Ամիսներ տևած բանակցություններից հետո Կիևին հաջողվեց հայրենիք վերադարձնել Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոյին, ում ռուսական դատարանը մեղավոր էր ճանաչել երկու ռուս լրագրողների սպանության մեջ: «Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարել են ինձ համար: Եթե չխոսեին մարդիկ, քաղաքական գործիչները կլռեին ընդմիշտ: Շնորհակալ եմ»,- սրանք ուկրաինացի օդաչուի առաջին խոսքերն են ազատության մեջ:
Լրագրողների հարցին ի պատասխան նա վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինայում մարդիկ այսուհետ կապրեն այնպես, ինչպես պետք է ապրեն: «Չեմ խոստանում, որ դա տեղի կունենա հենց վաղը, բայց ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, որ տեղի ունենա»,- հայտարարել է ուկրաինացի օդաչուն: Կիևի Բորիսպոլ օդանավակայանում Սավչենկոյին տեղափոխող նախագահական ինքնաթիռի վայրէջքից րոպեներ անց Կրեմլը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում է շնորհել ուկրաինացի օդաչուին: Սավչենկոն օդանավակայանից ուղևորվեց ՈՒկրաինայի նախագահի նստավայր, որտեղ Պյոտր Պորոշենկոն նրան շնորհեց ՈՒկրաինայի հերոսի կոչում: «Քանի որ մենք վերադարձրինք Նադեժդային, մենք կվերադարձնենք նաև Դոնբասը, կվերադարձնենք Ղրիմը: Նադեժդան դարձել է մեր հպարտության ու անհնազանդության խորհրդանիշը»,- հայտարարել է Պորոշենկոն: Սավչենկոն ռուսական դատարանի դահլիճում բազմիցս հայտարարել էր, որ դեմ է իրեն փոխանակելու հնարավոր սցենարին, նրա հայրենիք վերադառնալը հնարավոր դարձավ փոխանակման ճանապարհով: Կիևը Սավչենկոյի արտահանձնմանը հասնելու համար համաներում շնորհեց և Ռուսաստան ուղարկեց ՈՒկրաինայում ազատազրկման դատապարտված Եվգենի Երոֆեևին և Ալեքսանդր Ալեքսանդրովին: Նրանց ՈՒկրաինայի արդարադատությունը համարում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ, նրանք ձերբակալվել են ՈՒկրաինայի արևելքում գաղտնի գործողություն իրականացնելիս: ՈՒկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակումը Արևմտյան կառավարությունների պահանջներից է, և ինչպես նկատում են վերլուծաբանները, այս իրադարձությունը կարող է թուլացնել Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածությունը: Քաղաքագետների համոզմամբ՝ ռուսական բանտում շուրջ երկու տարի անցկացրած Սավչենկոյի քաղաքական գործունեությունը ՈՒկրաինայում կարող է ավելի խորացնել հակառուսական տրամադրությունները: «Չեմ ուզում մարդկանց մասին վատ արտահայտվել, չեմ ուզում իմ չարությունն ու զայրույթը փոխանցել ձեզ: ՈՒզում եմ, որ մարդիկ ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ձգտեն: Ցավոք՝ խաղաղությունը երբեմն հնարավոր է միայն պատերազմի միջոցով»,- ՈՒկրաինայի նախագահի հետ ասուլիսում հայտարարել է Սավչենկոն և դիմել ռուսաստանցիներին. «Չպետք է վախենաք, պետք է շարժվել տեղից: Հասկանում եմ, որ հեշտ չէ: Ես աշխատելու եմ, որ յուրաքանչյուր գերի վերադառնա: Որ ՈՒկրաինան լինի ուժեղ և մեր ժողովուրդը երբեք չմոռացվի: Փառք ՈՒկրաինային»: