ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բարևի հեղափոխությունից» մինչև դիմակներով շոու-4

«Բարևի հեղափոխությունից»  մինչև դիմակներով շոու-4
31.01.2014 | 01:10

(սկիզբը` այստեղ)

Հանդես գալով հավաքվածների առջև, ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բոլորին կոչ արեց գիտակցել, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, եթե չազատվենք «Սերժ Սարգսյանի ավազակային վարչակազմից»։ Նա ներկայացրեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին փոխանցվելիք բանաձևն ու ուղերձը, ընդգծեց, որ այսօր շատերն են հարց տալիս` ընթանալ եվրաասոցացմա՞ն ճանապարհով, թե՞ միանալ Մաքսային միությանը, և արդյո՞ք Հայաստանը դրա հետևանքով իր ինքնիշխանությունը չի կորցնի։ «Ես ուզում եմ պատասխանել բոլոր նրանց, ովքեր տալիս են այդ հարցը։ Մենք մեր ինքնիշխանությունը կորցրինք այն ժամանակ, երբ թույլ տվեցինք կեղծել ընտրությունները մեր երկրում։ Ժողովուրդն իր ընտրած իշխանությունը չունի, դե ուրեմն եկեք նվաճենք իշխանությունը մեր երկրում»,- հայտարարեց Զուրաբյանը։ Այնուհետև քվեարկության դրվեց Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող բանաձևը, որը միաձայն ընդունեցին ակցիայի մասնակիցները և քայլեցին դեպի Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ։
Վերջապես, դեկտեմբերի 12-ին երիտասարդական կազմակերպությունների մոտ հազար ներկայացուցիչներ, մասնավորապես, ՀՅԴ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ու «Ժառանգության» երիտթևը, ասես ի զարգացումն տխրահռչակ «հայ-թուրքական արձանագրություններից» Երևանի ստորագրությունները «հետ կանչելու» անհրաժեշտության մասին հայկական երեք ավանդական կուսակցությունների հայտարարությունների, «Marriott Armenia» հյուրանոցի մոտ բողոքի ակցիա անցկացրին` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան գալու առնչությամբ։
Ինչպես կարելի է նկատել, ներքաղաքական ակտիվությունը Հայաստանի մայրաքաղաքում նույնիսկ շատ բարձր է, սակայն հազիվ թե կապված է այն բանի հետ, որ Վլադիմիր Պուտինն էր մեր երկիր եկել։ Անզեն աչքով իսկ նկատելի է, որ գաղափարապես ներքին կապ ունեն միայն երկու ամսաթիվ` նոյեմբերի 5-ը և դեկտեմբերի 2-ը։ Մնացած ելույթներն ընդդեմ իշխանությունների ունեցել են միանգամայն այլ գաղափարական հիմքեր ու այլ փաստագրություն։ Մինչդեռ պարզվում է, որ դեկտեմբերի 10-ին ազատամարտի վետերանները նպատակ են ունեցել ավելի ակտիվ հակաիշխանական ելույթներ սկսելու։ Նրանք նոյեմբերի 5-ին էլ չմիջամտեցին, որովհետև կանխավ իմացել էին, որ իրադարձությունները մանրամասնորեն բեմականացված են։ Համեմատելով իրավիճակները, կամա-ակամա այն ենթադրությանն ես հանգում, որ ներքաղաքական սցենարների զարգացմանը Շանթ Հարությունյանի կամ էլ «ԼԳԲՏ-միավորման դրոշների» մասնակցությունը Հայաստանի քաղաքացիների բողոքի ալիքի բեկման կանխիչ միջոցառումներ են ¥ընդունենք, որ նույնիսկ ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ «մեկ ուրիշի», որ բարեկամաբար ինչ-որ բան է խորհուրդ տալիս երկրի իշխանություններին¤, ում համար պարզապես միգուցե զզվելի է կանգնել նման «համախոհների» կողքին։ Պատերազմի վետերաններն ու նրանց կազմակերպությունները, նրանց երիտասարդությունը, ներեցեք, բայց նրանք, իրոք, արհամարհում են նման կարգի «ընդդիմությանը» ու հազիվ թե թույլ տան, որ իրենց մարմնավորեն Շանթ Հարությունյանը կամ ԼԳԲՏ-ի նմանները։
Այդուամենայնիվ, հենց Հայաստանի իշխանություններն էին ջանացել, որ բողոքի լիցքը երկրում աճեր ու թափ առներ։ Դա ոչ միայն սաստկացող ¥անգամ Վ. Պուտինի այցի նախօրեին¤ խոսակցություններն էին այն մասին, թե, այնուամենայնիվ, իշխանություններն ուզում են բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը։ Սկիզբը դրեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Դեկտեմբերի 3-ին, այսինքն` Ռուսաստանի նախագահի այցի ավարտից արդեն մեկ օր անց, նա հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում կոշտ ու անզիջում հայտարարեց, թե շարքային սպառողների համար գազի գինը ՌԴ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում չի նվազի, չնայած Պուտինը Երևանում հայտարարել էր, թե այսուհետ Հայաստանը ռուսական բնական գազը կստանա հստակ գնով` հազար խմ-ն 189 դոլարով` նախկին 270-ի փոխարեն։ Իրենց տապալման ճանապարհը հիմա հարթում են իրենք` երկրի իշխանությունները, քանի որ նրանք սկսեցին, ընդ որում, դեկտեմբերի 3-ից, այնքան բացահայտ ու անսեթևեթ խաղ անել թվերի հետ, որ զարմանալի չի լինի, եթե արդեն 2014-2015 թթ. Հայաստանի նույն այդ շարքային քաղաքացին, իշխանություններից դժգոհ շատ շատերի աջակցությամբ, դուրս գա սեփական ժողովրդի և, ի դեպ, նույն այդ հայ շարքային ընտրողին արհամարհող իշխանության դեմ։
Եվ ասացեք խնդրեմ, այստեղ ի՞նչ կապ ունեն Վ. Պուտինը կամ Ռուսաստանն ու Մաքսային միությունը։ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը միանգամայն հստակ է ու միարժեք. «ՀայՌուսգազարդը» զիջում է իր բաժնետոմսերի վերջին 20 %-ը և, փաստորեն, պետք է վերաձևակերպվի որպես «Գազպրոմի» մասնաճյուղ։ Ո՞վ չգիտի, որ տնտեսության «արյունը» միշտ էլ նրա էներգետիկան է։ Պարզվում է, այդ բանը չգիտեն... Հայաստանի իշխանությունները։ Չէ՞ որ, եթե Ռուսաստանի նախագահի այցի ծրագրից հանենք Արցախի ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև հայ-ռուսական համագործակցության ռազմական բաղադրիչի մասին հայտարարությունները, ապա Վ. Պուտինի տնտեսական և էներգետիկ խնդիրներին առնչվող հայտարարություններն առավել ուշագրավ էին։ Այդ հարցը չի կարող չգրավել Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը։ ՀՀ բնակչությունը լիիրավ էր ակնկալելու, որ վառելիքի գների աճ չի լինի։ ՈՒ անգամ աներևակայելին` պետք է սկսվեր բոլոր գների աստիճանական իջեցման գործընթացը։ Ներեցեք, բայց յուրաքանչյուր հայ ընտանիքի բյուջեի մասին հոգածությունը Հայաստանի բնակչության ընդհանուր անվտանգության և անճգնաժամ կացույթի մասին հոգածության հիմքերի հիմքն է։ Հետևաբար և ամբողջ երկրի։ Համեմատության համար. դեկտեմբերի 17-ին «Գազպրոմն» ու ուկրաինական «Նաֆտոգազը» ստորագրեցին գազի երկարաժամկետ պայմանագրի լրացուցիչ արձանագրություն, որը ռուսական կոնցեռնին թույլ կտա ՈՒկրաինային գազը վաճառել հազար խմ-ն 268,5 դոլարով։ Հիշեցնենք, որ ՈՒկրաինայի համար գազի գինը 400 դոլարից ավելի է։
Այսինքն` Մոսկվայում հասկանում են, որ Հայաստանի տնտեսության «արյունը» հենց այն էներգիան է, որը կարտադրվի երկրում, հենց այն գազը, որը մուտք կգործի ձեռնարկություններ ու հայերի տները և այլն։ Բայց ահա, փաստորեն, նախագահ Ս. Սարգսյանի աջ ձեռքը` նրա աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, դեկտեմբերի 3-ին առանց խղճի խայթի հաղորդեց, որ գազի գինը շարքային սպառողների համար չի նվազի։ Ճիշտ է, փորձեց մեղմել դառնությունը, իբր, դե, չի էլ բարձրանա, ինչը «մեծ առավելություն» է։ Էլ ո՞րն է այդ առավելությունը, եթե ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանին գազ մատակարարել աշխարհի ամենացածր գնով, իսկ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է իր շարքային քաղաքացիների համար արդեն այժմ ապահովել 385 դոլար գնով։ Համարյա կրկնապատիկ թալան. ավելի նողկալի բան կարո՞ղ է լինել։ Ընթերցողին ավելի հասկանալի լինելու համար թվերը վերածենք ավելի թափանցիկ ձևաչափի։ ՈՒրեմն, տարբերություն կա՞, թե՞ ոչ, եթե դուք մեկ խմ գազի համար 76 դրամի փոխարեն վճարեք 156 դրամ ¥հազար խմ-ն 385 դոլար գնի պարագայում¤։ Այսպիսով, նրանց ստորության գինը, ովքեր չեն ուզում Հայաստանի շարքային քաղաքացիների համար նվազեցնել գազի գինը, մեկ խմ-ն մոտավորապես 80 դրամ է։ Դժվար չէ հաշվել, թե այդ մեկ խմ-ի 80 դրամ լրացուցիչ գինը ինչ «կնստի» գազով ապահովված ամեն տան ու բնակարանի վրա ամեն ամիս, ամեն կիսամյակ, տարի, հատկապես ձմռանը։
Այն, ինչ նոյեմբերի 5-ին և դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցավ «Պուտինի դեմ» և այլն, Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ «տաք հետքերով» անվանեցին երևանյան «կեղծ մայդան»։ Մի՞թե երկրի իշխանություններն իրենք են ուզում, որ երևանյան «մայդանները» վերաճեն իրական «հեղափոխական մայդանների»։ Ինչպե՞ս կարելի է ձմռան սառնամանիքին այսպես «քամել» սեփական ժողովրդին։ Հենվելով հայկական լրատվամիջոցների` լայն հրապարակայնություն ստացած տվյալների վրա, մեկ անգամ ևս ուշադրության առնենք Վ. Սարգսյանի հայտարարությունները։ Եվ այսպես, նա ընդգծեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի` Հայաստանի կառավարությանը պատկանած 20 % բաժնետոմսերը ռուսական կողմին են հանձնվել գազի գնի տարբերության հատուցման համար, որը գոյացել էր սահմանագլխին և սահմանվել սպառողների համար։ Երկրի համար, ինչպես հիշեցրեց Վիգեն Սարգսյանը, ամրագրվել էր առաջիկա հինգ տարում Հայաստանին մատակարարվող ռուսական բնական գազի սակագների գոյացման բանաձև։ «Դա շատ կարևոր է, քանի որ անցած հինգ տարում գազի գները փոխվել են հինգ անգամ, ու թեև շարքային սպառողների համար այդ փոփոխությունները գների վրա չեն անդրադարձել, մենք ամեն անգամ եղանակներ ենք փնտրել փոխհատուցելու այդ տատանումները։ Իհարկե, դա լրացուցիչ բեռ է ստեղծել տնտեսության ու բյուջեի համար, և «ՀայՌուսգազարդի» 20 % բաժնետոմսերը ռուսական կողմին հանձնվեցին գների տարբերությունը փոխհատուցելու համար»,- նշեց նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Նա ճշտեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում շարքային սպառողների համար գազի գինը չի իջնի, բայց չի էլ բարձրանա, ինչը «մեծ առավելություն» է։ «Համաձայնագրում վավերագրված գազի գինը սկզբում 30 %-ով ավելի էր նրանից, որ նկատի էր առնված վերջին թանկացումից հետո սպառողների համար գազի սակագների հաշվարկում»,- հայտարարեց Վ. Սարգսյանը, հիշեցնելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանը հազար խմ գազը նախկին 270 դոլարի փոխարեն կգնի 189 դոլարով։ Այսպիսով, ինչպես նա ընդգծեց, Հայաստանին հաջողվել է «որոշակի վստահության» հասնել երկնագույն վառելիքի գնի առնչությամբ, որն այսուհետ կապված է լինելու ռուսական ներքին սակագնի հետ։
ՈՒ վերջ։ Ինչպես տեսնում ենք, ո՛չ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, ո՛չ առավել ևս Հայաստանի նախագահի «աջ ձեռքը»` Վ. Սարգսյանը, Հայաստանի քաղաքացիների համար ոչինչ չեն հայտարարել... պարտքի մասին, որն էլ, եթե հավատալու լինենք Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ազդել է այն բանի վրա, որ Հայաստանի իշխանությունները չնվազեցնեն գազի գինը շարքային սպառողների համար։ Ահա թե ինչու ոչ ոք չի հավատում ո՛չ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի, ո՛չ նախարար Ա. Մովսիսյանի, ո՛չ էլ, ամբողջությամբ վերցրած, Հայաստանի իշխանությունների «բացատրություններին»։ Ահա թե ինչու ենք մենք ասում, որ նման վարքագծով հենց իրենք` Հայաստանի իշխանություններն են համաժողովրդական ընդվզման հիմք ստեղծում։ Ավելին։ Ինչ էլ ասելու լինեն Վ. Սարգսյանն ու Ա. Մովսիսյանը, այդ ամենից խարդախության հոտ է գալիս, որի զոհն էլ այս ձմռանը դառնում է հայ ժողովուրդը։ Չէ՞ որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե մինչև 2013-ի սեպտեմբերի 3-ը դեպի եվրաինտեգրում ձգտող հայկական իշխանությունը ինչպե՞ս կարող էր արդեն գարնանն իմանալ, որ որոշում կընդունի մտնելու Մաքսային միություն, և Ռուսաստանը կհանի իր արտահանական տուրքերը, կամ ինչի՞ հաշվին էր պլանավորում սուբսիդավորել գազի գնի 30 %-ը։ Հայաստանի շատ լրագրողներ իրենց հրապարակումներում մեկ անգամ չէ, որ նշել են, որ այստեղ ինչ-որ բան հաստատ այն չէ։ Բայց ամենահետաքրքրականը. «գազի պարտքի» մասին, չգիտես ինչու, հայտնի դարձավ ոչ թե դեկտեմբերի 2-ին, երբ Վ. Պուտինը Երևանում էր, և ոչ էլ դեկտեմբերի 3-ին, երբ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը շտապեց երկրի բնակչությանը «աչքալուսանք տալ», այլ միայն մոտ մեկ շաբաթ, ավելի ճիշտ Վ. Պուտինի և Վ. Սարգսյանի հայտարարություններից ինը օր հետո։ Բավարար ժամանակ է մատից կեղծիք ծծելու համար։ Ռուսները գնացել են, մեր հասարակ մահկանացուների հարցումներին Մոսկվայից ոչ ոք չի պատասխանի։ «Բարձր կարգի սակարկությունները» երևանցի չինովնիկները համարում են ավարտված` հօգուտ իրենց, և այստեղ ի՞նչ կապ ունի հայ ժողովուրդը։ Սակայն մեծ խելք պետք չէ հասկանալու, որ ռուսական էժան գազը, Հայաստանի անվտանգության խնդրի հետ մեկտեղ, Հայաստանի եվրասիական ինտեգրման կողմնակիցների գլխավոր փաստարկներն էին։ Իսկ հիմա իշխանություններն իրենց քայլերով բացահայտորեն ասում են, որ թքած ունեն, թե ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշում կլինի։ Գլխավորն այն է, որ իշխանության ու նրա ծառայամիտ սպասյակների գրպանները շարունակեն «տռզել» ի հաշիվ Հայաստանի խեղճուկրակ շարքային քաղաքացիների օրվա հացի։


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ