Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիմումը և վերադարձրել՝ հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Սահմանադրական դատարանից նախաձեռնությունը պահանջում էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Սահմանադրական դատարանը մերժել է, վերադարձրել է՝ համարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում ներկայացված սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ»,- ասաց Եգորյանը: Նա տեղեկացրեց, որ ՍԴ որոշումը բողոքարկել են Սահմանադրական դատարանի նախագահին՝ խնդրելով, որ այդ հարցը քննության հանձնել դատական կազմին: «Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծում ստանա: Եվ հաշվի առնելով, որ քաղաքացիները չեն կրում կուսակցական շահեր, ևս պետք է ինչ-որ ձևով ունենան ընտրությունների արդյունքները բողոքարկելու ձևեր»,- հավելեց Եգորյանը: