Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ինչպե՞ս կարելի էր հարցաքննել ոստիկանապետի տեղակալին կամ նրան տալ այդպիսի հարցեր

Ինչպե՞ս կարելի էր հարցաքննել ոստիկանապետի տեղակալին կամ նրան տալ այդպիսի հարցեր
31.01.2017 | 00:08

Մի քանի օրից՝ փետրվարի 3-ին, լրանում է 2009 թ. նույն օրն իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից զոհված, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԻ սպանության 8-րդ տարին: Ոստիկանապետի տեղակալի սպանությունը, սակայն, դեռ մնում է չբացահայտված: Սպանության առթիվ հարուցված քրեական գործի (որի նախաքննությունը շարունակվում էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում) վարույթը, ինչպես տեղեկացանք Քննչական կոմիտեից, կասեցված է…


Ինչո՞ւ է սպանության բացահայտման ուղղությամբ քննությունը, ըստ էության, մտել փակուղի, ինչի մասին էլ վկայում է հենց քրեական գործի կասեցված լինելու հանգամանքը:
Այս հարցի պատասխանը ստանալու համար թերևս հարկ է անդրադառնալ դեռ 2009 թ. կատարված իրադարձություններին, մասնավորապես այն փաստերին, որոնք բացահայտում են, թե ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործով օպերատիվ խումբը` բաղկացած Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մի խումբ քննիչներից, ինչ թերի ու խախտումներով, խայտառակ կերպով է իրականացրել Գևորգ Մհերյանի աշխատասենյակի զննությունը, որոշ հարցերում դրսևորել է նախաքննության շահերին հակասող անգործություն:


Ավելին՝ որոշ հարցերում դրսևորվել է անհեթեթության աստիճանի հասնող և անհասկանալի անփութություն: Նույնիսկ այն տպավորությունն է առաջանում, թե իրավապահների գործողությունների առաջին իսկ պահից` դեպքի վայրի խայտառակ տեղազննությունից սկսած, որի պատճառով վերացվել են մարդասպանի հետքերը, բարձրաստիճան պաշտոնյայի սպանության այդքան կարևոր գործով դիլետանտներ են զբաղվել, կամ էլ… շահագրգռություն, ցանկություն չեն ունեցել բացահայտելու փոխոստիկանապետի սպանությունը:
Գևորգ Մհերյանի աշխատասենյակում եղել է ևս մեկ էլեկտրոնային կրիչ (ֆլեշ): Նկատի ունենալով, թե այն որտեղ է եղել (հենց Գ. Մհերյանի աշխատասեղանին), թերևս ավելորդ է ասել, թե ինչ կարևոր տեղեկություններ կարող էր պարունակել նշված կրիչը, որը հետո անհետացել է:


Այն, որ եղել է նաև երկրորդ էլեկտրոնային կրիչը, վկայվում է 2009 թ. ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանի կողմից Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանին ուղղված 29.12.2009 թ. գրությամբ, ըստ որի, տարվել և այժմ էլ շարունակվում են աշխատանքները էլեկտրոնային երկու կրիչների հնարավոր հափշտակման հանգամանքները պարզելու ուղղությամբ, որոնք դեռևս դրական արդյունք չեն տվել:


Ինչ վերաբերում է կրիչների հնարավոր հափշտակման հանգամանքը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակելուն, ապա, բնականաբար, հարց է առաջ գալիս, թե ինչ հափշտակության մասին է խոսքը, ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ և ո՞ւմ կողմից: Նկատի ունենանք, որ դրանք միկրոսկոպիկ մարմիններ չէին, որ կորչեին ու չգտնվեին, կամ ո՞ւր պետք է կորչեին ոստիկանությունում կամ քր. գործի նախաքննությունը որոշ ժամանակ իրականացրած ՀՔԾ-ում: Ինչպե՞ս հասկանալ կամ մեկնաբանել այս ամենը: Եվ սա` այն դեպքում, երբ նշված կրիչներից մեկը, ի թիվս Մհերյանի աշխատասենյակից հայտնաբերված և առգրավված այլ իրերի, զննություն իրականացնողների կողմից զննության ընթացքում կամ ավարտին փաթեթավորվել ու կնքվել է ՀՔԾ-ի փաթեթների համար նախատեսված թիվ 10 կամ 20 կլոր կնիքով և ստորագրվել նաև զննմանը մասնակցած ընթերակաների կողմից:
Ընդգծենք, որ շատ սահմանափակ թվով մարդիկ են իրավասություն ու հնարավորություն ունեցել փաթեթավորված ու կնքված այդ կրիչին առնչվելու, այսինքն` որոնումը, ծառայողական քննությունը մեծաթիվ անձանց շրջանակում չէ, որ պետք է իրականացվեր` հափշտակության հանգամանքը պարզելու համար:


Երկրորդ էլեկտրոնային կրիչի առկայության հանգամանքը վկայվում է նաև հիշյալ քր. գործով օպերատիվ խմբի ղեկավար, այժմ հանգուցյալ Արմեն Երիցյանի պարզաբանմամբ, որը նա 2009 թ. դեկտեմբերի 23-ին տվել է իրեն այցելած Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, հիշյալ քր. գործով քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանին և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանին: Ըստ վերոնշյալ պարզաբանման, այդ համակարգչային էլեկտրոնային կրիչը գտնվել է Գ. Մհերյանի աշխատասեղանի վրա, գրենական պիտույքների պահոցում, մատիտ-գրիչների և այլ իրերի հետ:


Այնուհանդերձ, որքան էլ զարմանալի է, այս դեպքում կարելի է ասել` նույնիսկ անհեթեթ, 2009 թ. փետրվարի 3-4-ի ընթացքում Գևորգ Մհերյանի աշխատասենյակի զննումն իրականացրած պաշտոնյաները, չնայած 5 ժամ շարունակ աշխատասենյակի զննում իրականացնելուն և իրենց պատկառելի կազմին` ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերի քննիչներ Ա. Վարդանյան, Ս. Տոնոյան, Վ. Ջանազյան, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ա. Երիցյան, երկրորդ էլեկտրոնային կրիչը չեն հայտնաբերել (բայց այն հո ասեղ չէ՞ր…): Կամ էլ` հայտնաբերել են, սակայն զննումն իրականացրածները եթե ոչ միտումնավոր, համենայն դեպս, Քրեական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 5-րդ և 3-րդ մասերի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի խախտմամբ, այդ կրիչի մասին աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունում չեն նշել և այն չեն առգրավել:


Վերոնշյալի կապակցությամբ Հ. Սարդարյանին և Կ. Բաբակեխյանին Ա. Երիցյանի տված պարզաբանումը զուրկ է տրամաբանությունից, անհեթեթ է և անարժանահավատ: Հ. Սարդարյանի կազմած ու ստորագրած 23.12.2009 թ. տեղեկանքում նշված է.
«Իմ հարցին, թե դեպքի օրը քննչական խմբի քննիչները նրա (Արմեն Երիցյանի) մասնակցությամբ զննելով Գևորգ Մհերյանի աշխատասենյակը, նկատե՞լ են արդյոք հիշյալ կրիչը, պարոն Ա. Երիցյանը պարզաբանեց, թե նման մանրամասներ չի հիշում երկար ժամանակ անցնելու պատճառով, սակայն կարծում է, որ այն ստուգվել է համակարգչի վրա, պարզվել է, որ զուրկ է տեղեկատվությունից և կապ չունի դեպքի հետ, ուստի չի առգրավվել, թողնվել է աշխատասենյակում` գրենական պիտույքների հետ»:


Կարծում ենք, վերը բերվածը խուսափողական պատասխան է. չէ՞ որ գործընկերոջ աշխատասեղանին տեղեկատվության էլեկտրոնային կրիչի հայտնաբերումը՝ զննումից ոչ թե 10 տարի, այլ ընդամենը 10 ամիս անց էր, հետևաբար նա ինչպե՞ս կարող էր չհիշել, ի՞նչ է` Հայաստանում ամեն օր փոխոստիկանապետի սպանություն և նրա աշխատասենյակի զննո՞ւմ է կատարվում:


Պարզվում է, Ա. Երիցյանը ոչ միայն այդ կարևոր իրի հայտնաբերումը չի հիշել, այլև համակարգչի միջոցով էլեկտրոնային կրիչի պարունակած տեղեկատվության ստուգման կարևոր գործողությունը (եթե, իհարկե, այդպիսի գործողություն առհասարակ կատարվել է), այլապես դրա վերաբերյալ ենթադրությամբ («կարծում է…») չէր արտահայտվի:
Իրականում վերոնշյալ էլեկտրոնային կրիչի պարունակած տեղեկատվության ստուգում չի կատարվել, այլապես դրա մասին աշխատասենյակի զննման վերաբերյալ արձանագրությունում, որը նույնիսկ չափազանց մանրամասն է շարադրված, նշված կլիներ, ինչպես նշված է չհրկիզվող պահարանի դռնակի բացման գործողությունը:
Լավ, մի պահ ենթադրենք, թե Ա. Երիցյանի ասածը համապատասխանում է իրականությանը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ աշխատասենյակի զննումն իրականացրած իրավապահներն այդ ի՞նչ սկզբունքով կամ տրամաբանությամբ են առաջնորդվել, որ մյուս` գրասեղանի 2-րդ դարակից հայտնաբերած էլեկտրոնային կրիչը համակարգչի միջոցով չեն ստուգել, առգրավել են այն, դրա հայտնաբերման և առգրավման մասին արձանագրությունում նշել են, այլ իրերի թվում տվյալ կրիչը նույնպես փոխանցել են այդ ժամանակ քր. գործի նախաքննությունն իրականացնող Հատուկ քննչական ծառայություն, իսկ Գ. Մհերյանի աշխատասեղանի վրայից հայտնաբերված էլեկտրոնային կրիչի առնչությամբ ճիշտ հակառակ կերպ են վարվել:
Կամ` եթե Գ. Մհերյանի աշխատասեղանին եղած էլեկտրոնային կրիչը չառգրավելու պատճառաբանությունը սպանության դեպքի հետ կապ չունենալն էր, ապա ինչո՞ւ է արձանագրությունում նշվել և առգրավվել փոխոստիկանապետի սպանության հետ որևէ կապ չունեցող, ընդունարանում քարտուղարուհու ոտքերի մոտ գտնվող աղբամանում եղած փաթեթավորման սպիտակ թուղթը, որի վրա ընդամենը «ՀՀ Ոս», իսկ կոտորակի տակ` «Մհերյանին» գրառումն է եղել: Ինչո՞ւ է նույնիսկ այդ թուղթն առգրավվել, իսկ Մհերյանի աշխատասենյակում եղած և հեռախոսացանցին միացված ֆաքսը չի առգրավվել, որպեսզի ստուգվեր դրա հիշողությունը, պարզվեր գոնե վերջին անգամ ստացված և ուղարկված հաղորդագրությունների բովանդակությունը: Ինչո՞ւ ընդունարանում գործարանային տուփի մեջ տեղադրված հեռախոսի մակնիշը` «Eurotel», նշվել է, իսկ հեռախոսացանցին միացված հիշյալ ֆաքսի մակնիշը չի նշվել: Ըստ սպանվածի հոր` տուժողի իրավահաջորդ Պետրոս Մհերյանի, այդ ֆաքսը նույնպես անհետացել է:


Թեև համոզված եմ, որ Մհերյանի աշխատասենյակի զննման գործողությանը մասնակցած ՀԿԳ քննիչները չեն կարող պատասխանել վերը շարադրված հարցերին, այնուամենայնիվ, Գ. Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերով հարուցված քրեական նոր գործի նախաքննության շրջանակում, որն իրականացվում է ԱԱԾ քննչական վարչությունում, անհրաժեշտ է նրանց այդ հարցերը տալ, որպեսզի համապատասխան հետևություններ կատարվեն: Ինչպես արդեն հայտնի է Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվությունից, Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում դեռևս 2015 թ. մարտի 27-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով։


Մհերյանի աշխատասենյակի զննմանը մասնակցած անձինք պարտավոր են պատասխանել նաև, թե անկախ աշխատասեղանի վրայից հայտնաբերված կրիչի` տեղեկատվությունից զուրկ լինելու և դեպքի հետ կապ չունենալու հանգամանքից (եթե նույնիսկ ընդունենք, թե դա իրոք այդպես է), ինչո՞ւ տվյալ կրիչի հայտնաբերման մասին զննում կատարելու վերաբերյալ հիշյալ արձանագրությունում չեն նշել, չէ՞ որ դա Քրեական դատավարության օրենսգրքի պահանջն է: Այդ ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ աշխատասեղանի վրա եղած 4 մարկերի, կարիչի, կպչուն ժապավենի, մատիտների, գրիչների, գրենական այլ պարագաների, «SAMSUNG» մակնիշի հեռուստացույցի հեռակառավարման վահանակի և այլնի մասին նշել են, իսկ էլեկտրոնային կրիչի մասին` ոչ:


Այս հարցերը դեռ 2009 թ. դեկտեմբերի 23-ին Ա. Երիցյանի հետ վերոնշյալ հանդիպման ժամանակ պարտավոր էր տալ քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը, բայց դե ինչպե՞ս կարելի էր հարցաքննել ոստիկանապետի տեղակալին կամ նրան տալ այդպիսի հարցեր…


Վերը ներկայացվածը դեռ ամենը չէ, անժխտելի է, որ օպերատիվ-քննչական խումբը ժամանակին ամբողջությամբ չի կատարել այն բոլոր գործողությունները, որոնք պարտավոր էր ու պետք է կատարեր: Բացի այդ, իրավապահները կոպիտ սխալ են թույլ տվել դեպքի վայրի տեղազննության ժամանակ, ավելին՝ թանկարժեք ժամանակը բաց է թողնվել ու, միգուցե, բաց է թողնվել նաև Մհերյանի սպանության բացահայտման հնարավորությունը: Մնացյալը ցույց կտա ժամանակը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2937

Մեկնաբանություններ