ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դրամի փոխարժեքն ու տնտեսական մարտահրավերները

Դրամի փոխարժեքն ու  տնտեսական մարտահրավերները
31.05.2012 | 13:05

Մինչ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի պայմաններում Եվրամիությունը ելքի արդյունավետ ուղիներ է որոնում, դրա ազդեցությունը գնալով զգալի է դառնում, իսկ մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակը զարգանում է հակասական միտումներով: Մի կողմից` ճիգեր են գործադրվում նվազագույնի հասցնելու հնարավոր բացասական ազդեցությունները և դիմակայելու օբյեկտիվ մարտահրավերներին, մյուս կողմից` կան գործոններ, որոնք, եթե անգամ արհեստական և սուբյեկտիվ չանվանենք, հեռու են իրականությունն արտացոլելու կարողությունից: Դրանցից մեկը ազգային արժույթի ներկա վիճակն է, իսկ ավելի ճիշտ` դոլարի հանդեպ դրա արժեզրկումը, ինչն արդեն մայիսին հատեց 400 դրամի սահմանը: Մեր գնահատմամբ, ինչը բխում է տարբեր մեթոդաբանությամբ կատարված հաշվարկներից, հայկական դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի վրա կարող են ազդել առնվազն չորս-հինգ տասնյակ գործոն: Մինչ դրանց անդրադառնալը, հարկ է նշել, որ այս ամենը տեղի է ունենում դոլարի հանդեպ համաշխարհային առանցքային արժույթների` եվրոյի, ֆունտ ստեռլինգի և այլ փոխարկելի, նույնիսկ քաղաքական և առևտրատնտեսական առումներով ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ ռուբլու արժեզրկման ֆոնի վրա:

Ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու և ներկայիս արժութային քաղաքականությունը ճիշտ վերլուծելու համար կարևոր է պարզել, թե արդյո՞ք ազգային դրամի փոխարժեքին առնչվող գործընթացները բնորոշ են միայն Հայաստանին, և ինչպես են այլ երկրներում հաղթահարել նման հիմնախնդիրները:
Պարզվում է` Եվրամիությանն անդամակցած տասներկու նոր երկրներից յուրաքանչյուրը յուրովի է փորձել լուծել «արժույթի պարտադրված արժևորման» խնդիրը, թեև բոլորն էլ գրեթե նույն վիճակում են հայտնվել, և հատկապես Արևելյան Եվրոպայի երկրների համար արժութային ինտեգրացիան տնտեսական ինտեգրացիայի գագաթնակետն է համարվում:
Նախ, անհրաժեշտ է տեղի ունեցածը շաղկապել ՀՀ Կենտրոնական բանկի նպատակադրած կարևորագույն հարցի` գնաճի, ու դրա զսպմանն ուղղված դրամավարկային քաղաքականության հետ: Չնայած վերջին տարիներին էապես բարելավվել են հիշյալ քաղաքականության գործիքներն ու դրանց օգտագործման մեթոդները, այնուհանդերձ, ՀՀ ԿԲ-ից բացի, գնաճի զսպման հարցերը կարևոր է համադրել նաև պետական այլ կառույցների աշխատանքի հետ: Մասնավորապես, էական դերակատարություն ունեն Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարությունների ձեռնարկած քայլերը: Բազմիցս նկատել ենք, որ անգամ կատարյալ դրամավարկային քաղաքականության իրականացման պարագայում միայն գյուղմթերքների շուկայում գյուղմթերքների վերավաճառքով զբաղվող մի խումբ մարդկանց «դեֆակտո» գերիշխող դիրքը կարող է ի չիք դարձնել մնացած բոլոր արդյունավետ քայլերը: Միգուցե սա է պատճառը, որ տարվա առաջին 4-5 ամիսներին գնաճը համեմատաբար կառավարելի է (2012 թ. ապրիլին, օրինակ, մարտի նկատմամբ, համաձայն պաշտոնական վիճակագրության, գրանցվել է սպառողական ապրանքների գնանկում` 0,6 %-ով պայմանավորված պարենային ապրանքների 1,3 % գնանկմամբ, իսկ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սակագները նույն ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0,9 և 0,1 %-ով):
Համաշխարհային փորձը վկայում է, որ աշխարհի տարբեր երկրներում այսօր ձևավորվում են հենց արժութային քաղաքականության մոդելներ, բացի ֆիքսված և լողացող փոխարժեքներից: Կա չորս տարբերակված մոտեցում, որն առանձին քննարկման թեմա է:
Կարևոր է անդրադառնալ նաև ազգային արժույթի արժևորման այն գործոններին, որոնցով երբեմն փորձում են արդարացնել դրամի «թռիչքը».
. տնտեսական աճ,
. տրանսֆերտներ,
. դոլար-եվրո փոխարժեքի տատանումներ,
. վճարային և առևտրային հաշվեկշռի մնացորդ:
Ընդսմին, չի կարելի բացառել նաև արժութային ինտերվենցիաները, ինչպես նաև խոշոր ստվերային փողերի շրջապտույտները:
Եթե տնտեսական աճը հիմնական գործոն է համարվում, ապա տարեվերջին պետք է ակնկալել երկնիշ տնտեսական աճ: Եթե հաշվի ենք առնում մոտ մեկ մլրդ դոլարի համարժեք դրամի տրանսֆերտները, որոնք, ի դեպ, զգալի անկում են ապրել 2008 թվականից` արտագնա աշխատանքի մեկնածների զանգվածային վերադարձի և այլ պատճառներով, ապա պետք է հաշվի առնել նաև Հայաստանից կապիտալների արտահոսքը (դրանք տարբեր ներդրումներն են արտերկրում): Իհարկե, ոսկերչական ճշգրտությամբ չի կարելի խոսել նման թվերի մասին, սակայն փոքր, տեսանելի և կոմպակտ տնտեսության պայմաններում կարելի է արձանագրել, որ 2012 թ. որոշակիորեն կրճատվել է կապիտալի արտահոսքը, ինչը սովորաբար ուղղվում է.
. արտերկրում անշարժ գույքի ձեռքբերմանը,
. ներդրումներին մերձավոր և հեռավոր արտերկրի տնտեսություններում. Արաբական Միացյալ Էմիրությունների, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և Ռուսաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերում, զբոսաշրջության և այլ ոլորտներում, առանձնատներ, գործարաններ, անշարժ գույք, հանգստյան տներ են ձեռք բերվում կամ կառուցվում, որն ավելի շահութաբեր է: Մինչդեռ ներդրումների խիստ պահանջ կա նաև մեր երկրում, և դրանք խիստ սահմանափակ են: Անցյալ տարվա տվյալներով` մեկ միլիարդ դոլարից ավելի արտասահմանյան ներդրումներ են կատարվել Հայաստանում, բայց դրանից ավելին դուրս է եկել երկրից,
. վճարային հաշվեկշիռը վերջին տարիներին բացասական մնացորդով է փակվում, ըստ որում, պակասուրդը գնալով աճում է: Նույնը առևտրային հաշվեկշռում է. այս տարի արտահանման աճի տեմպերն ավելի քան երեք անգամ զիջում են ներմուծման աճի տեմպերին,
. անձնական տրանսֆերտներ:
Այն ճյուղերը, որոնք հանքարդյունաբերության, մեքենաշինության, սարքաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի, թեթև արդյունաբերության, ծառայությունների ոլորտի, քիմիայի և ոսկերչության հաշվին կոչված են ապահովելու տնտեսական աճ, իրենց գերակշիռ մեծամասնությամբ մրցունակության էական բարձրացման կարիք ունեն:
Մեր համոզմամբ, կարևոր էր կառավարության կողմից կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտները որպես գերակա ոլորտներ հռչակելը: Այն կարող է հստակություն մտցնել նաև ազգային մրցակցային առավելությունների բացահայտման և դրանց իրացման հարցում: Ի վերջո, ինքնանպատակ չի կարող լինել արժութային քաղաքականությունը, չի կարելի անընդհատ «հաշվել»` Կենտրոնական բանկը ճի՞շտ արեց, թե՞ սխալ: Մեզ ավելի շատ պետք է մտահոգի, թե ուր է գնում երկիրը, ինչին են ծառայում արժութային, դրամավարկային, հարկային, մաքսային քաղաքականությունները:
Ի՞նչ պետք է ակնկալել պետությունից, կառավարությունից, երբ ասում ենք, որ միայն Կենտրոնական բանկը չէ, ապա ո՞վ և ի՞նչ պետք է անի: Այսօր ներմուծողներից շատերը ստանում են ոչ միայն շահույթ, ստվերային շահույթ կամ մաքսանենգ ստվերային շահույթ, այլև դրան հավելած զգալի գերշահույթ, ինչը պայմանավորված է դրամի արհեստածին արժևորմամբ: Մեր համոզմամբ` պետությունը, ի դեմս ֆինանսների նախարարության և հարկային մարմինների, պետք է հստակեցնի, հաշվարկի և հարկի գերշահույթը: Եվ քանի որ ներմուծողներն այնքան բարեխիղճ չեն, որ կամավոր իջեցնեն գները, ինչն ինքնաբերաբար պետք է տեղի ունենա (որովհետև երբ արժևորվում է դրամը, գներն անպայման պետք է իջնեն), որպեսզի ազգային արժույթի գնողունակությունը պահպանվի: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն պետք է գործածել տնտեսական հարկադրանքի լծակները և հարկել ներմուծումից ստացված գերշահույթը: Ի վերջո, սա է ելքը` չկործանելու տեղական արտադրությունը: Այն արտադրությունը, որը կոչված է որոշ չափով փոխարինելու ներմուծմանը և կրճատելու առևտրային հաշվեկշռի մի քանի անգամ գերակշռող բացասական մնացորդը` ի վնաս արտահանման: Բարեբախտաբար, 2012 թ. առաջին եռամսյակում առաջին անգամ արտահանման աճի տեմպերը 32 % կազմեցին: Հիշեցնենք, որ 2008 թ. ընթացքում արտահանման աճի տեմպեր ընդհանրապես չեն գրանցվել: Ավելին, դրանք բացասական էին, իսկ ներմուծման տեմպերն արձանագրեցին արագանցիկ աճ:
Չնայած տնտեսության մեջ նկատվող դրական միտումներին, ճգնաժամի փուլում առաջ եկած ռիսկերի մի որոշակի խումբ դեռևս պահպանվում է և կարող է շարունակվել` պայմանավորված ոչ միայն ներքին, այլև տարածաշրջանային զարգացումներով: Ստեղծված իրավիճակում հայ գործարարներին պետք է բացատրել ինչպես պաշտպանել իրենց պայմանագրերը` հեդջավորման և այլ միջոցներով ու մեխանիզմներով: Սրանք շատ կարևոր են:
Ի վերջո, ի՞նչ հավելյալ գործոններ կարող են ազդել դրամի արժեզրկման կամ դրա արժևորման վրա, եթե այն բոլոր գործոնները, որ վերը հիշատակվեցին, դիտարկվեն դինամիկայի մեջ:
Կարծում ենք, դրամի արժեզրկման գործընթացը կարող է նպաստել արտահանման կարողության աճին և արտահանման ծավալների ավելացմանը` տեղական արտադրությունների մրցունակության մակարդակի որոշակի աճի պայմաններում միայն: Այն պետք է նաև իր որոշակի դերը խաղա ազգային մրցակցային առավելությունների բացահայտման և իրացման գործում: Որպես հետևանք, կարելի է ակնկալել նաև երկրի վճարային և առևտրային հաշվեկշիռների բարելավման գործընթաց` տնտեսության և դրա առանձին ճյուղերի մրցունակության բավարար մակարդակի ձեռքբերման պայմաններում:
Այսպիսով, ակնհայտ է, որ պետք է ակնկալել առնվազն երկու փոխկապակցված գործընթաց: Ակնհայտորեն, փոխարժեքի անկումը պետք է լինի կառավարելի և աստիճանական: Միայն այս պարագայում հնարավոր կլինի խուսափել նման իրավիճակների համար դժվար կառավարելի խուճապից, ինչպես նաև ֆինանսական ու տնտեսական ցնցումներից:
Միայն նշված քայլերը հնարավորություն կտան ոչ միայն կայունություն հաղորդելու ազգային տնտեսությանը, դրա հետագա հնարավոր աշխուժացման միտումներ ձևավորելու համար, այլև առաջին լուրջ քայլերն անելու համաշխարհային տնտեսությանը երբևէ ինտեգրվելու առումով և ներդաշնակություն ստեղծելու աստիճանաբար իր իրական արժեքին մոտեցող ազգային դրամի և վաղուց արժեզրկվող համաշխարհային փոխարկելի արժույթների միջև:


Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 5341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ