ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՜ՒՄ ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ
-Ի՞նչ նկատի ունեիք «ոչ ստանդարտ լուծումներ ասելով»,- հարցրել էր «Իրավունքը de facto»-ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` վերջին ասուլիսի ժամանակ:
-Մենք պետք է խուսափենք կաղապարներից, պետք է նոր լուծումներ գտնենք, ավելի շատ մտածենք կառուցողական քայլերի, քան հոխորտալու, ստատուս-քվոն պահպանելու, եղած խնդիրներն ապագային թողնելու մասին։ Շատ պարզ բան եմ ասել, իմ ասածի մեջ գաղտնի բան չկա։ Յուրաքանչյուր մարդ, ղեկավար պետք է պատրաստ լինեն, և այս պարագայում տարածաշրջանում տեսնում եմ այն ղեկավարներին, ովքեր պատրաստ են այդ ստանդարտներից դուրս լուծումներ փնտրելուն և գտնելուն,- պատասխանել էր Սերժ Սարգսյանը:
Ոնց տեսնում եք` Սերժ Ազատիչը բավականին «հանրամատչելի» բացատրում է «ոչ ստանդարտը» ու անմիջապես «հասկանում ես»` ինչի մասին է խոսքը: Եվ եթե կոդավորված «ոչ գաղտնի այս բաները» «գաղտնազերծենք», կունենանք հետևյալը:
Ասվում կամ «լսեցվում» է` ստատուս-քվոն ղարաբաղյան, հայ-թուրքական հարցերում շարունակելն անիմաստ է, նոր լուծումներն առաջիկայում չեն բացառվում: Ինչն ասվում-«լսեցվում» է ներքին, բայց հատկապես արտաքին ականջի համար:
Ներքին. ստատուս-քվոն պահպանելու, խնդիրներն ապագային թողնելու «մեսիջն» ուղղված է, իհարկե, նախորդ վարչակազմին, իմա` Ռոբերտ Սեդրակիչին և մերձակիցներին: Հիշենք, որ «ինքը»` Ռոբերտ Սեդրակին, Գյուլին ֆուտբոլ նայելու չէր հրավիրի: Ոչ մի դեպքում: Մի քիչ էլ` Օսկանյան Վարդանի սիլուետն է հեռվում ծածանվում. վերջինս գիրք գրել-պրեզենտացնելու տեսքով օրերս «երևաց» հայ բազմաչարչար հանրության աչքին և ժողովրդական բառերի կույտին զուգահեռ բարբառեց նաև. «ինքը» ժամկետ կնշանակեր սահմանի բացման համար: Ասենք` հարյուր տարի (այդքան ըստ «իր» արտաքաղաքական թեզի` հնարավոր է մեկուսացած զարգանալ):
Ի դեպ, պարոն Օսկանյանի երևակումը հատկապես այդ օրերին հենց այնպես չէր։ Որոշ «չար» լեզուներ պնդում են, որ այդ նույն օրերին Ռուսաստանից փորձագետների խումբ է եկել Հայաստան և «փորձել» է հասկանալ, թե ինչպես է ընկալվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հայաստանյան «գետնին» վրա, որովհետև Սերժ Սարգսյանի «ոչ ստանդարտ» լուծումների խիստ անմեկնելի ու անքննելի ֆրազիրովկան կասկածի ցեց է «առաջացրել» նաև Ռուսիո անհանգիստ հոգում, և վերջինս որոշել է, որ այս փուլում Սերժ Ազատիչի վրա «պետք» է մահակ կարգել մի քանի «վեկտորներով», որպեսզի նա հատկապես ռուսաստանյան «ոչ ստանդարտ» լուծումներին ասի` հա՜: Եվ ոչ` ամերիկյան:
Սա` հայ-թուրքական դիվանագիտական «գետնին» վրա:
Իսկ ահա ղարաբաղյան հարցում շատերը, անգամ Ռ. Քոչարյանի երեկվա «соратник»-ները, պնդում են, որ Քոչարյանն իրականում այնպիսի ժառանգություն, պայմանավորվածությունների բլոկ է թողել, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը, որն այն 5-6-ի մեջ էր, ովքեր տեղեկացված էին ղարաբաղյան բանակցությունների նրբություններին, ափիբերան է մնացել, երբ որպես նախագահ «մոտիկից» ծանոթացել է «իրերի» վիճակին և ապշել է, թե որքան իրականությունը չի համապատասխանում «ներկայացվածին»:
Եվ ուրեմն` հարցնում եք` ո՞ւմ նկատի ունի Սերժ Սարգսյանը, երբ ասում է` պետք է ավելի շատ մտածենք կառուցողական քայլերի, քան հոխորտալու մասին։
«Չգիտե՛նք»:
Կարծում եք` էլի Քոչարյանի՞ն: Բայց չէ՞ որ նախորդ օրը նաև դաշնակցությունը, առավել ստույգ` նման պահերին հոխորտալ սիրող ընկեր Հրանտն էր «այդ բանն անում»: Բայց դե, ինչպես ասում են` «не было бы счастья, да несчастье помогло»։
Այո, հասանք արտաքին «ականջին»: Դաշնակցական այդ հոխորտանքն այս պահին իսկապես «ոչ ստանդարտ» լուծում էր Ալիևից հետո Մոսկվայում հյուրընկալված Սերժ Ազատիչի համար: Ազատիչը Մոսկվայում կասի` Դմիտրի Անատոլևիչ, մի՞թե չեք տեսնում, չեք լսում, թե սփյուռս աշխարհի ազգայնական այդ ուժն ինչպես է դեմ արտահայտվում «ստորագրվելիք» գործընթացներին:
Այո՛, Մյունխենում ասելով, թե պատրաստ է կարծրացած, կաղապարների վերածված խնդիրներում լուծումների գնալու, Սերժ Սարգսյանը մտքի խորքում նկատի է ունեցել նաև հանգամանքը, որ այդ պահն այնքան էլ շուտ չի գա այն պարզ հաշվարկի համաձայն, որ գլոբալ խաղացող գերտերությունները երբեք (լավ, չասենք` երբեք, գոնե` հիմա), երբ տարածաշրջանում այնպիսի խառնակ վիճակ է, որ նույնիսկ իրենք` գլոբալ խաղացողները չեն կարողանում մինչև վերջ թելերն իրար վրա հավաքել, չեն գա համաձայնության:
Գաղտնիք չէ` պաշտոնական Մոսկվան նույնքան պաշտոնական Վաշինգտոնին ասում է` հա՜, համաձայն եմ, որ մայիսի 7-ին Պրահայում «պրահյան գործընթացը» վերջապես տրամաբանական ավարտին հասցվի` ստորագրվող փաստաթղթի տեսքով, սակայն մտքում ունի գործընթացը, գրական ասած` ստատուս-քվոն շարունակել գոնե մինչև հունիսի վերջ, որպեսզի ոչ ստանդարտ փաստաթուղթը ստորագրվի հատկապես Սանկտ Պետերբուրգում` իր պապայությամբ, Ղարաբաղը տալու, Ադրբեջանն ամբողջովին իրենով անելու դիմաց:
ՈՒ պարոն Մեթյու Բրայզան (տեսնես էս տղան Հարավային Կովկասից հեչ տուն գնո՞ւմ է, էն օր-մյուս օրը չէ՞ր` ամուսնացավ գեղեցկատես Զեյնո Բարանի հետ), մայիսի 7-ին ընդառաջ, շտապում է հայոց ընդդիմադիրների մոտ, թե` բա չեք ասի, տղե՛րք, հարցերի լուծման ուղիները գտնված են, Ռուսաստանն էլ է համաձայն, Իրանն էլ, ինչ կլինի` մի՛ խանգարեք, էլ մի դուրս եկեք Հյուսիսային պողոտա` զբոսնելու, թող Սերժ Ազատիչը հանգիստ գնա Մոսկվա, վերադառնա, գնա Պրահա, թուղթը ստորագրի: Ընդդիմադիրներս էլ` քո խաթեր համար, սիրելի Բրայզ (Բրայզային մտերմիկ մի ժամանակ այդպես անվանում էր Արամ Զավենիչը), երկու օր չենք խանգարի:
Հետո կխանգարեն: ՈՒ էլի ամեն բան կլինի «ոչ ստանդարտ», որովհետև հյուսիսային ընդդիմադիր այդ զբոսանքների մասով թե՛ Մոսկովին, թե՛ Վաշինգտոնին կասվի` էն դաշնակները քիչ էին, էն Համոն թաքուն մածունը կերավ (սա երևի Օսկանյանի մասով կասվի), չե՞ք տեսնում, էնտեղ էլ ոնց է ընդդիմությունը հունիսի մեկին «նախապատրաստվում», «վո՜ւնց ստորագրինք իդ բարաթը»:
Բայց դա Սերժ Ազատիչի ամենամեծ «ոչ ստանդարտ» լուծումը չէ, որ կլինի: Ամենամեծ արգումենտն այս ողջ խաղում ղարաբաղյան քաղաքական ուժերի նախորդ օրն ընդունած հայտարարությունն էր` Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ: «Ա»: Եվ «բ». չէ՞ որ ցանկացած ոչ ստանդարտ փաստաթղթի տակ պետք է լինի նաև Ղարաբաղի ստորագրությունը, իսկ ղարաբաղյան կողմը դեռ կես միլիմետր իսկ չի մոտեցել բանակցային սեղանին: Եվ վերջապես` «գ». որ մոտեցավ, ի՞նչ կլինի. ա՜յ սա ընդհանրապես «ոչ ստանդարտ» խոսակցություն է:
Ընդ որում, սա էլ ամենը չէ: Հասկանալի է, Ռուսաստանը բոլոր դեպքերում մտածում է, որ Հայաստանը փախչելու տեղ չունի: Ճիշտ է, այդ «մտահոգությունը» մայր Ռուսաստանը փաթեթավորում է խոստացվող, ընդ որում մի քանի անգամ մեզ վրա «ծախվող», բայց այդպես էլ դեռ չտրամադրված 500 մլն դոլարի «պատկերով», բայց, արի ու տես, Հայաստանը նույնիսկ այս դեպքում «ոչ ստանդարտն է». նա մասնակցում է Ռագոզինի, Պետդումայի հայազգի պատգամավոր Սեմյոն Բաղդասարովի (դե՛ բարև, էլի՛, պարոն հայ) այնքա՜ն ատած Վրաստանում մայիսի 6-ին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ական զորավարժություններին:
Պատկերացնո՜ւմ եք, տղե՛րք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ