ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հարավային Կովկասում առայժմ միայն Հայաստանն ունի մարտունակ զինված ուժեր

Հարավային Կովկասում առայժմ միայն Հայաստանն ունի մարտունակ զինված ուժեր
25.01.2013 | 01:00

Միառժամանակ առաջ Հարավային Կովկասում ռազմական համագործակցության հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում մեծ դեր էր խաղում Ջ. Հոփքինսի համալսարանին (Վաշինգտոն) առընթեր Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտը: 2000-ականներին Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության մշակումներում այդ ինստիտուտի նշանակությունն այնքան էլ մեծ չէր, բայց նրա փորձագետներն ունեն սառը պատերազմի ժամանակներից եկող նշանակալի փորձ, և նրանց կարծիքը, անշուշտ, հետաքրքրություն է ներկայացնում Կովկասի նկատմամբ հայացքների ու գնահատականների քննարկման ընթացքում: Այդ հարցերի վերլուծության գործում կարևոր տեղ ունեն ինստիտուտի նախկին տնօրեն Չառլզ Ֆերբենքսի, ներկա տնօրեն Սվանթե Քոռնելի, ինչպես նաև ինստիտուտի նախագահ Ֆրեդերիկ Սթարի գնահատականները:
Փորձագետները համարում են, որ ԱՄՆ-ի արտքաղաքական գերատեսչությունը մի շարք խոշոր անհաջողություններ և նույնիսկ ձախողումներ է ունեցել իր եվրասիական քաղաքականության ասպարեզում, ինչը Պենտագոնին լուրջ հիմքեր է տվել ռազմական քաղաքականության արտաքին ուղղություններից հանելու Մ. Օլբրայթի թիմից մնացած փորձագետներին: Այս կապակցությամբ շատ հարցերում Պենտագոնն ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում Բալկանների ու ԱՊՀ-ի տարածաշրջաններում: Այդ քաղաքականությունն ուղղված է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հանդեպ գործընկերային քաղաքական դաշինքների ձևավորման ռազմական կողմի ծավալմանը: Պենտագոնը ՎՈՒԱՄ-ը դիտարկում էր իբրև Ռուսաստանի, Չինաստանի ու ՆԱՏՕ-ի միջև բուֆերի ստեղծման կարևոր սկիզբ: ԿՀՎ-ն և Պենտագոնը համակարծիք էին, որ ՎՈՒԱՄ-ի և ռազմական ծրագրերի կատարման նկատմամբ ԱՄՆ-ի ակտիվ քաղաքականությունը խիստ վտանգավոր է, պետդեպը պետք է առավելագույնս հեռու մնա այդ նախագծերից, և դրանք հիմնականում պետք է իրագործվեն գաղտնի կարգով: Առավել կարևոր է փորձագետների դիտողությունն ադրբեջանցի և վրացի քաղգործիչների հայտարարությունների առնչությամբ` կապված ՆԱՏՕ-ին իրենց երկրների անդամակցության և այդ երկրներում ամերիկյան բազաների տեղակայման հարցերի հետ: Փորձագետների վկայությամբ, ամերիկացիներն այն կարծիքին էին, որ ադրբեջանցի ու վրացի քաղգործիչներն ու պաշտոնատար անձինք հապճեպ հայտարարություններ են անում, որոնք կարող են ի հայտ բերել ԱՄՆ-ի իրական նպատակները Վրաստանի ու Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության գործում: Մասնավորապես, ամերիկացիներին հատկապես նյարդայնացրել ու մտահոգել էր Ապշերոնում ԱՄՆ-ի ավիաբազայի տեղակայման հարցի արծարծումը: Ամերիկացիները համարում էին, որ Բաքվում չափազանց շատ էր շեշտադրվում այդ նախագիծը, ինչն անհարկի լարվածություն է առաջ բերում տարածաշրջանում և ավելորդ ուշադրություն է բևեռում Հարավային Կովկասի երկրների հետ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության ծրագրերի վրա: Այդ ինստիտուտի փորձագետները բավական հիասթափված են եղել ոչ միայն Բ. Քլինթոնի, այլև Ջ. Բուշի քաղաքականությունից, սակայն տպավորություն է ստեղծվում, որ Բ. Օբամայի քաղաքականությամբ էլ հիացած չեն:
Այսպիսով, փորձագետները հետևություն են անում ՆԱՏՕ-ին ԱՊՀ պետությունների հնարավոր վաղ անդամակցության վերաբերյալ կանխատեսումների անհիմն լինելու մասին, բայց առաջարկում են վարկած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս առաջատար պետությունների հետ սերտորեն կապված տարածաշրջանային կամ միջտարածաշրջանային ռազմաքաղաքական այլընտրանքային դաշնախմբերի հնարավոր կազմավորման վերաբերյալ, ծրագիր, որը կարող է կյանքի կոչվել ՎՈՒԱՄ-ի նախագծի ձախողման դեպքում: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը մտադիր է հեռու մնալ այդ երկրների հետ ինստիտուցիոնալ ռազմական լայն համագործակցությունից: Վերջին ժամանակներս այն միտքն է շրջանառվում, թե ԱՄՆ-ը սկսել է ՎՈՒԱՄ-ը դիտարկել բացառապես Ռուսաստանի հետ առճակատման գործում ՈՒկրաինայի դիրքերի ամրապնդման տեսանկյունից: ԱՄՆ-ը հասկացել է, որ նման լուսանցքային դաշնախմբերն անհեռանկար են, և ձգտում է գտնել ՎՈՒԱՄ-ի հետագա գոյության տրամաբանություն: ՈՒկրաինան ՎՈՒԱՄ-ի նախկինում պասիվ անդամից արդեն վերածվում է այդ դաշնախմբի` ուկրաինա-կովկասյան աշխարհատնտեսական միավորման, շարժիչ ուժի, և նրա գոյության արդարացումը հնարավոր է ՈՒկրաինայի` իբրև Ռուսաստանի վրա ճնշման գլխավոր լծակի, պահանջմունքների սպասարկման ձևաչափով:
Չ. Ֆերբենքսն առաջ այդ ինստիտուտի գործադիր տնօրենն է եղել, շատ սերտորեն ինտեգրված է ԱՄՆ-ի պետական համակարգին և ղեկավարում է այդ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետազոտման ու վերլուծության մի քանի համալիր ծրագրեր, աշխատում է պետական գերատեսչությունների ու հիմնարկությունների օգտին, համագործակցում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ: Նա նեոպահպանողական փորձագետների պարագլուխն է և խիստ քննադատաբար է հանդես գալիս ազատական գաղափարների ու սկզբունքների վրա հիմնված արտաքին քաղաքականության և առհասարակ դեմոկրատական կուսակցության քաղաքական գաղափարախոսության հասցեին: Այդ փորձագետը Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջաններ ԱՄՆ-ի «բնական ներթափանցման» կողմնակից է: Նա փայլուն և բազմակողմանիորեն ծանոթ է այդ տարածաշրջանների պատմությանը, օրախնդիր քաղաքական և տնտեսական գործընթացներին և պատրանքներ չունի այդ տարածաշրջաններ ԱՄՆ-ի արմատական ներթափանցման, առավել ևս այդտեղ ամերիկյան ռազմական ներկայության ապահովման դժվարության ու վտանգավորության առնչությամբ: Նշվում են նրա վաղեմի կապերը Փոլ Վուլֆովիցի հետ, որի հետ նա սովորել է Չիկագոյի համալսարանում: Սակայն, ի տարբերություն աղմկագոչ շատ նեոպահպանողականների, Չ. Ֆերբենքսը գաղափարի մարդ է, և նրա համար նեոպահպանողականությունը գովազդային թեզ չէ:
Փորձագետը հիմնավորում է այն թեզը, որ ԱՄՆ-ը, ծախսելով հսկայական պետական միջոցներ և վտանգելով իր հեղինակությունը, ըստ էության, այդ տարածաշրջաններում ուղիներ է հարթել եվրոպական (նախ և առաջ գերմանական), ճապոնական և անգամ չինական կապիտալի համար, մինչդեռ ամերիկյան կապիտալն այդ տարածաշրջաններում ներկայացված է իբրև երրորդական ու անմրցունակ: Փորձագետը համարում է, որ, պաշտպանելով մարդու իրավունքների ու ազատությունների գերակայությունը այդ տարածաշրջաններում, ԱՄՆ-ը հող է նախապատրաստում քաղաքական քայլերի ու այդ երկրների հետ ավելի ճկուն հարաբերությունների հաստատման համար: Դա առանձնապես բացահայտորեն նկատվեց ՈՒզբեկստանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Դրա պատճառով այդ երկրներում կապիտալի ներդրման կարևորագույն ոլորտները զավթեցին ռուսական, եվրոպական և ճապոնական ընկերությունները: Դա այստեղ ԱՄՆ-ի քաղաքականությունը դարձնում է պարզապես հակաբնական և ԱՄՆ-ի արմատական տնտեսական և քաղաքական շահերին չհամապատասխանող: Ջ. Բուշի վարչակազմի գործունեության շրջանում, չնայած կառավարության հասցեին վերլուծական և մտավոր ոլորտների խիստ քննադատությանն ու զգալի ճնշմանը, նա շարունակում է իր քաղաքականությունն ու ամենևին չի փոխել իր դիրքորոշումն ու մոտեցումները (պետք է ասել, որ ԱՄՆ-ի ամենևին էլ ոչ բոլոր փորձագետներն են, պատկանելով աջ ճամբարին, համակարծիք Չ. Ֆերբենքսի հետ): Փորձագետի կարծիքով, ՆԱՏՕ-ին ԱՊՀ պետությունների, հատկապես Հարավային Կովկասի պետությունների անդամակցությունը խնդրահարույց կլիներ այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն արդեն ցույց է տվել դեպի Արևելք իր ընդլայնման հնարավորության սկզբունքային սահմանափակությունը:
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարական խնդիրների հարցի առնչությամբ փորձագետն ասել է, որ պաշտոնական ձևակերպումներում բավական հանգամանալից է խոսվում այդ մասին: ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է կանխել ինչ-որ նոր տիպի Եվրասիական կայսրության ստեղծումը, հատկապես կոմունիստական: Նոր կայսրությունը չպետք է կայանա, ուստի նոր պետությունները պիտի մարտունակ բանակներ ունենան: Թող այդ բանակները լինեն ոչ մեծ ու սահմանափակ հնարավորություններով, բայց ընդունակ լինեն հակահարված տալու տեղային հակամարտությունների և իրենց գործերին Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտության դեպքում: Դա կարող է դառնալ ավելի պակաս ծախսատար տարբերակ, քան նրանց տարածքում ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը:
Փորձագետը կարծում է, որ ՎՈՒԱՄ-ի վերաբերյալ հնարավոր համաձայնությունները կարող են ուղղված լինել Հայաստանի մեկուսացմանը: Նույնիսկ դեմոկրատների կառավարությունն էր հասկանում, որ Հայաստանի կամ ցանկացած այլ պետության մեկուսացումը չի հանգեցնի նպատակի իրականացման: Մեկուսացման սկզբունքը ԱՄՆ-ի համար ցանկացած տարածաշրջանում լիովին բացառվում է: Ներկայումս որևէ պետության մեկուսացում առհասարակ անհնար է: Այդ երկու տարածաշրջաններում մեկուսացածությունը առավել վտանգավորն է ցանկացած քաղաքական առաջադրանքի իրականացման համար: Հենց մեկուսացածությունն ու առճակատումն են հիմնական խոչընդոտը ամերիկյան քաղաքականության հաջող ծավալման ճանապահին: ՈՒստի ամերիկյան քաղաքականությունը պետք է ուղղված լինի մեկուսացածության ցանկացած դրսևորման հաղթահարմանը: Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մեջ հակասական ու ձևական շատ բան կա: ԱՄՆ-ում բազմիցս հայտարարվել է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերներն են, բայց, փաստորեն, Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքն ավելի նախընտրելի է: Եվ դա կապված է ոչ միայն հայ համայնքի գործունեության հետ: Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական սերտ համագործակցության և Իրանի հետ սերտ հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի համար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես իբրև տարազատված երկիր, որն իր արտքաղաքական դերակատարումն ունի տարածաշրջանում և նկատելի հաջողությունների է հասել դրանում: Հաշվի է առնվում նաև այն, որ Հարավային Կովկասում առայժմ միայն Հայաստանն ունի մարտունակ զինված ուժեր, և նրա դիրքորոշումից են մեծապես կախված տարածաշրջանի կայունությունն ու նավթամուղների և մյուս հաղորդուղիների անվտանգությունը:
Այդուամենայնիվ, ԱՄՆ-ը չէր կարող չպաշտպանել «սառեցված հակամարտությունների» խնդրի քննարկման նախաձեռնությունը, որի հեղինակն էին ՄԱԿ-ում ՎՈՒԱՄ-ի անդամ երկրները: Չ. Ֆերբենքսի կարծիքով, ՎՈՒԱՄ-ը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում Պենտագոնի համար և չի կարող դիտվել որպես այդ տարածաշրջաններում ամերիկյան ռազմավարության ծավալման բազային կառույց: Փորձագետը չի բացառում ռազմական ոլորտում ռազմական գերատեսչությունների մակարդակով Վրաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հնարավոր ակտիվ համագործակցությունը: Դրա հետ մեկտեղ, փորձագետը նշում է այդ համագործակցության մեջ քաղաքական սահմանափակիչների առկայությունը: Նրա ասելով, տեսանելի հեռանկարում խոսք չի կարող լինել ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների անդամակցության մասին: Ամենայն հավանականությամբ, նրանց համար մշակվում են ՆԱՏՕ-ի նկատմամբ գործընկերային ռազմաքաղաքական կառույցներ:
ՆԱՏՕ-ի և Հարավային Կովկասի երկրների հարաբերությունների խնդրի վերաբերյալ Ֆրեդերիկ Սթարի և Սվանթե Քոռնելի գնահատականները նկատելիորեն տարբերվում են Չառլզ Ֆերբենքսի կարծիքից: Այդ երկու փորձագետները համակարծիք են, որ կան մոտ ապագայում դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման ավելի լավատեսական հայացքներ: Այդ փորձագետների գնահատականները մեծապես հիմնված են Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի մշակումների վրա, որոնք կատարվել են վերջին տարիներին` Պենտագոնի պատվերով: Նրանց կարծիքով, Հարավային Կովկասը չի կարող դիտարկվել իբրև մի տարածաշրջան, որն ինքնաբավ նշանակություն ունի երկարաժամկետ ռազմավարությունում: Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունն ու տեղը սերտորեն կապված են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի առջև ծառացած երկու խնդրի հետ, այն է` լուծել ՈՒկրաինայի քաղաքական ապագայի հարցը և հասնել Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի հաստատմանը: Փորձագետները պնդում են, որ առանց այդ խնդիրների լուծման խոսք անգամ չի կարող լինել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին և առհասարակ դեպի Արևելք դաշնախմբի ծավալման մասին: Այս կարծիքին է նաև «Նիքսոնի» կենտրոնի «Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ծրագրի» տնօրեն դոկտոր Փոլ Սանդերսը: Այդ փորձագետները սերտորեն կապված են պետական կառույցների հետ, բայց հազիվ թե պաշտոնական հայացքներ են արտահայտում: Նրանց այդ հայացքները ենթադրում են Վրաստանի ստորադաս դիրք ԱՄՆ-ի ռազմավարությունում և ապագայում ՆԱՏՕ-ի կազմի, որպես «կտրտված տարածության», ձևավորման անհնարինություն: Վրաստանն ու Հարավային Կովկասն այնքան են կտրված ՆԱՏՕ-ի պատասխանատվության հիմնական գոտուց, որ չեն կարող դիտվել որպես այդ զանգվածի մաս:
Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի (Վաշինգտոն) ղեկավար Ֆրեդերիկ Սթարի կարծիքով, Կենտրոնական Ասիայում ամերիկյան քաղաքականության վերջին անհաջողությունն ամենևին էլ պատահական չէ, քանի որ ԱՄՆ-ը երրորդական կարգի վերաբերմունք ուներ տարածաշրջանի նկատմամբ: Նույնիսկ 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունից հետո, երբ պարզվեցին համընդհանուր անվտանգության խնդիրների հետ անմիջականորեն կապված կոնկրետ անելիքներն ու նպատակները, ԱՄՆ-ը հոգ չտարավ Կենտրոնական Ասիայի առնչությամբ քաղաքական գործողությունների ընդհանուր հայեցակարգի ստեղծման մասին: Բանն այն չէ, որ նման կարգի փաստաթղթեր ստեղծվել են, բայց լրջորեն քննության չեն առնվել վարչակազմի կողմից: Խնդիրն ԱՄՆ-ի քաղաքականության համար այդ տարածաշրջանի նշանակությունը չհասկանալն է: Այդ անտարբերությունը բացատրվում է շոշափելի տնտեսական ու քաղաքական շահերի բացակայությամբ: Բայց ԱՄՆ-ի կողմից դիրքերի զիջումն իր հետ բերում է տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի դիրքերի ուժեղացում, որոնք շահագրգռված չեն, որ բարեփոխումներ կատարվեն և տարածաշրջանի երկրներն ինտեգրվեն Արևմտյան ընկերակցությանը: Ֆրեդերիկ Սթարը և հատկապես նրա գործընկեր Չառլզ Ֆերբենքսը երկար տարիներ պահանջում էին, որ մշակվի ու Կենտրոնական Ասիայում կենսագործվի ԱՄՆ-ի համապատասխան քաղաքական դոկտրին, ինչը, երևի, չի արվել: Ֆրեդերիկ Սթարի այդ գնահատականը, թվում է, մի փոքր չափազանցվել է, քանի որ հենց վերջին տարիներին Կենտրոնական Ասիան դարձել է ԱՄՆ-ի առավել մեծ քաղաքական և ռազմական ակտիվության օբյեկտ: Իրականում ԱՄՆ-ը փորձում էր տարածաշրջանում իրականացնել քաղաքական լուրջ փոփոխություններ, սակայն հանգեց այն եզրակացության, որ դրա համար անհրաժեշտ են չափազանց մեծ տնտեսական ու քաղաքական ռեսուրսներ, որոնց ծավալը բացահայտորեն համարժեք չէ տարածաշրջանում ԱՄՆ-ի ակնկալած շահերին:
Վաշինգտոնի «Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի» հետազոտությունների տնօրեն Սվանթե Քոռնելի կարծիքով, Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքական պարտությունն ակնհայտ է, բայց ԱՄՆ-ը մտադիր չէ հանուն իր հեղինակության նոր փորձեր ձեռնարկել իրավիճակին տիրապետելու ուղղությամբ: Կենտրոնական Ասիան, որտեղ ԱՄՆ-ը նշանակալի տնտեսական շահեր չունի, բացի կասպյան նավթից, այսուհետև կդիտարկվի բացարձակապես անվտանգության կոնկրետ խնդիրների տեսակյունից: Կենտրոնական Ասիայի հանդեպ այդ հայացքները զուգադիպում են Չինաստանի առնչությամբ ԱՄՆ-ի վարչակազմի նոր կուրսին: Եթե առաջ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում իր ներկայությունը կապում էր գերազանցապես չինական նվաճողամտության զսպման խնդրի հետ, ապա հիմա, ամերիկյան փորձագետների կարծիքով, Չինաստանի զսպման դոկտրինն այլևս օրախնդիր չէ: Չինական քաղաքականության հանդեպ նոր հայացքներ առաջադրողն ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ռոբերտ Ջեոյելիկն է: Իսկ բուն քաղաքականությունը ենթադրում է ոչ թե մրցակցություն, այլ, որպես կառուցողական գործընկերոջ, Չինաստանին միջազգային հարաբերությունների մեջ ներգրավելը, քանի որ Չինաստանի շահերը զգալիորեն զուգադիպում են ԱՄՆ-ի և Արևմտյան ընկերակցության շահերին` հատկապես տնտեսության ու անվտանգության ոլորտում: ԱՄՆ-ը նպատակ ունի Չինաստանին ներգրավելու տնտեսական ծրագրերի համատեղ իրագործման, ինչպես նաև «համաշխարհային ջիհադի» դեմ համատեղ պայքարի մեջ: ԱՄՆ-ը համարում է նաև, որ Կենտրոնական Ասիայում Չինաստանի ամուր դիրքերը թույլ կտան սահմանափակել Ռուսաստանի, Իրանի, իսլամական մյուս պետությունների ազդեցությունը: Դրա հետ մեկտեղ, Ջ. Բուշի նոր` Հարավային Ասիային Կենտրոնական Ասիայի էներգետիկ և տնտեսական ինտեգրման «դոկտրինը», այսպես թե այնպես, պարունակում է Չինաստանի զսպմանն ուղղված վեկտոր: Դատելով ըստ Սվանթե Քոռնելի գնահատականների, նման աշխարհաքաղաքական հեռանկարի պայմաններում Թուրքիայի համար ավելի ու ավելի դժվար կլինի իր դիրքերը տարածաշրջանում պաշտպանելը:
Հ. Գ.- Սվանթե Քոռնելը երիտասարդ, հավակնոտ մի հետազոտող է, շատ կոռեկտ, և այժմ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի գործադիր տնօրենն է: Շատ նշաններ կան, որ խիստ պահանջարկված է և դժվար բացատրելի համակրանք ունի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ