Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

ԱԱԾ. Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի

ԱԱԾ. Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի
18.06.2018 | 12:34

«ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, Էջմիածնի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված նրա առանձնատանը:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր, դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի ԱԱԾ քննչական վարչությունը՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, երկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև ՊՆ-ին մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

ՈՒշագրավ է նաև Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված և առգրավված ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21 589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածնի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում Մանվել Գրիգորյանի առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12 300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:
Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց նաև երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Հայտնաբերվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մ. Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ:
ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:


Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ընթացքի և արդյունքների մասին կհրապարակվեն հավելյալ տեղեկություններ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ