«Տիկին, դրեք Ձեր դիմակը»,- Տիգրան Մեծ փողոցում ոստիկանը հորդորեց հեռախոսով զրուցող կնոջը, որը դիմակը ձեռքին էր կրում։ «Տիկին, դրե՛ք Ձեր դիմակը»,- կրկնեց ոստիկանը, սակայն տիկինն անդրդվելի էր՝ գնաց, այդպես էլ չդնելով դիմակը։ Ոստիկաններին մի քանի ամիս առաջ մեղադրում էին տուգանքների համար, իսկ երբ չեն տուգանում, այլ մարդավարի զգուշացնում են, արժանանում են արհամարհական վերաբերմունքի։
Ինչպես ասում են` «բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը»։ Երեք շաբաթում օրեցօր սրընթաց աճում է Covid-19-ով վարակվածների, ինչպես նաև մահացածների թիվը։ Այն, որ ԱՀԿ-ն զգուշացնում էր, որ սեպտեմբերին վիրուսի աճի երկրորդ ալիք է սպասվում, հայտնի է, և այդ կանխատեսումը վերաբերում էր ամբողջ աշխարհին, սակայն Հայաստանում վարակի սրընթաց աճը պայմանավորված է նաև պատերազմական իրավիճակով։ Բնականաբար, հնարավոր չէ պատերազմի դաշտում ապահովել ո՛չ թեստավորում, ո՛չ էլ պահպանել սոցիալական հեռավորություն, ռազմաճակատում դա անհեթեթ բան է։ Միևնույն ժամանակ չմոռանանք, որ այս մեկ ամսվա ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված և Հայաստանից Արցախ սննդամթերք տեղափոխող անձանց առողջության վերահսկողության հարցը մոռացված է, մինչդեռ այն օրվա հրամայականն է։
Գաղտնիք չէ, որ Արցախից եկած շատ ընտանիքներ կամ երեխաներ այսօր ժամանակավորապես բնակվում են այսօր արդեն հարազատ դարձած տարբեր ընտանիքներում, և ոչ մի կառույց մինչ այդ չի պարզել, թե այդ երկու կողմերի ընտանիքներում Covid-ով վարակված մարդ կա՞, թե՞ ոչ։ Բայց չէ՞ որ մարդը հաճախ կարող է այդ մասին չիմանալ, եթե հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշերի։ Կամ սնունդ տեղափոխողներին ևս չեն ստուգել, բայց գուցե նրանցից ոմանք ունեցել են հիվանդության անսիմպտոմ ձևը և գնացել ու տարածել են վարակ Արցախում։ Համաձայնեք` սա դատարկ հարց չէ, առողջապահությունը նույնպես լուրջ ռազմավարական ոլորտ է։ Ի դեպ, հիմա էլ ուշ չէ, անհրաժեշտ է Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին և նրանց հետ շփվողներին, ինչպես նաև Արցախ սնունդ տեղափոխողներին և նրանց հետ շփվողներին պարտադիր թեստավորել։ Մեզ համար, հատկապես այս ծանր պատերազմական իրավիճակում, թանկ է յուրաքանչյուր հայ մարդու կյանքը։
Բժշկության ոսկե կանոններից է. «Ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել»։ Ես կավելացնեի նաև՝ ավելի էժան է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել։ Այն էլ` այսօրվա պայմաններում, երբ շտապ օգնության մասնագետները և Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը աշխատում են «մեջտեղից կիսվելով»։ Շտապ օգնության բրիգադների քանակը այսօր չի բավարարում կանչերին, Covid19-ի մասնագիտացված ԲԿ-ներում չգիտեն` ինչպես տեղավորել հիվանդներին։ Եթե հիվանդությյունն այս արագությամբ զարգանա, կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ, մինչդեռ պարտադիր թեստավորման դեպքում հնարավոր է կանխել բարդությունները։
Գուցե շատերը չհամաձայնեն մեզ հետ մտածելով, որ պարտադիր թեստավորման և մեկուսացման համար խոշոր գումարներ են պետք։ Այո՛, գումարներ պետք են, սակայն հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսական կազմակերպությունները նաև Հայաստանին են լուրջ գումարներ փոխանցել Covid-19-ը կանխարգելելու նպատակով, և այդ գործընթացը շարունակական է։ Ինչ վերաբերում է մեկուսացմանը, դա այսօր նույնքան հնարավոր է իրականացնել, որքան հնարավոր եղավ պանդեմիայի առաջին օրվանից՝ մարտից մինչև հունիս ամիսները։
Կարծում ենք, պատկան կառույցները պետք է համախմբեն հանրապետության բոլոր կարող ուժերը, քննարկեն մեկուսացման և պարտադիր թեստավորման կազմակերպման հարցերը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ