Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Գեներալները, հնարավոր է, չդիմավորեին «որոշ» մարդկանց, բայց ոչ երբեք` ԼՂՀ նախագահին»

«Գեներալները, հնարավոր է, չդիմավորեին «որոշ» մարդկանց, բայց ոչ երբեք` ԼՂՀ նախագահին»
28.11.2008 | 00:00

«ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՑՔ»
Գեներալ Մանվելը մեր իրականության չբացահայտված ֆենոմեններից է: Կարմայական կապով նա հայոց ճակատագրական «տոչկաներում» է մշտապես: Այդպես էր պատերազմում: Այդպես էր հոկտեմբերի 27-ին և հատկապես 27-ից հետո, երբ ստացավ գեներալի կոչում և փոխնախարարի պաշտոն, որովհետև ի շարս «այլնի», ըստ լավատեղյակների, ուներ 27-ին վերաբերող պայթուցիկ «կոմպրոմատներ»: Չնայած մեզ հետ հարցազրույցներում գեներալը մշտապես հերքում էր այդ հանգամանքը` անչափ հզոր ֆոլկլորով. «Հեչ մե կատու չունեմ` ոռից խոտ քաշեմ, ուր մնաց` կոմպրոմատ»:
Արդյունքում` նա կարողացել է լինել և Վազգեն ու Արամ Սարգսյանների տան, ասել է թե՝ Գրետա մայրիկի սպասված հյուրը՝ մնալով «особо приближенный к императору»` Քոչարյանին:
«Ճակատագրական առանցք» էր Մանվել Գրիգորյանը նաև մարտի մեկի դեպքերի, իսկ առավել ստույգ` նախագահական ընտրությունների փետրվարյան օրերին, դրանց նախորդող ժամանակահատվածում: Այդ նույն օրերին նրա անունը փոթորկում էր Ազատության հրապարակը, իսկ «նույն ժամին», ըստ լավատեղյակ աղբյուրների, նա մեսիջ էր ուղարկում Սերժ Սարգսյանին առ այն, որ եթե Սերժ Սարգսյանը հայտարարի` ընտրություններից հետո Քոչարյանին նշանակելու է վարչապետ, ինքը «հետ է քաշվում», եթե ոչ, միանում է Տեր-Պետրոսյանին ու միտինգավորներին։ Թե ինչ եղավ այդ ամենի արդյունքում, բոլորս տեսանք:
Այսօր նույնպես գեներալն առավել «բարվոք» վիճակում է, քան նրանք, ում ինքը խաղի մեջ քաշեց. ասում են` Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալման առաջին օրերին իր կալանախցում հետ-առաջ անում և «հիշում» էր Մանվելին` ջհանգիրյանական նույնքան հարուստ ֆոլկլորով: Իսկ Մյասնիկ Մալխասյանը կալանախցում մշտապես առողջական և նյարդերի խնդիր ունի:
Մի խոսքով, այսօր պարոն գեներալն անգործ է և առավել հանգիստ ու հանդուրժող է. մեկ տարի առաջ, երբ Նոր տարվա առիթով հյուր էինք գնացել Էջմիածին` նույն փողոցում ապրող մեր զարմիկին, մեզ հնարավորություն չտրվեց փողոցն անցնելու, ասացին` «գեներալին դա դուր չի գալիս, հետ դառեք, արագ-արագ հետ դառեք», ու ստիպված մի քանի փողոց շրջանցեցինք` «տեղ հասնելու» համար։ Հիմա նման բաներ այդ փողոցում չկան, պատմում են փողոցի բնակիչները:
Հիմա գեներալն ազատ ժամանակ շատ ունի, դուրս է գալիս փողոց, ժպտում, զրուցում շատերի հետ, գնում է քաղաք` հետևելու Երկրապահի շենքի կառուցման աշխատանքներին, հետևում է, որ Էջմիածնում և մանավանդ իրենց փողոցում ոչ մեկը ծխախոտի մնացուկը գետնին չգցի, անմիջապես հզոր նկատողություն է անում, ստիպում վերցնել: Նա նաև ուշի ուշով հետևում է, որ մեքենաները «սխալ» տեղ չկանգնեն, ավելորդ կայանատեղիներ չստեղծեն, կարգուկանոն լինի Միածնաէջ վայրում:
Մի քանի ամիս առաջ էլ իր անվան ֆուտբոլի մրցաշար էր կազմակերպել, մասնակցում էր, ուրախանում: Վատ չէր:
Բայց վերջերս թերթերից մեկին տված նրա հարցազրույցը, ինչպես նաև «շրջող» լուրերը փաստեցին, որ գեներալը կրկին վերադառնում է ակտիվ քաղաքականություն և, ոչ ավել-ոչ պակաս, «բանակցում» է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, գեներալների հետ:
Պաշտպանության նախկին փոխնախարարի այս վերջին «բանակցությունների» մասին փորձեցինք տեղեկություններ իմանալ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՑ, որը վերջերս Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղում էր։
-Պարոն Օհանյան, տեղեկություններ կան, որ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանը սեպարատ բանակցություններ է վարում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ` Ղարաբաղի հարցով:
-Տեղեկություններ չունեմ, բայց այդ լուրերը, կարծեմ, այս վերջին մեկ-երկու օրն են մամուլ «թափանցել». հիշենք, որ բավականին ժամանակ է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն ԱՄՆ-ում է գտնվում` «Հայաստան» հիմնադրամի մարաթոնի առիթով:
-Ի դեպ, տեղեկատվություն եղավ նաև, որ երբ Բակո Սահակյանը դեռ այստեղ էր ու այցելել էր ազատագրված տարածքներ, ուր որոշակի հայտարարություններով հանդես եկավ, նրան այնտեղ գեներալները չէին դիմավորել:
-Նման բան չի եղել. գեներալները, հնարավոր է, չդիմավորեին «որոշ» մարդկանց (Պնախարարը կարծես նկատի ուներ Մանվել Գրիգորյանին- հեղ.), բայց ոչ երբեք՝ ԼՂՀ նախագահին:
-Պարոն Օհանյան, խոսակցություններ կան նաև, որ Ձեր և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի փոխհարաբերությունները շատ վատ են, և Դուք ամեն կերպ ցանկանում եք նրանից ազատվել։ Արդյոք այդպե՞ս է։
-Պաշտոնավարման ողջ ընթացքում իմ գերնպատակը եղել է մեկը` կոլեկտիվում այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ փոխադարձ վստահության մթնոլորտը երբեք չխաթարվի. հակառակն անթույլատրելի է ոչ միայն բարոյական, այլև, առաջին հերթին, կանոնադրական առումով: Այսօր որևէ տեղակալի և, ընդհանրապես, որևէ մեկի հետ պաշտպանության նախարարը խնդիր չունի, այդ թվում և` Գլխավոր շտաբի ղեկավարի հետ, և, ընդհանրապես, պաշտպանության նախարարն ինչպե՞ս կարող է որևէ խնդիր ունենալ, երբ Գլխավոր շտաբը նախարարության կազմում ղեկավարման ամենակարևոր օղակն է և շատ նորմալ իրականացնում է իր խնդիրները: Այնպես որ, լարված հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող:
-Իսկ «սպասվո՞ւմ» են լարված հարաբերություններ, ասենք, «Պաշտպանության մասին» օրենքի ընդունումից հետո, որով Գլխավոր շտաբի պետը դառնում է «ամենակարևոր զինվորականը» Հայաստանում:
-Նման բան երբեք հնարավոր չէ:
Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3662

Մեկնաբանություններ