ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Դուք մեր մահակն եք իր գլխին»

«Դուք մեր մահակն  եք իր գլխին»
11.03.2014 | 00:53

Երբ ֆարսը կրկնվում է, գիտեք ինչի է վերածվում: Երբ տասը տարի լռած Տեր-Պետրոսյանը սրընթաց մտավ քաղաքականություն և այդ «մուտքն» արժևորեց ՀՅԴ-ի հետ հանդիպմամբ։ Այն ՀՅԴ-ի, որին ժամանակին ձերբակալել էր ահաբեկչության և այլ մահացու մեղքերի համար, այն ՀՅԴ-ի, որի թերթերն ու գրասենյակները «բերկուտավարի» ավերել ու փակել էր մեկ օրում։ Հանդիպման լուրն ուղղակի ցնցեց հայոց քաղաքական անդաստանը, չնայած «զրո» արդյունքին:
ՈՒ հիմա, այս էլ որերորդ անգամ, երբ կիրառվում է նույն քաղտեխնոլոգիան և այն էլ ԲՀԿ-ի ու ամբողջովին կապսուլահան, դեսպանության ու հյուպատոսության «վրա» վերջնականապես մահացած ՀՅԴ-ի առնչությամբ, եթե ոչ ծիծաղը, ապա ժպիտը հաստատ ողողում է դեմքդ, որովհետև եգիպտական մումիաները, որքան էլ էներգետիկայով «հարուստ», շարժվելու, ապրելու «անունթունակ» են, ըստ Հրանտ Մաթևոսյանի Աղունի:
Այսօր էլ, ըստ որոշ տեղեկությունների, պետք է հանդիպեն ՀԱԿ-ն ու Ծառուկյան Գագիկը: Ոմանք էլ, ավելի առաջ գնալով, մունետիկել են, որ ՀԱԿ-ից Ծառուկյանի հետ հանդիպում է ոչ թե Լևոն Զուրաբյանը, այլ անձամբ ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի «անձամբ» Ծառուկյանին հանձնի «Իվանիշվիլու» չեղած տիտղոսը: Որպեսզի Իվանիշվիլի-Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին ներկայացնի չորս ոչիշխանական ուժերի ապագա համագործակցության իր տեսլականը` գլոբալ զարգացումների այժմեական ծիրում, և հայրենիքի համար ճակատագրական մարտահրավերի այս օրերին յուր քաղաքական կուսակցության` համախումբ-հողահավաք-ազգապահպան պատմական նշանակությամբ խնդիրների արծարծմամբ «հասնի Սասուն, մտնի Վան»։
Իսկ եթե լուրջ, ապա ի՞նչ չեն խոսել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն մինչ այժմ` «գծի», «գծից» դուրս խնդիրների մասին, որ պետք է դեմ դիմաց քննարկեն առաջին նախագահն ու Սերժ Սարգսյանի կենացը նվիրվածության մի ուրիշ հանգով խմող Ծառուկյանը:
Չէ՞ որ երկուսն էլ հոգու խորքում միմյանց մասին մտածում են… ասե՞մ, թե՞ խնայեմ:
Խնայե՛մ:
Բա լավ, էս թատրոնն ո՞ւմ է պետք:
Եթե այսօր իսկապես տեղի ունենա ՀԱԿ-ԲՀԿ առաջնորդների հանդիպումը (ինչին կասկածում ենք, չնայած քաղաքական թատրոնում մի քիչ էլ բեմելու համար Տեր-Պետրոսյանին այս միզանսցենը շատ պետք է, ու լավ կանի` գնա, ճիշտն ասած, մեզ էլ պետք է), ապա.
ա) Կշահի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Տիգրան Սարգսյանը։ Մարտի 28-ի նախօրյակին բոլորի ուշադրությունը «կուտակայինից» կտեղափոխվի «դարի» հանդիպման վրա:
բ) Մոսկվա գնացող Քոչարյանը կզեկուցի (հասկանալի է, չէ՞, որ Պուտինը նրան չի ընդունի այս խառը ժամանակներում, նաև այն պատճառով, որ չի ցանկանա Սերժ Սարգսյանին նեղացնել) «ճ» կլասի Կարախանյանին, թե գիտե՞ս, «բրատան», մեզ մոտ շատ ուժեղ կոնսոլիդացիոն գործընթացներ են տեղի ունենում` շատ խորամանկ, ծերուկ Տեր-Պետրոսյանի, ծեր, ատամնաթափ, ատրճանակը կորցրած, սրա-նրա դոշին երդվող դաշնակցության, զորավար Վովա Գասպարյանի կարոտով ապրող «Ժառանգության» ու «նախագահ ջան-Սերժի» ոչ մի խոսքը երբեք գետին չգցած Ծառուկյանի միջև:
«Հա՞,- կհարցնեն Մոսկվայում, ստալինյան իրենց ծխամորճը մի պահ կողք դնելով։- Դե լավ է, լավ, տեմպը պահեք, պահեք, որ հանկարծ Սերժենք կես քայլ դես-դեն չանեն («դես-դենն» էլ Արևմուտքն է- հեղ), մեր գրկից փախչեն: Դուք մեր մահակն եք իր գլխին»:
ՈՒրի՞շ: ՈՒրիշ ոչինչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ