ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Յոթ անգամ չափեն, մեկ անգամ կտրեն

Յոթ անգամ չափեն, մեկ անգամ կտրեն
08.07.2016 | 00:37

Գործադիրը չանտեսեց օրենսդրին տված իր խոստումը, և անցած շաբաթ օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացավ հարկային նոր օրենքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոր օրենսգիրքն անցավ առաջին ընթերցում, և խորհրդարանական մեծամասնությունը հայտարարեց, որ բոլոր առաջարկները մինչև երկրորդ ընթերցում մանրամասն կուսումնասիրվեն:


Այն, որ հարկային նոր օրենսգրքի մի շարք դրույթներից դժգոհ են ոչ միայն պատգամավորները, այլև շարքային գործարարները, փաստ է: Եթե չդժգոհեին, անտրամաբանական կլիներ, քանի որ ենթադրվում է հարկերի բարձրացում: Սակայն խնդիրը միայն այս դաշտում չէ: Գաղտնիք չէ, որ գործարար միջավայրի բարելավումը անմիջականորեն դրական ազդեցություն է ունենում տնտեսության աշխուժացման վրա: Եթե խոսում ենք գործարար միջավայրի բարելավումից, ապա անհնար է այն կյանքի կոչել՝ հաշվի չառնելով հարկային օրենսգիրքը: Սա այն դեպքն է, երբ կիրառական է «հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից» ասվածը: Այս տեսանկյունից բոլորովին էլ պատահական չէին բանկիրների և տնտեսագետների հնչեցրած մտավախությունները, որ կարող են առաջանալ բանկ-տնտեսություն և տնտեսություն-բանկ զարգացումներում՝ հարկային նոր օրենսգրքի նախագծի հետևանքով: Այո, մեր տնտեսությունը փորձում է կամաց-կամաց «ուշագնացությունից հետո» խելքի գալ: Սա շատ նուրբ և փխրուն ընթացք է, որին կոշտ միջամտությունը, անգամ բարի նպատակներով, կարող է լրջորեն վնասել: «Մի՛ վնասիր» ասվածը կիրառական է ոչ միայն առողջապահությունում, այլև տնտեսությունում: Չմոռանանք, որ առողջ և կայուն տնտեսությունն է ապահովում երկրի վարկանիշն ու անվտանգությունը աշխարհում:


Սա, ըստ ամենայնի, լավ գիտակցում է նաև ՀՀԿ-ն: Հակառակ դեպքում դժվար թե ԱԺ-ի նիստում այդքան ընդդիմադիր լինեին նախագծի մի շարք դրույթների հանդեպ: Ոչինչ չէր խանգարում իշխանությանը իրենց ուզած ձևով օրինագիծը «սղացնել», սևին սպիտակ ասելով, ինչպես արվում է շատ դեպքերում: Բայց այս անգամ այդ բանը տեղի չունեցավ:
Ավելին, վարչապետը, շաբաթ օրվա խորհրդակցությունում անդրադառնալով ԱԺ-ում հնչած կարծիքներին, նշել է. «Բարձրացրած բոլոր առաջարկներն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա»:


Մինչև սեպտեմբեր ժամանակը շատ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ օգոստոսը արձակուրդների ամիս է: Այնպես որ, կարծել, թե այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է գործարար լայն շրջանակների համար քննարկումներ կազմակերպել և ակտիվ աշխատել հնչեցրած առաջարկների շուրջ, ավելին, առաջարկները լրամշակված ձևով ներառել նախագծում, միամտություն կլինի: Մյուս կողմից, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի:


Գուցե սեպտեմբերին հնարավոր լինի աշխատանքներն այդ ուղղությամբ ավելի արդյունավետ իրականացնել: Չմոռանանք, որ հարկային օրենսգիրքը պետք է ոչ միայն պետբյուջեի եկամտային մասի ապահովման խնդիր լուծի, այլև բարելավի գործարար միջավայրը, կայուն երաշխիքներ ապահովի և, իհարկե, անուղղակիորեն նպաստի տնտեսության աշխուժացմանը: Այնպես որ, ավելի լավ է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Այդպիսով, ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա գործարարների վերաբերմունքը ՀՀ իշխանության՝ կառավարության նկատմամբ, կբարձրանա: Եվ ոչ միայն դա. տնտեսության աշխուժացումը ուղղակիորեն սոցիալական ծանր վիճակից մարդկանց հանելու անհրաժեշտ դեղամիջոց է: Եվ, ի վերջո, հարկային օրենսգիրքը այն փաստաթուղթը չէ, որ տարին մի քանի անգամ լրամշակվի, դա յուրօրինակ «սահմանադրություն» է հարկատուների համար: Եվ եթե նկատենք, որ նոր օրենսգրքի անհրաժեշտությունը պայմանավորված է եղած օրենքները բարելավելու, մեկտեղելու և հասկանալի դարձնելու անհրաժեշտությամբ, ապա ավելի լավ է մի քանի ամիս ուշ այն հաստատել, քան հետո անընդմեջ լրամշակել:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ