Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Անկախության փոսը

Անկախության փոսը
02.10.2023 | 22:45

Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասավորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները: Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցվում է հզորների իմաստությամբ (Սիրաք 9:2-3):

Անկախությունն ու ազատությունը ՏԻՐՈՋ պարգևն ու շնորհն են ազգերին ու ժողովուրդներին՝ համախմբված, միասնաբար զարգանալու, ԻՐ նախախնամության ներքո մարդկային պատմության քառուղիներով առաջ ընթանալու համար:

Ավաղ, անկախության այս տասնամյակների ընթացքում մենք «բարեհաջող» փոշիացրինք մեզ ընձեռված բոլոր հնարավորությունները, գլխիվայր շուռ տվեցինք մեր ողջ ավանդական ազգային արժեհամակարգը: Ինչը, որ մեզ համար կարևոր ու առաջնային էր մինչ այդ՝ դարձավ անարժեք, անիմաստ հետամնացություն: Մեզ առաջնորդեցին կույրերը և մենք առաջընթացի փոխարեն ընկանք անկախության փոսի մեջ, որից առայժմ դուրս չենք եկել և դրսից մեզ համար օգնող ձեռքերի ենք սպասում:

Այսօր քաջություն է համարվում լկտիությունը, անպարկեշտությունը, գողությունը, ցինիզմը, կաշառակերությունը, պոռնկությունը, միասեռականությունը, սրիկայությունը, լպիրշությունը, դավաճանությունը, ազգադավությունը:

Որքան մարդ ավելի անկաշկանդ է իրեն դրսևորում այս և բազում այլ մեղքերի մեջ այնքան ինքն իրեն ավելի «խիզախ» է կարծում, ավելի հպարտ են իրենց պահում՝ թքած ունենալով ամեն մի իսկական արժեքային համակարգի վրա, ամեն մի հասարակական կարծիքի վրա: Նպատակամղված կերպով իրենց անամոթությամբ փորձում են այլասերել հենց այն ամենը, ինչը մի ժամանակ ամոթ էր համարվում, սակայն այսօր դարձել է սովորական մի բան: Արդեն հասարակության մեջ, տարբեր սոցիալական շերտերում այլևս չեն վրդովվում դրանց գոյության համար: Օվերտոնի պատուհաններն իրենց գործը «հաջողությամբ» են կատարում: Ընդամենը երեք տասնամյակ առաջ ողջ ազգով հայրենասեր էինք, երազանք ունեինք, որն ուզում էինք իրականացնել, միմյանց հանդեպ սեր էինք դրսևորում, նախանձախնդիր էինք երկրի համար բախտորոշ հարցերում: Եվ նոր եկած իշխանությունները կամ դրսի տերերի (որոնց կողմից վաղուց արդեն հավաքագրված են եղել) պատվերները կատարելով կամ անձնական ընչաքաղցությունից ծագած շահերից դրդված կամ էլ լավ թաքցրած վախկոտության պատճառով մեր հնարավոր զարգացման ընթացքն ուղղորդեցին ալան-թալանի, հափշտակության, ցոփության, գռփելու, կաշառակերության ճանապարհով: ՈՒնեցանք չորս ղեկավար՝ մեկը մյուսի արժանի ժառանգորդ, առաջինի դրած ծուռ հիմքերի վրա նրանցից յուրաքանչյուրը կառուցեց իր պատը, առանց որևէ ուղղումների ու փոփոխությունների, առանց ափսոսանքների, առանց զղջումների, առանց վերանայումների, առանց ինքնաքննադատության ու խոստովանության:

Երկրի իշխանությունը ՏԻՐՈՋ ձեռքին է. ՆԱ է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանության (Սիրաք 9:4):

Առաջինը հայտնի դարձավ իր «թևավոր» կոչերով և խոսքերով, որոնք են՝ «պայքար, պայքար մինչև վերջ»՝ հավանաբար հենց այն գլխից մտքում ունենալով ազգին իր վերջին հասցնելու խորքային ծրագիր, «մեր դեմ խաղ չկա», «մերն ուրիշ է», «իրարից պարտք արեք, ապրեք», «ձեր ոտքերը ձեր վերմակների չափով մեկնեք», այսինքն ոչ մի երազանք ու ձգտում մի ունեցեք, «ձեզանից ոչ ոք Վազգենի ճկույթն էլ չարժի», «Սերգո՛ ջան, լավ չես ապրի քանի դեռ Ղարաբաղը մերն է» և այլն:

Նրա ու իր շրջապատի կողմից է առաջին անգամ, դեռ

90-ականների սկզբում, սկսվել և լայնորեն շրջանառվել «ղարաբաղցի-հայաստանցի» հակադրությունը:

«Ղա՛-րա՛-բա՛ղ, Ղա՛-րա՛-բա՛ղ» գոչելով եկավ իշխանության, բայց այդ իշխանությամբ էլ փորձում էր ազատվել Արցախից ու Արցախի խնդիրներից՝ առ այսօր:

Հենց նա եղավ ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների կիրառմամբ ընտրազնգվածի փչացման համակարգի հիմնադիրը, որը լայն թափ ստացավ իր բոլոր հաջորդների կողմից:

1996 թ. ընտրություններում պարտվելուց հետո էլ «շնորհավորելով իր թիմին» բռնազավթեց իշխանությունը և 1,5 տարի անց հրաժարական տալով հեռացավ, որ 10 տարի լուռ մնալուց հետո նորից հայտնվի ու ժողովրդին մոլորեցնելով ու խաբելով՝ որպեսզի հոտի առջևից գնացող այծի նման տանի սպանդանոց: Նրա այս բոլոր արտահայտություններն ինքնին խոսում են հենց այդ կերպարի ողջ էության ու բովանդակության մասին:

Նրան հաջորդած արցախցի գործիչն առավել աչքի ընկավ իր տափակ արտահայտություններով՝ իր դիտորդական առաքելության, «սովորական ուչաստկովու» կողմից ազգային ժողովի սպանությունները մի քանի օրում բացահայտելու, մոսկաների, տղամարդկանց, մանկական երազանքների, առողջ ապրելակերպի, բոմբոներկաների, պարտքերի դիմաց տրվող գույքի մասին: Սա էլ իր հերթին առավել խճճեց արցախյան հարցի կարգավորման գործը և իր քայլերով խորացրեց արցախցի-հայաստանցի հակամարտության անջրպետը՝ պետական պաշտոններում հիմնականում արցախցիներ նստեցնելով, և, ի վերջո, իր կառավարման տասնամյակը պսակելով մարտյան արյունալի դեպքերով՝ իրեն ժառանգորդ դնելով մյուս արցախցուն, որն էլ հետ չմնալով նախորդներից, նույն ոգով շարունակեց բոլոր գործերը՝ իր կողմից նոր հանճարեղ բոցեր արտաբերելով՝ «թարս աճող խիյարների», «ուրախությունը հարամ անողների», «իյա,՛ իրո՞ք»-ների,

«100-ից 90, 80, 70, 60, ինչքան ուզես էնքան խփելու» մասին և այլն:

Պետք է արձանագրել, որ այս երկու արցախցի ղեկավարներն այդպես էլ չըմբռնեցին, որ Հայաստանի Հանրապետությունը դա բոլոր հայերի հայրենիքն է կամ գոնե դրա մի մասն է, այլ ոչ թե մի կթու կով, որից միայն պետք է օգտվել: Սրա հետևանքն էլ ՀՀ քաղաքացիների կողմից արցախցիների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի ձևավորումը եղավ: Կազինոներում մշտական գրանցմամբ, իրեն հանճարեղ շախմատիստ երևակայելով, իրենից հետո, ձիու քայլերով իշխանության բերեց այս չորրորդապետին՝ Արցախի հանձնման գործը սրա միջոցով կայացնելու համար, որովհետև սրանք բոլորն էլ առաջնորդվում են ոչ թե հայոց շահերից ելնելով, այլ իրենց դրսի տերերի թելադրանքներով ու պարտադրանքներով: Ամեն հաջորդ ղեկավարն առավել խորացրեց իր նախորդի կողմից ձևավորած բոլոր հակասությունները, բարդությունները, չառաջադրելով կուտակված խնդիրների որևէ արմատական լուծում: Միշտ ուսումնասիրելով աշխարհի հզորների շահերը և կողմնորոշվելով՝ թե մենք ում սայլին կարող ենք կցվել, այդպես էլ չհստակեցրին, թե ինչ շահեր, ձգտումներ, նպատակներ, տեսլականներ ունենք մենք՝ ինքներս և, թե ով կարող է դառնալ մեր հավանական դաշնակիցը՝ դրանք կյանքի կոչելու ճանապարհին: Այլոց շահերին ծառայելու մարմաջով զոհաբերեցին մեր ամեն մի նվիրական երազանք ու նպատակ:

Առանց Վերից տրված տեսիլքի՝ ժողովուրդը սանձարձակ կդառնա, իսկ օրենք պահողը երանելի կլինի (Առակ. 29:18):

Բազում պալատական խարդավանքների արդյունքում քաղաքական ասպարեզ նետված ճղճղան ու թերուս այս մեկի սրտի միակ փափագն արձան բռնաբարելն է (տես իր իսկ հեղինակած «Երկրի հակառակ կողմը» ցնդաբանությունը), հետո էլ այդ բռնաբարվածին ասֆալտի տակ փռելն ու արդեն ասֆալտի միջով նորից բռնաբարելը: Որպես իր դաստիարակ ունենալով առաջին կոմֆորմիստին, յուրացնելով նախորդ երեքի կառավարման ընթացքում մշակված բոլոր անիրավությունները, նրանց անօրինությունների ու դեմագոգիայի բոլոր հնարքներն օգտագործելով, պոպուլիստական ամեն տեսակ պոչավոր ու պոզավոր ստեր տարածելով, խոստումներ ու երդումներ տալով, արդեն շեղված ժողովրդի հիվանդոտ երևակայությունը հպարտության պատրանքներով առավելագույնս սնելով՝ իշխանական աթոռին առոք փառոք բազմեց ներկայիս անձը:

Նախկինների ու ներկաների կողմից այսօր էլ գործարկվող փչացման ու ճնշման համակարգի թափանիվը առավել արագացրել է իր պտույտները: Փչացվում է հայ մարդը՝ նախ տղամարդը, ապա կինը, ընտանիքը, ու այսպես շղթայաբար մինչև ողջ պետական ու ոչ պետական կառույցները: Եվ մեր ավանդապահ խոնարհ, ամոթխած, ընտանիքի մայր, կին ու սյուն հանդիսացող հայ կանայք այսօր նմանվել են Սուրբ գրքի մեջ նկարագրվածին.

Այսպես է ասում ՏԷՐԸ. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրպարանոց, աչքով-ունքով էին անում, շարժվելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքավում»: Դրա համար էլ ԱՍՏՎԱԾ պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը ՏԷՐԸ պսակազերծ պիտի անի նրանց (Եսայի 3:16-17):

Պետության ղեկն իր ձեռքը ներկայումս բռնածի ու իր ջահել շրջապատի ամենաառաջնային գործը եղավ «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» լևոնա-մանուչարյանա-բլեյանական կարգախոսի իրականացումը, որն իր ժամանակին՝ 90-ական թվերին, մեր իրոք հերոս եղբայրները նետեցին քաղաքական աղբանոցը, սակայն, ավաղ, իսպառ չոչնչացվեց: ՈՒ այս մեկն էլ քուջուջ անելով նորից այն աղբանոցից հանեց, բերեց ու մատուցեց իրենով հիացած, տասնամյակներ շարունակ նախկինների կողմից արդեն լրիվ դեգրադացված, զոմբիացված ու փչացած ժողովրդական ստվար զանգվածներին:

Միայն թերարժեքության բարդույթով տառապող մարդիկ կարող են այդքան շատ հիմար արտահայտություններ անել և անտրամաբանական գործուղություններ կատարել: Հարկ է, որ մեր երկրի օրենսդրության մեջ այնպիսի պարտադիր կանոններ ընդգրկենք, որ հետագայում բոլորը, ովքեր կձգտեն երկիրը ղեկավարել, ստիպված լինեն անցնելու հոգեբուժական ու հոգեթերապիական հիմնավոր հետազոտումներ:

Նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերը՝ ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանն՝ արժանավորի հետ (Եսայի 3:4-5):

Արդյունքում ունեցանք բանակի այնպիսի մի կամազուրկ ու ամորձատված ղեկավարություն, որը բացարձակ անընդունակ գտնվեց արժանի հակահարվածով թշնամու ոտնձգություններին դիմակայություն կազմակերպելու գործում, չդրսևորելով որևէ նախաձեռնություն, տղամարդկություն և ռազմական միտք: Ինչպե՞ս հասկանալ այն օրերի անգլուխ շտաբի պետի լացակումած դիմումը իշխանությանը, թե քաղաքական լուծում տվեք պատերազմին, քանի որ մենք անզոր ենք: Մեր պատմության մեջ եղել են ապիկար ու ապաշնորհ արքաներ, բայց անզոր, թուլակամ ու լալկան սպարապետներ դժվար է հիշել: Չէ՞ որ ունենք բազում օրինակներ, թե ինչպես իրենց ուժերին բազմակի գերազանցող թշնամուն ջախջախել են նվիրյալ, քաջ, անվեհեր ու զորավոր հավատով օժտված մեր նախնի զորավարները: Տեղին է հիշել Վահան Մամիկոնյանին, Գևորգ Մարզպետունուն, Աշոտ Երկաթին, Գայլ Վահանին, Անդրանիկին, Գարեգին Նժդեհին և այս շարքը կարելի է շարունակել բազում էջերով: Նրանք հասկացել էին ու գիտեին, որ ԱՍՏԾՈՒ համար դյուրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը: ԵՐԿՆԱՎՈՐԻ համար տարբերություն չկա շատի ու քչի միջև, որովհետև հաղթանակը ձեռք է բերվում ոչ թե շատ զորքով, այլ այն զորությամբ, որ երկնքից է գալիս (Ա Մակաբ. 3:18-19):

Իսկ այսօր սպաներին ու մատղաշ պատանիներին բանակ զորակոչելով տանում ու շագրենի կաշվի նման փոքրացած մեր երկրի սահմաններին տեղակայում են որպես բանջարանոցային խրտվիլակների, որոնց արտոնված չէ ոտնձգություն կատարող թշնամուն արժանի հակահարված հասցնել, սեփական արժանապատվությունը պաշտպանել: Նա իշխանական աթոռն իր հետույքի տակ պահելու համար պատրաստ է շրջապատին բարոյազրկելու ամեն ծրագրի իրականացման: Ամբարշտության, այլասերվածության Օվերտոնի նոր պատուհաններ է բացում՝ համեմելով կեղծ մարդասիրությամբ ու հանդուրժողականությամբ: Սաղմոսներ կարդալու, Աստվածաշունչն աղավաղելու միջոցով իր վկաներին առավել մոլորեցնելով՝ եկեղեցու դեմ խաչակրաց արշավանք է ձեռնարկում, իրեն Աստծո օծյալ է երևակայում: Մի խոսքով, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, եթե բոլոր չորսին էլ կապենք ու միասին վառենք, անգամ մի փոքր ու բարալիկ մարդկային ծուխ էլ դուրս չի գա:

Նրանք թագավորներ կարգեցին, բայց ոչ ԻՆՁՆՈՎ, իշխաններ կարգեցին, բայց ԵՍ չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջնջվեն (Օսէէ 8:4):

Հարցը ուղղվում է բոլոր այն «հպարտ», «դուխով» ընտրողներին, որոնք հակառակ մարդկային առողջ բանականությանն ու տրամաբանությանը երկու անգամ ձայն տվեցին չարի այս կատարածուին. ձեզ լա՞վ եք զգում տեսնելով աշխարհի առջև ձեր «հպարտի ու դուխովի» նսեմացումը, նվաստացումը, ստորացումը թշնամիների կողմից, երբ անգամ մեր թշնամին է զարմանում ու ասում, թե հայերը եզակի մի ժողովուրդ են, որ թույլ են տալիս երկիրը պարտության ու կործանման հասցրած դավադիր, դավաճան մեկին կրկին նստելու սուրբ Տրդատ արքայի գահին, լա՞վ եք զգում ձեզ, մեր ընդհանուրի հայրենիքը թիզ առ թիզ, տուն առ տուն թշնամուն զիջելու համար, լա՞վ եք զգում ձեզ:

Չէ՞, որ անգամ Ավետարանի Հայտնության գրքում ՏԷՐԸ հատուկ ասում է նիկոլականների մասին.

Արդ, այս գործերն արա՛, որպեսզի ատես Նիկոլի գործերը, որոնք ատում եմ ԵՍ (Հայտն. 2:6):

Նույնպես և դու ունես նիկոլականների վարդապետությունը, որն ատում եմ ԵՍ (Հայտն. 2:15):

Այդ վարդապետության էությունը կայանում է նրանում, որ նիկոլն ու իր հետևորդները ժողովրդին շարունակ դրդում են մեղքերի ու պղծությունների, իբրև թե որքան շատ մեղքերի մեջ թաթախված լինեն, այնքան ավելի ցայտուն կարտահայտվի և ի հայտ կգա ՏԻՐՈՋ Զորությունը: ՈՒստի դու՛ք, բոլոր նիկոլականներդ պատասխան եք տալու ՏԻՐՈՋ առջև: Մտածեք այդ ատելությունից խուսափելու մասին:

Մինչև ե՞րբ պիտի գործեք ժողովրդական հայտնի ասացվածքի համաձայն՝ «Ինադ արին էլերին, քամակն արին գելերին»: Որքա՞ն կարելի է նախկինների անունները շարունակ հոլովելով կրկնել ու կատարել նրանց գործերը՝ առավել մեծ մասշտաբներով: Թե՞ չարի կողմից անդառնալի ու արդեն անհույս կերպով խեղված են ձեր միտքն ու բանականությունը: Ե՞րբ պետք է դառնանք մեր ՏԷՐ ԱՍՏԾՈՒՆ և միայն ՆՐԱՆԻՑ մեզ աջակցություն, օգնություն ու ողորմություն ակնկալենք՝ ազգովի գործած մեղքերը գիտակցելուց, զղջալուց ու ապաշխարելուց հետո:

Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ թեքելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով: Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, ԻՄ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին (Եսայի 1:15-16):

Մեր բոլոր պետական ղեկավարները յուրովի եղան հինկտակարանյան Հերոբովամ արքաներ: Նրանցից ամեն մեկն իր հերթին ժողովրդին ուղղորդեց գայթակղության ու մոլորության ճանապարհներով՝ սերմանելով գողություն, ալան-թալան, կաշառակերություն, ստախոսություն, դավաճանություն, հարմարվողականություն, մարդահաճություն, մեղքին հանդուրժողություն, հպարտություն, սնապարծություն, այլասերում… և ի վերջո՝ անհավատություն: Մեր հույսը ոչ թե ՏԻՐՈՋ վրա ենք դնում, այլ կապում ենք Տիզբոնի կամ Պոլսի, հյուսիսի կամ հարավի, արևելքի կամ արևմուտքի, այժմ էլ Մոսկվայի կամ Վաշինգտոնի հետ և պառակտված, սև ու սպիտակի բաժանված՝ միմյանց ենք բզկտում:

Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա (Մատթ. 12:21):

Այսօր մեզ կարելի է ուղղակի կոչել անհավատ քրիստոնյա ժողովուրդ ու հանդիսանում ենք ընդամենը մշակութային քրիստոնյաներ, որովհետև մեր զգալի հատվածը մանուկ ժամանակ մկրտվել է իբրև քրիստոնյա, սակայն մեր հավատը դրսևորվում է ընդամենը մոմ վառելով, տոներին մեկ-մեկ եկեղեցի գնալով՝ որևէ օրհնած բան տուն տանելով, ծեսեր անելով՝ մատաղ, կնունք ու պսակադրություն: Տեղն եկած ժամանակ կուրծք ենք ծեծում ու հայտարարում, թե «ես իմ ԱՍՏԾՈՒՆ իմ ներսում եմ կրում», բայց իրականում ԱՍՏՎԱԾ չկա մեր սրտերում, ՆՐԱ պատվիրաններով ու կամքով չենք ապրում: ՆՐԱՆ հիշում ենք միայն մեր նեղությունների կամ էլ բաժակաճառերի ժամանակ և մեղադրում, երբ ուշացնում է ԻՐ օգնությունը, որ մեր հակառակորդներին ու թշնամիներին մեր առջևից չի վերացնում, իսկ խաղաղ ժամանակներում էլ զբաղվում ենք միայն մեր առօրյա խնդիրներով՝ լրիվ մոռացության տալով ՆՐԱՆ:

Խուսափեցե՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգա, ինչպես որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդից (Ղևտ. 18:28):

Եվ երբ կիսադատարկ կամ դատարկ են աղոթքի համար նախատեսված մեր եկեղեցիները, սեփական երկրի նկատմամբ չունենք հոգատար տիրոջը վայել վերաբերմունք, ՏէՐԸ մեզ խրատելու, ուշքի բերելու, պատժելու համար թույլ կտա, որ դրանք խլվեն մեզնից, ավերվեն, մզկիթների վերածվեն, քանի որ նրանցում մենք չկանք։ Անտեր ենք թողել նաև մեր ողջ երկիրը, լքել ու հեռացել, ՏԻՐՈՋԸ չապավինելով օտար ափերում ենք ապաստան ու հանգրվան փնտրում։ Եթե ՏԷՐԸ չխնայեց նույնիսկ Սողոմոնի տաճարը, ապա ինչու՞ պետք է խնայի անարժաններիս կողմից անտերության մատնված վանքերն ու սրբավայրերը։

Չենք արդարանա ՏԻՐՈՋ առջև՝ ասելով, թե երկար դարեր պետականություն չենք ունեցել և այդ պատճառով էլ մեր ազգային ինքնագիտակցությունը ձևավորված չէ: Ոմանք նույնիսկ կփորձեն մեղքն իրենց նախնիների վրա բարդել, թե քանի որ երկար դարեր իրենց պապերը էշ են եղել, իրենք էլ մեծացել են որպես էշի քուռակներ ու դարձել են անհավատ ու անաստված քրիստոնյաներ։ Եվ այդ վիճակում գտնվող ժողովրդին շարունակում են վարժեցնել ամեն տեսակ պիղծ բարքերի, դիվական համերգների ու շոուների՝ հելոուինների: Ակամա հարց է ծագում՝ ինչ իմաստ կա դդումներ դնել գլուխներին, երբ դրանք արդեն բնականից կան:

Դեգրադացված ազգը ենթակա է իսպառ վերանալու։ Ամեն մարդ հենց առանձին ու անհատական պատասխան է տալու իր ապրած կյանքի համար և ոչ ոք չի արդարանա իր պապերի մեղքերով։

Մեր ընթացքը քննության առնվեց ու հանդիմանվեց. դառնանք դեպի ՏԷՐԸ, մեր ձեռքերը մեր սրտերի հետ կարկառենք դեպի երկնքի բարձունքները: Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդեպ բարեհաճ չեղար (Երեմիայի ողբը 3:40-42):

Ոչ ոք չի արդարանա նաև ամբողջ մեղքը ղեկավարների վրա գցելով ու ասելով, թե իրենք ընդամենը հրաման կատարողներ են եղել: Եթե խղճի ու հավատի դեմ արվող հրաման ես կատարում, հավասարապես պատասխանատու ես հրաման ու կարգադրություն արձակողի հետ միասին: Ինչպես կարելի է կատարել հիվանդոտ երևակայությամբ այն մարդկանց պահանջները ինչպիսիք են մեր չորս ղեկավարները, որոնց խոսքերն ու արտահայտություններն անգամ լսելով սարսափ է պատում մարդկային սթափ մտքին ու հոգուն:

«Այո՛ մենք պարտվել ենք, բայց ես հպա՛րտ եմ»:

Միշտ պետք է կշռադատել անխոհեմ, հիմար, անհավասարակշիռ ու ոչ ադեկվատ ղեկավարների կարգադրություններն ու հրամանները՝ կատարելուց առաջ, որպեսզի մեր հոգիների վրա ավելորդ մեղքի բեռ չվերցնենք:

Մաքսավորներն էլ եկան մկրտվելու և հարցրին նրան. «Վարդապե՛տ, մե՛նք ինչ անենք»:

Նա ասաց նրանց.

«Ձեզ հրամայվածներից ավելին մի՛ վերցրեք»:

Զինվորները նույնպես հարցնում էին նրան.

«Իսկ մե՛նք ինչ անենք»:

Նա ասաց.

«Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկաս 3:11-12):

Շատերի մոտ հնազանդությունը հոգևոր կամ աշխարհիկ իշխանություններին բխում է ոչ թե հավատից ծնված խոնարհությունից, այլ նրանց հանդեպ ունեցած վախի, քծնանքի ու մարդահաճության զգացմունքներից: Չէ՞ որ ճշմարիտ քրիստոնյային վայել իրական պահվածքի օրինակներ մենք տեսնում ենք հենց Ավետարանում, երբ Հովհաննես Մկրտիչը հանդիմանում է սադուկեցիներին ու փարիսեցիներին (Մատթ. 3:7), Հերովդեսին (Մատթ. 14:3-4), ՀԻՍՈՒՍԸ՝ փարիսեցիներին (Մատթ. 12:30), ԻՐԵՆ ապտակողին (Հովհ. 18:21-23), Պողոսը՝ Անանիա քահանայապետին (Գործք 23:2-3), Պետրոսին (Գաղատաց. 2:11-16), Ստեփանոսը՝ ատյանին (Գործք 7:51-53), Պետրոսն ու Հովհաննեսը՝ ատյանին (Գործք 4:19-20) և շատ ու շատ այլ տեղերում:

Թող արհամարհվեն նրանք, ովքեր ընտրվել են արծաթով (Սաղմոս 67:31):

Եւ ԻՄ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ (ԵԶԵԿԻԷԼ 44:23):

Սովորեցնելու այս խոսքերն ուղղված են եկեղեցուն և քահանաներին ու, եթե այսպես չսովորեցնեն, ժողովուրդը կտրվի ստին ու կսիրի սուտը, որովհետև դա իրեն հաճելի ինքնախաբեության, ինքնաարդարացման, ինքնահանգստացման մեջ կգցի, որ իր հետ պատահելիք փորձությունների համար ինքը մեղավոր չէ, այլ մեղավորը նրանք են, ովքեր խոստացել ու խաբել են իրեն։

Անկախության բոլոր տարիներին մեր իշխանությունները հանուն իրենց աթոռների պահպանման շարունակ այլասերում, գայթակղեցնում ու փչացնում էին ժողովրդին՝ նրան սովորեցնելով ու դրդելով կեղծիքների և դրանց հանդեպ հանդուրժողականության:

Ցավոք, արմատավորված արատավոր այդ ընտրահամակարգն իր բարոյահոգեբանական ազդեցությունն ունեցավ նաև եկեղեցու վրա: Սուտը թափանցեց մեր հոգիները, մեր ընտանիքները, սուտը դարձավ ցանկալի, ստով ինքներս մեզ հանգստացնում ենք, ծածկվում, պաշտպանվում, հուսադրվում, մեղադրում, պահանջում: Բավարարվում ենք, երբ որևէ մեկը մեզ սուտ խոստումներով է կերակրում, հանգստանում ենք և ամեն ինչ նրա վրա թողնելով, գնում մեր առօրյա հոգսերով զբաղվելու: Միաժամանակ արծաթով, ստով ու կեղծիքներով ընտրվածների առջև եղել է քծնանք, ակնածանք, խոնարհում, հարգանք, պատիվ ու վախ:

Մարդու՛ որդի, ԵՍ քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես ԻՄ բերանից, նրանց զգուշացրու՛ ԻՄ կողմից։ Երբ ԵՍ ամբարիշտին ասեմ. «Անպատճառ պիտի մեռնես», դու նրան չզգուշացնես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի։ Այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ (Եզեկիել 3:17-21):

Եվ ուստի Տաճարը, եկեղեցին պատասխանատվություն է կրում այս վիճակի համար։

Մեր Եկեղեցին է հենց այն դետը, որը ցանկացած ժամանակ ու պարագայում պետք է իր ժողովրդին սովորեցնի ՏԻՐՈՋ խոսքի համապատասխան ապրել:

Եթե ուսուցիչը չսովորեցնի աշակերտին, ի՞նչ բարոյական իրավունք կունենա նրանից գիտելիք պահանջել ու գնահատել։

Տարիներ շարունակ մենք ընտրություն ենք կատարել նախկին կամ նոր թափոնների միջև, չարյաց փոքրագույնն ենք ընտրել: Հաճախ է լսվել այն միտքը, թե նույնիսկ սատանայի հետ կհամագործակցեն միայն թե ազատվեն դրանցից որևէ մեկից: Եվ նշանակություն չունի թե ինչ մեծության չարիք են ուզում, միևնույն է չարիքը չարիք է ծնում ու այդ պատճառով էլ մեր երկրում տարիներ շարունակ ունեցել ենք չարիքը որպես իշխան: Մեր հոգիները, մեր զավակների ապագան վաճառել ենք չարին և մեր մեղքերի պատասխանատվությունը մեր զավակների ուսերին է մնացել:

Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ԵՍ վեր հանեցի նրա անօրենությունները, և երկիրը զզվեց իր բնակիչներից (Ղևտ. 18:25):

Եվ երբ մեր Մայր Եկեղեցին իր մեջ ուժ, խիզախություն կգտնի նաև իր վրիպումներն ու բաց թողումները շտկելու և, ապա իր ժողովրդին խրատելու ու առաջնորդելու, այդ ժամանակ ազգովի կարող ենք հույս ունենալ, որ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ դուրս կբերի մեզ այս փակուղուց, որում հայտնվել ենք դարերով մեր ուսերին կուտակած ու որպես ժառանգություն ստացած մեղքերի պատճառով: Որովհետև ողջ Հին Կտակարանը մեզ հուշում է, որ ժողովրդի, երկրի անկումը սկսվում է նախ հոգևորից՝ տաճարից, ապա անցնում է ընտանիքներին և ի վերջո՝ պետությանը: Շտկումն էլ նույն կարգով պետք է տեղի ունենա՝ նախ տաճարը, ապա ընտանիքները, վերջում՝ պետությունը: Միայն ՏԻՐՈՋՈՎ զորացած եկեղեցին կարող է ժողովրդին ապաշխարության ճանապարհով առաջնորդել ու հասցնել Աստվածճանաչությանն ու ՏԻՐՈՋ Ողորմությանը:

Եվ եթե հոժար լինեք ու լսեք ԻՆՁ, դուք կճաշակեք երկրի բարիքները, իսկ եթե չկամենաք ԻՆՁ լսել, սու՛րը պիտի ուտի ձեզ, քանզի ՏԻՐՈՋ շուրթերն ասացին այս (Եսայի 1:19-20):

ԻՇԽԵՔ ԱՇԽԱՐՀԻՆ

«Իմացեք, որ ոչ մի աղոթք անպատասխան չի մնում: հենց այն ժամանակ, երբ մի որևէ բան սխալ թվա ձեզ, կամ մեկի արարքներն ու գործերը չլինեն այն, ինչ որ ձեր կարծիքով կուզենայիք լիներ, այդ իսկ պահից սկսվում է ձեր պարտականությունը` աղոթելու, որ այդ սխալները ուղղվեն կամ այդ անձը փոխվելով` ուրիշ դառնա:

Ընդունեք ձեր պատասխանատվությունը: Ինչ սխալներ կան ձեր երկրի պետական այրերի, իր օրենքների, իր ժողովրդի մեջ: Հանգիստ խորհրդածեք այս խնդիրները և ձեր աղոթքի նյութը դարձրեք: Եվ կտեսնեք, որ մարդիկ, որոնց հետ բոլորովին շփում չեք ունեցել, փոխվել են, օրենքները դրվել են ձեր խնդրածի համեմատ. չարիքները չքացել են:

Այո՛, ձեր կյանքը թող մեծ իմաստ ստանա: Ապրեք ծառայելու և փրկելու համար: Կարող է պատահել, որ դուք բոլորովին դուրս չգաք ձեր տանից, բայց լինեք ամենազորավոր ուժերից մեկը` Բարին տարածելու ձեր երկրի ու աշխարհի մեջ: Կարող է այնպես լինի, որ երբեք չտեսնեք այն մեծ գործը, որ դուք եք կատարում, բայց ԵՍ տեսնում եմ. տեսնում է այդ չարը: Ահ, իրոք փառավոր է այն կյանքը, որ փրկում է: Սրանք են ԻՄ գործակիցները: Այս իմաստով ավելի շատ նայեք ձեր կյանքին: Սովորե՛ք ԻՆՁ Պես Տեսնել ու Սիրել, ո՜վ ԻՄ Կյանքի ուղեկիցներ» (oգոստոսի 12-ի պատգամը «ԱՍՏԾՈ Կանչը» գրքից):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ