Հոկտեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնը` այժմ «Կինոմոսկվան», հանդիսավոր կերպով վերաբացվեց:
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ովքեր առաջինը դիտեցին «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային փակ նախադիտումը:
Տոնական բացմանը նախորդեց երաժշտական և պարային ծրագիր, իսկ հանդիսության ընթացքում ներկայացվեց նաև հատուկ ֆիլմ՝ նվիրված կինոթատրոնի պատմությանը և նոր բրենդավորմանը:
Կինոթատրոնի նոր կերպարն արտացոլում է Երևանի մշակութային ժառանգությունը և նրա դերը որպես սերունդների մշակութային կենտրոն: «Կինոմոսկվայի» վերանորոգված սրահները պատրաստ են հյուրընկալելու երևանցիներին և քաղաքի հյուրերին՝ առաջարկելով տեղական ու միջազգային ֆիլմերի լայն ընտրություն:
Նորացված «Կինոմոսկվան» իր նոր անունով ու կարգախոսով՝ «Արի կինոյի աշխարհ», հրավիրում է բոլորին վերադառնալ կինոյի կախարդական աշխարհ և վերագտնել այս յուրահատուկ մշակութային կենտրոնը, որը տարիներ շարունակ եղել է Երևանի կարևոր խորհրդանիշներից մեկը։
Նատալի Մինասյան