ՀՀ ոչիշխանական ուժերը ամռանը խոստացել են թեժ աշուն: Սպասվող սահմանադրական փոփոխությունների համատեքստում ընդդիմադիր տրամադրություններով թեժ աշունը հասարակության համար կարող է քաղաքական զարթոնքի պես մի բան դառնալ, իսկ նույն ոչիշխանականների համար՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախահարթակ պատրաստել: Սահմանադրական փոփոխությունների հեռանկարը, սակայն, արդեն հասցրել է պառակտիչ տրամադրություններ մտցնել քառյակի ներսում: Հայտնի է, որ քառյակից երեքը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն, դեմ են սահմանադրական բարեփոխումներին, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է, որ, կողմ լինելով հանդերձ, կարծում է, եթե սահմանադրական փոփոխությունները չհամապատասխանեն դաշնակցության պատկերացումներին, ապա «դրանք կդառնան ինքնանպատակ»: ՀՅԴ-ն չի նշել, թե դրանց չհամապատասխանելու դեպքում արդյոք կմիանա՞ քառյակի մյուս երեք ուժերին այս հարցում: Աշնանն ընդառաջ ոչիշխանական քառյակի ներսում տարաձայնություններ կան նաև կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ՍԴ -ում վիճարկելու հետ: ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ցանկանում են վիճարկել օրենքը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» դեմ են: Մասնավորապես ՀԱԿ-ը նշել է, թե աննպատակահարմար է համարում դիմել ՍԴ, քանի որ այն իշխանությունների կցորդն է և ընդամենն ապահովում է «կառավարության կամ իշխանության քաղաքականությունը սահմանադրականությանը կեղծ ձևով համապատասխանեցնելու գործին»:
Աշնան քաղաքական թեժությունը մեծապես կախված է չորս ուժերի գաղափարական միաբանությունից, թեև նրանք ժամանակ առ ժամանակ պնդում են, որ կարող են տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունենալ: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն էլ վերջերս նշել էր, որր «քառյակը քառյակ է այնքանով, որ չորս ուժերը համաձայնում են ինչ-որ բան անել»: Սրանով հարցերն իրականում ոչ թե սպառվում, այլ ավելի են շատանում: Օրինակ՝ քառյակի խոստացած թեժ աշունն այդ տարաձայնությունների ֆոնին ինչ հարցի վրա է հիմնվելու: Եթե կա առնվազն մեկը, որը համախմբում է բոլորին, ապա կարելի է ենթադրել, որ համատեղ պայքարն ընդդեմ գործող համակարգի անհավանականության տեսությունից չէ: Այդ մի հարցը, ի դեպ, համակարգային փոփոխությունն է: Բոլորն անխտիր նշում են համակարգը փոխելու անհրաժեշտության մասին, յուրաքանչյուրը, սակայն, յուրովի է պատկերացնում այդ փոփոխությանը հասնելու ճանապարհը: Նույնը արտաքին քաղաքական հարցերում է: Սրանով հանդերձ անհասկանալի, ինչ -որ առումով նաև անհավանական է դառնում քառյակի համատեղ հանրահավաքի կամ քաղաքական որևէ ակցիայի հավանականությունը: Մի բան, որ ի զորու կլիներ համախմբել հասարակության հնարավորինս մեծ շերտի: Եվ ուրեմն նշանակություն էլ չունի մեծ հաշվով, թե Նազարբաևն ու Պուտինը ինչ լեզվակռիվ են տալիս, ինչու է Պուտինը ցանկանում ԵՏՄ-ի խախուտ օղակը փաթաթել Հայաստանի վզին ու ինչ է անում մեր երկրի գործող իշխանությունն այդ օղակից խուսափելու համար: Նշանակություն չունի թեժ աշնան կայանալուն սպասելու և այն հնարավոր իրականացնողներին համախմբված տեսնելու առումով: Բոլորը կարծես մոտ են իրար, միաժամանակ, սակայն, տարբեր դաշտերում: Ցավոք:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ