Էրիկ Յան Զյուրխերի «Թուրքիա. ժամանակակից պատմությունը»՝ հայերեն
10.12.2019 | 02:46
ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնը կազմակերպել էր հոլանդացի թուրքագետ Էրիկ Յան Զյուրխերի «Թուրքիա. ժամանակակից պատմությունը» գրքի «Մատենագիտական ակնարկ» էլեկտրոնային հավելվածի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Նախաձեռնությունը իրականացրել են թյուրքագիտության ամբիոնի ուսանողներ Հովհանա Թորոսյանը և Էլյա Հարությունյանը։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ կարծիքով՝ սա հետաքրքիր և ուսանողակենտրոն միջոցառում է ոչ միայն ուսանողների, այլև թյուրքագիտությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար. «Մի հարց կա, որը միշտ ուսանողությանը հետաքրքրում է՝ որտեղից գտնել անհրաժեշտ գրականություն թյուրքագիտական տարբեր հետազոտությունների համար, և որ գրքերն են համապատասխանում գիտականության և օբյեկտիվության չափանիշներին: Թյուրքագիտության ասպարեզում Էրիկ Զյուրխերը համարվում է հեղինակություն: Նրա գրքերն ունեն դասական, ոչ քաղաքական բնույթ»: Թյուրքագիտության ամբիոնի դասախոս ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆՆ ասաց, որ Զյուրխերի դասական դարձած «Թուրքիա. ժամանակակից պատմությունը» դասագիրք է աշխարհի շատ երկրների բուհերում. «Գրքում ներկայացված է Օսմանյան կայսրությունից մինչև մեր օրերի Թուրքիայի պատմությունը: Այդ գրքի համար 2005-ին Զյուրխերը պարգևատրվել է շքանշանով: ՈՒշագրավ է, որ 2015-ին Զյուրխերի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, քանի որ հեղինակը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, հանդես եկավ բաց նամակով. «Ես, որպես թյուրքագետ, որը մի քիչ իրավունք ունի խոսելու Թուրքիայի պատմության մասին, ասում եմ՝ ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Վարուժան Գեղամյանը նշեց, որ նամակը մեծ իրարանցում էր առաջացրել ոչ միայն նեղ թյուրքագիտական համայնքում, այլև Թուրքիայի Հանրապետությունում, ինչից հետո Զյուրխերը Նիդերլանդներում Թուրքիայի դեսպանատուն է գնացել և հանձնել վերոհիշյալ շքանշանը:
Տեղին է հիշատակել, որ սուլթան Աբդուլ Ազիզը, տպավորված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու Ստամբուլը պատկերող հրաշալի կտավներով, ի նշան երախտագիտության, ծովանկարչին նվերներ և պատվո ադամանդյա շքանշան էր հանձնել, սակայն Աբդուլ Համիդի իրականացրած ջարդերից հետո Այվազովսկին հանեց սուլթանի շնորհած բոլոր շքանշանները և կախեց Ռեքս շան վզից, նավակով լողաց դեպի ծովի հեռուները, Ռեքսի վզից հանեց վզնոցը և զայրույթով նետեց ալեծուփ ծովը։
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ