Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 25-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Պարզվել է, որ գործարարի օգտին գործողություններ կատարելու համար նա պահանջել և ստացել է 20 000 ԱՄՆ դոլար: Հարուցվել է քրեական գործ:
Գաղտնիք չէ, որ մեր արդարադատության համակարգն անկաշառությամբ ու կոռուպցիայի բացակայությամբ չի փայլում, ավելին, հասարակության դժգոհության հիմնական թիրախը հենց այս ոլորտն է: Ամենևին էլ «բացահայտում» չի կարելի համարել այն, որ դատավորները կաշառքով շատ հաճախ գործը վարում են իրենց ուզած ձևով ու դրա համար քր. օր.-ի որևէ հոդվածով չեն էլ պատժվում: Եթե անգամ «գործի վրա» բռնվում են էլ, հաստատ վերևներում մեկը լինում է (ում հետ հաճախ «կիսվում» են), որը նրան ճաղավանդակների հետևում չհայտնվելու համար բարեխոսում է: «Բռնվում» են նրանք, ովքեր չեն կարողանում մեկին գտնել և հարցը լուծել «գեղական» կարգով:
Տեսնես էս դատավորն այդպիսի տեր կամ, ինչպես ընդունված է ասել`«կռիշ» չի ունեցե՞լ: Բա մենակ 20000 ԱՄՆ դոլար ուտելը հե՞շտ է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ