստականորեն կալանքի տակ, անազատության մեջ պահելով:

2021թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ (իրականում` Հայաստանի ոստիկանական բռնապետության) քննչական կոմիտեն (ՔԿ) վերոնշյալ քրեական գործի առնչությամբ հանդես եկավ «Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը» ամպադղորդ վերնագրով հաղորդագրությամբ:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» ‰ կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ»,- նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կարելի է պատկերացնել, թե հաղորդագրության այս` 1-ին պարբերությունը կարդացողներից շատերն ինչպես են իրենց շունչը պահած, անհամբեր և արագորեն ընթերցում շարունակությունը, որպեսզի իմանան, թե այդ ի՞նչ քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ են իրականացվել, կամ եթե քննչական կոմիտեն Արծրունի ասած «դագդիգական» նկատառումներով դա թաքցնում կամ չի ուզում հայտնել, ապա գոնե իմանան, թե ինչ է պարզվել այդ «քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ»-ի արդյունքում, գոնե մի բան պարզվե՞լ է… Իմանան նաև, թե բյուջեից, որ գումարները տալիս են ՔԿ-ին, հո իզուր չե՞ն տալիս, աշխատավարձը, որ ոմանք ստանում են այնտեղ, հո հենց այնպես չե՞ն ստանում…

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին»,- սա է ՔԿ-ի հաղորդագրության նախորդ պարբերությանը հաջորդող բացահայտիչ մասը:

Եթե Գառնիկ Իսագուլյանն ինքնախոստովանական ցուցմունք չի տվել (իսկ նա այդպիսի ցուցմունք չի տվել), ՔԿ-ում այդ ինչպե՞ս իմացան, որ Գառնիկ Իսագուլյանը գիտակցել է իր կողմից տրամադրվող տեղեկատվության կեղծ լինելը (դատարանում ստիպված են լինելու ապացուցել, հիմնավորել դա), ի՞նչ է` քննչական կոմիտեում որոշ քննիչներ արդեն տելեպատիկ կարողություննե՞ր ունեն, մե՞նք չգիտենք…

Շարունակենք ներկայացնել հաղորդագրության հաջորդող մասը.

«Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։

Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին»:

Հենց այստեղ էլ արդեն եկանք ամենակարևորին: Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով պատիժ (մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում) է նախատեսված սուտ մատնության համար, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Հիմա տեսնենք, թե Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի (Վլադիմիր Կարապետյանի) վերաբերյալ Գառնիկ Իսագուլյանի այդ ո՞ր մի ասածն է նշանակում Կարապետյանին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրել:

Միայն տգետը, հոգեկան հիվանդը կամ սրիկան կարող է ասել, թե թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ուսումնասիրվելը նշանակում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարել: Բնականաբար, մարդը որևէ մեղք չունի, եթե ինչ-որ անձինք կամ հատուկ ծառայություններ իրեն ուսումնասիրում են: ՈՒրեմն Իսագուլյանի հայտնածից սա հանեցինք, մնաց երկրորդ բաղադրիչը` հավաքագրվելը, մեկը հենց դա է, որի վրա հենվել են ՔԿ-ում և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահին ներգրավել որպես մեղադրյալ, ապա մեղադրանք առաջադրել: Բայց այլ կամ, թեկուզ, թշնամի պետության (պետությունների) հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելը որքան էլ անթույլատրելի, բարոյական և քաղաքական առումներով մերժելի, դատապարտելի, արդյոք, ընդհանրապես, հանցագործությո՞ւն է, այն էլ` առանձնապես ծանր…

Իսագուլյանն ասե՞լ է, որ Վլադիմիր Կարապետյանը հավաքագրվելով թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի օգուտ նրանց և ի վնաս Հայաստանի, ինչ-որ գործողություն է կատարել: Ո՛չ: Իսագուլյանն ասե՞լ է, որ հիշյալ դեսպանը նշված ծառայություններին խոստացել է ի օգուտ նրանց և ի վնաս Հայաստանի, ինչ-որ բան անել: Դարձյա՛լ ոչ:

Հետևաբար «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը, որը, գրեթե համոզված եմ, նկատի է ունեցել թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Վլադիմիր Կարապետյանի հավաքագրվելը որպես նշված պետությունների ազդեցության գործակալ կամ նրանց շահերի լոբբիստ, դեսպանին Քրեական օրենսգրքով նախատեսված այդ ո՞ր մի հանցանքը, այն էլ` առանձնապես ծանր հանցանքը կատարելու մեջ է մեղադրել: Ո՛չ մի:

Եթե կան չհավատացողներ, թող բացեն Քրեական օրենսգիրքը, ծայրեծայր կարդան, և այդ դեպքում կհամոզվեն, որ Կարապետյանի կատարած կամ Իսագուլյանի կողմից նրան վերագրվող արարքը չի համապատասխանում որևէ հանցանքի հատկանիշների, օրենսգրքում տվյալ արարքին համապատասխանող որևէ հոդված պարզապես չկա:

Իսագուլյանի` ՔԿ-ի կողմից ներկայացված հայտարարության մյուս մասը նույնպես (որի վրա հիմվելով են նրան ներգրավել որպես մեղադրյալ), թե վերոնշյալ դեսպանն Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ բանակցություններ է վարել, ինչի արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը «Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել», դարձյալ չի նշանակում Կարապետյանին մեղադրել առանձնապես ծանր և, ընդհանրապես, որևէ, թեկուզ ոչ ծանր հանցագործության մեջ:

Իսագուլյանն ասե՞լ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն Էրդողանի ներկայացուցիչներից այդ գումարը պետք է խնդրեր որպես կաշառք, և դեսպանն այդ նպատակով է բանակցություններ վարել: Ո՛չ: Որևէ պետությունից գումար խնդրելը հանցա՞նք է… Իհարկե՛ ոչ: Այլ պետությունից գումար խնդրելը հանցանք համարող որևէ հոդված Քրեական օրենսգրքում պարզապես չկա:

Եթե որևէ պետությունից գումար խնդրելը հանցանք լիներ, Նիկոլին կամ նրա իշխանության համապատասխան պաշտոնյաներին վաղուց պետք է մեղադրանքներ առաջադրված լինեին այլ պետություններից և (կամ) միջազգային կազմակերպություններից ոչ միայն պետության եղած կամ չեղած կարիքների համար գումար խնդրելու, այլև միլիարդավոր դոլարների վարկերի ստացման համար:

Վերոնշյալը, սակայն, խնդրի սոսկ մի կողմն է… Ի՞նչ է` սխալ, իրականությանը չհամապատասխանող բա՞ն է ասել «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը Բաթումի քաղաքում Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ… ԱԱԾ-ի ու ՔԿ-ի ղեկավարներին ու համապատասխան քննիչներին կառաջարկեինք պատասխանելուց առաջ լավ մտածել … Ու մեկ էլ մի պահ պատկերացնել, որ Նիկոլի իշխանությունը ժամանակավոր է, իսկ իշխանափոխությունից հետո, մեկ էլ տեսար, ԱԱԾ տնօրեն Գառնիկ Իսագուլյանը նշանակվեց: Հը՞, ինչպիսի՞ն է նրանց համար այսպիսի հեռանկարը…

Եվ մինչ կմտածեն վերոնշյալ հարցի պատասխանը, հիշեցնենք նրանց 2021թ. սեպտեմբերի 20-ի վերոնշյալ ասուլիսից դեռ երկու օր առաջ` սեպտեմբերի 18-ին, «Փաստ» օրաթերթի «Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը» վերտառությամբ հրապարակումը, որից մի հատված մեջբերում ենք ստորև.

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստանի Հանրապետություն, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ»:

Բաթում կատարած այցը միանշանակ չէր ընդունվել ո՛չ հայ հանրության մի ստվար հատվածի, ո՛չ էլ, հատկապես, ռուսական քաղաքական որոշակի շրջանակների կողմից: Սակայն խոսքն այժմ այդ մասին չէ: Բանն այն է, որ այցի «բաթումյան հատվածից» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:

Վրաստանի մեր աղբյուրները հայտնում են, որ այդ օրը Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները: Թե ովքե՞ր են ուղեկցել նրան այդ ընթացքում կամ ուղեկցե՞լ են արդյոք, պարզել հնարավոր չեղավ: Հայտնի չէ նաև, թե որտեղ է այդ ընթացքում եղել Փաշինյանը:

Սա այն դեպքերից է, երբ նույնիսկ աղոտ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է, սակայն երևույթն ինքնին որոշակիորեն զարմանալի է, եթե չասենք՝ տարօրինակ»:

Վերոնշյալ հրապարակումից, ինչպես նաև Բաթումի քաղաքում Նիկոլի հանդիպման վերաբերյալ Իսագուլյանի ասածից հետո պետք էր նյութեր նախապատրաստել, քննություն իրականացնել, և դա, կարծում ենք, ԱԱԾ-ն պետք է աներ, եթե իսկապես լիներ ազգային անվտանգության ծառայություն (օրինակ, Իսրայելում, ԱՄՆ-ում հենց այդպես կվարվեին, եթե իրենց մոտ նման տեղեկատվություն հրապարակվեր, ի դեպ, չհերքված…):

ԱԱԾ կոչվածին ու ՔԿ-ին հիշեցնենք նաև, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև Վլադիմիր Կարապետյանի մասին սենսացիոն տեղեկությունները մամուլում հայտնվել են Իսագուլյանի վերոնշյալ ասուլիսից, ասուլիսում քր. գործի հարուցման համար առիթ ծառայեցված նրա հայտարարություններից շատ ավելի վաղ, և այդ տեղեկությունները սոսկ սենսացիոն չեն…. Դրանք պարունակելով ԱԱԾ-ի, գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության համար որոշակի հետաքրքրություն ներկայացնող փաստեր, վաղուց պետք է արժանացած լինեին նրանց հետաքրքրությանը, եթե, իհարկե, Հայաստանն իրավական պետություն լիներ, նշված մարմիններում էլ իրենց մասնագիտությունից ու պաշտոնից բխող պարտականություններին ծառայեին:

Ահա մի հրապարակում (https://politik.am/am/tesanyut-vov-tvec-pashinyanin-750-mln-dolar-turqakan-poxeri-hetq-ishkhanutyunneri-hetevum ) էլ, որ արդեն «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի հիշյալ ասուլիսից հետո, ս. թ. փետրվարի 2-ին է եղել. «Սթափ զրույց» հարթակի հիմնադիր Քրիստինա Նազարյանի հետ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի հարցազրույցի վերնագիրը` «Տեսանյութ․ Ո՞վ տվեց Փաշինյանին 750 մլն դոլար. թուրքական փողերի հետք իշխանությունների հետեւում», բավական խոսուն է…

2022թ. փետրվարի 10-ին ԱԱԾ կոչվածն իր կայքում տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում գործող լրտեսական ցանցի գործունեությունը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է…, և այլն, և այլն: Ակամա հիշեցինք ժամանակին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի ասածը` «կիլկիների ու շնաձկների» վերաբերյալ…

Ճիշտ է, Սադոյանը «կիլկիների ու շնաձկների» մասին իր խոսքն ասել էր ոչ թե լրտեսների, պետական դավաճանների, այլ կոռուպցիոներների առնչությամբ ու մեր երկրում կոռուպցիայի դեմ անբավարար կամ ձևական պայքարի համատեքստում: Բայց նույնը հիմա կարելի է ասել հենց լրտեսների, պետական դավաճանների վերաբերյալ: Այնպես որ, ԱԱԾ կոչվածը թող նախևառաջ զբաղվի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում լրտեսների, պետական դավաճանների բացահայտման գործով: Այդ գործում նրան օգնելու համար հրապարակայնորեն բազմաթիվ փաստեր են ներկայացվել:

Այսօրվա Հայաստանում Ստալինյան ժամանակների բռնաճնշումները սողալով վերադառնում են, Նիկոլի ասած ապագան եկել է: Միայն թե իր ապագայից երևի տեղյակ չէ… Տվյալ քրեական գործը հարուցվել է ԱԱԾ կոչվածի քննչական դեպարտամենտում, ինչո՞ւ քր. գործի նախաքննությունն այնտեղ չի շարունակվել, վերևից ո՞ւմ կամոք է ուղարկվել ՔԿ (կարելի է ենթադրել…):

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գ.Ի.-ն արդեն իսկ մեղադրվում է քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ սուտ մատնության գործով: Վլադիմիր Կարապետյանի ու «սուտ մատնության» հետ կապված քր. գործի շինծու բնույթից ելնելով, կարո՞ղ ենք եզրակացնել կամ առնվազն ենթադրել, որ գործն ԱԱԾ կոչվածից ՔԿ է տեղափոխվել, որպեսզի Արգիշտի Քյարամյանն Իսագուլյանից իր վերաբերյալ հայտարարությունների համար քինախնդրությանը հագուրդ տալու, վրեժխնդիր լինելու հնարավորություն ունենար…

Հենց այս ամենը նկատի ունենալով է, որ վերոնշյալ քրեական գործը համարում ենք շինծու, իսկ Գառնիկ Իսաղուլյանին տվյալ քր. գործով որպես մեղադրյալ ներգրավելն ուղղակի քաղաքական հետապնդում նրա` ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.- Այսօր` փետրվարի 14-ին, ժամը 14։30-ին և 15։30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, դարձյալ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, նշանակված է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի համակարգող Գառնիկ Իսաղուլյանի (նշված ազգանունն անձնագրայինն է) կալանքի որոշման և գրավի միջնորդության մերժումը բողոքարկելու 2 նիստ։ Դատելով երկրում առկա իրավիճակից ու, մասնավորապես, այն վիճակից, որում հայտնվել են Հայաստանի դատարանները Նիկոլի իշխանության օրոք, բնավ զարմանալի չէ, որ վերոնշյալ բողոքները, ինչպես նաև Իսագուլյանի պաշտպանի կողմից դատավորին ներկայացված միջնորդությունը մերժվեցին:

Դիտվել է՝ 19874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ