Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի Ալեքսան Առաքելյանի վարորդական վկայականի՝ Ադրբեջանում հայտնաբերելու դեպքի վերաբերյալ: «Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով: Տեղեկության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ և հանգել հետևության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթը առերևույթ պատկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի, 1982-ին ծնված Ալեքսան Առաքելյանին:
Վերջինս անհետ կորել էր ապրիլի 2-ին՝ ԼՂՀ նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը: Ա. Առաքելյանի դիակը ադրբեջանական կողմն արցախյան իշխանություններին վերադարձրել է ապրիլի 10-ին: Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով՝ 1949-ի Ժնևի Առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը և ապահովել նշված փաստաթղթի վերադարձնելը փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին՝ պահպանելով բոլոր պահանջվող կանոնները:
Ադրբեջանական իշխանությունները նաև պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն, թե փոխգնդապետ Առաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպե՞ս է հայտնվել Բաքվում և այն էլ հանրային տարածքում: Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող և հատկապես՝ Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, խախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու` ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին: Հայտնում ենք նաև, որ նկարագրված փաստը լինելու է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- ասված է Հայաստանի և Արցախի ՄԻՊ հայտարարությունում: