Դեռ Ստեփանակերտում է Սամվել Բաբայանը, բայց ժողովրդի կողքին լինելու նրա առաքելությունը գուցե չստացվի: Ներդրված դասական սցենարները Հայաստանում չեն ստացվում, որովհետև հաշվի չեն առնվում հայկական «ժողովրդավարության» առանձնահատկությունները: Կիրակի օրվա փառահեղ ու խոստումնալից մուտքին հաջորդեցին անսպասելի իրադարձություններ: Անսպասելի բոլոր կողմերի համար: Երկուշաբթի առավոտյան անհայտ կամ հայտնի անձինք՝ զինվորական համազգեստով, Ստեփանակերտի Ազգային ժողովի մոտից տարան ու ծեծեցին ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին՝ իր խոսքով, ստիպելով, որ գրի, թե Սամվել Բաբայանն իրեն վճարել է:
Արդեն հարուցված է քրեական գործ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորին առևանգելու և ծեծելու միջադեպով: ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտել են կատարվածը: Ինքը՝ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Հայկ Խանումյանը ղալաթ է արել, որ պահանջել է իրեն ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակել: Այսինքն՝ քաղաքականի հավակնող գործընթացը սրընթաց մտավ քրեական դաշտ, որտեղ բոլորը բոլորից դժգոհ են, ընդդիմադիր պատգամավորը հիվանդանոցում է՝ ջարդված ողերով ու քթով, իսկ կատարվածին հոդաբաշխ բացատրություն չկա, թեև մեկնաբանությունների պակաս էլ չկա:
Գիրուկ գեներալը կամ նրան Ստեփանակերտ ուղարկողները սխալ են գործել մեկ, բայց հիմնական կետում՝ լուրջ քաղաքականությունը փողոցում ու փողոցով չեն անում: Սամվել Բաբայանը հանգիստ կարող էր տուն վերադառնալ, հանդիպել մարդկանց, որ ուզում էին իր հետ հաղորդակցվել, նրանց կողքին լինելու իր խոստումը կատարել, բայց նա ընտրեց վերադարձի հենց այդ տարբերակը: Դժվար է հավատալ, որ Սամվել Բաբայանը և Հայկ Խանումյանը հանպատրաստից տրվել են իրադարձությունների ընթացքին ու նախնական պայմանավորվածություն չեն ունեցել, ուստի իզուր է Սամվել Բաբայանը ասում, որ նա ղալաթ է արել, ղալաթը, նվազագույնը, ընդհանուր է եղել: Երկուշաբթի օրը իր հարցազրույցներում Սամվել Բաբայանը փորձում էր պահել անխռով ու մեղադրող մարդու տեսքը, բայց չէր ստացվում, ակնհայտ էր, որ նա պատրաստ չէր այս շրջադարձին և այնքան էլ պարզ չէր, թե ինչ է հետո անելու, թեպետ ասաց, որ քայլեր լինելու են:
Կարող են լինել, կարող են չլինել, նայած՝ ինչ հրահանգ կստանա: Նայած ինչպես կգնահատվի նրա առաքելության շարունակության նպատակահարմարությունը: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Հայկ Խանումյանին ծեծելը նմանեցնում է հնդկական ֆիլմի և Ճիշտ չի համարում տարբեր վարկածներ շահարկելը: Եվ շատ զարմանալիորեն կարծում է, որ Խանումյանի կողմնակիցները փորձում են կատարվածը ներկայացնել քաղաքական խնդիր, իսկ ինքը չի տեսնում ինչ-որ քաղաքական խնդիր:
Ձևական տրամաբանության տեսակետից նա իրավացի է՝ հետաքննությունը պետք է հանգամանքները պարզի: Գուցե իրոք «մուննաթ Խանումյանը» անհավասարակշիռ է, բազմիցս վիրավորում է տարբեր մարդկանց, քաշքշուկների մեջ է եղել, բայց դա նրան ծեծելու հիմք չէ: Կատարվել է հերթական անհեթեթ բռնությունը, որը ոչ միայն անընդունելի ու անթույլատրելի է ընդհանրապես, այլև առաջին հերթին հարվածի տակ է դնում չճանաչված հանրապետության քաղաքական վարկը: Զինվորական համազգեստով մարդիկ, որոնցից յոթին Հայկ Խանումյանը իր խոսքով ճանաչել է, գործել են իրենց նախաձեռնությամբ, թե ուղղորդված՝ նրանք կատարել են քայլ, որը պիտի բացահայտվի և օրենքի սահմաններում պատժվի: Միայն այդ կերպ հնարավոր է վերականգնել ԼՂՀ իշխանությունների հեղինակությունը և վստահությունը ԼՂՀ իրավական համակարգի նկատմամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Սամվել Բաբայա՞նը: Նա պիտի խորին շնորհակալություն հայտնի ԼՂՀ իշխանություններին: Նրանց թողտվությամբ ինքը միանգամից հերոսացավ ու ստացավ հայրենիքում հալածյալ մարգարեի դափնիներ, որոնց բոլորովին արժանի չէր: Հերթական անգամ կատարվեց կոպտագույն սխալ՝ Սամվել Բաբայանն ինքն իրեն սպառելու ու մի կես տարուց ձեռնունայն վերադառնալու էր Մոսկվա, եթե նրան ազատ գործելու հնարավորություն տրվեր, եթե ԼՂՀ նախագահը, վարչապետը, ՊՆ նախարարը դռները բաց ընդունեին ու նրան լսեին, խորհրդակցեին հետը, համաձայնեին կամ չհամաձայնեին նրա տեսակետներին: Բայց նրանք խնայեցին իրենց թանկարժեք ժամանակը՝ ստանալու համար սկանդալ, որը որքան Սամվել Բաբայանին, նույնքան իրենց է հարվածում: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Մոդեստ Կոլերովն ասում էր, որ Սամվել Բաբայանը քաղաքական դեմք չէ ու նրան Մոսկվան չի գործուղել, փաստորեն գիտեր, որ առաքելությունը չի ստացվելու: Մնում է արագ ապաքինում մաղթել Հայկ Խանումյանին: