ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը փակում ՔԿՀ-ի դռները ԱԺ պատգամավորի առջև

Ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը փակում ՔԿՀ-ի դռները ԱԺ պատգամավորի առջև
10.11.2013 | 16:34

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին երկու անգամ ցանկացել է օգտվել օրենքով նախատեսված իր լիազորություններից, այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել նոյեմբերի 5-ին Մաշոտցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված անձանց: Երկու անգամ էլ նրան թույլ չեն տվել:

«22.40-ի մոտակայքում ՔԿՀ բակում ինձ մոտեցավ ՔԿՀ հերթափոխի պետը և պարզաբանեց, որ չի կարող նոյեմբերի 5-ի գործով անցնողներին տեսնելու հնարավորություն տալ, քանի որ նախաքննության մարմինը արգելանք է դրել նրանց տեսակցությունների վրա»,- այս մասին ԶԼՄ-ներին է իրազեկել ԱԺ պատգամավորը: Նիկոլ Փաշինյանն առայժմ ԱԺ միակ պատգամավորն է, որը դեպքերից անմիջապես հետո այցելել էր ձերբակալվածների պահման վարչություն, հանդիպել նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում հեղափոխություն անելու փորձ արած Շանթ Հարությունյանին, զրուցել նրա հետ և տեղեկացել, որ Շանթի ու նրա ընկերոջ՝ Վարդան Վարդանյանի նկատմամբ կիրառվել է բռնություն: Այդ մասին նա ահազանգել էր նաև լրատվամիջոցներով: Շանթ Հարությունյանը պատմել էր, որ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն իրեն ծեծի են ենթարկել: Վլադիմիր Գասպարյանն էլ հերքել էր այդ տեղեկատվությունը՝ ցինիկաբար ընդգծելով իր ֆիզիկական առավելությունները Շանթ Հարությունյանի նկատմամբ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Նիկոլ Փաշինյանը «Նուբարաշեն» ՔԿՀ այցելելու և Մաշտոցի պողոտայից ձերբակալվածներին կրկին տեսնելու ցանկություն է ունեցել, քանի որ՝ «նրանցից հատկապես մի քանիսի վիճակի կապակցությամբ ունի մտահոգություններ, և այդ մտահոգությունները կարող են փարատվել միայն նրանց հետ զրույցից հետո»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ ինքը օրենքով ունի իրավունք անարգել մուտք գործելու ՔԿՀ տարածք և պարզաբանում է ակնկալում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից:

Երիտասարդ բարեփոխիչի իմիջով հանրությանը ներկայացած և արդարադատության նախարարի պորտֆելը երեք տարի առաջ ստացած Հրայր Թովմասյանը հասցրեց իր պաշտոնավարման ընթացքում ապացուցելու, որ ինքը կրողը չէ այն արժեքների, որոնց մասին բարձրաձայնում էր մինչ նախարար դառնալը: Մեղմ ասած:

Անշուշտ, շատերն են հիշում, որ երկուսուկես տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ԱԺ պատգամավոր էր, այլ՝ քաղբանտարկյալ, Հրայր Թովմասյանը գրեթե նույն կերպ էր վարվում նրա հետ: Նիկոլ Փաշինյանի՝ ՔԿՀ-ից ուղարկված հոդվածները չէին հասնում խմբագրություն, և տևական ժամանակ դրանք չէին տպագրվում: Չնայած դրան՝ Արդարադատության նախարարը տարբեր առիթներով չէր զլացել հայտարարելու, որ Նիկոլ Փաշինյանի հոդվածներում արտառոց որևէ բան չկա, և նման ընդդիմադիր հոդվածներ տպագրվում են նաև այլ թերթերում: Մի շարք ԶԼՄ-ներ այն ժամանակ կազմակերպեցին Նիկոլ Փաշինյանի հետ նամակագրություն, և այդ կերպ կարողացան ջարդել Հրայր Թովմասյանի հաստատած «տաբուն»: Հիմա Հրայր Թովմասյանը շարունակում է վարվել նույն կերպ: Ինչու՞: Ի՞նչ ունի նա թաքցնելու ԱԺ ընդդիմադիր պատգամավորից հատկապես այն դեպքում, երբ գիտի, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է օրենքով հասանելիք իր լիազորություններն ի կատար ածելու համար: Ինչու՞ է Հրայր Թովմասյանը հերթական անգամ նախընտրում կամովի փչանալ հանրության աչքում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ