«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Թուրք հանրությունն ախտահարված է այլատյացությամբ, ինչն ուղղված է ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ

Թուրք հանրությունն ախտահարված է այլատյացությամբ, ինչն ուղղված է ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ
05.09.2014 | 00:18

Արդեն բավական ժամանակ է անցել Թուրքիայի պատմության մեջ առաջին ուղղակի նախագահական ընտրություններից, որոնց արդյունքում պետության նոր ղեկավար ընտրվեց նախկին վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, և այդ երկիրը իներցիայով շարունակում է ընտրարշավի իր ուղին. արդեն օգոստոսի 27-ին սկսվեց կառավարող «Արդարության և զարգացման կուսակցության» (АКР) հերթական համագումարը` դարձյալ յուրօրինակ ընտրություններ, թող որ ներկուսակցական։ Պահը բավական կարևոր է, առավել ևս այն հայտարարությունից հետո, որ նոր վարչապետ դառնալու է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, և խոսակցություններ կան կադրերի փոխատեղումների մասին, որ մտադիր են անել Էրդողանն ու Դավութօղլուն, որոնց, հիշեցնենք, ներթուրքական զարգացումներին հետամուտ բոլոր դիտորդները, փաստորեն, համարում են նեոօսմանիզմի կուրսի «հիմնադիր հայրեր»։ Իհարկե, АКР-ի համագումարի բոլոր որոշումների վերլուծությունը թուրքագետների գործն է, որ կարվի շատ ավելի ուշ։ Իսկ առայժմ հայտնի է կանխատեսվածը. Էրդողանը կուսակցության ղեկավարի պաշտոնում կարգեց հենց Դավութօղլուին։ Իսկ առջևում խորհրդարանական ընտրություններն են։ Մի խոսքով, Թուրքիայի համար դեռ շատ բան առջևում է, սակայն նրա ապագան անամպ, երաշխավորված դինամիկ, հետագա զարգացման ու վերելքի միտում ունեցող չի թվում։

Դա շատ պատճառներ ունի։ Եվ ամենաառաջինը հենց այն միկրոտարրերն են, որոնք ուղեկցում էին ամբողջ ընտրարշավը և որոնք բնորոշ էին բոլոր ընդդիմախոսներին։ Էլ չենք խոսում այն մասին, որ թուրք փորձագետներն էլ էին կանխատեսում, թե նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը հաստատ կուզենա «հավերժացնել» իր իշխանությունն ու չսահմանափակել պետության ղեկավար վերընտրվելու հնարավորությունը։ Արդեն իսկ բարձրաձայն խոսվում է այն մասին, թե նա անպայման կգնա Թուրքիայի սահմանադրության տարատեսակ փոփոխությունների։ Իսկ դրա համար կարևոր է ոչ միայն խորհրդարանի, այլև իր ամբողջ կուսակցության աջակցությունը։ Բայց կարծես առանձին պարզություն չկա ոչ միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների, այլև այն առումով, թե АКР կուսակցության ներսում որոշ թևեր որքան պատրաստ կլինեն, այնուամենայնիվ, պաշտպանելու կառավարման միահեծան եղանակը, որ Էրդողանը դավանել է իր վարչապետության ամբողջ ընթացքում։

Ընտրարշավն ու բուն նախագահական ընտրությունները ակնբախորեն ցույց տվեցին, որ Թուրքիայում իսլամականություն չկա, նույնիսկ չափավոր։ Կա միայն նացիոնալիզմ, պարզապես այն տրոհվում է երկու տարատեսակի. 1) ավանդական նացիոնալիզմ, այսինքն` հիմնված քեմալականության վրա, որն իր հերթին տրոհված է բավական մեծ քանակությամբ կուսակցությունների ու կազմակերպությունների. և այդ ճամբարից նախագահի թեկնածու էր Էքմելետդին Իհսանօղլուն, որը ներկայացնում էր երկու «աշխարհիկ» նացիոնալիստական կուսակցություն` ժողովրդահանրապետականը (CHP)` Քեմալ Կըլըչդարօղլուի գլխավորությամբ, և ֆաշիստական պանթուրքական ազգային գործողության կուսակցությունը (MNP)` Դևլեթ Բախչելու գլխավորությամբ (ըստ էության, հանգուցյալ Ալփարսլան Թյուրքեշի «Գորշ գայլերի» հերթական սերունդը), 2) «իսլամիզմի հանգույն շպարված` Էրդողանի ու նրա АКР կուսակցության նացիոնալիզմ։ Դա, ի դեպ, մի ավելորդ անգամ ապացուցեց, որ 1996-97 թթ. АКР-ի նախորդների` Նեջմեթդին Էրբաքանի «Ռեֆահ» կուսակցության և «Գորշ գայլերի» դաշինքը ոչ թե պարզապես անհրաժեշտություն էր ընտրությունների կապակցությամբ` քեմալականներին նեղը լծելու նպատակով, այլ արտացոլում էր թուրք ֆաշիստների և «չափավոր» իսլամականների գաղափարական-հոգեկան մտերմությունը։ Սակայն թուրքական նացիոնալիզմի վերոհիշյալ երկու տարատեսակներն էլ «նույն խաղն» են խաղում «չափավոր» իսլամականների ղեկավարության հետ, և հենց դրա համար էլ CHP-ի MHP-ի միասնական թեկնածու դարձավ... Իսլամական համագործակցության կազմակերպության (OИC) նախկին գլխավոր քարտուղարը և ոչ թե Կըլըչդարօղլուն կամ Բախչելին։ Մի բնորոշ օրինակ. OИC-ի գլխավոր քարտուղար, 70-ամյա պրոֆեսոր Իհսանօղլուին, որին ժամանակին АКР-ի պարագլուխները, սկսած Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլից, համարում էին «նոր քայլ կազմակերպության համար, որը դարձավ դրոշը ամբողջ իսլամական աշխարհի», հուսալով նրա ջանքերով Թուրքիայի վերահսկողությանը ենթարկել ամբողջ մահմեդական աշխարհը, նույն կուսակցությունը` ի դեմս փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի և АКР-ի ներկայացուցիչ Հուսեյն Չելիկի, քննադատության ու հալածանքի ենթարկեց և պահանջեց հրաժարական տալ` Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր հրամանատար (Եգիպտոսի նոր նախագահ) Աբդել Ֆաթահ աս-Սիսիի գլխավորությամբ եգիպտական հեղաշրջումից և «Մահմեդական եղբայրների» եգիպտացի դրածո Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո լռելու և անգործություն հանդես բերելու համար։

«Մինչև ուղնուծուծը» իսլամիստ և «Մահմեդական եղբայրների» հետ սերտորեն կապված Իհսանօղլուն թուրքական նացիոնալիստական կուսակցությունների թեկնածուն է։ «Մինչև ուղնուծուծը» նացիոնալիստ Էրդողանը` «չափավոր» իսլամականների АКР կուսակցության թեկնածուն։ Ավելի անկարելի բան, անգամ Թուրքիայի համար, դժվար էր պատկերացնել։ Առաջինը հավաքեց քվեների 38 %-ը, երկրորդը` 52 %-ը։ Արդյունքում, թուրք ընտրողների 90 %-ը հանդես է գալիս հօգուտ նացիոնալիզմի, թող որ «իսլամիստական երանգավորմամբ»։ Այդ չէ՞ արդյոք պատճառը, որ Իհսանօղլուն, ընտրությունների ավարտից անմիջապես հետո, դրանք փաստորեն գնահատելով որպես անարդար, ակնարկներ անելով և՛ մրցակցության պայմանների անհավասարության, և՛ Էրդողանի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման մասին, այդուամենայնիվ, չվիճարկեց քվեարկության արդյունքները։ Ի՞նչ կարիք կար, այդպես էլ ամեն ինչ ընթանում է նախանշված ծրագրի համաձայն։ Ձևանալով «իսլամիստական», Թուրքիայի ներկա կառավարող վերնախավը իրականում մնում է որպես ֆաշիստական նացիոնալիստական։ Իսկ նման պայմաններում դիկտատոր է պետք։ Այնպես որ, սահմանադրության վերանայումն անխուսափելի է։

Բայց սա թուրքական նախագահական ընտրությունների արդյունքում ի հայտ եկած վերջին իրողությունը չէ։ Իհարկե, օգտվելով միայն բաց տեղեկույթից, շատ դժվար է կոշտ ու միարժեք հետևություններ անել։ Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Թուրքիայի ապագա իսլամիստական ֆաշիստական դիկտատորի համար ապագա զոհն արդեն ընտրված է։ ՈՒշադրությամբ նայելով նախագահի երրորդ նախկին թեկնածու Սելահետդին Դեմիրթաշին, մենք հասկանում ենք, որ երկար պատմություն ունեցող իրավապաշտպանի ու, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, խաղաղության ու ժողովրդավարության քրդամետ կուսակցության առաջնորդի նրա համբավը բավարար չեն հասկանալու համար գլխավորը` ո՞ւմ էր նա ներկայացնում։ Բայց ստացվում է, որ դա իրական և իր նշանակությամբ երրորդ ուժն է Թուրքիայում. խոշորագույն և առավել ազդեցիկ հենց քրդական (ոչ թե քրդամետ) կուսակցություն։ Լինելով 2009 թ. դեկտեմբերի 11-ին արգելված ժողովրդավարական հասարակության կուսակցության (BDP) քաղաքական ժառանգորդը, գլխավորում է 98 քաղաքների ու շրջանների վարչակազմերը, այդ թվում` մեկ մեգապոլիսի, յոթ մարզային կենտրոնի, 51 շրջանային կենտրոնի, 39 այլ մունիցիպալ կազմավորման։ Բնորոշ մի առանձնահատկություն. BDP-ից թուրքական խորհրդարանի վեց պատգամավոր, ներառյալ Մ. Հաթիփ Դիջլեն, կալանքի տակ են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը աջակցելու մեղադրանքով։ Քրդական BDP-ն առհասարակ Թուրքիայում տարբեր կերպ են անվանում. և՛ ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն, և՛ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն (HDP)։ Ինչպես նշում են աղբյուրները, նրա գաղափարախոսությունը պարզ ու հստակ է. ժողովրդավարական սոցիալիզմ և քրդերի իրավունքների պաշտպանություն։ ՈՒ թեև օգոստոսի 1-ին իր նախընտրական ճառում Դեմիրթաշը Էրդողանին ու Իհսանօղլուին ուղղակիորեն մեղադրեց այն բանում, որ իր մրցակիցները խոսում են «շովինիստական» տոնով, դրանով իսկ հաստատելով մեր այն հետևությունը, որ Թուրքիայի բոլոր «չափավոր իսլամիստների» իսկական գաղափարախոսությունը «իսլամիստական երանգով» ներկված կենցաղային ֆաշիզմն է, իսկ ինքը` Դեմիրթաշը, հերքում է այն գաղափարը, թե քրդերն ուզում են բաժան-բաժան անել Թուրքիան կամ առանձին պետություն դառնալ։ Նրա ասելով` քրդերն ուզում են, որ բոլորն ապրեն միասին առանց որևէ խնդրի։

Տարբեր անվանումներ ունեցող կուսակցությունը, որի թեկնածուն, ի վերջո, հավաքեց քվեների 10 %-ը, և նրա առաջնորդ Դեմիրթաշը հավակնում էին դառնալու Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների շահերի արտահայտիչը, ոչ թե միայն քրդերի։ Այսպես, ընտրությունների նախօրեին ստամբուլյան «Ակոս» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ օգոստոսի 10-ի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կճանաչի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի ապրիլի 24-ին կնշի մարդկության դեմ կատարված այդ հանցագործության տարելիցը։ Թեև նա խոսում էր նաև Թուրքիայի բոլոր ժողովուրդների` արաբների, ասորիների, հենց թուրքերի և այլոց շահերի ու իրավունքների պաշտպանության պատրաստակամության մասին։ Բայց, նախ, քրդերի կուսակցությունը «մի գլուխ» փակում էին, և այն վերագրանցվում էր այլ «ցուցանակներով»։ Երկրորդ, նրա տարբեր անդամների ու պատգամավորների շարունակ ձերբակալում էին PKK-ի հետ համագործակցելու կամ նույնիսկ նրան օգնելու մեղադրանքով։ Իսկ ահա թե ինչպես և ում է ապագա իսլամիստա-ֆաշիստական բռնապետն ընտրում իբրև առաջին (կամ մշտական) զոհ, աշխարհին ազդարարեց հենց ինքը` նորընտիր նախագահ Էրդողանը։ Իր ընտրարշավի շրջանակներում թուրքական NTV հեռուստաալիքի մի հաղորդման ժամանակ նա անդրադարձավ իր ազգային ծագման վերաբերյալ հանրության շրջանում պտտվող լուրերին։ Նախ նա հիշեցրեց CHP-ի պարագլուխ Կըլըչդարօղլուի և BDP-ի առաջնորդ Դեմիրթաշի հասցեին հանրահավաքներից մեկում իր ասած խոսքերը. «Կըլըչդարօղլու, դու ալավի ես, ես` սուննի։ Ասա այդ մասին։ Դեմիրթաշ, դու զազա ես։ Մի վախեցիր, ասա»,- ասաց Էրդողանը։ Այնուհետև նա անդրադարձավ իր ծագման թեմային. «Ինչ ասես չեն ասել իմ ծագման մասին, ինձ վիրավորել են, վրացի են անվանել, կամ էլ ավելի վատ, ներեցեք, ինձ նույնիսկ հայ են անվանել։ Սակայն ես կասեմ այն, ինչ իմացել եմ իմ հորից ու մորից. ես թուրք եմ»։

Զոհերը հայտնի են, ընդ որում, փաստորեն նույնիսկ շերտավորված։ Չնայած այն բանին, որ «Demokrat haber» ընդդիմադիր կայքը նման կարգի հայտարարությունները բնութագրեց իբրև հայերի հանդեպ ատելության դրսևորում։ Իսկ «Haberahval» կայքը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ NTV հեռուստաալիքի եթերում Էրդողանն արդեն դիմել էր քաղգործիչների ծագման թեմային։ Այսպես, «Ընտրություններին ընդառաջ» հեռուստածրագրի հաղորդումներից մեկում Էրդողանն ասել էր, թե շատ գրքեր կան լույս ընծայված ինչպես իր, այնպես էլ նախագահ Աբդուլլահ Գյուլի ազգային պատկանելության մասին։ ՈՒրիշներն էլ հիշում են, որ ժամանակին Գյուլն էլ է լրատվամիջոցների հետ «դատական վեճ» ունեցել այն պատճառով, որ իր մորը հայուհի են անվանել, դա համարելով «վիրավորանք»։ Հետևելով Էրդողանի ամենամոտ ժամանակների «մտքերին», մենք կարող ենք նաև «դասակարգել», թե ինչպես են Թուրքիայում կառուցված ազգային հողի վրա «մահացու վիրավորանքները». 1) ամենավատթարագույնը հայ լինելն է, 2) հետո` վրացի, Էրդողանն այս երկու ազգերի պարագայում այսպես է արտահայտվում` «ինձ վիրավորել են», 3) ապա գալիս են հույներն ու հրեաները. սա նույն NTV հեռուստաալիքին մի քանի տարի առաջ նրա տված հարցազրույցից է, երբ Էրդողանն ունկնդիրներից ներողություն էր խնդրել այդ երկու ժողովուրդների անունները տալիս, 4) զազա ժողովուրդը, կամ, եթե հետևելու լինենք քրդական քարոզչությանը, քրդերը, թեև իրականում քրդական ազգին զազայի պատկանելությունը անապացուցելի է, 5) արդեն դավանական` ալավիները։

Այսպիսով Թուրքիայում թուրք չլինելը «վիրավորանք» է։ Համամիտ ենք այն փորձագետների հետ, ովքեր նման արտահայտությունները «տաք հետքերով» համարեցին «նախընտրական քայլեր»։ Սակայն արդյո՞ք այդ «նախընտրական քայլը» նշանակում է, թե աշխարհը պետք է «ներողամիտ» գտնվի Թուրքիայի նոր նախագահի հրապարակային հռետորաբանության հարցում։ Ո՛չ, եթե մի քանի տոկոս ավելի քվե կորզելու համար նախագահի թեկնածուները դիմում են նման հնարքների, ապա դա նշանակում է, որ նրանք ձգտում են օգտվել հասարակության էժանագին հակումներից։ Հետևաբար, թուրք հանրությունն ընդհանուր առմամբ ախտահարված է այլատյացությամբ, ինչն ուղղված է հատկապես ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ։ Էրդողանը լավ է հասկանում, որ Թուրքիայում շատ շահեկանորեն կարելի է խաղալ քաղաքացիների ազգային զգացմունքների հետ, ձևանալով «հայրենասեր» քաղաքական գործիչ։ Բայց ճիշտ նույն խաղն էր «խաղում» նաև իսլամիստ, ֆաշիստա-նացիոնալիստական կուսակցության թեկնածու Իհսանօղլուն։ Եվ հենց այս երկուսն էլ ընտրում են ապագա զոհին. ելնելով թվից և հասարակության տարբեր խավերում ներկայացվածությունից, դրանք քրդերն են։ Իսկ եթե «պետք լինի», բացառված չեն ալավիները (որոնց մեծ մասը ևս... քուրդ է)։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ