Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կերպին դավաճանելը տիեզերքը երբեք չի ներում

Կերպին դավաճանելը տիեզերքը երբեք չի ներում
13.01.2009 | 00:00

ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ
Արևմուտքը, իհարկե, ծերուկ է: Սակայն դա չի խանգարել, որ վերջինս տրվի իր սիրելի զբաղմունքին: ՈՒ նա միշտ էլ ինքնատիպ է եղել: Մասնավորապես Նոր տարվա օրերին: Առավել մասնավոր՝ Մերձավոր Արևելքում: Ասենք, կախել է Սադամին: Հիմա էլ Գազան է: Իհարկե, բուն «մեղավորը» Իսրայելն է: Սակայն ինքնին հասկանալի է՝ Արևմուտքը, առավել ճշգրիտ՝ ԱՄՆ-ը, նոր պարտիա է սկսում «Մեծ Մերձավոր Արևելք» իր նախագծով: Նոր ուղենշումներով, նոր քարտեզով: Եվ դա՝ Օբամայի երդմնակալությունից օրեր առաջ: Խաղի նոր դաշտ է բացվում վերջինիս համար, որպեսզի ամերիկյան երազանքը նոր թափով սավառնի աշխարհի և, հատկապես, Գազայի, Մերձավոր Արևելքի վրա:
Եվ կոնկրետ դեպքում խնդիրը ոչ այնքան իսրայելական ընտրությունները, որքան ֆինանսական ճգնաժամի ֆոնին Մերձավոր Արևելքում ամերիկյան նոր դոկտրինի հաստատումն է: Այլոց ձեռքերով:
Շատերն էին պնդում. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հնարավոր է դուրս գալ բացառապես «լուրջ» պատերազմի միջոցով: Հիմա մի քիչ դաժան կլինի Ամանորի ու Սուրբ ծննդյան տոներից անմիջապես հետո կատարել այդքան պրագմատիկ հաշվարկ, այնուհանդերձ, նրանք, ովքեր «հաշվարկել» էին ֆինանսական ճգնաժամի «հետևանքները», պնդում էին, որ միայն ռազմական արտադրությամբ (բնականաբար, նաև «պակասող» մարդկային բերանների միջոցով) է հնարավոր «շոկաթերապիայի» ենթարկել համաշխարհային «ցնցված» տնտեսությունը:
Ճիշտ են այդ փորձագետները, թե ոչ, ցույց կտա ժամանակը, այնուհանդերձ, գաղտնիք չէ, որ նույն փորձագետները ֆինանսական-տնտեսական ճգնաժամը համարում էին «հայտնի ուժերի», գլոբալ քաղտեխնոլոգիական կենտրոնների «մտքի արգասիք», որի գերնպատակը ռեսուրսային հարուստ երկրներն անկյուն քշելն է, ինչի ականատեսն ենք հենց միայն Ռուսաստանի օրինակով, և դա՝ չնայած Պուտինի հետախուզական կարողություններին ու ճգնաժամը հաղթահարելու չեկիստական խոստումներին:
Բոլոր դեպքերում, իրականություն է, որ աշխարհի ամենապայթուցիկ կենտրոնում դանդաղ գործող ռումբ է դրված, ինչի պատճառով աշխարհը կանգնել է անչափ լուրջ մարտահրավերի առաջ, ու դեռ անհայտ է՝ արաբական աշխարհը, լիբանանյան «Հըզբոլլահն» ու շիիթական Իրանն ինչ կերպ կպատասխանեն Իսրայելի և «այլոց» սկսած «նոն-ստոպ» ռազմական օպերացիային, և նախանշվող ռազմական աղետն ինչ ծավալներ կընդունի:
Դառնանք մեզ. մեզ էլ լավ օրեր չեն սպասում. քթի տակ է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, տարածաշրջան կգան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները, ԵԽԽՎ-ի մոնիտորինգային խումբը, մոնիտորինգելու՝ ինչ ենք արել այս օրերին, ումով, ինչպես:
Առաջին հայացքից գրեթե միմյանց հետ կապ չունեցող այդ այցերն էլ կորոշեն հայոց «մարտահրավերների» ամբողջությունն առաջիկա տարում՝ արտաքին, ներքին վեկտորներով:
Ինչ վերաբերում է ՄԽ-ի համանախագահներին, ապա պարզ է` գալիս են «տեսնելու-լսելու» ինչ է ասում Սերժ Ազատիչը (մի քիչ էլ` Իլհամ Հեյդարիչը) վերջերս իրենց փոխանցված «տեխնիկական փաստաթղթի», ինչպես նաև «կից» ժամանակացույցի մասին:
Համանախագահները հերթական անգամ կհարցնեն՝ «ՎՏսՌսՈրՖ Ցօ վՈ վՏփՖ, ԺպջՊպՎՏվՈ». ասել է՝ ստորագրո՞ւմ եք սկզբունքներ ներառող «փոքրիկ» փաստաթուղթը գոնե տարվա կեսին, տիարք:
ՈՒ հենց այդ պատասխանից էլ ակնհայտ կդառնա, թե ինչու են ծերուկ Եվրոպայից եկել պարոնայք Պրեսկոտն ու Կոլումբիեն: Եվ արդյո՞ք նրանք կրկին «տեսանեցին» մեզանում քաղբանտարկյալներին, արձանագրեցի՞ն մարդու իրավունքների խախտումները, թե՞ ոչ: Հետևաբար, զրկվո՞ւմ է Հայաստանը ծերուկ Եվրոպայում ձայն ունենալու իրավունքից, թե՞ մնում է եվրոպական ընտանիքի հավատարիմ անդամ՝ յուր պարտականությունների հավատարիմ կատարմամբ:
Մինչ կպատասխանենք այս հարցերին, մեկ դիտարկում ևս: Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. հերիք է ծերուկ Եվրոպան իր խաշամած հայացքը կենտրոնացնի մեզ վրա, մեկ էլ, ու Վրաստանում բլիցկրիգ է սկսվում:
Հիմա էլ Գազան է:
Փաստորեն, Եվրոպան էլի զբաղված է աշխարհը խաղաղեցնելով, ու էմիսարներ է հղում դեպ արաբա-իսրայելական հակամարտության գոտի, բանակցություններ է վարում այնտեղ, իհարկե, կամ օրինաչափորեն՝ բավականին ուշացած: ՄԱԿ-ն է հավաքվում, ու չգիտես ինչու՝ կոնֆլիկտի հենց առաջին օրերին «ռեզոլյուցիաներ» չի ընդունում, թողնում է, որ խաղաղ բնակչությունը ռմբակոծվի հակամարտության գոտում: ՄԱԿ-ը սկզբում հավաքվում էր, բանաձև չէր ընդունում, իսկ հետո, երբ ընդունեց, այն գրեթե չի աշխատում։ Չնայած Եվրոպան, իհարկե, չի մոռանում Սուրբ ծնունդ նշող աշխարհի համար Գազայի գոտի ուղարկվող իր էմիսարներին նկարել ֆաս-անֆաս, որպես մարդկության բարենորոգ խիղճ՝ օդ բարձրացող ինքնաթիռի, ողջագուրանքների ֆոնին: Ափսոս, որ եվրոպական չինովնիկների դեմքին անհանգստության դույզն-ինչ նշույլ չկա՝ մի քանի մետր այն կողմ զոհվող անմեղ երեխաների, կանանց, ծերերի համար:
Բոլոր դեպքերում, եթե այնպես ստացվի, որ Գազայի կոնֆլիկտը դառնա լայնամասշտաբ, և Իսրայելը ստիպված լինի մի քանի ճակատով պայքարել «ահաբեկչության» դեմ, աշխարհը, ռազմական արդյունաբերության բերած փողերը հաշվելուն զուգընթաց, ստիպված կլինի սևեռված լինել նաև... լուրջ խաղաղարար ջանքերի վրա: Դարձյալ մոռանալով Հայաստանն ու նրա քաղբանտարկյալներին:
Սա` որպես միջանկյալ դիտարկում:
Կա նաև տարբերակ, որ մինչ ԵԽԽՎ-ի նիստ Սերժ Սարգսյանը, բոլոր դեպքերում, կհայտարարի Հովիկ Աբրահամյանի խոստացած համաներումը։
Կհայտարարի՞ համաներում Սերժ Սարգսյանը: Ի դեպ, այդ առանց այն էլ անչափ ուշացավ: ՈՒ թե ինչ-որ պահի այդ քայլը կարող էր բավականին լուրջ քաղաքական դիվիդենդներ բերել Սերժ Սարգսյանին, ցուցանել նրա կամային, ինքնուրույն-գրագետ խաղացողի կարգավիճակը, ապա ԵԽԽՎ-ի մոնիտորինգային խմբի զեկույցից հետո համաներումը նման նպատակների դժվար ծառայի: Բոլոր դեպքերում՝ «ուշ լինի, նուշ լինի» չափաբանությանը տանք կյանքի իրավունք:
Եվ, այնուհանդերձ, նախագահական մերձ աղբյուրներից հայտնի է, որ ԵԽԽՎ-ի մոնիտորինգային առաջարկները «ձայնազրկության» մասին ահավոր զայրացրել են Սերժ Ազատիչին: Նույն այդ օրերին նա, փաստորեն, Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ-ի, ինչպես նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին, հանդիպել Մեդվեդևի հետ: ՈՒ վերադարձից հետո, ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր բարձրաստիճան աղբյուրները, ավելի հաստատակամ է դարձել, ու «ա լյա Քոչարյան» հայտարարել է. «ԵԽԽՎ-ն պոլիտբյուրո չէ»: Դե, էլի, մոտավորապես այսպես. ինչ որոշում ուզում է, թող ընդունի ԵԽԽՎ-ն, մեզ այնքան էլ չի հուզում: Ըստ «չհուզվածների»՝ Ազատիչին ամենաշատը ջղայնացրել է մոնիտորինգի խմբի այն արտահայտությունը, թե՝ բա չեք ասի, մարտի մեկին Հայաստանում իշխանությունը բռնի փոխելու փորձ չի արվել:
Այլ խոսքով՝ «կինոն» կրկնվում է:
ԵՄ-ի, հետևաբար ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի հետ առանձնապես ջերմ հարաբերություններով աչքի չընկնող մայր-Ռուսիան, ինչպես որ վարվում է «Աստծո պահած Ամերիկան» Գազայում` այլոց ձեռքերով փորձում է լուծել իր սեփական, փոքրիկ ու շատ մեծ խնդիրները, կոնկրետ դեպքում եվրոպական կառույցների հետ իր վեճերը, որոնք տարիների վաղեմություն ունեն, որովհետև այդ կառույցները նույնպես հիացած չեն ավտորիտար Ռուսաստանով, ուր մարդու իրավունքներն ու «մնացյալը» նույնպես մխիթարական վիճակում չեն:
Մի խոսքով, կոնկրետ դեպքում մեր ձեռքերով է Ռուսիան «ոչ» ասում Եվրոպային:
Չենք ասում, թե Մեդվեդևը «դուխ» է տվել Սերժ Սարգսյանին: Չէ, չենք ասում: Չենք ասում նաև, թե հաճելին այս դեպքում համընկել է օգտակարի հետ: Բայցև, «անտանելի դարձած» ծերուկին՝ Եվրոպային, «պերսոնա նոն գրատա» հայտարարելով՝ Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի կհասկացնի տարածաշրջան եկող-չեկող բոլոր էմիսարներին առ այն, որ ինքը չի ստորագրելու ոչ մի «ռամչնի». ոչ մի «տեխնիկական», ոչ մի «ժամանակացույցային» փաստաթուղթ:
Սա պնդում են փորձագետները:
Իսկ մենք հարցնում ենք. արդյոք իմաստ ունի՞ այդպես վարվել: Բացի նրանից, որ այդ ամենը մի քիչ հիշեցնում է Քոչարյանին ու նրա «էրան», իսկ մենք տասը տարի աչքներս ջուր կտրած սպասում էինք, որ Քոչարյանը, ասել է՝ նրա ապրելու, մտածելու տեսակը, «գնա-հեռանա» մեր երկրից:
Բացի նրանից, որ այդպիսի պահվածքը ժողովրդավար չէ: Այլև որ՝ քրիստոնեաբար չէ:
ՈՒ թե «ռամչնին» չստորագրելը հասկացանք, նույնիսկ գլուխներիս շատ զոռ տալու դեպքում ԵԽԽՎ-ին էլ «պերսոնա նոն գրատա» համարելու մտայնությունն էլ «հասկացանք»:
Բայց ո՞նց կլինի տղերքին էդքան ժամանակ բանտում պահելը;
Ինչ է` «ինադ անենք էլերին, ինիքներս տանք գելերի՞ն» (ժողովուրդն է ասում):
Մանավանդ որ Ազատիչն այս անգամ, ինչպես նախորդ տարի, վարչապետի հետ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա էր Ճրագալույցի պատարագին ու աղոթում էր բոլորի, պատարագին ներկա ժողովրդի հետ՝ համահավասար: ՈՒ թե նախորդ անգամ մտածել էինք՝ նախընտրական տարի է, դրա համար է Ազատիչը ելել-գիշերով եկել-խառնվել ժողովրդին. այս տարի՝ չէ. Ճրագալույցի պատարագին ներկա է լինում բացառապես հավատացյալ հոտը:
Եվ ուրեմն եկել էին: Վարչապետն ու այլևս նախագահը: ՈՒ բոլորիս հետ ոտքի կանգնած աղոթում էին, հաղորդություն առնում: Կողք կողքի: Հավասար: Սիրելի:
Եվ Ազատիչը հաստատապես իմացավ, որ ժողովուրդն այդպես ջերմեռանդ, իր հետ միասնացած, աղոթում էր իր երկրի, իր երկրի նախագահի, նրա ճշգրիտ ուղու և, իհարկե, տղաների համար. նրանց համար, ում տեղը նեղ է, ով բանտում է, ով որբ է ու տկար, ով կաղ է, կույր, ու որ Փրկիչն աշխարհ եկավ հենց նրանց համար: ՈՒ նաև՝ հանդուրժության համար: Գազայում: Եվրոպայում: Հայաստանում:
ՈՒ դա է մեր կերպը, որ, ըստ գրքերի 1700-ամյա է:
Իսկ կերպին դավաճանելը տիեզերքը երբեք չի ներում: Քոչարյանը սա չէր հասկանում, դրա համար էլ նրանից «չուզվեց»: Իսկ նրանք, ովքեր վերցրել են այդ բեռն ու պատասխանատվությունն իրենց ուսերին, պետք է անպայման պահեն «կերպը»:
«Զի Աստված ծաղր չըլլար»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ