ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խոսակցության տոնի փոփոխությունը դեռ հարցերի լուծում չի նշանակում

Խոսակցության տոնի փոփոխությունը   դեռ հարցերի լուծում  չի նշանակում
08.10.2013 | 00:34

Ակնհայտ է, որ պետությունների ղեկավարների կողմից նվերների փոխանակությունը սոսկ հարգանքի տուրք չէ։ Դա շատ հաճախ քաղաքական լուրջ ակնարկներ է պարունակում։ Ահա և ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների հեռախոսազրույցից հետո, իբրև «բարի կամքի արտահայտություն», Հասան Ռուհանիին ամերիկացիների արած անսպասելի նվերը՝ գրիֆոնի (արծվառյուծի) տեսքով մ.թ.ա. 7-րդ դարի պարսկական հնամենի սկահակը, թվում է, սոսկ մշակութային արժեքի վերադարձման ակտ չէ, որ ամերիկյան մաքսային ծառայությունները բռնագրավել էին իրանցի մի մաքսանենգից։ Չէ՞ որ գրիֆոնը՝ առասպելական էակ արծվի գլխով, ճանկերով ու թևերով և առյուծի մարմնով, ոչ միայն հզորության, իշխանության, զգոնության և էության ընդհանուր բարեսփյուռ բնույթի խորհրդանիշն է, այլև կեցության երկու ոլորտների՝ հողի (առյուծ) և օդի (արծիվ) միասնության։ Այնպես որ, հուսանք, որ մի շարք փորձագետների կանխատեսումները, թե Վաշինգտոնն ու Թեհրանն այսուհետ «դատապարտված են» համագործակցության, իրականությունից հեռու չեն։
ՈՒրեմն, եկեք թվարկենք վերջին, թերևս, բավական հուսադրող նորությունները։ Հանդես գալով ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից, Օբաման հույս հայտնեց, որ իրանական միջուկային հարցը լուծում կստանա դիվանագիտական ճանապարհով, և նշեց այն ազդանշանները, որոնք, նրա կարծիքով, վկայում են, որ Իրանն ուզում է վերջ դնել միջուկային ծրագրերի շուրջ ծավալված միջազգային վեճին։ Մասնավորապես, այաթոլլահ Ալի Խամենեիի ֆետվան (որոշումը) միջուկային զենքի արգելման վերաբերյալ։ Ընդ որում, նա ընդգծեց, որ ԱՄՆ-ը չի ձգտում հասնել Իրանի վարչակազմի տապալման և հարգում է խաղաղ միջուկային էներգետիկա ունենալու նրա իրավունքը։ Բացի այդ, տեղի ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Բանակցություններից հետո պետքարտուղարն ասաց. «Մենք շատ կառուցողական հանդիպում ունեցանք», և հավելեց, որ Իրանի նախարարը մի շարք «հնարավորություններ» շարադրեց։
Իր հերթին Զարիֆը, ով կրթություն է ստացել ԱՄՆ-ում, հայտարարեց. «Ես գոհ եմ այս առաջին քայլից։ Հիմա մենք կտեսնենք՝ կարո՞ղ ենք, արդյոք, մեր դրական հայտարարություններն ամրակայել լուրջ քայլերով և առաջ շարժվել»։ Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը, որը նախագահում էր Քերիի ու Զարիֆի հանդիպմանը, հավաստիացրեց, որ մթնոլորտը «լավ էր, եռանդուն»։ Հատկանշական է, որ «վեցյակի» հանդիպմանը Ջոն Քերին սեղմեց Մոհամադ Զարիֆի ձեռքը և նստեց կողքին, ինչը, մեկնաբանների կարծիքով, արդեն 30 տարի շարունակվող խորթացումը մեղմելու երկուստեք ցանկության վկայություն էր։ Նշենք, որ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների ու Գերմանիայի) և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունների մասնակիցներն էլ գոհ մնացին հանդիպումից։ Նրանք միահամուռ հայտարարեցին, որ ամեն ինչ «արդյունավետ էր ու կառուցողական», որ Թեհրանն այս անգամ ներկայացրեց իր նոր առաջարկությունները և լրջորեն մտադիր է այնպես անել, որ իրեն ոչ ոք և ոչ մի հարցում չկասկածի։ Որոշվեց հոկտեմբերին Ժնևում շարունակել բանակցությունները։ Բայց, իհարկե, գլխավոր սենսացիան և գլխավոր հաջողությունը դարձավ 1979 թ., այսինքն, Թեհրանում ամերիկյան դեսպանատան զավթումից ի վեր առաջին հեռախոսային խոսակցությունն ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև։ Ռուհանին ասել է, որ խոսակցությունը տեղի է ունեցել Սպիտակ տան նախաձեռնությամբ, ինչը «մեծ անակնկալ» է եղել իր համար, և որ միջուկային ծրագիրը եղել է խոսակցության գլխավոր թեման։ «Ես ընդգծեցի, որ միջուկային խնդիրը ոչ միայն իրանական ազգի իրավունքների հարցն է, Իրանի զարգացման, այլև Իրանի ազգային հպարտությունը»,- ասել է նախագահ Ռուհանին, ավելացնելով, որ ԱՄՆ-ի նախագահը խոսակցության ընթացքում ընդունեց Թեհրանի իրավունքը՝ ունենալու խաղաղ միջուկային տեխնոլոգիա։

Իր հերթին Օբաման ազգին ուղղված հատուկ հեռուստաուղերձում հայտարարել է, թե ինքը համոզված է, որ հարցը հաջողությամբ կլուծվի։ Նա նաև նշել է, որ դրա համար բավարար հիմքեր կան, և հայտարարել է՝ «թեև անհրաժեշտ համաձայնության գալու գործընթացը դժվար կլինի, սակայն երկու կողմերը պարտավոր են ընթանալ դիվանագիտական ուղիով»։
Այս, պետք է հուսալ, «պատմական ճեղքումների» պայմաններում պակաս նշանակալի ու կարևոր չեն Իրանի և Իսրայելի փոխհարաբերություններում եղած որոշ նոր նրբություններ։ Առաջին հայացքից այստեղ գրեթե ոչինչ չի փոխվել. իսրայելական պատվիրակությունը, ինչպես միշտ, հեռացավ դահլիճից ՄԱԿ-ի ամբիոնից Ռուհանիի ելույթի ժամանակ, իսկ լրագրողներն առանց հոգնելու վիճում են, թե ինչ է նշանակում Հոլոքոստի մասին Իրանի նախագահի ասածը CNN-ին, և որն է դրա պատճառը։ Բայց, այդուհանդերձ, վերջին ժամանակներս դիտորդներն սկսել են նշել, որ այժմ «Թեհրանը նոր շարժառիթ ունի փորձելու համաձայնության գալ հենց Իսրայելի հետ, և հիմքեր՝ այդ ճանապարհին հաջողության հասնելը չհամարելու անհնարին բան»։ Մասնավորապես դա Սիրիան է և այն, որ պարզ է դարձել, որ «Ասադի տապալումից» հետո առավել հավանական սցենարն են կա՛մ նրա տեղում իսլամականների շատ ուժեղ ազդեցությամբ վարչակազմի հայտնվելը՝ կողմնորոշված դեպի Քաթար և Սաուդյան Արաբիա, կա՛մ լիակատար քաոսը՝ բազմապատիկ ավելի ահաբեկչական խմբավորումներով, ու երկու տարբերակն էլ ոչ մի լավ բան չեն խոստանում Իսրայելին, ինչպես նաև Իրանին։ Շատ իսրայելցիներ առայժմ նշում են, որ Ռուհանիից լսում են միայն «նրա նախորդների հայացքների երկրորդ հրատարակությունը», սակայն, հրեաների համար ամենացավոտ հարցի առնչությամբ Իրանի նախագահը թերևս, պատահաբար չի հայտարարել. «Ես պատմաբան չեմ, և միայն պատմաբանները կարող են ճշգրիտ բնորոշում տալ, ձևակերպել ու բացատրել պատմական իրադարձությունները։ Սովորաբար մենք դատապարտում ենք մարդկության դեմ ուղղված ցանկացած հանցագործություն՝ կատարված քաղաքակրթության պատմության ցանկացած փուլում։ Դա վերաբերում է նաև հրեաների ու այլ ժողովուրդների դեմ ուղղված նացիստական հանցագործություններին։ Մենք դատապարտում ենք ցեղասպանությունն ու հանցագործությունները, եթե դրանք կատարվում են մեր օրերում՝ ցանկացած ազգի ու հավատի դեմ»։ Բացի այդ, Իրանի նոր արտգործնախարարը սեպտեմբերի սկզբին Թվիթերում գրել էր. «Իրանը երբեք չի հերքել Հոլոքոստը»։ Այնպես որ, նման ազդանշանները, ընդ որում, երկու բարձրաստիճան անձանց կողմից, արդեն ոչ թե զուգադիպություն են, այլ միտում։ Երևի պատահական չէ, որ Ռուհանին, Նյու Յորքում բուռն ակտիվությանը զուգընթաց (իսկ հանդիպումներն այստեղ հետևում էին մեկը մյուսին), PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հասցրեց հայտարարել, թե «միջուկային հարցի լուծումն ուղի կհարթի նաև այլ բնագավառներում ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հասնելու համար»։ Ի դեպ, ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, Իրանի նախագահը միշտ ընդգծում է, որ ինքն ու իր կաբինետի անդամները գործում են համաձայն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի՝ այաթոլլահ Խամենեիի ցուցումների։ «Հաշվի առնելով գերագույն առաջնորդի ընդհանուր քաղաքականությունը, այնտեղ, ուր ես անհրաժեշտ եմ համարում, միջոցներ եմ ձեռնարկում Իսլամական Հանրապետության շահերն իրականացնելու, ազգի իրավունքները պաշտպանելու և խնդիրները կանխելու համար»,- հայտարարել է Ռուհանին և ընդգծել, որ անհրաժեշտ է ցուցաբերել «իմաստուն ճկունություն»՝ հիմնված արտաքին քաղաքականության մեջ «հերոսական ճկունություն» հանդես բերելու մասին այաթոլլահ Խամենեիի խոսքերի վրա։
Մինչդեռ բոլորը չէ, որ գոհ են այս նոր իրավիճակից. իրանցի մի խումբ պահպանողականներ, իսկ նրանց թիվը, ըստ լրատվամիջոցների, 60-ի մոտ է եղել, նախագահ Ռուհանիի ավտոշարասյան վրա նետել են ձվեր ու հնամաշ կոշիկներ, երբ Իրանի նախագահն ԱՄՆ-ից Թեհրան էր վերադարձել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կոչ էր արել «ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններում զգույշ լինել և չընկնել Սպիտակ տան ցինիկ և խճճված դավադրությունների ցանցը»։ Ասենք, աշխարհում, մասնավորապես Ռուսաստանում էլ հոռետեսները քիչ չեն։ Հանուն արդարության արժե նշել, որ Օբաման էլ է անընդհատ ընդգծում, թե «խոսակցության տոնի փոփոխությունը, որ բոլորը ողջունեցին, դեռ այդ հարցերի լուծում չի նշանակում, դեռ շատ անելիքներ կան», Ռուհանիի բանակցային նոր դիրքորոշումն էլ, հնարավոր է, այն առավելագույնն է, ինչին ընդունակ է Թեհրանը։ Առաջին հայացքից, հնարավոր է, ճիշտ են նաև որոշ մեկնաբաններ, որոնք համարում են, որ Իրանի նոր նախագահի հետ «վերաբեռնման» հույսերն արևմտյան լրագրողներին ստիպում են ցանկալին ներկայացնել որպես իրականություն։
Սակայն մի կարևոր բան կարելի է հստակորեն արձանագրել. «Սառույցը, այնուամենայնիվ, շարժվել է», անգամ եթե առայժմ քիչ են ձեռքբերումները։ ՈՒ քանի որ իրավիճակն աշխարհում ընդհանուր առմամբ արդեն այն չէ, ինչ մեկ, նույնիսկ կես տարի առաջ էր, անշուշտ, շատերը կուզենային ենթադրել, որ բաժակը, այնուամենայնիվ, արդեն կիսով չափ լիքն է։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ