Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ի՞նչ է սպասվում ռուս-վրացական հարաբերություններում

Ի՞նչ է սպասվում ռուս-վրացական հարաբերություններում
30.06.2009 | 00:00

ՎՐԱՑԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ
Հայկական շքանշանով Միխեիլ Սաակաշվիլու պարգևատրումը զայրույթ է առաջացրել Ռուսաստանում, թեպետ այդ պետության Անդրեյ Պերվոզվաննու շքանշանով ժամանակին պարգևատրվեց Ռուսաստանի մեծ բարեկամ Հեյդար Ալիևը։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այդ բարձր շքանշանին կարժանանա նաև Միխեիլ Սաակաշվիլին, որովհետև Ռուսաստանը հեռատես և սկզբունքային քաղաքականության երկիր է։
Վրացական իրադրությունը, ինչպիսին էլ այն իրականում լինի, ընկալվում է բացառապես սադիստական տեսանկյունից, և Արևմուտքի ու Արևելքի հասարակական շրջանակներն ու քաղաքագետները Վրաստանը մատնանշում են իբրև քաղաքական տապալումների և ավանտյուրիզմի օրինակ։ Եթե փորձենք հասկանալ այդ ընկալման պատճառները, ապա դրանց շարքում կարելի է հայտնաբերել տիպիկ ֆրեյդական և ֆրոմովական հիմքեր։ Այսինքն` այդպիսի ընկալման համար խթան է հանդիսանում չարախնդությունը, բայց ոչ թե վրացական քաղաքական դոկտրինի տապալման առումով, այլ ԱՄՆ-ի քաղաքականության, որը, իբր, պարտություն է կրել Հարավային Կովկասում։ Բնութագրական է, որ, այդքանով հանդերձ, բավական փորձառու քաղաքական վերլուծաբաններն այդպես էլ չցանկացան տեսնել ԱՄՆ-ի նրբագույն քաղաքական խաղը, որն այդ «վրացական ավանտյուրայի» արդյունքում ձեռք բերեց համոզիչ փաստարկներ Սև ծովում, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իր ռազմական ներկայության ուժեղացման համար։
Վրացական պրոբլեմը դիտարկելու պարագայում գոյություն ունի նաև հանգուցալուծման սպասում, ընդ որում` ոչ միայն երկրի ներքին քաղաքական դաշտում, այլև Ռուսաստանի ու Արևմուտքի հետ Վրաստանի հարաբերություններում։ Ստեղծվում է տպավորություն, որ այդ «հանգուցալուծումն» էլ որոշակի համակարգված քաղաքականության հիմնական նպատակն է։ Սակայն խնդիրն այն է, որ վրացական իրավիճակի հանգուցալուծումը կարող է նշանակել միայն ներքին նշանակության հակամարտության առկայություն, որը կարող է բնութագրվել իբրև ոչ համակարգային երևույթ կամ իրադարձություն։ Համակարգային առումով ամեն ինչ պարզ է և ավելին` Վրաստանն արդեն հայտնվել է միջազգային հարաբերությունների որոշակի համակարգում, եթե նկատի ունենանք նրա տեղն ու դերը համաշխարհային քաղաքականության ու աշխարհաքաղաքականության մեջ։ Վրաստանի նկատմամբ համակարգային վերաբերմունքը ներկայումս բխում է, անշուշտ, միայն արևմտյան հանրությունից, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան դեռևս չեն պարզել, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարեն Վրաստանի նկատմամբ։
Վերոնշյալ համակարգային մոտեցումը միանգամայն համարժեք է ԱՄՆ-ի և Եվրամիության, ամենից առաջ առաջատար եվրոպական պետությունների առաջնահերթություններին, շահերին, նպատակներին ու խնդիրներին։ Իսկ դա նշանակում է, որ Վրաստանը դիտարկվում է իբրև մի երկիր, որը հազիվ թե ընդունվի ՆԱՏՕ և Եվրամիություն ո՛չ ներկայումս գործող, ո՛չ էլ ապագայում ենթադրվող ու ավելի մեղմացված չափորոշիչների համաձայն։ Վրացական հասարակությունը չկարողացավ ապահովել այն չափորոշիչները, որոնք ցանկալի են և կոչվում են նորմատիվներ կամ խաղի կանոններ։ Բայց ավելի վիրավորական է այն, որ Վրաստանն իբրև` պետություն անհամարժեք է և անընդունակ տանելի կառավարում հաստատելու և՛ տնտեսության մեջ, և՛ վարչարարության, և՛ զինված ուժերի առումով։ Վրաստանին վերապահված է ԱՄՆ-ի հեռավոր «ավիակրի» դերը, իսկ եվրոպացիների վերաբերմունքը նրա նկատմամբ պայմանավորված է լինելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններով։ Ընդ որում, այդ ամենը նկատի է առնվում ոչ թե մոտավոր, այլ շատ ավելի հեռավոր ապագայի առումով։ Ամերիկացիները ոչ պակաս, քան եվրոպացիները, հասկանում են, որ վերոնշյալ «հանգուցալուծումն» արդեն տեղի է ունեցել, և Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների մասին խոսելն իմաստ ունի միայն անվտանգության ու Վրաստանով անցնող էներգետիկ կոմունիկացիաների պաշտպանվածությունն ապահովելու առումով։ Ամերիկյան քաղաքականության արդյունքներից մեկն էլ դարձել է այն, որ Վրաստանը վերջնականապես տարաբաժանված է Ռուսաստանից, և ստեղծված են հուսալի նախադրյալներ այդ երկրում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման համար։ Միաժամանակ, Վրաստանից անջատված նահանգների հարցը «փակելով», ԱՄՆ-ն իր ուսերից վայր է նետում այդ կապակցությամբ ցանկացած մտահոգություն ու պատասխանատվություն։ Թեկուզ և ամերիկացիները երբեք էլ իրենց չեն կապանքել որոշակի պարտավորություններով այս խնդիրների հետ կապված, բայց, այնուհանդերձ, որոշակի պատասխանատվություն կրում էին իրենց գործընկերոջ համար։
Հիմա այլևս հազիվ թե կարելի է խոսել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Վրաստանի գործընկերային գործառույթների ուժեղացման կամ ընդլայնման մասին։ Այդ գործառույթները մնացել են նույնը, և եթե նկատի ունենանք, որ ԱՄՆ-ը միշտ էլ մտադրություն է ունեցել ռուս-վրացական հակամարտությունից հետո իր այդ ծրագրի իրագործման, ապա Վրաստանի` իբրև հեռավոր «ավիակրի» դերն այսօր իրականություն է դառնում ավելի առարկայական ձևաչափում։ Այդ խնդրից ելնելով` ԱՄՆ-ը փորձում է շատ զգուշորեն իրականացնել ուժերի նոր վերաբաշխում Վրաստանում, անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ և երկրում հաստատել բնակչության մեջ ավելի մեծ ժողովրդականություն վայելող ու հույսեր արթնացնող կառավարող ռեժիմ, որը կկարողանար ապահովել ընդունելի ժողովրդավարական խաղի կանոնների կիրառումը, ինչպես նաև երաշխիքներ` ԱՄՆ-ի հետ ապագա համագործակցության առումով։ Գործնականում նախագահական հավակնություններ դրսևորող բոլոր վրացական քաղաքական գործիչները վաղեմի ու հուսալի կապեր ունեն ԱՄՆ-ի հետ, այդ թվում` Նինո Բուրջանաձեն, Դավիթ Գամկրելիձեն, նորահայտ հավակնորդ Իրակլի Ալասանիան։ Եվ միայն լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին է կարծես մի կողմ կանգնած հավակնոտ քաղաքական գործիչների ընդհանուր խմբից։ Վրաստանի հանրապետական կուսակցության և «Նոր աջերի» միջև ձևավորված միջկուսակցական դաշինքը, անկասկած, կարող է դառնալ ԱՄՆ-ի համար առավել ընդունելի, քանի որ իրենից ներկայացնում է քաղաքական խմբավորում, որը վարկաբեկված չէ քաղաքական պայքարի անընդունելի մեթոդների կիրառմամբ, ինչպես նաև ունի նախագահի պաշտոնի այնպիսի «հեղինակավոր» հավակնորդ, ինչպիսին Իրակլի Ալասանիան է։ Վրաստանում իշխանության ռոտացիան արդեն նախանշված է, և հիմա տեղի է ունենում միայն ուժերի վերաբաշխում, տարբեր քաղաքական գործիչների ապագայի ճշգրտում և ամենից առաջ ներկայումս կառավարող թիմի` Մ. Սաակաշվիլու գլխավորությամբ։
Ռուսաստանը, ինչպես նախկինում, չունի ոչ մի լծակ և ոչ մի շանս ներվրացական իրավիճակի վրա ազդելու համար և ստիպված է այնպիսի տեսք ընդունել, իբր ոչ մի քաղաքական խնդիր չունի Վրաստանում, կարող է իրեն թույլ տալ անտարբերություն ներկա իրավիճակի և զարգացող իրադարձությունների նկատմամբ։ Ռուսական քաղաքագետներն ու ծրագրավորողները, ինչպես միշտ, ի վիճակի չեն առաջարկելու քիչ թե շատ տրամաբանված գաղափարներ վրացական քաղաքական գործընթացներում Ռուսաստանի «ներկայության» վերաբերյալ։ Թեկուզ և հիմա ինչ-որ բան առաջարկելը գործնականում այլևս անհնարին է։ Միաժամանակ, որքան էլ տարօրինակ է, Եվրամիությունը և նույնիսկ ԱՄՆ-ը բոլորովին էլ շահագրգռված չեն լարվածության մեծացմամբ Հարավային Կովկասում։ Լարվածությունը, պայթյունավտանգ իրավիճակն առավել ևս, տարածաշրջանում կարող են դառնալ Արևմուտքի որոշ երկարաժամկետ ծրագրերի փոփոխության պատճառ` հանգեցնելով ավելորդ ծախսերի և պատասխանատվության մեծացման այս տարածաշրջանի համար։ Ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Եվրամիությունը քիչ ջանքեր չեն գործադրել Հարավային Կովկասում քաղաքական ու տնտեսական ռեսուրսների ներդրման առումով, որպեսզի թույլ տան իրավիճակի հիմնարար փոփոխություն, ինչը կարող է հանգեցնել սպառնալիքների ու ավելորդ ռիսկերի անվերահսկելիության մեծացման։ Չնայած այն իրողությանը, որ ԱՄՆ-ի ու նրա մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի համար լարվածության որոշակի մակարդակը տարածաշրջանում օգտակար է և նույնիսկ անհրաժեշտ, ամերիկացիները բոլորովին չէին ցանկանա իրավիճակը հանգեցնել հերթական պատերազմի տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի հավանական նախաձեռնությունները կամ ինչ-որ կանխատեսելի միջնորդների ի հայտ գալը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման դաշտում, ԱՄՆ-ի և Եվրամիության համար ընդունելի պայմանների պարագայում, կարող է և արժանանալ նրանց հավանությանը։ Ի՞նչ կարող է նշանակել այդ «կարգավորումը»։
Անկախ Վրաստանի ու Ռուսաստանի միջև ներկայիս լարված հարաբերությունների շարունակականությունից ու բովանդակությունից` ցանկացած կառավարող ռեժիմ, քաղաքական խմբավորումները և քաղաքական գործիչները հասկանում են, թե ինչ իրավիճակում է հայտնվել Վրաստանը։ Եվ նա ստիպված է լինելու կանոնակարգել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Վերաիմաստավորման և կոնկրետ քայլերի այդ գործընթացում կարելի է փորձել նախանշել երեք փուլ կամ երեք սկզբունքային խնդիր։ Առաջին փուլի խնդիրները, որոնցից առավել հեշտ է դիվանագիտական հարաբերությունների և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, կարող են լուծվել բավական արագ։ Ինչպես ցույց է տալիս եվրոպական երկրների միջև հարաբերությունների փորձը, այդպիսի հարցերը բավական հեշտ են լուծվում նույնիսկ նշանակալի հակամարտություններից հետո։ Դրանում շահագրգռված են ոչ միայն Վրաստանը և Ռուսաստանը, քանի որ ռուս-վրացական ներկայիս հարաբերությունները քաղաքական վնաս են հասցնում Ռուսաստանին, ծայրահեղորեն սահմանափակելով նրա հնարավորությունները Հարավային Կովկասում։ Բացի այդ, Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ-ին և Եվրամիությանն առիթ տալ ու պայմաններ ստեղծել կովկասյան գործերին նրանց ուժգին միջամտության համար։ Սակայն, անկախ արտաքին հանգամանքներից և գործոններից, Ռուսաստանը չի կարող թույլ տալ դիվանագիտական հարաբերությունների շարունակական խզում հարևան երկրի հետ։ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը նույնպես դրական կընկալեն այդ հարաբերությունների վերականգնումը։
Կարգավորման երկրորդ փուլն ավելի հիմնավոր նշանակություն ունի և կոչված է լինելու որոշակիացնելու ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարները։ Դա, իհարկե, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցն է, որի լուծումը պահանջում է նոր իրավիճակի վերաիմաստավորում ամենից առաջ վրացական քաղաքական գործիչների կողմից, ովքեր պետք է պատրաստ լինեն ընդունելու աներևակայելի բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ Վրաստանը, կանգնած լինելով միջազգային հանրության կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման փաստի առջև, վաղ թե ուշ հանգելու է այս երկու հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշմանը` այնտեղ բնակվող վրացական բնակչության կարգավիճակի ճանաչման դիմաց։ Նկատի ունենալով վրացիների կարգավիճակի որոշակիացումը, իբրև երկրորդ պետականակերտ ժողովուրդ, համապատասխան օրենսդրական և միջազգային երաշխիքներով։ Այդքանով հանդերձ, վրացիների թվակազմն Աբխազիայում կարող է հասնել 100 հազարի, իսկ Հարավային Օսիայում` 24 հազարի։ Վրաստանը, ինչպես նախկինում, ունի իր այդ հնարավորությունը, և այդ ուղին միշտ էլ եղել է ավելի իրատեսական, քան ռազմական գործողությունների նախաձեռնումն ու պրոբլեմներն ուժի միջոցով լուծելու փորձերը։ Աբխազիային ու Հարավային Օսիային անհնար է պարտադրել վերադառնալ Վրաստանի իրավասության ներքո։ Սակայն նշված ծրագիրն ընդունելու հարցում Մոսկվան այդ հանրապետություններին կարող է համոզել, քանի որ այդ դեպքում նրանց համար կբացվի միջազգային ճանաչման հեռանկար` անկախ գոյության ճանապարհով կամ էլ Ռուսաստանի Դաշնության մեջ ընդգրկվելու հնարավորություն։ Վրաստանի համար դա միակ հնարավորությունն է` պահպանելու «կենսական տարածությունը» վրաց ժողովրդի համար և վրացական պետականության առկայությունն այդ տարածքում։ Մինչև 2008-ի օգոստոսի ռազմական ավանտյուրան այդ ճանապարհը թույլ տվեց Վրաստանին` ձեռք բերել շատ ավելին և ունենալ անհամեմատ նախընտրելի դիրքեր։ Հիմա իրավիճակը շատ ավելի վատ է, բայց այն շտկելու շանսեր, այնուհանդերձ, մնում են։
Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման փուլը կունենա ոչ պակաս սկզբունքային նշանակություն, բայց դրա իրագործումը հնարավոր է վերը մատնանշված խնդիրների լուծման պարագայում։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ-Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների շրջանակում կայացվելիք պայմանավորվածություններին, ինչպես նաև Վրաստանի դիրքորոշմանը` ՆԱՏՕ-ի հետ կապված։ Դժվար է պատկերացնել, որ Վրաստանը կհամաձայնի որևէ բանի, եթե դա պայմանավորված լինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սահմանափակմամբ կամ ենթադրի ամերիկյան շահերի անտեսում նույնիսկ նվազագույն չափով։ Սակայն որոշակի պայմանավորվածություններ անվտանգության և տարածաշրջանում ռազմական պոտենցիալների մեծացման առումով կարող են կայանալ, թեկուզ և դա մեծ մասամբ վերաբերելու է ռուս-ամերիկյան հարաբերություններին, իսկ Վրաստանին` միայն որոշակի չափով։ Պաշտպանական և անվտանգության խնդիրներին զուգահեռ, կարող են լուծվել նաև տնտեսական համագործակցության ու տրանսպորտային հաղորդակցության պրոբլեմները։ Միանգամայն իրական կարող են դառնալ աբխազական երկաթուղային ուղղության վերագործարկման ծրագիրը և կանոնավոր հաղորդակցության հաստատումը Կովկասյան լեռնաշղթայի վրայով։ Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման այս փուլի հասունանալու դեպքում Հայաստանը կարող է խաղալ ավելի նշանակալի դեր ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման դաշտում` հենվելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հետ իր հարաբերությունների վրա։ Այս հարցում Հայաստանը պետք է ունենա սեփական խաղը և կարողանա վերածվել տարածաշրջանային խաղացողի, այդ թվում` լուծելով նաև Վրաստանում բնակվող հայերի հիմնախնդիրները։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ