24.01.2025|
22:57
Այսօր, տարիների հեռվից ու Պարույր Սևակի հռչակի, ճանաչման ու ժողովրդական սիրո տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ բանաստեղծի ճանապարհը հեշտ չի եղել։ Գյուղից քաղաք եկած ընթերցասեր պատանին բախվում է բազմաթիվ դժվարությունների, ընկնում հուսահատության մեջ, նույնիսկ դադարում գրել, թեև մինչ այդ մտածում էր, որ արդեն կայացած բանաստեղծ է։ Այս մասին Պարույր Սևակը անկեղծորեն պատմում է իր «Անցյալը ներկայացած» ակնարկում և հարցազրույցներից մեկում։ Իրեն բանաստեղծ չհամարելու պատճառները մի քանիսն էին, սակայն գլխավորը՝ Եղիշե Չարենցի պոեզիային ծանոթությունն էր։ Ծանոթանալով Չարենցի երկերին, երիտասարդ Սևակն հասկանում է, թե ո՞վ է բանաստեղծը, ի՞նչ է գրականությունը, ինչպե՞ս պետք չէ գրել և, ինչն ամենից դժվարն էր՝ ինչպե՞ս գրել։