Մեծ Բրիտանիայում անցկացվում է հրապարակային հետաքննություն՝ պարզելու ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հանգամանքները: Այդ մասին BBC-ին հաղորդել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին նախարար Թերեզա Մեյը:
Լիտվինենկոյի սպանությունը հետաքննելու գլխավոր նպատակներից մեկն է բացահայտել՝ մասնակցե՞լ է Ռուսաստանը նրա սպանությանը, թե՞ ոչ: Մեյը հույս է հայտնել, որ հետաքննությունը որոշակի սփոփանք կլինի ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի այրու՝ Մարինայի համար:
Կառավարությունը, հատկապես՝ Մեյը, ավելի վաղ հակադրվում էին հրապարակային հետաքննության անցկացմանը՝ հայտարարելով, որ սպասում են թագավորական դատարանում ապացույցների արդյունքներին: Եվ միայն այն դեպքում, երբ այդ դատարանը կընդունի, որ տեղի է ունեցել բռնի մահ, գործը կստանա այլ ելք և կվերանայվի ավանդական դատարանում, որը պարտավոր է ապացուցել, թե ով է պատասխանատվություն կրում կատարվածի համար: Հրապարակային հետաքննությունից հրաժարվելը բացատրվում էր նաև դիվանագիտական պատճառներով: Սրանից զատ, ակնհայտ է, որ հետաքննությունը պահանջում է մեծ ծախսեր և ժամանակ և ենթադրում է գործի հետ կապված փաստաթղթերի հրապարակում:
2000 թ. Մեծ Բրիտանիայում ապաստանած ՌԴ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից Լիտվինենկոն մահացել է 2006 թ. նոյեմբերին: Մահից հետո նրա օրգանիզմում հայտնաբերվել էր ռադիոակտիվ տարր՝ պոլոնիում-210: Մահացածի հարազատները կարծում են, որ նրան սպանել են Կրեմլի հրահանգով: Հարազատների խոսքերով՝ Լիտվինենկոն այդ շրջանում համագործակցել է բրիտանական MI5 հակահետախուզական և MI6 հետախուզական ծառայությունների հետ:
Բրիտանական հետաքննության վարկածով՝ սպանության մեջ գլխավոր կասկածյալը Անդրեյ Լուգովոյն է, որը Պետդումայի պատգամավոր է: Նա իրեն չի ճանաչել մեղավոր: 2007 թ. ՌԴ-ն հրաժարվել է Լուգովոյին ենթարկել էքստրադիցիայի: 2012 թ. բրիտանացի պոլիգրաֆիստների ստի դետեկտորը պարզել էր, որ նա մեղավոր չէ: Լիտվինենկոյի սպանության մեջ մյուս կասկածյալը համարվում է ռուս ձեռնարկատեր Դմիտրի Կուկտունը, որը նույնպես չի ընդունում իր մեղքը:
Պատրաստեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ