ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է
Շատերն էին պնդում՝ ԲՀԿ-ն անչափ լրջորեն է պատրաստվում Երևանի քաղաքապետական ընտրություններին:
Որպես օրինաչափություն, ԲՀԿ-ն բավականին հետաքրքիր է արձագանքում շուրջը տեղի ունեցող զարգացումներին: Իմպուլսիվ, իսկ շատ հաճախ՝ պրագմատիկ մարտավարությամբ: Եվ դա՝ թե՛ տնտեսական ճգնաժամին, թե՛ գեոպոլիտիկ զարգացումներին, թե՛ առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրություններին առնչվող: Հմտորեն համակցելով հաճելին օգտակարի հետ:
Գաղտնիք չէ, կենսունակ են այն կուսակցությունները, որոնք կարող են ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում սերնդափոխության հավերժական դիլեման պտույտի մեջ պահել:
ՈՒ թե առավել գլոբալ նայենք հիմնախնդրին, ապա ողջ աշխարհով մեկ, գեոպոլիտիկ-տնտեսական վերադասավորություններին զուգահեռ՝ ընթանում է նաև քաղաքական արյան թարմացման գործընթաց (Մեդվեդև-Օբամա «համակցությունը» ևս այդ արտահայտություններից է), իսկ Հայաստանը կարծես հետ է մնում սերունդների երկխոսության այդ գործընթացից: Բայց դա՝ առաջին հայացքից, որովհետև մեզանում նույնպես խորքային գործընթացներ են տեղի ունենում:
Քաղաքական այլ ուժերի ներքին շերտերում ընթացող տեսանելի-անտես այդ գործընթացի մասին՝ մեկ այլ առիթով, այս պահին՝ ԲՀԿ-ի մասով:
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մեկնարկած ԲՀԿ-ի ձեռնարկը հետաքրքիր էր նախ և առաջ այն առումով, որ մի շարք փորձագետներ պնդում էին, թե քաղաքապետական առաջիկա ընտրությունները, չի բացառվում, վերածվեն կոալիցիոն ապահարզանի, որովհետև իշխանություն կազմող ուժերը կարծես թե վեկտորալ տարրալուծումներ գրանցեցին վերջին մեկ տարվա ընթացքում:
Դիտարկելով այս հանգամանքը, այդ թվում և իշխանական ուժերի նախընտրական մարտավարության ամպլիտուդը, ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն նախապատրաստվում է դասական քարոզարշավի, հետևաբար՝ ընտրությունների, ի տարբերություն մնացյալ մերձիշխանական ուժերի, որոնք դեռ քարոզարշավը չսկսած՝ բավականին «էկզոտիկ» գործելաոճ են որդեգրել:
Ասել է՝ ԲՀԿ-ն փորձում է սեփական ձայները վաստակել սեփական քրտինքի և ոչ թե հայտնի, հազար անգամ փորձարկված քաղտեխնոլոգիաների միջոցով, սկսելով սերնդափոխության ապահովման սելեկցիոն գործընթացից:
Այսպիսով, երեկ, երբ այլ քաղաքական ուժեր ինչ-ինչ հայտարարություններ էին անում, նույն ժամին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մոտ հազար երիտասարդներ բավականին ներկայացուցչական պայմաններում երդվեցին, որ անդամագրվում են «Բարգավաճին»՝ «կատարելու կուսակցական համագումարների և վերադաս մարմնի որոշումները, ակտիվորեն մասնակցելու կուսակցական շինարարության աշխատանքներին…»:
Փորձեցինք ճշտել՝ որքանո՞վ են անկեղծ երդվյալները. ի դեպ, նրանք հազարից ավելի ուսանողներ էին՝ ՀՀ 17 պետական և մասնավոր բուհերից: ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ. «Ծաղկաձորից եմ, սովորում եմ Երևանի պետական համալսարանում, չորրորդ կուրս եմ։ Գիտեք՝ շատերն են մի տեսակ վերապահումով մոտենում մեր մոտեցմանը, ասել է՝ այսքան էնտուզիազմով ԲՀԿ-ի անդամակցմանը, բայց ստիպված եմ Ձեզ ևս հիասթափեցնել. ինձ համար այսօր իսկապես կարևոր օր է, որովհետև անդամակցում եմ մի կառույցի, որը երիտասարդներին դաշտ՝ կայացման «ֆրոնտ» է տրամադրում, և պետք է ընդամենը այդ դաշտն օգտագործել՝ ի շահ թե՛ մեզ, թե՛ երկրի։ Ես այս տարի ավարտում եմ համալսարանը, և եթե հնարավորություն ունենայի համոզվելու, որ կուսակցական լինելը մեզանում լոկ գրանցված-կուստոմսի ֆակտոր չէ, այլ նաև գործող ստատուս է, առաջին կուրսից կանդամագրվեի այս կուսակցությանը. ԲՀԿ-ն քաղաքական կառույց է, որը հնարավորություն է տալիս երիտասարդին ինքնադրսևորվելու, տեսակետներն անկաշկանդ արտահայտելու, այստեղ հնարավորինս սինխրոն են ազատական՝ լիբերալ, և առավել ընկերավարական մոտեցումները, ինչն այս պահին շատ կարևոր է, երբ աշխարհում գլոբալ տնտեսական ճգնաժամ է, և սոցիալիստական գաղափարները կրկին պահանջարկ ունեն։ Ի դեպ, Ձեզ ասեմ, որ ես լիբերալ հայացքների կրող եմ, սակայն, երևի գիտեք, ԲՀԿ-ն բավականին տարողունակ կուսակցություն է՝ սոցիալական սպեկտրների առումով ևս, և կարողանում է ընդգծված սոցիալական քաղաքականություն իրականացնել, ինչը նույնպես անչափ կարևոր է»:
ՈՒ մինչ կհասցնեինք նորագիր ԲՀԿ-ական երիտասարդի հետ հիշել, թե ԲՀԿ-ի հնաբնակները՝ «ծերակույտն» այդ առումով օրենսդրական ինչ որդեգրումներ է դրսևորել, մեր զրույցին «խառնվեց» ԲՀԿ-ի երիտասարդական թևի առաջնորդ ՎԱՀԵ ԷՅՖԱՋՅԱՆԸ (հիշում եք՝ տեղեկացրել ենք, չի բացառվում` նա առաջիկայում դառնա պատգամավոր, Ավետ Ադոնցի՝ Բրյուսելում դիվանագիտական աշխատանքի անցնելուց հետո… եթե ոչ անհայտ Ռուբեն Գևորգյանը հրաժարվի պատգամավորական մանդատից), և ուրեմն՝ Վահե Էյֆաջյանը, նախ, տեղեկացրեց, որ ողջ Հայաստանով մեկ ԲՀԿ-ի երիտասարդական թևն ընդգրկում է մոտ հիսուն հազար երիտասարդներ, և որ՝ երիտասարդական քաղաքականությունը ոչ միայն ԲՀԿ «ծերակույտի», այլև իրենց՝ երիտասարդների համար ռազմավարական նշանակության խնդիր է, և հպարտությամբ նշեց, որ կառավարության ստեղծած «Երիտասարդական պետական քաղաքական ռազմավարական» ծրագրում իրենց կողմից առաջարկ էր եղել՝ երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ տրամադրելու դրույթ ավելացնել, և կառավարությունը «էնտուզիազմով» համաձայնել է:
Ի դեպ, երեկ «Արմենիա-Մարիոթ»-ում մթնոլորտը երիտասարդական էր ոչ միայն դինամիզմի, անկաշկանդ խոսք ու զրույցի, էնտուզիազմի, արյան թարմացման, ԲՀԿ-ին անդամագրվողների մեջ երիտասարդ ուսանողուհիների (վերջիններս էլ թե՝ «ԲՀԿ-ն, որպես կուսակցություն, առանձնանում է կանանց ու աղջիկների հասարակական դերի բարձրացման իր մոտեցումներով»), այլև իսպառ բացակայում էին ԲՀԿ հնաբնակները, ծերակույտի ներկայացուցիչները: Միակ հնաբնակ-«ծերը», որ աչքներովս ընկավ, ԲՀԿ ԱԺ ֆրակցիայի քարտուղար Արամ Սաֆարյանն էր, վերջինս էլ թե՝ «ես ինչ ծեր, ընդամենը 47 տարեկան եմ»:
Իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով իր կուսակցության նորագիրներին, ասաց. «Տեսնելով ձեր աչքերի փայլը, ես իսկապես շատ եմ հուզվում, որովհետև դա անչափ պարտավորեցնող է. ես իսկապես շատ ուշադիր եմ լինելու յուրաքանչյուր կուսակցականի, մանավանդ՝ երիտասարդ ԲՀԿ-ականի նկատմամբ, ևս մեկ անգամ ապացուցելու եմ, որ, այո՛, իմ խոսքը, իրոք, գործ է: Այսօր դուք դարձաք «Բարգավաճի» վստահելի գործընկեր, ու մենք միասին պետք է իրականացնենք մեր ծրագրերը՝ բարգավաճման տանելով մեր երկիրը, մեր ժողովրդին, և ես մեկ անգամ ևս հավատացնում եմ ձեզ՝ այն ձգտումը, եռանդը և, իհարկե, վստահությունը, որ ձեր մեջ կա՝ հանուն մեր երկրի, ժողովրդի, քաղաքամայր Երևանի, ԲՀԿ-ում բազմապատկվելու է»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ