ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդվարդ Նալբանդյան. 2018-ին ակնհայտ էր, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից ու զարգացումներից հեռանալը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ

Էդվարդ Նալբանդյան. 2018-ին ակնհայտ էր, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից ու զարգացումներից հեռանալը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ
30.11.2020 | 23:05

ՀՀ նախկին (2008-2018թթ.) ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում արցախյան հակամարտության կարգավորման գործընթացն ու զարգացումները: Նալբանդյանի խոսքով՝ իր՝ պաշտոնից հեռանալու պահի դրությամբ՝ 2018 թվականին, ակնհայտ էր, որ այս ամենից հեռանալը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Նախկին ԱԳ ծնախարարը պատասխանել է Sputnik Армения-ի հարցերին:


- Պարոն Նալբանդյան, այսօր Հայաստանում բուռն քննարկվում են Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմին, դրա հետևանքներին, կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր: Ոչ պակաս հետաքրքրություն է առաջացնում և կարգավորմանն ուղղված բանակցությունների նախորդած ժամանակաշրջանը, մասնավորապես՝ այնպիսի պարամետրերի վերաբերյալ, ինչպիսիք են տարածքների վերադարձը, ԼՂ կարգավիճակը, ԼՂ-ն և ՀՀ-ն կապող միջանցքը, անվտանգության երաշխիքները: Կարո՞ղ եք այս պարամետրերի վերաբերյալ բանակցային գործընթացի որոշ մանրամասնել ներկայացնել:
- Ինչպես արդեն նշել եմ այս տարվա հոկտեմբերի 15-ին ձեր խմբագրության կողմից հրապարակված իմ հոդվածում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերը, որոնք բանակցությունների առարկա են դարձել կողմերի միջև, նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում` կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրականացման միջոցով, կրկնում եմ` կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման միջոցով: Հայտնի է, որ առանցքային դերը միջնորդական ջանքերում 2008-2018թթ. Ռուսաստանը խաղում էր համանախագահող երկու այլ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լիակատար աջակցությամբ: Կողմերի միջև բանակցությունների առարկա դարձած վերջին աշխատանքային փաստաթուղթն այն փաստաթուղթն էր, որը, ինչպես ես ընդգծել եմ իմ հոդվածում, ներկայացվել է 2011-ի հունիսին` Կազանում կայացած գագաթաժողովում: Բայց նույնիսկ դրանից հետո՝ 2011- 2018, շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները. 10 գագաթաժողով, ԱԳ նախարարների երեք տասնյակ հանդիպումներ, տասնյակ առանձին հանդիպումներ համանախագահող երկրների դեսպան-միջնորդների հետ: Չնայած այս ժամանակահատվածում Ռուսաստանի և համանախագահող երկրների առաջարկած զարգացումները «աշխատանքային փաստաթղթեր» չդարձան, այդուհանդերձ, դրանց հիման վրա ստեղծվել է ամուր հիմք, որում ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ մոտեցում: Այս մոտեցումը, տարբեր տատանումներով, ներառում էր Կազանի փաստաթղթում պարունակվող բոլոր բաղադրիչները: Միևնույն ժամանակ, հայկական կողմը հայտարարել է, որ այն գործնականում համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը: Կազանում նախատեսված չէր որևէ փաստաթղթի ստորագրում: Խոսքը վերաբերում էր Հիմնական սկզբունքների տեքստի բանավոր համաձայնությանը, և միայն Լեռնային Ղարաբաղի կողմից այն հաստատելուց հետո նախագահները պետք է հանձնարարեին ԱԳ նախարարներին՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ պատրաստել հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի նախագիծ:


Ինչի մասին էր խոսքը Կազանյան փաստաթղթում
Խոսքը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման (ոչ թե ճշտման) մասին էր: Նախատեսվում էր, որ վերջնական կարգավիճակը կորոշվի համազգային քվեարկության միջոցով`արտահայտելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը, ինչը իրավաբանորեն պարտադիր է: Միևնույն ժամանակ, շեշտվել է, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչ մի բանով չի սահմանափակվի՝ ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրություն: Քվեարկությանը մասնակցող ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում էր ցանկացած ազգության անձինք այն նույն համամասնությամբ, որը ԼՂ-ում կար 1988թ.՝ մինչ հակամարտության սկսվելը (խոսքն այստեղ միայն քվեարկությանը տոկոսային համամասնության մասին էր և ոչ թե որևէ այլ բանի): Իր վերջնական կարգավիճակը որոշելուց առաջ Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ դրա բոլոր ձևերի մանրամասն նկարագրությամբ` ներառյալ իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների ձևավորում և գործունեություն, դատարանների, իրավապահ ուժերի ստեղծում և գործունեություն, պայմանագրով նախատեսված ոլորտներում արտաքին հարաբերությունների իրականացում, օտարերկրյա ներդրումների հասանելիություն և մուտք միջազգային շուկաներ, ինչը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս»:


Անվտանգության երաշխիքներ
Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմաստիճան երաշխիքներ. Ադրբեջանի պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ չկիրառելու վերաբերյալ, միջազգային խաղաղապահ գործողություն՝ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, Հայաստանի դերի ճանաչում որպես ԼՂ անվտանգության երաշխավոր, ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովում, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքներ և այդ նպատակով նաև ընդունված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձև:


Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք
Վերջնական կարգավիճակի որոշումից առաջ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ապահովեին և լուծեին անվտանգության և միջանցքի օգտագործման բոլոր հարցերը` ելնելով խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին գոյություն ունեցող ստատուս-քվոյի պայմաններից: Այս միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համատեքստում:


Տարածքների վերադարձ
Փաթեթային համաձայնագրի շրջանակներում այնպիսի պարամետրերի վերաբերյալ, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի սահմանումը, միջազգային և այլ հստակ երաշխիքներից և անվտանգության քայլերից, խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո նախատեսվում էր հինգ շրջանների վերադարձ: Լաչինի և Քարվաճարի շրջանների ոչ միջանցքային մասի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար համազգային քվեարկություն անցկացնելու կազմակերպչական հարցերի համադրման հետ միասին: Միևնույն ժամանակ նշվել է, որ կողմերը ձգտելու են համակարգել այդ հարցերը այնպես, որ համապատասխան համաձայնագրերը սկսեն կիրառվել խաղաղության համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց 5 տարի անց:
Սկզբունքորեն կարևոր է, որ Հայաստանի և համանախագահների դիրքորոշումները գործնականում համընկնում էին: Իսկ Ադրբեջանը, չհամաձայնելով, գործնականում հակադրվում էր միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այսինքն՝ միջազգային հանրությանը:
2018-ի մայիսին թողնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ ես նշեցի, որ կարևոր է շարունակել ջանքերը՝ պահպանելու, համախմբելու և հետագայում բարելավելու համար այն ամենը, ինչ կուտակվել է այս տարիների ընթացքում բանակցային գործընթացում ՝ խաղաղ կարգավորման հասնելու համար:
Պարզ էր, որ այս ամենից հեռանալը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Նույն կարծիքի են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ