«ԵԹԵ ՔԱՐՎԱՃԱՌԸ ՉՄԱՔՐԱԳՈՐԾԵԻՆՔ, ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, հնագետ, հրապարակախոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ծնվել էր Հայաստանից հեռու՝ 1957 թ., ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու գտնվող Վայսելիա ավանում, որտեղ անողոք ճակատագրի թելադրանքով իրենց օջախն էին հիմնել Չառլզ և Զաբել Մելքոնյանները՝ իրենց բնօրրան Մարզվանի ու Խարբերդի Խարաձոր գյուղերի կարոտն ամփոփած հոգու խորքերում։ Խորապես հետաքրքրված լինելով հայ ժողովրդի պատմությամբ՝ տակավին վաղ հասակից Մոնթեն հետաքրքրվել է հայ ժողովրդի պատմությամբ, ուսանողության տարիներին ուսումնասիրել է նրա ծագումը և ավարտաճառ գրել ՈՒրարտուի ժայռափոր դամբարանների մասին, որը պաշտպանել է 1978 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։ Մոնթե Մելքոնյանին գիտնականի փայլուն ապագա էր սպասում, սակայն Հայկական հարցի հրամայականը նրան ստիպեց բռնել վտանգալի, տատասկոտ, բայց հայրենիքի ոտնահարված իրավունքների համար պայքարելու վսեմ ուղին, որն ի վերջո նրան հասցրեց Հայոց աշխարհի Արցախ նահանգ, որտեղ լավագույնս դրսևորվեցին մեծ հայրենասերի ազգային-ազատագրական պայքարի ու ռազմական գործի իմացության փայլուն որակները։
Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթեն 1993 թ. մարտին իր զորաջոկատով մասնակցեց Մարտակերտի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման գործողությունը՝ Արցախի կողմից։ Մարտի 27-ից ապրիլի 2-ը նրա ղեկավարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը։ Ահա թե ինչ է ասել նա այդ առնչությամբ. «Մենք վերատիրացանք մեր տներին ու կալվածքներին։ Քարվաճառը պարզապես ազերիների ռազմական մի կայան էր և զինամթերանոց։ Եթե շրջանը չմաքրագործեինք, հայերի համար Ղարաբաղը գոյություն չէր ունենալու։ Մեր պայքարը հարձակողական բնույթի չէ, գոյատևման հարց է»։
2020 թ. նոյեմբերի 25-ին Քարվաճառը հանձնվեց ոսոխին, որը 1993-ին խոնարհվել էր հայ զինվորի հզորության առջև։ Ծանր է, ցավալի, բայց բոլոր երկրների պատմության մեջ էլ եղել են վերելքի ու նաև անկումի պահեր։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից, հզորացնենք երկիրը, հզորացնենք բանակը, որն այս տարածաշրջանի և մեր հայրենիքի անվտանգության հուսալի երաշխիքն է։ Այսօր Մոնթեն վերստին հիշեցնում ու հուշում է մեզ. «Պետք է ըսեմ, որ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է, որ կրնա մի քանի տասնյակ տարի հետո նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացում։ Եթե գրավեն Արցախը, հաջորդ տեղը Զանգեզուրն է։ Բոլորս գիտենք, որ Զանգեզուրի վրա հողային պահանջ ունին, պատերազմը կշարունակվի Զանգեզուրի վրա։ Եթե Զանգեզուրը վերցուցին, բոլորիս համար հստակ է, թե ինչ պիտի նշանակե մեր հայրենիքի համար։ Ամեն մարդ պետք է զգա, թե ինչքան կարևոր է ասիկա, և ամեն մարդ պետք է ամեն ինչ ընե, որ շուտ վերջացնենք այս պատերազմը»։
«ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԱՎՈ ԼԻՆԻ»
1997 թվականին ծառայության անցա ՀՀ ՊՆ հրատարակչությունում որպես խմբագիր։ Միաժամանակ շարունակում էի հերթական արձակուրդի ժամանակ լինել Արցախում, այցելել սահմանամերձ գյուղեր, առանձնապես Մարտունու շրջան՝ գրառելու համար Մոնթեի մասին նրա զինակիցների, զինվորների, նրա ճանաչած պարզ, հասարակ մարդկանց հուշերը։ Այդպես ծնվեց «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» վերնագրով գիրքս ԼՂՀ Մարտունու պաշտպանական շրջանի լեգենդար հրամանատար, մարտունեցիների սիրելի Ավոյի մասին։
2007 թվականն էր, ամռան վերջը։ Մոտենում էր Մոնթեի ծննդյան 50-ամյակը։ Մի օր զանգահարեց Մոնթեի զինյալ պայքարի գաղափարակից, մտերիմ ընկեր Ալեք Ենիգոմշյանը և ասաց, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երկու քանդակագործ կերտում են Մոնթեի կիսանդրին, որը տեղադրվելու է Հաղթանակի զբոսայգում։ Լավ կլինի, որ վերադաս ղեկավարից թույլտվություն վերցնեմ՝ Մոնթեի մտերիմ զինընկերների հետ քանդակագործների արվեստանոց այցելելու համար. գուցե թե մեր կարծիքներով օգտակար լինենք, որպեսզի նրանք ավելի տիպական ու բնորոշ գծերով ներկայացնեն ժողովրդի սիրելի հրամանատար Մոնթեի կերպարը։
Համեստ, շնորհալի մարդիկ էին քանդակագործները։ Հետաքրքրված, ուշադիր ունկնդրում էին Մոնթեի ընկերների՝ դեռևս անավարտ կիսանդրու առջև դիմագծերի արտահայտչականության վերաբերյալ քննարկումները, կռվի ահեղ օրերին ամենաանել իրավիճակներում հրամանատարի համարձակ, ֆանտաստիկ թվացող ծրագրերի ու դրանց միշտ հաղթանակով պսակվելու, թշնամու վրա սարսափ տարածող և արդեն իսկ կենդանության օրոք լեգենդ դարձած Ավոյի՝ մարդկանց հանդեպ ունեցած հավատի մասին հուշերը, առօրյա մարդկային հարաբերություններում գրեթե մանկան պարզության ու ազնվության մասին ժպիտ կորզող դրվագները։ Քանդակագործներից մեկը, խոսակցությանն ականջալուր, իսկույն մատների ճկուն ու թեթև հպումներով շտկումներ էր անում, և ակնթարթորեն Մոնթեի դեմքն ավելի իրական, զորեղ, հարազատ ու մտերմիկ երևույթ էր առնում։
...Հաղթանակի զբոսայգում ծննդյան խոսուն հոբելյանի առթիվ զորավար Մոնթե Մելքոնյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու էին եկել նաև Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի կամավորական մարտիկներ, նորաստեղծ կանոնավոր բանակի սպաներ, Երևանից՝ տիկին Արփիկը, ում Մոնթեի Հայաստանյան մայր անունն էին տվել՝ նրա հանդեպ մայրական հոգատար վերաբերմունքի համար։ Եկել էին և հեռավոր Ֆրանսիայից՝ Արցախի ազատագրական պայքարն իրենցը համարող հայորդիներ, ովքեր ազատամարտի դժվարին շրջանում հնարավոր ամեն կերպ օգնել, աջակցել էին Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարին՝ զինվորներին վերաբերող հույժ կարևոր խնդիրներ հոգալով։
Կիսանդրու բացման օրն արված լուսանկարները պահում են Մոնթե Մելքոնյան հրամանատարի կիսանդրու բացման արարողության պահի ջերմ ապրումները։ Բոլորի հայացքներում, խոսքերում սիրելի հերոսի հանդեպ առկայծող կարոտ կար ու նոր Մոնթեների գալստյան սպասում ու փափագ...
«ՆԱ ԻՐՈՔ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԷՐ»
ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆ (Մոնթեի գաղափարական, զինյալ քարոզչության պայքարի հավատարիմ ընկեր:
Սովորել է Բեյրութի Համազգայինի «Նշան Փալանճյան» ճեմարանում, այնուհետև ավարտել Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ստացել տնտեսագետի որակավորում։
Ալեքը Մոնթեի հետ ծանոթացել է 1978 թ. ապրիլի 24-ին Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ արվարձանի ազգային վարժարաններից մեկի դահլիճում, որտեղ Սփյուռքի հայկական կուսակցությունների երիտասարդական թևերը կազմակերպել էին այդ օրը խորհրդանշող միջոցառում։ 1980 թ. հոկտեմբերի 3-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում գործողության նախապատրաստման ժամանակ ռումբի վթարային պայթյունի պատճառով կորցրել է տեսողությունը և ձախ ձեռքը։
«Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրենն է)։
-Մոնթեին շատ էր հուզում Լիբանանից և ընդհանրապես Մերձավոր Արևելքից դեպի Արևմուտք հայերի արտագաղթի խնդիրը։ Առիթը բաց չէր թողնում այդ մասին խոսելու, ահազանգելու, բացատրելու, թե որքան սխալ է այդ երևույթը, որ դրանով հեռանում ենք մեր իրավունքներից, մեր հայրենի հողի վրա որպես ազգ վերախմբվելու և կենսագործվելու հնարավորությունից։ Ինքը լինելով երրորդ սերնդի ամերիկացի, որ նոր էր սովորում հայերեն խոսել, ուրիշներին հորդորում էր Ամերիկա կամ այլ հեռավոր ափեր չգնալ, մնալ տեղում, պայքարել տեղի հայկական համայնքի պաշտպանության համար, պատրաստվել Արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարին։
Յուրահատուկ էություն ու նկարագիր ուներ Մոնթեն, չափից ավելի ինքնատիպություն, պարզ արտաքին, ընդհանուր առմամբ՝ զվարթ, պայթող ծիծաղով, միամիտ ու դյուրահավատ, անմիջական ու ջերմ, յուրահատուկ գաղափարակիր, միաժամանակ՝ ազատասեր ու կարգապահ, հատկապես՝ ինքնակարգապահության ջատագով, նյութական ունեցվածքի հանդեպ՝ անտարբեր, և այս ամենն առանց որևէ արհեստականության, առանց այդպիսին լինելու ցանկության, այլ կատարյալ ինքնաբուխ ու բնական... Ահա Մոնթեն։
Մոնթեն այն կարծիքին էր, որ վաղ թե ուշ Թուրքիայում տեղի է ունենալու հեղափոխություն և ստեղծվելու է նոր իրավիճակ։ Համոզված էր, որ հայկական առաջադիմական-ազատագրական շարժումը, որպես ինքնուրույն գործոն, պետք է մասնակից լինի Թուրքիայում առկա գործընթացներին, որպեսզի սպասված հեղափոխությամբ ստեղծված նոր իրավիճակում հայերն ունենան որոշակի ձեռքբերում։ Մտածում էր, որ ինչքան ակտիվ և զորեղ լինի հայերի մասնակցությունը Թուրքիայում ընթացող գործողություններին, այնքան մեծ կլինեն պատմական իր հողերի վրա հայ ժողովրդի վերադարձի և ինքնորոշման ակնկալիքները։ Եվ հակառակը՝ որքան փոքր լինի մասնակցությունը, նույնքան էլ սակավ պիտի լինեն սպասվող պտուղները։ Իհարկե, Թուրքիայում զարգացումները Մոնթեի ու իր համախոհների ակնկալած ուղղությամբ չընթացան։ Թուրքական պետությանը հաջողվեց կոտրել հակապետական շարժումները, առանց դրանք վերացնելու՝ որոշակի հարվածներ հասցնել քրդական ազատագրական շարժմանը։ Իր հերթին Մոնթեն հնարավորություն չունեցավ ծրագրված ուղղությամբ իրագործելու պայքարը, այն է՝ Արևմտյան Հայաստանի հողերի վրա հայկական զինյալ ներկայության կազմակերպումն ու որոշակի արդյունքների հասնելը, որովհետև հարկադրված էր անցնել ընդհատակ, ապա բանտարկվեց։
Ոչ միայն Թուրքիայում պայմանները փոխվեցին, այլև տեղաշարժերը ցնցեցին ամբողջ աշխարհը։ Արցախ նահանգում ծառացավ հայ ժողովրդի ինքնորոշվելու հիմնահարցը։ Արցախը սուր կարիք զգաց Մոնթեի որակի կազմակերպչի և գտավ նրան։ Իսկ Մոնթեն Արցախում գտավ այն դաշտը, որտեղ պիտի կարողանար դրսևորվել հոգեպես և լիովին՝ ինչպես վայել էր իրեն, և նա պարզապես գերազանցեց ինքն իրեն։ Արցախում և Հայաստանում Մոնթեի հետ շփվողները կհամաձայնեն, որ նա, իրոք, անկրկնելի էր։ 1992 թ. ամռան թեժ օրերին, երբ Արցախի ճակատագիրը դեռևս մնում էր անորոշ, Մոնթեն քարտեզի վրա գծում էր Արցախի սահմանները՝ ներառելով այն տարածքները, որոնք հաջորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ անցան հայկական ուժերի վերահսկողության ներքո։ 1992 թ. վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ Արցախի պաշտպանական ուժերը հասան պետական սահման և 20 կմ երկարությամբ պահակակետեր հիմնեցին շրջանի հյուսիսային սահմանագծում։
1993 թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման օպերացիան՝ Արցախի կղմից։ Մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը։ Ապրիլի 4-ին նոր էր վերադարձել Քարվաճառից, որ լույս 5-ի գիշերը Մաճկալաշենին մոտ Խազազի բարձունքի և Գրորգավանի մոտ Կզլկայա բլրից հետ շպրտված թշնամին հակահարձակման անցավ, և Մոնթեն, որ 2 ժամ էլ չէր քնել, ղեկավարեց գրոհը հետ մղելու գործողությունը և ոչնչացրեց թշնամուն։
«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ»
ՄԱՐՏԻՐՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆ (Մոնթեի մարտական ընկեր:
1981 թ. հունիսի 9-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում թուրք դիվանագետին զգետնելու համար ձերբակալվել և դատապարտվել է 15 տարվա բանտարկության։ Ազատ է արձակվել 10 տարի անց և եկել Հայաստան։ 1991 թվականից մասնակցել է Արցախյան ազատամարտին՝ Շահումյանում, ապա՝ ԼՂՀ Մարտունու շրջանում։ 1993-1997 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի օգնականը։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով)։
-Մոնթեն ասում էր. «Խաղաղությունը պետք է ըլլա միայն մեր հաղթանակով։ Դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք։ Բայց պատերազմն այդպես է։ Պատերազմը միայն դժվարություն է։ Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնենք, պիտի դպրոց չերթանք։ Այս ամենը չմոռանալով՝ մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործին մեջ, հաղթենք։ ՈՒ հետո բոլորիս համար լավ կըլլա, բոլորիս համար...»։
Իմ ամբողջ կյանքում չեմ տեսել Մոնթեի պես մեկին։ Երևի իր նմանները դարը մեկ են ծնվում։ Նրան համեմատում էին լեգենդար հերոս Չե Գևարայի հետ։
ԱՍԱԼԱ-ի մեջ էինք ընդգրկվել։ Մեզանից ոչ ոք չգիտեր, թե մյուսն ինչ է անում։ Նախապատրաստվում էր իմ գործողությունը Շվեյցարիայում։ Ալեքի գործողությունը ձախողվել էր, և ես գնացի, որ ավարտեմ։ Գործողությունը նախապատրաստել էինք ես ու Մոնթեն։ 1981 թ., հունիսի 9-ին եղավ։ Գործողությունն ավարտվեց դեսպանության կցորդ Մեհմեդ Երգուզի զգետնմամբ։ Իմ ձերբակալությունից հետո Մոնթեի հետ անմիջական կապ չունեի։ 1990 թ. վերջին պայմանականորեն ազատ արձակվեցի։ Ցերեկները դրսում աշխատում էի, գիշերները վերադառնում բանտ։ Մոնթեն գրում էր. «Մարտիրոս, չվերադառնաս Լիբանան, Հայաստանում քո կարիքն ունեմ։ Անելիքները շատ են։ Պայքարն այստեղ պետք է շարունակվի»։
1991 թ. ձմռանը Ժնևի հյուրանոցներից մեկում հանդիպեցի Վազգեն Սարգսյանին։ Հարցրեց. «Մարտիրոս, Մոնթեի մասին ի՞նչ կարծիքի ես։ Եթե զինվորական հանձնարարություն տանք, կկարողանա՞ լիակատար իրագործել»։ Նկատառելով Մոնթեի՝ Լիբանանի հարավում կռվելը, մասնակցությունը քաղաքացիական պատերազմին և խորհրդային զենքին տիրապետելը՝ ասացի. «Անկասկած, կարող եք 100 տոկոսով վստահիլ»։
10 տարի և 45 օր բանտում նստելուց հետո 1991 թ. հունիսի 26-ին հասա Հայաստանի Հանրապետություն։ Մոնթեն, «Տիգրան Մեծ»-ի Ջիվանը, Զավեն Պետրոսյանը և էլի մի քանի տղաներ դիմավորեցին ինձ։ Երևանում երեք ամիս Ժամկոչյանների տանը բուժվելուց հետո միացա Մոնթեին։ Նրա՝ թիկունքի գծով պատասխանատուն էի շատ հարցերով։ Նրա հաղթանակը Սփյուռքով շատ էր պայմանավորված՝ և՛ մարդկանց, և՛ բուժօգնության առումով։ «Հայ մարտիկների օժանդակ մարմնի»՝ ՀՄՕՄ-ի ներկայացուցիչն էի Հայաստանում։ Օգնության արկղերը, որ գալիս էին Ֆրանսիայից, անձամբ էի հասցնում Մոնթեին։
Մարդիկ տեսնում էին Մոնթեի ազնվությունն ու պրոֆեսիոնալիզմը՝ և՛ ռազմական, և՛ բոլոր առումներով, ու վստահությամբ էին համակվում նրա հանդեպ։ Նրա շնորհիվ մեր պաշտպանական շրջանն այնքան զենք-զինամթերք առգրավեց, որ ոչ միայն մեզ էր բավականացնում, այլև բաշխում էինք մյուս շրջաններին։ Մոնթեի կռիվն Արցախի հաղթանակով չէր վերջանալու։ Ասում էր. «Դեռ պետք է պատմական հողերն ազատագրել՝ Նախիջևանը, Ջավախքը, Արևմտյան Հայաստանը»։ Նպատակներից մեկն էր, որ սփյուռքահայությունը ոտքի ելնի։ Զանգահարում, ասում էր. «Կապվիր այս տղաների հետ։ Թող գան, այստեղ գործ ունեն, մյուս օրն էլ ուրիշ տեղ խնդիր կա, պիտի պայքարենք»։ ՈՒզում էր, որ Սփյուռքը երևար, մասնակցեր Շարժմանը։ Ինքը սոսկ երազող չէր, լավ հիմնավորում էր, թե ինչպես կարելի է իրագործել նպատակը։ Կուսակցություն ասվածը չէր ընդունում։ ՈՒժերը տեղաբաշխելիս այդ հատկանիշը, հանգամանքը չէր կարևորում։ Եղավ, որ ժողովրդի մեջ տարածվեց, թե Մոնթեն հեռանալու է, և մարդիկ շատ շփոթված ու հուսալքված էին այդ լուրից։ Այդ պատճառով էլ Մոնթեն ոչ մի օր չէր հեռանում Մարտունուց։ Քարվաճառի կռիվների ժամանակ հարցրել էին, թե ինչու է Մարտունին թողել-եկել, ասել էր. «Գլուխ կհանեն»։ Բայց ամբողջ ժամանակ կապ էր պահպանում Մարտունու հետ, որ հանկարծ պրոբլեմ չլինի։
Մոնթեի գլուխը գնահատված էր 100000 դոլար, և այդ թիվը միշտ աճում էր։ Լսել եմ, որ ժամանակին Թուրքիան ավելի մեծ գումար է սահմանել։ Բոլոր լավ կռվող տղաների համար գլխագին էր սահմանված։ Արցախում, երբ արդեն «00»-ին ճանաչում էին, թուրքական հետախուզությունն աշխատանք էր կատարում նրան ոչնչացնելու համար։ Այս օրը՝ հունիսի 12-ին, իհարկե, անփութություն է եղել։ Ես Կոմիտասին հարցրել եմ։ Ասաց. «Զուտ պատահականորեն իրար դեմ ենք ելել»։ Նկատի ուներ Մարզիլու գյուղի ծայրին անսպասելի հանդիպումը թշնամու ԲՄՊ-1 զրահամեքենայի հետ, երբ կարճատև, առճակատ մարտում Մոնթեն զոհվեց զրահամեքենայի հրթիռի՝ աջ քունքը մխրճված բեկորից։
Ես ու Հովսեփն ուղղաթիռով թռանք Մարտունի՝ Մոնթեի դին բերելու։ Սեդան էլ մեզ հետ էր։ Ժողովուրդն ասում էր. «Ներող եղիր, Մարտիրոս, որ չկարողացանք Մոնթեին ողջ պահել»։ Ժողովուրդը կարծում է, թե պայքարը վերջացել է։ Բայց պայքարը շարունակվում է։ Ապագայի առումով շատ կարևոր է, որ աշխարհը ճանաչի Արցախի ազատ ապրելու իրավունքը, տարածաշրջանում կշիռ ձեռք բերենք, որպեսզի հաշվի նստեն մեզ հետ։ Մենք պիտի հիշենք մեր անցյալը, ազատագրական պայքարի մեր հերոսներին՝ Անդրանիկին, Նժդեհին, Մոնթեին, Լեոնիդին, մյուսներին։ Հայրենասիրություն ներարկենք երիտասարդ սերնդին, միայն այդպես կկատարվի Մոնթեի՝ պատմական Հայաստանն ազատագրված տեսնելու երազանքը։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ