ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մենք կորցրե՞լ ենք արդյոք Արցախը, թե՞ սա ժամանակավոր հողային զիջում է

Մենք կորցրե՞լ ենք արդյոք  Արցախը,  թե՞ սա ժամանակավոր հողային զիջում է
31.10.2024 | 07:55

Արցախի շուրջ սովորական մտորու՞մ է սա, թե՞ մեր հերոսական ժողովրդի պայքարի ու այդ պայքարում մեր ժողովրդի հերոսական կռվի, բայց և պարտադրված պարտությունից շփոթված ու հուսահատության շեմին կանգնած խոհ ու խոկումների տանջալից հանրագումար:

Չէ՛, դեռ հանրագումարը չենք արել, դեռ կռիվ ունենք ո՛չ միայն անզգամ թուրքի դեմ, այլև անմաքուր նյութի մեջ հաշիշային թմբիրի վայելքով տարված անզգա աշխարհի դեմ:

Թեև այդ նյութի վախճանը և դրա բերած բարոյական պատիժը անկասկած լինելու է:
Մենք մեր իսկ հայրենիքում մի քանի դար հալածված ենք եղել բարբարոս թուրք ցեղի դաժանություններից, որովհետև հարևան և ոչ հարևան, նաև պատմության քմահաճությամբ մեզ հարևան դարձած ռազմատենչ ու ավերիչ ցեղերի տևական հարձակումներից կորցրել էինք մեր պետականությունը, հետևաբար մեր ռազմական ինքնապաշտպանության հնարավորությունները նվազել էին։

Մենք դարեր շարունակ մեղադրել ենք մեր թշնամուն նրա բռնությունների համար, բայց նա արել է այն, ինչի ընդունակ է եղել և ինչը իրե՛ն է պետք եղել:

Անարդա՞ր է եղել թուրքը:

Ո՛չ, բարբարոս է եղել, իսկ բարբարոսից արդարություն ակնկալելն անհնար է և անիմաստ, որովհետև բարբարոսությունը արդարության թշնամին է:
Աշխա՞րհն է անարդար, թե՞…

Ո՛չ, աշխարհը շահամոլ է. այնտեղ, որտեղ կա շահ, այնտեղ մեռնում է արդարությունը:

Դե, ուրեմն շահն ու բարբարոսությունը երկվորյակնե՞ր են։ Գուցե՛,որովհետև բազում են ապօրինածինները:
Իսկ մե՞նք, մե՛նք որտե՞ղ ենք, որքա՞ն ենք մոտ կամ հեռու այս երկու դաժան ուժերից՝ շահ ու բարբարոսությունից:
Հեռու ենք…

Հազարամյակներով…

Դե, ուրեմն մնանք մեր մաքուր դարերի մեջ,բայց մի պայմանով. մենք մեր հայի աշխարհում շարունակենք հեռու մնալ արատավոր այդ բևեռներից և դրանց ապօրինածին երկվորյակներից, բայց և միշտ պատրաստ լինենք հակահարված տալու երկու կողմից եկող հարվածներին՝ ֆիզիկայի հայտնի՝ ազդեցության և հակազդեցության անժամանցելի օրենքով , ընդ որում, մեր այդ հակազդեցությունը պիտի բազմապատիկ հզոր լինի, որպեսզի կողմերից ոչ մեկը չհամարձակվի մոտենալ մեր հոգևոր սահմանին, ու միայն այդպես մենք կխափանենք նաև մեր հայրենյաց սահմաններին թշնամիների մոտենալը:

Մենք դա կարողացել ենք անել ժամանակ առ ժամանակ:

Դա հենց մեր պատմությու՛նն է ապացուցել՝ մեզ դաս տալով, որ դա պիտի լիներ անընդմեջ և տևական, որպեսզի մեր ներքին՝ հոգևոր և արտաքին ՝ հայրենի երկրի սահմանները մնան մեր հսկողության տակ: Մենք երկու դարից ավելի է՝ Հայկական Հարցի մեջ էինք խճճվել և ակնկալում էինք օտարներից՝ հենց այդ բարբարոս և շահամոլ ուժերից գթասրտություն, բայց ապարդյուն, դեռ ավելին, վերջին 100 տարում՝ Ցեղասպանություն, հայրենիքի կորուստ, մշակութային և նյութական հարստության ոչնչացում կամ յուրացում, և այդ ամենը չկարողացանք գոնե իրավաքաղաքական դաշտ բերել և հանցագործներին մեղավոր ճանաչել, և առավել ևս՝30 տարիների ընթացքում Հայկական Հարցին ավելացրին նաև Արցախի խնդիր- Արցախի «Հայոց Հարցը », որը ,մեզ հավատացնում են, թե իբր շատ բարդ է, խճճված է և անլուծելի:

Իսկ իրականում մեզ մոլորեցնում են: Անկեղծորեն ասած, ես նույնիսկ վիրավորվում եմ, որ մենք վերջին 250 տարիների ընթացքում չենք կարողացել վերջնականապես լուծել և վերացնել ոչ միայն մեր հանդեպ ցեղասպանական ձգտումներ ունեցող ազգերի նկրտումները, այլև անկարող ենք եղել նրանց պատասխանատվության ենթարկել միջազգային օրենքներով կամ ռազմական ուժով, և ցավալիորեն թույլ տվեցինք, որ մի նոր ցեղասպանական իրավիճակ ստեղծվի մեր դեմ և մեր շուրջը: Այո՛, միտումնավոր և արհեստականորեն ստեղծված և մեր վզին փաթաթած այդ չարաբաստիկ ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ, հավատացնում եմ, լուծելի է, հիմա էլ կարող ենք լուծել, եթե մեր պետության ղեկին լինեն պետական մտածողությամբ, հայաստանանպաստ քաղաքական գործիչներ, մերժեն կուսակցականությունը, ստեղծեն ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ - ԾՐԱԳԻՐ, որը կունենա իր բարոյական ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ և քաղաքական ծրագիրը՝ ՄԵՐ քաղաքական խնդիրները լուծելու համար, որոնք կուտակվել են դարերով:

Այդ խնդիրները լուծելու համար մենք ունե՛նք դրա բանալին:

Բայց մեզ պարտադրում են մոռանալ ու անտեսել:

Մենք ունենք մի դուռ, որը դրսից մեր թշնամիներն են փակել, իսկ ներսից՝ մենք ինքներս:

Եվ զարմանալին էլ հենց այն է, որ մենք փոխանակ ընդդիմանայինք, որ մեր տան դուռը փակել են դրսից ու զրկել մեզ ելքից, դեռ ինքներս էլ ներսից ենք փակել՝ զգուշանալով երևի խաբեությամբ թշնամիների ներս սողոսկելուց: Մենք հաստատակամորեն պետք է ներսից ու դրսից բացենք մեր ՏԱՆ ԴՈՒՌԸ փակող փոքրիկ ու թույլ սողնակը և ձայն տանք մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին ՝ասելով, որ մեր բոլորի Հայրենիք-պետությունը մեկն է, դա Հայաստանի Հանրապետությունն է՝ Արցախն էլ իր սահմաններում:

Այս վտանգը, որ կախված է մեր երկրի վրա, կլինի համընդհանուր, որովհետև անհայրենիք ու անգամ առանց պետականության զգացողության ապրող մարդիկ, ի վերջո, կորցնում են պետականությունն ու Հայրենիքը, ցրվում են աշխարհում, դառնում են սոսկ կենսաբանական էակներ, որոնք գոյատևում են միայն ուտելու և բազմանալու համար, իսկ զեռունների բազմանալու դեպքում հաստատ հայտնվում է տան տերը և…
Այո՛, մեզ միաբանվել ու միակամ դառնալ է պետք, քանզի օտար ու տանու դուշմանները հենց իրենք են մեր մեջ այդ որոմը ցանում:

Իսկ մենք հո տարբերու՞մ ենք ցորենը որոմից…

Բոլորի կողմից չհարգված քաղաքականությունը, սակայն, պատմության բարեխնամությամբ պահել է մեզ համար մի ճեղք, որով կարող ենք բացել դրսից օտարի փակած սողնակը:

Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքական, ապա նաև ռազմական վտանգից միակ փրկությունը Վիլսոնյան Իրավարար Վճիռն է, որից սարսափում է նախ՝ Թուրքիան, ապա Ադրբեջանը, որովհետև երկուսն էլ կզրկվեն մեր Հայրենիքի բռնազավթած հողից:

Այս պարտադրված դաժան պատերազմի հիմնական պատճառը Հայաստանը վերջնականապես քաղաքական ասպարեզից դուրս մղելն է, և հայ ժողովրդին սարսափի զգացումով վարակելը: Մինչդեռ Վուդրո Վիլսոնի Իրավարար Վճիռը հենց այն ԱԹՍ-ն է, որ կախված է Թուրքիայի գլխավերևում:
Ցավոք, Հայաստանի կառավարող շրջանները ազատագրական պայքարի առաջին իսկ տարիներից մինչև այսօր, միտումնավոր, քաղաքական այլազան ուժերի թելադրանքով շեղել են մեր պայքարի ուղղությունը՝ տանելով ոչ թե միացում, ինչով որ սկսվեց մեր արդար պայքարը, այլ դեպի անիմաստ, անպտուղ և երկակի ստանդարտներով խեղված «ինքնորոշում…»:
Այն, որ Հայաստանի երեք նախագահները և ներկա վարչապետը վարել են ոչ հայաստանանպաստ արտաքին քաղաքականություն, ապացուցվել է այս բոլոր տարիներին նրանց հնչեցրած բազմաթիվ տեսա-ձայնագրություններով:

Որպեսզի ուղղենք մեր քաղաքական սխալները, մենք պարտադրված ենք խոհեմ ու աչալուրջ լինելու և հիշենք՝ հապաղելու ժամանակ չունենք…
Հայտնի ճշմարտություն է՝ գաղափարախոսություններն անցողիկ են, մնայունը ազգն է ու նրա պետականությունը:
ՈՒրեմն, մոռանանք ամեն տեսակի գաղափար ու դավանանք, որոնք մասնատում և պառակտում են մեզ, իսկ մենք մեր միաձայն երգերի ու քովնտի պարերի նման միաբան ու միակամ լինենք. դա մենք ապացուցինք և՛ վերոհիշյալ անմաքուր ուժերին, և՛ ինքներս մեզ Սարդարապատում, Ապարանում, Արցախյան պատերազմներում, որ մենք իսկապես հզոր ենք, երբ միաբան ենք ու միակամ: Մենք պարտք ունենք Արցախն ազատագրելու և միավորվելու։
Հողի կորուստն անդառնալի չէ, եթե Հողի ՏԵՐԸ իր հոգու մեջ կրում է այդ հողի հիշողությունը, Հողի պարգևած բարիքների համն ու բույրը, Հողին ուժ և կենդանություն պարգևող, ծարավը հագեցնող սառնորակ ջուրը, Հողի վրա իր իսկ հանճարով կառուցած հոգևոր Տաճարները՝ անկախ կրոնից․ դա ապացուցել են և՛ Հողի հարգն իմացող ժողովուրդները, և՛
ինքը՝ նորին մեծություն Պատմությունը։
Հիմա անդրադառնամ հոդվածի վերնագրին՝

«Մենք կորցրե՞լ ենք արդյոք Արցախը, թե՞ սա ժամանակավոր հողային զիջում է»:

Հողի կորուստն անդառնալի չէ՛:

Միևնույն է, մենք չենք կորցրել Արցախը, քանի որ գիտենք Արցախի արժեքը։

Արցախը հանձնել են անպատասխանատու պաշտոնյաները՝ բազում զոհերով, որպեսզի մենք մեր զոհված զավակների ցավից մոռանաք Հողը: Այդ կորստի ցավը թեև անդարմանելի է, սակայն Հողի հաղթական վերադարձը հույս է և ուժ՝ գալիք սերունդ ծնելու և բազմանալու համար:
Մենք դա անելու ենք, որովհետև չենք մոռանում մեր ՀՈՂԸ:

ՀՈՂԸ ձայն ունի, ՆԱ կանչում է իր տիրոջը․․․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հապարակախոս

Դիտվել է՝ 745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ