Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները և պատգամավորական խումբը այսօր հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով անհապաղ փոխել Մոսկվայում կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը:
«Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով և ձեռնպահ ենք մնում նաև քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, - ասված է Ղարաբաղի խորհրդարանի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունների և «Արցախատուն» պատգամավորական խմբի հայտարարությունում: - Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաև Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրև օրինապաշտ քաղաքացի և բարձրակիրթ անձնավորություն, Լևոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը և օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ քննչական կոմիտեին»:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը կատարվածն ընդունում են որպես ցավալի թյուրիմացություն և համոզված են, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Հայրապետյանի անմեղությունը: