ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բարևի հեղափոխությունից» մինչև դիմակներով շոու

«Բարևի հեղափոխությունից»  մինչև դիմակներով շոու
17.01.2014 | 11:01

1. Գնահատելով 2013 թվականը, դժվար չէ հասկանալ, որ ամենագլխավոր իրադարձությունը անկասկած նախագահական ընտրությունն էր։ Արդյունքն ամբողջ աշխարհին է հայտնի. Սերժ Սարգսյանը իշխանության ղեկին մնաց երկրորդ ժամկետով։ Այսպիսով, ժողովուրդը ստիպված պետք է լինի վերստին հանդուրժել մի կույտ մարդկանց սահման չճանաչող տիրապետությունը, ովքեր ամենից հաճախ առաջնորդվում են սեփական գրպանի և իրենց մերձավոր հարազատների բարգավաճման շահերով։ Այս է երկրի քաղաքական և տնտեսական ուղենիշը առաջիկա հինգ տարիների համար։ Նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակն ընտրություններում, փաստորեն, կանխորոշված էր դեռ 2012-ի դեկտեմբերին, երբ երկրի առաջատար քաղաքական ուժերը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, հայտարարեցին, որ չեն մասնակցի ընտրություններին։ Եվ այս պայմաններում գործող նախագահի հիմնական հակառակորդը ինքնաբերաբար դարձավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ ՈՒ թեև Սարգսյանը, ինչպես հաշվետու եղավ Հայաստանի ԿԸՀ-ն, կարողացավ 58,4 % ձայնով հաղթանակ տանել հենց առաջին փուլում, սակայն «Ժառանգության» առաջնորդի օգտին քվեարկել էր ընտրողների 36,74 %-ը։ Հովհաննիսյանը, չընդունելով ընտրությունների հայտարարված արդյունքները, բողոքի շարժում սկսեց, որը ստացավ «Բարևի հեղափոխություն» անունը։ Այդ մասին` քիչ հետո։
Ընտրություններին մասնակցելուց առաջատար քաղաքական ուժերի մեծ մասի հրաժարվելու պայմաններում ընտրությունների որոշ խորշելի մասնակիցներ ձգտեցին ընտրախաղի վերածել դրանք, անցկացնելով մի ամբողջ շարք «հացադուլների շքերթներ», հանդես գալով անմիարժեք հայտարարություններով։ Անգամ մահափորձ եղավ թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի նկատմամբ, որը, ինչպես պարզվելու էր հետագայում, կազմակերպել էր նախագահի մեկ այլ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ Բայց այդ ամենը, ինչպես և Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա «Բարևի հեղափոխությունը», փողոցներում, հիմնականում երկրի մայրաքաղաք Երևանի, թատերականացված ներկայացման տպավորություն էր թողնում։ Ի դեպ, նույն ոգով էր համակված նաև «Ցեղակրոն» կուսակցության կողմնակիցների նոյեմբերի 5-ի «հեղափոխությունը»։ Թե՛ փետրվարյան, թե՛ աշնանային շոուների առանձնահատկությունը վառ արտահայտված հակառուսականությունն էր, ինչը միանգամայն բացատրելի է. «Ժառանգությունը» գլխավորում է ոչ թե պարզապես մի Րաֆֆի Հովհաննիսյան, այլ ԱՄՆ-ի նախկին քաղաքացին։ Դե, իսկ «Ցեղակրոնի» առաջնորդ Շանթ Հարությունյանը, ով սերտորեն կապված է ՀԱԿ-ի ղեկավարության հետ, իր «հեղափոխական շոուն» սկսեց այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդակցական հանդիպում ունեցավ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնի հետ։ Այդ երկու իրադարձությունները կապ ունեի՞ն, արդյոք, իրար հետ, դժվար է ասել։ Բայց «Բարևի հեղափոխության» գաղափարական փոխշաղկապվածությունը նոյեմբերի 5-ի «հեղափոխության» հետ (և այն էլ դիմակներով) միանգամայն նկատելի է։
Ինչ վերաբերում է ընտրությունների միջազգային արձագանքներին, ապա դրանց հետևած 632 դիտորդները միջազգային տասներկու կազմակերպություններից, այդ թվում` ԵԱՀԿ ԺիՄիԲ-ի, ԱՊՀ առաքելության, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ, դրանք ճանաչեցին որպես օրինական, հայտարարելով, որ արձանագրված խախտումները չէին կարող ազդել ընտրությունների ելքի վրա։ Ասենք թե։ Բայց մինչ օրս էլ չի ցրվում այն տպավորությունը, որ ամենագլխավոր խախտումն ընտրությունները կայացած ճանաչելն էր։ Այդ առումով հատկանշական էր Երևանը։ Ընտրողները խիստ պասիվ էին փետրվարի 18-ի ընտրությունների օրը։ Չկար մայրաքաղաքի համար սովորական դարձած «իրարանցումը» ընտրական տեղամասերը փակելուց մեկ ժամ առաջ։ Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանի հաշվառված ընտրողների մեծ մասն այսօր մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է հենց Երևանում։
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրությունների արդյունքները չընդունեց։ Պահանջելով իշխանությունը հանձնել «ժողովրդին» ¥ո՞ր ժողովրդին, այն, որ մեծ մասամբ ուղղակի ընտրատեղամաս չէ՞ր գնացել, թե՞ որ ձայնը տվել էր անձամբ Րաֆֆիին¤, նա հայտարարեց, որ Հայաստանում սկսում է «Բարևի հեղափոխություն», որը պաշտպանեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի արվեստի ու մշակույթի հայտնի շատ գործիչներ։ Փետրվարի 21-ին Հովհաննիսյանին ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպումն անցավ դռնփակ, առանց լրագրողների։ Այն սկսվեց թեթև ու անբռնազբոս, ինչի մասին վկայում էին զրույցի առաջին րոպեների` պետության ղեկավարի մամուլի ծառայության ներկայացրած տեսակադրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին նախագահական ընտրություններին ու նախընտրական շրջանին առնչվող բազմաթիվ հարցեր։ Սարգսյանն ու Հովհաննիսյանն ընդգծել էին բոլոր քայլերը Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրագործելու կարևորությունը։ Դատելով ըստ հետագա իրադարձությունների, Հովհաննիսյանը հիասթափված էր Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներից և հայտարարեց հացադուլ սկսելու մասին, որն անցկացրեց մարտի 10-31-ին` Երևանի օպերայի հրապարակում։ Միաժամանակ, Ս. Սարգսյանի աշխատակազմը և Ր. Հովհաննիսյանը միմյանց մեղադրում էին բանակցությունների բովանդակությունը խեղաթյուրելու մեջ։ Իսկ ապրիլի 9-ին` վերընտրված նախագահի երդմնակալության օրը, «Ժառանգության» առաջնորդը այլընտրանքային երդմնակալություն կատարեց։
Նույն օրը երեկոյան Հովհաննիսյանի կողմնակիցները փորձեցին քայլերթ կազմակերպել դեպի նախագահի նստավայր, բայց ոստիկանությունը կասեցրեց նրանց։ Ընդհարումներ եղան ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև, մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեց, սակայն ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ Հովհաննիսյանի բանակցություններից հետո բողոքի ցույցի մասնակիցներին թույլ տվեցին շարունակել երթը... և վերադառնալ հրապարակ։ Ապրիլի 9-ի իրադարձություններից հետո «Ժառանգությունը» բողոքի մի շարք գործողություններ անցկացրեց մայրաքաղաքում և մարզերում, սակայն մասնակիցների քանակը գնալով կրճատվում էր, և մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններից հետո «Բարևի հեղափոխությունը», փաստորեն, սկսեց մարել։ Ընդ որում, ինչպես ցույց տվեցին հարցումները, եթե փետրվարի նախագահական ընտրություններում Հովհաննիսյանը հավաքել էր ձայների գրեթե 37 %-ը, ապա մայիսին «Բարև, Երևան» կուսակցական բլոկը, որի միջուկը «Ժառանգությունն» էր, արդեն ընդամենը 8,48 % էր հավաքել։ Հովհաննիսյանն իր անհաջողությունը բացատրում էր, մի կողմից, նրանով, թե իրեն և իր կողմնակիցներին խանգարել է նախկին խորհրդային երկրներում արմատացած իշխանության ուղղաձիգ համակարգը, մյուս կողմից` ընդդիմադիր ուժերի մասնատվածությունը։ Սակայն ավելի ուշ նա ընդունեց. պարզվում է, իր կողքին եղել են մարդիկ, ովքեր իրենից նաև բռնի գործողություններ են պահանջել, բայց ինքը հրաժարվել է։ Ո՞Ւմ է նկատի ունեցել Ր. Հովհաննիսյանը, նա այդպես էլ չի ասել։
Նախագահական ընտրարշավի ընթացքում առանձնակի արձագանք գտավ թեկնածուներից մեկի` «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը։ Հունվարի 31-ի երեկոյան անհայտ մի տղամարդ նախագահի թեկնածուի սեփական տան շքամուտքի մոտ կրակել էր Հայրիկյանի վրա։ Վերջինս հրազենային վնասվածք էր ստացել ուսի շրջանում և տեղափոխվել հիվանդանոց, ուր վիրահատվել էր։ Փոքր-ինչ ուշքի գալով տեղի ունեցած իրադարձություններից հետո, նախագահի թեկնածուն մի իսկական շոու սարքեց։ Նախ նա, օգտվելով իր իրավունքից, դիմեց Սահմանադրական դատարան, պահանջելով հետաձգել ընտրությունները, այնուհետև փոշմանեց, հայտարարելով, թե ընտրություններին կմասնակցի սահմանված օրը, այսինքն` փետրվարի 18-ին։ Դեռ հիվանդասենյակում գտնված ժամանակվանից անցկացրած բազմաթիվ մամուլի ասուլիսների ընթացքում նախկին այլախոհը հայտարարում էր, թե մահափորձը «Կրեմլի ձեռքի գործն է», և դա խորհրդային հատուկ ծառայությունների աշխատանքի ոճն է։ Բայց դրա կողքին, արդեն փետրվարի 7-ին, Հայրիկյանի մահափորձի գործով ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց երկու հոգու` թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով նախկինում դատված Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին։ Պողոսյանի տան խուզարկության ընթացքում հայտնաբերվեց «Նագան» տիպի ատրճանակը, որից կրակել էին Հայրիկյանի վրա։ Ձերբակալվածները խոստովանական ցուցմունք տվեցին։ Պարզվեց, որ տղամարդիկ նախկինում աշխատել էին նախագահի մեկ այլ թեկնածուի` Վարդան Սեդրակյանի տանը, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, հենց մահափորձի պատվիրատուն էր։ Դատարանի որոշմամբ` Սեդրակյանը մեղադրվեց Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ և դատապարտվեց 14 տարի ազատազրկման։ Գործով մյուս մեղադրյալները` Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը, դատարանի որոշմամբ դատապարտվեցին համապատասխանաբար 14 և 12 տարվա ազատազրկման։ Հարկ է նշել, որ Սեդրակյանն իր մեղքը չընդունեց, իսկ Պողոսյանն ու Հարությունյանն էլ հայտարարեցին, որ ոչ մի պատվիրատու էլ չի եղել, և որ իրենք ուզել են միայն վախեցնել Հայրիկյանին։ Բա չէ։ ՈՒղղակի դժվար է պատկերացնել, որ եթե որևէ մեկն իրոք ցանկանար «շարքից հանել» Պարույր Հայրիկյանին այն բանի համար, որ, ինչպես ինքն էր հենց դա մեկնաբանում, նա «դեմ է Ռուսաստանին ու Պուտինին», ապա կվրիպեր մի 30-40 սմ «հեռավորությունից»։ Թող ընթերցողն ինքը դատի` մահափո՞րձ էր դա և ԱԻՄ-ի առաջնորդին ընտրարշավից հանելու փո՞րձ։ Իսկ «չար լեզուները» Երևանով մեկ լուրեր էին տարածում, թե ընտրությունների հետաձգման հարցով ՍԴ դիմելուց մինչև այդ հայցի հետկանչը «տատանումների» ընթացքում Հայրիկյանն ուղղակի «սակարկում էր» իշխանությունների հետ, և, ի վերջո, ահագին գումար պոկեց հոլանդիաներում «բուժման» համար։
Երևանի քաղաքապետի ընտրություններով, ինչպես գրում էին լրատվամիջոցները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը «հաղթական վերջակետ» դրեց։ Երևանի ավագանու մայիսի 5-ին կայացած ընտրություններում, որը և ընտրեց քաղաքապետ, ՀՀԿ-ի հաղթանակը պատկառելի տեսք ուներ։ ՈՒ նորից «չար լեզուները» պնդում էին, թե ՀՀԿ-ն երևանյան ընտրությունների ժամանակ շատ ավելի չարչարվեց, քան նախագահականի։ Հատկանշական էր Երևանի Ավան համայնքը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի «հարազատ» շրջանն ու ՀՀԿ «հին» ակտիվիստ Ռուբեն Հայրապետյանի «հոր կալվածքը»։ Նախագահական ընտրությունների ժամանակ այստեղ հաղթել էր... Րաֆֆի Հովհաննիսյանը։ Բայց ահա երևանյան ընտրությունների ժամանակ... Ընթերցողներն իրենք կարող են գուշակել, թե ինչ էր այդտեղ կատարվում։ Եվ ի՞նչ եղավ արդյունքում։ Բոլոր վերջին ընտրություններում կառավարող կուսակցությունը հաղթել էր. 2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում, 2012 թ. սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններում, 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում։ Քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր յոթ քաղաքական ուժ, սակայն կուսակցությունների համար սահմանված ընտրական 6 %-անոց և կուսակցական բլոկների 8 %-անոց շեմը կարողացան հաղթահարել ընդամենը երեքը։ Եթե Հովհաննիսյանին հաջողվել էր փետրվարյան նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել ձայների գրեթե 40 %-ը, ապա մայիսին «Բարև, Երևան» կուսակցական բլոկը, որի առաջատար ուժը «Ժառանգություն» կուսակցությունն է, հազիվ կարողացավ հաղթահարել 8 %-անոց շեմը։ Երկրորդ տեղն ընտրություններում գրավեց «Բարգավաճ Հայաստանը»` 23,05 %։ ՀՀԿ-ն, որի ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավաքեց 55,86 %։
Բայց դա դեռ ամենը չէ, եթե խոսելու լինենք ներկա կուսակցական հովերի մասին։ 2013 թ. ամռան իրադարձությունները, երբ քաղաքապետարանի ու մայրաքաղաքի բնակիչների միջև մի իսկական «ճակատամարտ» էր ծավալվել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման առնչությամբ, քաղաքի պատմության մեջ մտան իբրև քաղաքացիական հասարակության իսկական նվաճում։ Բողոքի ալիքի բարձրացման պատճառն այն էր, որ քաղաքապետարանը որոշել էր հասարակական տրանսպորտի 100 դրամ ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Facebook սոցցանցում ծնունդ առած բողոքի ակտը` «Չենք վճարի 150 դրամ» կարգախոսով, ժողովրդի լայն պաշտպանությանն արժանացավ։ Նույնիսկ ոստիկանության միջամտությունը, որը փորձում էր կալանավորել քաղաքացիական ակտիվիստներին նոր ուղեվարձը չվճարելու կոչերի համար, չօգնեց կասեցնելու ժողովրդական շարժումը։ Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, քաղգործիչներն ու լրագրողները «Free car» կարգախոսով շարժում սկսեցին, որի շրջանակներում երևանցիներին փոխադրում էին անվճար` իրենց սեփական ավտոմեքենաներով։ Յոթ օր հետո քաղաքապետարանը ստիպված էր ընկրկել երևանցիների այդքան հզոր բողոքի առջև ու չեղյալ համարել իր, շատ փորձագետների կարծիքով` անհիմն որոշումը։ Ընդ որում, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, այդուամենայնիվ, հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ մայրաքաղաքի վարչակազմն իրեն իրավունք է վերապահում վերանայելու հասարակական տրանսպորտի ուղեվարձը, ընդգծելով, որ այլընտրանք չկա։ Քաղաքապետը նշեց, որ նախկին ուղեվարձի պայմաններում տրանսպորտի աշխատանքը անշահութաբեր է։ Տարեվերջին խոսակցությունները, և արդեն ոչ միայն հասարակական տրանսպորտի ուղեվարձի առաջիկա թանկացումների մասին, վերսկսվեցին։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ