ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փոխեք մատրիցան, դուք փաստերն այլևս չեք ընկալում

Փոխեք մատրիցան, դուք փաստերն  այլևս չեք ընկալում
28.05.2013 | 11:18

Քաղաքագետների միության մայիսի 27-ի հյուրը քաղաքագետ, թատերական ռեժիսոր, «Ժամանակի էությունը» շարժման ղեկավար Սերգեյ ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆ էր, որ Մոսկվայից մի քանի ժամով եկել էր Հայաստան: Այցի բուն նպատակը Եվրասիական միության քարոզչությունն էր և Եվրամիության հակաքարոզչությունը: Բնականաբար բուն նպատակը բավականաչափ շղարշված էր ընդհանուր քաղաքական խնդիրներով: Ի սկզբանե, վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը, պարոն Կուրղինյանը արձանագրեց ռազմավարական պրոբլեմը` հետխորհրդային բոլոր պետություններում առավել կամ նվազ չափով ձևավորվել է քաղաքական էլիտայի հակասովետական կոնսենսուս: Հակասովետականությունը Սերգեյ Կուրղինյանը նաև տեսակավորում է` ազատական, կենտրոնամետ, էթնիկ, ուլտրաարմատական և այլն: Գլխավոր խնդիրը հետխորհրդային հանրապետություններում նա համարում է այդ կոնսենսուսը ջարդելը: Կյանքի սովետական շրջանը հետխորհրդային տարածքի երկրների պատմության մեջ դեռ գրված չէ` համարում է քաղաքագետը: Նա հիշատակեց Միգել դե Ունամունոյի «Անողնաշար Իսպանիա» գիրքը` հիմնավորելու միասնական ողնաշարի անհրաժեշտությունը: «Ազգային պատմությունը պետք է միասնական լինի: Մենք չենք կարող ապրել տրոհված ազգային պատմությամբ` ինչպես ջարդված ողնաշարով»,-սա էր եզրակացությունը: Բոլոր դեպքերում նա համարում է, որ իր կյանքի սովետական շրջանի վրայով որևէ հանրապետություն չի կարող թռչել-անցնել, թեպետ ոչ ոք էլ, կարծես թե, չէր ժխտում սովետական տասնամյակների գոյությունը: Համեմատելով ֆաշիստական և սովետական շրջանները` Սերգեյ Կուրղինյանը արձանագրեց, որ ֆաշիզմը պարտվեց և դրանով ամեն ինչ ասված է: Հաջորդ սուր պրոբլեմը Սերգեյ Կուրղինյանը որակեց եվրոպական ընտրությունը, որը նրա մեկնությամբ ընտրություն է հյուրանոցի հավաքարարի և Դուբնայում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի միջև: Իհարկե, վիճելի համեմատությունը որևէ բացատրություն չստացավ հետագա խոսքում, ընդամենը հավելվեց. «Իմ երկիրը` Ռուսաստանը, աշխարհի միակ երկիրն է, որ զարգացել է ոչ այնպես, ինչպես Արևմուտքը, այնուամենայնիվ, զարգացել է: Ես հիանում եմ արևմտյան շատ արժեքներով` իրավունքների նկատմամբ վերաբերմունքով, իդեալներով, Թոմաս Մանով և այլ գրողներով` հակաարևմտական ինձ այդ պատճառով համարել չեմ կարող»: Իսկ հետո քաղաքագետն անդրադարձավ արևմտյան այն արժեքներին, որոնցով իր կարծիքով, այսօր ապրում է Եվրոպան. մասնավորապես հույժ գաղտնի հաղորդեց, որ առաջատար եվրոպական երկրները պատրաստվում են առաջիկայում օրինականացնել ինցեստը, հիշեցրեց միասեռականների ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայում, որի դեմ միլիոնանոց բողոքի ցույցներ են լինում Փարիզում, որոնց մասնակցում են նաև իրենք` միասեռականները` չցանկանալով կորցնել առանձնահատուկ լինելու կարգավիճակը: «Ո՞րն է Եվրոպայի հաջորդ քայլը»,-հուսահատ հարցրեց Սերգեյ Կուրղինյանը և մեկ անգամ էլ հիշեցրեց, որ Հյուգոյի, Ֆլոբերի, Թովմա Աքվինացու ժամանակներն անցել են և բոլորովին այլ է հիմա Եվրոպան, ինչը մարդիկ չեն հասկանում: Համարյա կես ժամ պարոն Կուրղինյանը ներկաներին սարսափեցնում էր Եվրոպայի կենսակերպով: Ի պատիվ նրա ասեմ, որ բոլոր օրինակները վերաբերում էին հասարակական-քաղաքական կյանքին և տնտեսական-սոցիալական ոլորտներին ոչ մի անդրադարձ չեղավ` մարդը խոսում էր իր իմացածից: Դարձյալ ի պատիվ պարոն Կուրղինյանի ասեմ, որ բոլոր սարսափներով հանդերձ` մեկ տասնամյակի կյանք Եվրոպային նա, այնուամենայնիվ, տալիս է, մասնավորապես արձանագրելով, որ մեկ տասնամյակ անց մենք իրավունք չենք ունենա մուտք գործել Եվրոպական տուն ու քննադատել այնտեղ գործող օրենքները, որովհետև դա մեր տունը չէ: Նույնիսկ եթե այդ տունը կառուցել է Հռոմի պապը, Հռոմի պապը չէ այդ տան տերը: Վերստին ի պատիվ պարոն Կուրղինյանի` ասեմ, որ նա եվրոպացիներին իրավունք վերապահում է իրենց ընտրությունը կատարելու` առանց այլոց կարծիքը հարցնելու: Բնականաբար` հաջորդ հարցը պիտի լիներ` իսկ ու՞ր է գնում աշխարհն ընդհանրապես: Օրինակ` մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում ու Եգիպտոսում, բայց պատրաստ չենք խոստովանել: Սունիական իսլամիզմի ռազմավարական-արմատական միությունը ԱՄՆ-ի հետ ակնհայտ է, բայց մեր մտածողության մատրիցաները ի վիճակի չեն ընդունել փաստերը, իսկ քանի որ ընդունակ չեն փաստերը ընդունել, մի կողմ են նետում: Ժամանակն է մատրիցան փոխելու` գտնում է Սերգեյ Կուրղինյանը: Սիրիայում ԱՄՆ-ը դաշնակցում է Ալկայիդայի հետ, Աֆղանստանում թալիբանը բաժանում է երկու մասի` ռազմաշունչ և խաղաղ` ինչն աբսուրդ է: Պարսից ծոցի երկրները նոր դեր են ստանում, Կատարը նոր քաղաքականություն է վարում` իբրև չարի առանցք ձևավորվում է շիա իսլամիզմը, իբրև բարու առանցք` սունիական իսլամիզմը: Թուրքիան լիովին տեղավորվում է սունիական իսլամիզմի շրջանակներում, Թուրքիան, որ հեռացել է աշխարհիկ պետության քեմալական սկզբունքներից: Շատ շուտով մենք բախվելու ենք խալիֆաթների մարտահրավերներին` եզրակացնում է քաղաքագետը: Ինչպե՞ս են այդ մարտահրավերին պատասխանելու մեծ պատմությամբ, բայց փոքր տարածքով ու բնակչությամբ երկրները: «Եթե որևէ մեկը կարծում է, որ աշխարհիկ պետություններին, որ դիմակայում են իսլամիզմի այդ հարձակմանը, Արևմուտքը պաշտպանելու է, բացեք ձեր աչքերը: Արևմուտքը անողորմաբար ռազմավարական դաշնակցության մեջ է այդ վարչակարգերի հետ: Չի կարելի կրկնել Ասադի սխալները, որ կարծում էր, թե իրեն կգերադասեն Ալկայիդայից, Մուբարաքի սխալները, որ չեն համարձակվի մուսուլման եղբայրների հետ դաշնակցել: Օբամայի աշխատակազմում այսօր առանցքային տաս աշխատակիցներ մուսուլման եղբայրներից են: Դա կյանքի նոր տարբերակ է, որ ոչ ոք չի ցանկանում տեսնել: Չի կարելի համարել, որ Եվրոպան դրանից կվախենա»,-գտնում է քաղաքագետը: Վարվող քաղաքականության նոր պարադիգման` ոչ թե նոր համաշխարհային կարգուկանոն, այլ` նոր համաշխարհային քաոս: Համաշխարհային կարգուկանոնի համար ուժերը չեն բավարարում: Եվս մեկ խնդիր` հօգուտ նոր կայսրությունների հրաժարում լոկալ ազգային պետություններից: Նոր Եվրոպան Սերգեյ Կուրղինյանը համարում է նոր կայսրություն` միասնական բանկով, միասնական տարադրամով, ընտրության միասնական համակարգի ու միասնական նախագահի պահանջով: Ի՞նչ են անում ամերիկացիները: Նրանք հայտարարում են նոր ինտեգրման անհրաժեշտության մասին` Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ: 21-րդ դարում պետությունները գնում են աշխարհաքաղաքական կապիտալի միավորման ճանապարհով, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կապիտալը միանում է: Նոր աշխարհ է ձևավորվում, մի կողմից տուրբուլենտության գոտում գտնվող երկրներով, մյուս կողմից միավորվող պետություններով: Այդ աշխարհում որո՞նք են մեր պետությունների շահերը: Ի՞նչն է այսօր բխում ժողովրդի շահերից: Որտեղո՞վ է անցնում ժողովրդի շահի և ժողովրդից նկատելիորեն խորթացած քաղաքական էլիտաների պատկերացումների սահմանը, որոնք արդեն որոնում են իրենց տեղը համաշխարհային գործընթացներում: Վաղ թե ուշ ժողովուրդները պիտի իրականացնեն իրենց երազները` քարոզվում էր մի քանի տասնամյակ, ասվում էր, որ ժողովուրդները վիթխարի ներուժ ունեն մեծ առաջընթացի համար, բայց որտե՞ղ է այդ ամենը` հարցնում է 20-ից 21-րդ դար բարեհաջող անցում կատարած քաղաքագետը և պատասխանում, որ նոր հորիզոնները այդպես էլ չեն երևում: Քաղքենիական առավել կամ նվազ կոմֆորտն է գերիշխում, որ չի կարող ազգային երազ լինել: Համատեղելով Եվրոպայի, աշխարհի, առանձին տարածաշրջանների բոլոր սարսափները` Սերգեյ Կուրղինյանը, ինչպես ընդունված է լավագույն դետեկտիվներում, անցավ հանգուցալուծմանը, որը պիտի ներկայանար իբրև համադարման բոլոր պրոբլեմների լուծման համար: Հանգուցալուծումը, սակայն, ներկայացվեց արդեն իբրև հարցերի պատասխան: Մասնավորապես` «Ձեզ չի՞ թվում, որ կայսրությունների ձևավորումը օբյեկտիվ անհրաժեշտություն է» հարցին պատասխանելիս Սերգեյ Կուրղինյանը հիշեց ու հիշեցրեց, որ Եվրոպան սուվերեն չէ` «Աստղ» նախագիծը տապալված է: Պետք է ընդունել ձախողումը, վճարել հաշիվներով ու ապաշխարել` գտնում է քաղաքագետը. «Կայսրությունը գոյության լավագույն ձևն է, 21-րդ դարում կայսրությանն այլընտրանք չկա: Կայսրությունը բերում է իր իդեալները: Այսօրվա էլիտայի դասական պատկերացումներն են` Արևմուտք, Արևմուտք և նորից Արևմուտք, բայց պետք է ազնիվ լինել ու ընդունել, որ դա անհնար է: Լավ է, թե վատ է, անհնար է: Երբ ընդունեն, որ անհնար է, արևմտամետ ռուսական էլիտան կմիավորվի հակաարևմտական էլիտայի հետ, կմնան միայն դավաճանները, ովքեր ցանկանում են, որ Ռուսաստանը Արմուտք գնա մաս առ մաս: Դավաճանների հարցերը մենք կլուծենք, գլխավոր խնդիրը արևմտամետների հետ երկխոսությունն է, որ մինչև այսօր իրենց իդեալը գերադասում են իրականությունից»:

Եվրասիական միությանն անդամակցության վերաբերյալ հարցումին պարոն Կուրղինյանը պատասխանեց առավելագույնս ընդարձակ և վերացական` պատասխանի ամբողջ տրամաբանությունը հանգում էր նրան, որ աշխարհը փոխվում է, կյանքը ամեն ինչ իր տեղն է դնում: Իվերջո ելքը համարվեց էլիտաների վերադասավորումը, որից հետո միայն կսկսվի ռազմավարական, արմատական թեմատիկ երկխոսությունը: Նա շեշտեց, որ այս հարցում ներկայացնում է միայն իր անձնական տեսակետը և ոչինչ ավելին: Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունները, առանց ընդհանուր սահմանների, գնահատելով քաղաքագետը ասաց, որ երբ կատարվեն իր կանխատեսումները, կլինեն և ընդհանուր սահմանները: Նա միանգամայն համոզված է, որ Ռուսաստանի արտահանման գլխավոր ապրանքը նոր խոսքն է, որ նրանից սպասում է ամբողջ աշխարհը` «Նոր խոսքը հնչելու է Ռուսաստանից կամ չի հնչելու ոչ մի տեղից: Ռուսաստանն այսօր այլընտրանքային զարգացման օրինակ է: Դա ճանապարհային այն քարտեզն է, որով կարելի է մասնակցել ռուսական գլոբալ խաղին»:
«Կճանաչի՞ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» ուղիղ հարցին պարոն Կուրղինյանը շատ անուղղակի պատասխանեց, որ միայն Ղարաբաղում է ակնհայտ դառնում հետխորհրդային անկախացման ինչ-որ արդյունք, որը չի երևում մյուս տարածքներում: Ղարաբաղում ապրում է բոլորովին այլ ժողովուրդ և տիրում է բոլորովին այլ մթնոլորտ: Ղարաբաղում քաղքենիության բացիլները չեն տարածվել: Ոչ մի ագրեսիա Ղարաբաղին չի սպառնում, եթե չդավաճանի Հայաստանը: Եթե Հայաստանը հանձնի Ղարաբաղը, ծանր վիճակ կստեղծվի, բայց Ղարաբաղի ժողովուրդը, միևնույն է, չի հանձնվի: Ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել` առանց ժողովրդի, որևէ երկիր չի կարող լուծել Ղարաբաղի հարցը` առանց ղարաբաղցիների: Ղարաբաղը պարոն Կուրղինյանին հիշեցնում է Սպարտան, որ անպարտելի էր, քանի Աթենքը նրա հետ էր: Իրավիճակը սրելու Ադրբեջանի ցանկացած փորձ գործընթացի մեջ է ներքաշելու Թուրքիային, Թուրքիայից հետո անմիջապես հակամարտության մեջ է մտնելու Իրանը, իսկ թե ինչ կլինի տարածաշրջանում հետո, ոչ ոք ասել չի կարող: Ադրբեջանի էլիտան այսօր դա շատ լավ հասկանում է: Հայաստանն այսօր երազ չունի, իսկ առանց երազի նույնիսկ մոնոէթնիկ պետությունը ծայրահեղությունների մեջ է ընկնում: «Ղարաբաղի բոլոր պրոբլեմները Հայաստանի սահմաններից ներս են: ԼՂՀ-ն ճանաչելու կամ չճանաչելու հարցը հնարավոր չէ լուծել առանց Հայաստանի, մենք չենք կարող Հայաստանի գլխի վրայով ճանաչել Ղարաբաղը: Ես ցավում եմ, որ Ռուսաստանը չի ճանաչում Մերձդնեստրը, Ղարաբաղը, որովհետև բոլորի սերը վայելելու կայսերական կարոտ ունի: Երբ եվրառուսական նախագծի, որ արդեն համարյա 30 տարեկան է, բոլոր պատրանքները այրվեն իրականության կրակի մեջ, իսկ դա կլինի մինչև 2015 թվականը, կխոսենք նոր իրականության մասին»,-խորհրդավոր ասաց ու չմանրամասնեց Սերգեյ Երվանդովիչը, որ հաճախ էր շեշտում ռուսական քաղաքական կյանքին ու ինտրիգներին իր լավատեղյակությունը, նաև կանխատեսելու իր ունակությունները:
«Հարցը մեկն է` եթե Ռուսաստանն անցնում է շիայական աշխարհի դիրքերը, ձևավորվում է Հայաստանի նոր պրագմատիկ ընկալում: Եթե Ռուսաստանը չի անցնում, հավասարակշռություն է ձևավորվում, որի ներսում կարելի է խաղարկել: Բոլոր դեպքերում պետք չէ մեղադրել այլ երկրի վարած քաղաքականությունը, մեղադրեք ձեր դիվանագիտությունը, ձեր ռազմավարությունը, ձեր գաղութներին, որ ամեն ինչ անում են հնարավոր որոգայթների մեջ ընկնելու համար»,-սա ևս դաս էր` ուղղված ռուսներին պահանջներ ներկայացնող հայերիս` անկախ հիմնավոր, թե անհիմն են այդ պահանջները:
Քաղաքագետների միությունում հրավիրված հանդիպմանը հնչեցին այլ հարցեր ևս, բոլոր հարցերը ստանում էին միանգամայն կանխատեսելի պատասխաններ, որոնք տեղավորվում էին Սերգեյ Կուրղինյանի աշխարհատեսության շրջանակներում` Եվրոպան և աշխարհը ձեռք-ձեռքի տված գնում են դեպի այլասերում ու վերասերում, Ռուսաստանը փրկության փարոսն է ամբողջ աշխարհի համար: Եվրամիությունը նոր կայսրության մերժելի տարբերակն է, այն կայսրությունը, որ ուզում է վերականգնել Ռուսաստանը, աշխարհի փրկության մոդելն է: Ճարտասանությունը հրաշալի արվեստ է, գործուն արվեստ` մարդկանց վրա իշխանություն հաստատելու ու տարածելու, արվեստ, որ հունահռոմեական ժամանակներից անխափան գործում է: Պայմանով` թե չի վերածվում սոփեստության: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի քննարկումը բացող խոսքը, ինչպես հետո պարզվեց, բանալի էր «Մենք նորից մեր պատմության շրջադարձային կետում ենք, բազում մարտահրավերների առաջ է Հայաստանը, որ պետք է հաղթահարի իր ռազմավարական գործընկերոջ հետո, որովհետև մեր ճակատագիրը ընդհանուր է»: Այսինքն` քաղաքագետների միության կազմակերպած քննարկումը կոորդինատների այն համակարգում էր, որտեղ Հայաստանն արդեն հրաժարվել է ինքնուրույն քայլերի իր իրավունքից ու հնարավորությունից, անկախ պետության իր կարգավիճակից ու որդեգրել է ազգային նոր երազ` մաս դառնալ այն հրաշափառ կայսրության, որ կառուցում է Ռուսաստանը` փրկելու համար աշխարհը: Կոորդինատների այդ համակարգում էր Սերգեյ Կուրղինյանի ընդարձակ ելույթը, հարցուպատասխանի ամբողջ խաղարկությունը, որ որքան էլ ճարտասանաբար հնչեր, մնում էր սոփեստության ստվերի տակ, որովհետև եթե կոչ է արվում բաց աչքերով նայել աշխարհին, անհեթեթ է փակ աչքերով նայել Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանին ու ռուսական իրականությանը բաց աչքերով նայելիս Սերգեյ Կուրղինյանի կառուցած ամրոցները փլվում են` լինելով ոչ միայն ավազի վրա, այլև` խիստ չափազանցված ու համարյա խումհարի մեջ: Կոորդինատների այդ համակարգը այսօրվա ու վաղվա Հայաստանի կենսատարածքը լինել չի կարող` նույնիսկ եթե Եվրոպան բացուփակելով աչքերը ուղիղ գնում է դեպի Տարտարոս, աշխարհը ինքնաոչնչացման կուրս է վերցրել ու կատարում է իր ծրագիրը, իսկ Ռուսաստանը հանձն է առել Նոյի դերը ու փրկության իր տապանի վրա է հրավիրում ռազմավարական դաշնակիցներին: Այդ տապանը այս անգամ Արարատ չի հասնելու:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Կոորդինատների ո՞ր համակարգում է Հայաստանը: Դատելով անկախության հռչակագրից, առաջին հանրապետության տոնից, երրորդ հանրապետության անցած տասնամյակներից` կոորդինատների սեփական համակարգում` ինչպես յուրաքանչյուր անկախ, ինքնիշխան պետություն: Դատելով իրականությունից` մեզ դեռ երկար են հրապուրելու ձրի պանրով:

Դիտվել է՝ 2833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ