Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հանրապետության նախագահի սեղանին է, ով մի քանի ամիս ժամանակ ունի՝ դրան համաձայնություն տալու կամ մերժելու համար: Ակնհայտ է, որ հիմա հարցը լրիվ քաղաքական հարթության մեջ է ու երկրորդական է կառավարման մոդելի արդյունավետության քննարկումը, որովհետև թե իշխանությունը, թե ընդդիմությունը Հիմնական օրենքի բարեփոխման հարցը կապում են նոր իշխանության ձևավորման սկզբունքային խնդրի հետ:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Գևորգ Ղազինյանը նույնպես ակնարկում է, որ հիմա խնդիրը քաղաքական որոշման բացակայությունն է: «Երբ Սերժ Սարգսյանն իր վերջնական որոշումը կայացնի, այսինքն՝ ասի՝ հայեցակարգն ընդունելի է, թե մերժելի, նոր արդեն աշխատանքները կշարունակվեն։ Հայեցակարգն ընդունելու դեպքում արդեն մենք կսկսենք նախագծի վրա աշխատել։ Այսինքն՝ մինչև իր որոշումը չլինի, մենք ոչ մի քայլ չենք կարող անել»,- ասել է նա։
Ակնհայտ է, որ եթե իշխանությունները գտնեն վերարտադրության ավելի արդյունավետ ճանապարհ, կարող են և հրաժարվել սահմանադրական փոփոխությունների անցկացումից, մանավանդ որ այդ գործընթացն իր մեջ որոշակի ռիսկայնություն պարունակում է ու կարող է վիճահարույց դառնալ՝ լեգիտիմության տեսանկյունից:
Վերջերս շրջանառվում է վարկած, որ իշխանությունները կարող են հրաժարվել սահմանադրական փոփոխությունների գործընթացից նաև այն պատճառով, որ Հայաստանը մաս է կազմում ԵԱՏՄ-ին, որի անդամ բոլոր պետություններն ունեն նախագահական ուժեղ համակարգեր: Զուտ տեսական առումով այս պնդումը միանգամայն տեղին է, որովհետև միասնական քաղաքական-տնտեսական տարածքը ենթադրում է նաև կառավարման մշակույթների, մոդելների ունիֆիկացիա: Բայց կարծում եմ՝ իշխանության համար առաջնայինը, այնուամենայնիվ, իր վերարտադրության ապահովումն է, ու նույնիսկ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու շարժառիթներից մեկն էլ հենց դա էր: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի վերջնական որոշման վրա առաջնային նշանակություն կունենան ոչ թե ինտեգրացիոն գործընթացները, այն էլ՝ կասկածելի որակով ու բովանադակությամբ, այլ հայաստանյան ներքաղաքական զարգացումները, ներհամակարգային կոմպրոմիսներն ու առճակատումները և համապետական այլ գործոններ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ