Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Գագիկ Հարությունյանի աշխատությունը մի նոր պատուհան է բացում դեպի սահմանադրական հարուստ մշակույթ

Գագիկ Հարությունյանի աշխատությունը  մի նոր պատուհան է բացում դեպի սահմանադրական հարուստ մշակույթ
01.07.2016 | 09:29

Ինչո՞ւ է այդպես պահանջված այս մենագրությունը: Բանն այն է, որ միջազգային պրակտիկայում այս երևույթը դեռևս խորապես ուսումնասիրված չէ: Այնինչ և՛ իրավունքի գերակայությունը, և՛, ի վերջո, սահմանադրականությունն արտահայտվում են սահմանադրական մշակույթի միջոցով: Այդ պարագայում սահմանադրական մշակույթը դառնում է իրավական մշակույթի արտացոլանքը, դառնում նաև երկրում համակեցության որակը գնահատող կարևոր չափորոշիչ:


Այս գրքում առաջին անգամ փորձ է արվում սահմանադրական մշակույթի համարժեք մակարդակի երաշխավորման, սահմանադրականության հաստատման, սահմանադրական մշտադիտարկման գործուն համակարգի արմատավորման վերաբերյալ հայեցակարգային նոր մոտեցումներ առաջադրել, որոնք միջազգային առումով կայուն ու դինամիկ զարգացման կարևոր երաշխիք կարող են դառնալ: Սահմանադրական մշակույթի համատեքստում պատշաճ ձևով ներկայացված են իրավական մշակույթի աղբյուրները, պատմականորեն անդրադարձ է կատարված մինչև քրիստոնեության շրջանը, ապա և մինչև մեր օրերը: Պատմական զարգացման և սահմանադրական մշակույթի ձևավորման ողջ տրամաբանությամբ զուգահեռներ են անցկացվում Հայաստանի, ամերիկյան և եվրոպական սահմանադրական մշակույթների առանձնահատկությունների միջև:
Աշխատությունում, հայ իրականության խոր արմատների, հարուստ ավանդույթների և ուսանելի դասերի տեսանկյունից, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մեր պատմության մեջ սահմանադրական մշակույթի ձևավորման պատմատրամաբանական, համեմատական վերլուծությունը: Սահմանադրական մշակույթը շատ խոր շերտեր ունի, և հեղինակը փորձել է վեր հանել այդ շերտերը, առաջ քաշել այնպիսի հասկացություններ, որոնք մինչ այս կամ շրջանցվել են, կամ պատշաճ ուշադրության չեն արժանացել: Եվ ահա այս գիրքը գալիս է լրացնելու այդ բացը:


Գիրքը բոլորովին նոր խոսք է հայ իրավագիտության մեջ, ուր ամենայն բարեխղճությամբ ուսումնասիրված են սահմանադրական մշակույթին առնչվող աղբյուրներն ու փաստերը` նախաքրիստոնեական ու քրիստոնեական շրջան, միջնադար, 18-րդ դար, ապա և այսօրվա առանձնահատկությունները: Եվ, գումարյալ այդ ամենին, անդրադարձ կա եվրոպական զարգացումների ընդհանուր միտումներին՝ ներկայացնելով դրա էվոլյուցիան ու ապագայում առաջադրվելիք խնդիրներն ու վերջիններիս լուծման ճանապարհները: Ահա թե ինչու է գիրքը վերնագրված` «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները»: Այս գիրքն առանձնանում է նաև նրանով, որ միջազգային սահմանադրագիտության զարգացման առումով չափազանց կարևոր թեմա է քննության առնված, ուր ներկայացվում, բացահայտվում են ազգային առանձնահատկությունները, գնահատվում են ակունքներն ու դրանց համապատասխան հիմքերը: Պատահական չէ, որ «Սահմանադրական մշակույթ» թեման այսուհետ հատուկ դասընթաց է մայր բուհում, սլավոնական համալսարանում, կառավարման ակադեմիայում, իսկ մի շարք երկրներում «Սահմանադրական մշակույթը» հատուկ դասավանդվող առարկա է, և դա հնարավորություն է տալիս բոլորովին նոր մոտեցում դրսևորելու սահմանադրականություն երևույթին:


«Սահմանադրական մշակույթ» տերմինն ընդհանրապես քիչ է օգտագործված կամ համարյա չի օգտագործված: Հենց այդ հետաքրքրությունն էլ հեղինակին տրամադրեց պատմության խորքերում գտնել «հայ իրականության մեջ ե՞րբ և ինչպե՞ս է օգտագործվել Սահմանադրություն տերմինը» հարցի պատասխանը: Զարմանալի մի օրինաչափություն բացահայտվեց. քրիստոնեությունն ընդունելուց հետո բոլոր հիմնական կանոններն ընդունվել են ազգային հոգևորական ժողովների մակարդակով: Այդ կանոնները դեռ Խորենացու ժամանակներից համարվել են կանոնական սահմանադրություններ, և օգտագործվել են «սահմանադրել», «սահմանադրություն» տերմինները: Գրաբարյան բառերը համադրվեցին աշխարհաբար թարգմանությունների հետ. բոլոր տեղերում այդ բառերը թարգմանվել, մեկնաբանվել են այսպես` սահմանել, հաստատել` հաստատեցին կանոններ, սահմանեցին կանոններ: Սահմանել, սահմանադրել բառերն արդյոք համարժե՞ք հասկացություններ են դիտվել: Ո՞ր դեպքում է օգտագործվել սահմանադրական ձևը, երբ խոսքը վերաբերել է գերակա ինչ-որ բանի հաստատմանը, այսինքն՝ դա գերակայո՞ղ է եղել, որը համընկնում է «սահմանադրություն» տերմինի այսօրվա բովանդակությանը, իմա՝ սահմանադրել նշանակում է սահմանել գերակա կանոն, որից պետք է բխեն մյուս կանոնները: Սահմանադրված է ի սկզբանե: Այս օրինաչափությունն ակնհայտորեն դրսևորվում է բոլոր հիշատակությունների մեջ: Բոլոր այն թարգմանությունները, որոնցում սահմանադրել հասկացությունը ներկայացվել է սահմանել կամ հաստատել ձևի մեջ, կորցրել են հասկացության բուն բովանդակությունը: Գերակայող նորմի՝ հիմնարար նորմի սահմանման հանգամանքը երկրորդ պլան է մղվել, և պարզապես գործողությունն է առաջնային դարձել:


Գերակա կանոններն անհրաժեշտ են, որպեսզի հասարակության ներսում եղած անհամաձայնությունները հաղթահարվեն: Եվ պետք է ընդունել, որ Սահմանադրությունը ո՛չ թե գործիք է իշխանության ձեռքին, այլ հասարակական համաձայնության հասնելու միջո՛ց է: Նման ձևակերպումը եվրոպական համակարգի գագաթն է համարվում, և եվրոպացիները գրում են, որ Սահմանադրությունը ոչ թե պետական իշխանության հիմնական օրենքն է, այլ քաղաքացիական հասարակության համաձայնության հիմնական օրենքը: Այս գաղափարախոսությունը մեր ամբողջ միջնադարյան գրվածքներում կարմիր թելի պես անցել է, և այդ կանոնների սահմանումը պետք է բխի այդ հասարակական իրականությունից: Դրան բնորոշ կանոններ պետք է սահմանվեն: Այսինքն, մեր նախնիները ո՛չ թե ներմուծվող արժեքներ են բերել և պարտադրել հասարակությանը, այլ իրենք են կանոնակարգել հասարակական հարաբերությունները և սահմանել հիմնական կանոնները, որոնցով պետք է համաձայնությամբ ապրեն:


Հեղինակը համոզված է, որ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» չստեղծվեց պատժելու համար, այլ ստեղծվեց սիրով և համերաշխությամբ ապրելու համար:
Այս գիրքը գրելիս մի քանի դարաշրջանի պատմություն ներկայացնող գրականություն է ուսումնասիրվել, և ներկայացվում են տվյալ աղբյուրի հեղինակն ու թեմային բնորոշ հատվածը` գրաբարով: Դրանով հեղինակը մեկ անգամ ևս վկայում, հաստատում է իր այն համոզումը, թե՝ տասնամյակներ շարունակ գրաբարից աշխարհաբար թարգմանողներն ինչպես են շրջանցել կամ վերափոխել «կանոնական սահմանադրութիւն», «սահմանադրութեան ժողով», «հարցն սահմանադրութեան», «սահմանադրեն գոհաբանութիւնք» և շատ այլ նման ձևակերպումները, համադրություններն ու հասկացությունները: Այդ հասկացությունները հայ միջնադարյան հուշամատյաններում բնորոշել են իրավաստեղծ գործունեության տեսակներ, հարաբերությունների կանոնակարգում, վարքագծի կանոնների սահմանում: Դրանցում, անշուշտ, առանձնահատուկ դեր են ունեցել ազգային-եկեղեցական ժողովները, որոնց ընդունված կանոնները համընդգրկուն բնույթ ու գերակայող իրավական ուժ են ունեցել: Պատահական չէ, որ «Հայկազյան լեզվի նոր բառգրքում» (Վենետիկ, 1837թ.) «սահմանադրություն» հասկացությունը բնորոշելիս, հղումներ են արվում կանոնական սահմանադրություններին:


Այդ վկայություններն անառարկելիորեն փաստում են, որ «սահմանադրութիւն» հասկացությունը հայ մատենագրության մեջ ներկայացվում է իրերի ու երևույթների որոշակի կարգ, կանոն, օրինաչափություն սահմանելու, ընդունելու, հաստատելու, իսկ որոշ դեպքերում` սահման, եզրագիծ դնելու իմաստներով: Օրինակ՝ «…ըստ առաջին Հայրապետի սահմանադրած կարգի», «Սսի ժողովում սահմանադրած…» և այլն:
Գագիկ Հարությունյանի հեղինակած այս ստվարածավալ աշխատությունը մի նոր պատուհան է բացում դեպի սահմանադրական այն հարուստ մշակույթը, որը հայ իրականության մեջ ձևավորվել է դարերի ընթացքում: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ մշակույթը, որո՞նք են նրա դասերը. ահա հարցեր, որոնց պատասխանը տալիս է «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» լրամշակված ու վերահրատարակված գիրքը: Այստեղ առաջադրված են հայեցակարգային մոտեցումներ` Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մշակույթի արժեհամակարգային ամբողջականությունն ընկալելու, պատմության դասերը խորությամբ հաշվի առնելու, ժամանակի մարտահրավերները ճիշտ գնահատելու, սահմանադրական զարգացումների անհրաժեշտ քաղաքականություն մշակելու և իրականացնելու, երկրում սահմանադրականություն հաստատելու համար:


Մեծ լսարանի պահանջարկ ունեցող այս գրքի առաջաբանում հեղինակը բարձրաձայնում է իր մտահոգությունը. «Սահմանադրությունից՝ սահմանադրականություն, իրավական, ժողովրդավարական պետության կարգախոսից՝ քաղաքացիական հասարակության կայացում և իրավունքի գերակայության երաշխավորում. սրանք ո՛չ միայն նպատակ, այլև կոնկրետ խնդիրներ են, որոնք նույնքան կոնկրետ լուծումներ են պահանջում, պահանջում են սահմանադրական մշակույթի նոր որակ ու մակարդակ»:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Մեկնաբանություններ