«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՈՐԻՑ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԵԿԵԼ «ԼԻՑՔԱԹԱՓՈՒՄԸ»

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՈՐԻՑ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ Է ԵԿԵԼ «ԼԻՑՔԱԹԱՓՈՒՄԸ»
18.05.2010 | 00:00

Լայնորեն կիրառվող ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաներում վաղուց արդեն մի անշեղ կանոն է գործում` «PR-ակցիայի» օբյեկտը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում մնա, ավելին, որքան սենսացիոն ու սկանդալային է դրա հիշատակումը, այնքան ուշադրության բևեռումն ավելի արդյունավետ կլինի։ Այսպես, բառացիորեն վերջին ամիսներին այդ հայեցակարգը «փարթամ փնջի» նման բացվել է Ռուսաստանում, որտեղ երկրի քաղաքական կերպարի ձևավորումը դրված է պետական և լավ կարգավորված ռելսերի վրա։
Դեռ վերջերս համաշխարհային լրատվամիջոցները հեղեղված էին հաղորդումներով Մոսկվայի փորձերի մասին` եթե ոչ վերականգնելու «կայսերապետական վեհությունը», ապա գոնե լրացնելու բաց թողածը։ Առիթը Ղրղզստանի և ՈՒկրաինայի իրադարձություններն էին և դրանցում Կրեմլի անսքող դերը։ Ավելին, պնդվում էր, որ «գունավոր հեղափոխությունների» անհաճո պարագլուխներին տապալած քաղաքական փոթորիկները մոտ ժամանակներս կբորբոքվեն Վրաստանում, իսկ «բոցաշունչ ՆԱՏՕ-ական Միխեիլ Սաակաշվիլին կդառնա այդ «ռազմավարական հաղթանակների» հերթական զոհը։ Արդեն Պետդումայի պատգամավորներն էլ են սկսել պնդել, թե Մոսկվան «երկրորդ Բիշքեկ» է պլանավորում Թբիլիսիում կայանալիք մայիսյան ընտրությունների ժամանակ, թե Նինո Բուրջանաձեն անցած յոթ ամսում յոթ անգամ եղել է Ռուսաստանում, և Հաղթանակի զորահանդեսի ժամանակ «բոցաշունչ ընդդիմուհին» Պուտինի կողքին էր։ Կրեմլը, հավանաբար, սկսել է կիրառել նոր ռազմավարություն. բարեկամություն հաստատել և ուժեղացնել Մոսկվայի թշնամիների դեմ հանդես եկող խմբավորումները։ Այսպես, Բելառուսում «փոփոխամիտ» և ձանձրացրած Լուկաշենկոյի դեմ, որը համարձակվել էր վարձավճար պահանջել ռուսական ռազմաբազաների դիմաց և քաղաքական ապաստան տալ Ղրղզստանի վտարյալ նախագահին, Կրեմլը գտել է իր մարդուն` տեղական ընդդիմադիր Անդրեյ Սաննիկովին։ Նա, փորձագետների գնահատմամբ, «այնքան էլ մոտ չէ Արևմուտքի հետ, և պատրաստ է ընդունելու Ռուսաստանի օգնությունը»։
Սակայն դեռ անցած դարի 80-ական թվականների սկզբին անգլիացի պատմաբան Փոլ Քենեդին իր «Մեծ տերությունների ծաղկումն ու անկումը» աշխատության մեջ շատ լավ բացատրել է, որ բարձր հավակնություններ ունեցող պետության ճգնաժամը կախված է մեծ տերությանը հատուկ հսկայական ծախսերի հետ իր ցանկությունները ճիշտ համադրելու ընդունակությունից (կամ անընդունակությունից)։ Քենեդին այն ժամանակ պնդում էր, թե Խորհրդային Միությունը գտնվում է ողբերգական վիճակում, ինչը պիտի ավարտվի կտրուկ անկումով։ Այս բանաձևը միանգամայն վերագրելի է այսօրվա Ռուսաստանին։ Չէ՞ որ այնտեղ էլ հավակնություններն ակնհայտորեն գերազանցում են իրական տնտեսական հնարավորությունները` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպես, Սևծովյան նավատորմի առնչությամբ Վլադիմիր Պուտինը միանգամայն անկեղծորեն հայտարարել է. «Հարցը միայն փողը չէ», ինչից հետո, «առանց աչք թարթելու», Կրեմլը բազայի համար վճարեց այնքան, որքան աշխարհում ոչ ոք չի վճարում։ Բայց ափսոս, որ դրանով պետական գանձարանի դեֆիցիտն է՛լ ավելի մեծացավ` 5,2-5,4 տոկոս, իսկ նավթի գների աննշան բարձրացումներն արդեն դրությունը չփրկեցին։ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն օրերս հայտարարեց` որպեսզի բյուջեն լինի հաշվեկշռված, անհրաժեշտ է, որ մեկ բարելն արժենա 95 դոլար։ Ընդ որում, նա մեկ բարելի դիմաց 70 դոլար գինը համարում է արդեն իսկ բարձր, և ընդ-գծում, որ մինչև տարեվերջ այն կիջնի։ Եվս մեկ շատ հատկանշական հանգամանք. օրերս արտասահմանյան փորձագետները նկատեցին, թե ռուսական երկու պահուստային հիմնադրամների չափերի մասին տեղեկությունները, որոնց մասին առաջ պարբերաբար հաղորդվում էր, այսօր գաղտնի են պահվում։ Իսկ երկրում «դրամական հորձանքները», նկատենք, չեն պակասում. Կովկասում «ահաբեկչության դեմ պատերազմը», տեխնածին աղետները, ածխագործների բողոքի հանրահավաքներն ընդդեմ վատ աշխատապայմանների և աշխատավարձերի չվճարման։ («Ռասպադսկայա» ածխահանքում տեղի ունեցած վթարից հետո հատուկ ջոկատայինները ցրել են ածխագործների հանրահավաքները, որոնք, ի նշան բողոքի, փակել էին երկաթգծերը։ Բախումների հետևանքով տուժել է 12 մարդ` հանրահավաքի 6 մասնակից և 6 միլիցիոներ)։ Այս ամենը հուշեր է բորբոքում «փոթորկալի 90-ականների» մասին և լուրջ ծախսեր պահանջում։ Նման համատեքստում, ինչպես թվում է, կայսերապետական թեմաներով ցանկացած «երևակայություն» տարրական տրամաբանության սահմաններում չի տեղավորվում։ Սակայն երբ խոսքը Ռուսաստանի մասին է, որին անհնար է «մտքով հասկանալ» և «ընդհանուր արշինով չափել», ապա ցանկացած խելամիտ հաշվարկ, ամենայն հավանականությամբ, անտեղի է։ Բոլորը, այնուամենայնիվ, հասկանում են, որ տակից դուրս գալ է պետք, սեփական «հարազատ օլիգարխներին» նեղացնելու ցանկություն չկա, ավելի նախընտրելի է «և ձուկ բռնել, և փողքերը չթրջել»։
Եվ ահա օրերս խորհրդային տարիների «Թող միշտ լինի արևը» սիրված երգի «արևային վերնագրով» «Ռուսսկի Նյուսուիկ» հանդեսում հրապարակվում է Ռուսաստանի նոր արտաքին քաղաքականության դոկտրինի «գաղտնի նախագիծը»` ռուսական արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունների խոր վերագնահատմամբ։ «Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ զարգացման նպատակով արտաքին քաղաքական գործոնների` համակարգային հիմքի վրա արդյունավետ օգտագործման ծրագիր» բազմախոստում և բազմաբառ անվանումով փաստաթղթի մշակումը, իբր, արտգործնախարարությանը հանձնարարել է անձամբ նախագահ Մեդվեդևը։ Վկայակոչելով կրեմլյան այդ փաստաթուղթը, հանդեսը համարձակորեն պնդում է, թե հիմա «Մոսկվան չի ունենա բարեկամներ ու թշնամիներ, դրա փոխարեն կմնան միայն տնտեսական շահեր»։ Զեկույցը կոչ է պարունակում այն մասին, որ Կրեմլը հրաժարվի «չափից ավելի կտրուկ և մեկուսացման հակված մոտեցումներից, որոնք բնորոշ էին Վլադիմիր Պուտինի ժամանակներին», և ընտրություն կատարի զարգացած աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության օգտին։ Իսկ փաստաթղթի մշակմանը մասնակցած Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան աղբյուրը պնդում է` «սառը պատերազմին նորից փոխարինելու է եկել «լիցքաթափումը»։ Որպես օրինակ բերվում են լեհ-ռուսական հարաբերությունները և Կատինի հանդեպ պաշտոնական վերաբերմունքի փոփոխությունը, «նպատակ ունենալով հոգեբանական մակարդակով մեղմացնելու հարաբերությունները Վարշավայի հետ, որոնք բարդացնում էին բանակցությունների գործընթացն ամբողջ Եվրամիության հետ»։ Զեկույցում որպես Եվրոպայում Ռուսաստանի մերձավորագույն գործընկերներ նշվում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան։ Բարձր գնահատական է տրվում նախագահ Օբամային և առանձնակի տեղ է հատկացվում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավմանը։ Այդ ծրագրային փաստաթղթին համապատասխան, Ռուսաստանն ուզում է օգտագործել ԱՄՆ-ի տեխնոլոգիական կարողությունը և հասնել ամերիկյան բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա դրված առևտրական սահմանափակումների վերացմանը։ «Ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց, որ մենք միայնակ անկարող ենք Ռուսաստանն առաջ տանել», ընդգծվում է զեկույցում։ Ընդ որում, առաջնային դեր է հատկացվում բանկային, ֆինանսական և արդյունաբերական ակտիվների ձեռքբերմանը, կրթության, բիզնեսի և իրավունքի բնագավառի միասնականացմանը (ներառյալ ԵՄ օրենսդրական հիմքի տարրերի փոխառումը), ինչպես նաև ռուսական տնտեսության վերելքի համար եվրոպական ներդրումների և որակյալ աշխատողների ներգրավմանը։ Դա առաջին հայացքից կարելի է ընկալել որպես վճռական պատասխան դարավոր հարցին` որտեղ է գտնվում Ռուսաստանը` Եվրոպայո՞ւմ, թե՞ Ասիայում։ Այս կապակցությամբ շատ բնորոշ է այն կետը, որտեղ առաջին անգամ շեշտադրվում է. «Առանձնակի ուշադրություն նվիրել միջազգային գործերում Չինաստանի հարաճուն դերին հետևելուն, այդ թվում` մեր համընդհանուր և տարածաշրջանային շահերի համար Պեկինի ակտիվության հետևանքների տեսանկյունից։ Ընդ որում, պետք է ելնել Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների դիրքերում Չինաստանի ամրակայման սկզբունքային հնարավորությունից, որտեղ արդի պայմաններում մեր աջակցությունը հաճախ չինացիներին ավելի է պետք, քան նրանցը մեզ»։
Զեկույցում գնահատականներ են տրվում նաև նախկին խորհրդային հանրապետությունների հետ Մոսկվայի փոխհարաբերություններին, ընդ որում, հեղինակները հանդես են գալիս ավելի ագրեսիվ տնտեսական ռազմավարության օգտին։ Կոչ է հնչում օգտվելու համաշխարհային ճգնաժամից, «ԵՄ երկրների համար նրանց ներդրողական գրավչության անկումից և էական էժանացումից», լրջորեն զբաղվել Մերձբալթյան տարածաշրջանում, Բելառուսում, ՈՒկրաինայում և Կենտրոնական Ասիայում արդյունաբերական ու էներգետիկ ակտիվների ձեռքբերմամբ, այսինքն` այն բոլոր վայրերում, որտեղ ռուսական ազդեցությունը ցավոտ քաղաքական հարց է։ Բացի այդ, նշվում է, որ խիստ անհրաժեշտ է ռուսական և ուկրաինական ընկերությունների միավորումը։ Ի դեպ, այս կապակցությամբ նշենք, որ մի շարք ուկրաինացի փորձագետներ հայտարարում են, թե «ՈՒկրաինային առաջարկում են տնտեսական ինտեգրացում` հայկական սցենարով»։ ՈՒկրաինական «Կոմենտարիի» շաբաթաթերթը գրում է, որ այդ «խիստ յուրօրինակ» ինտեգրացման փորձը կիրառվել է գրեթե անարգել, որովհետև «ընդունող պետությունը» գտնվել է պատերազմի մեջ, ինչից հաջողությամբ օգտվել է Ռուսաստանը։ Այսօր ռուսական կապիտալը վերահսկողության տակ է առել Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ի առնվազն 50 տոկոսը, ներմուծման ավելի քան 80 տոկոսը և արտահանման առնվազն 40 տոկոսը։ Զեկույցում ասվում է նաև, որ Հայաստանում ռուսական տնտեսական նվաճողականության թիկունքում, նախ և առաջ, «Գազպրոմի» շահերն են։ Խիստ հատկանշական է, որ նոր «արտգործնախարարական դոկտրինում» նույնպես Հայաստանին պակաս առանձնահատուկ դեր չի հատկացվել։ Պարզվում է, որ «եթե հանկարծ Արևմուտքը կասկածներ ունենա Մոսկվային նոր գիտելիքների ու տեխնոլոգիաների տրամադրման առիթով, կարելի է օգտվել նաև այլ մարտավարությունից»։ Այնուհետև հեղինակները հայտարարում են, թե Հայաստանը պետք է օգտագործել նրա արևմտյան պարտնյորներից (հավանաբար, սփյուռքի հնարավորությունները հաշվի առնելով) տեխնոլոգիաների ձեռքբերման համար, «դրանք հետագայում Ռուսաստանին փոխանցելու հեռանկարով»։ Ահա այսպիսի, ըստ էության, «տնտեսական լրտեսի» ամոթալի դեր է Կրեմլը պատրաստում իր «միակ և հավատարիմ դաշնակցի» համար։
Նկատենք, ոչ ոք չգիտի, թե հրատարակության համար ով է լրագրողներին տրամադրել 70-էջանոց այդ փաստաթուղթը։ Սակայն ՌԴ արտգործնախարարությունում հավաստել են դրա իսկությունը։ Եվ այստեղ մի օրինաչափ տարակուսանք է առաջանում` նման փաստաթղթերը հենց այնպես, դեն նետված թղթերի միջից չեն հայտնաբերվում։ Հետևաբար, այդ արտահոսքը դիտավորյալ է արվել, և մնում է գուշակել, թե ինչի համար։ Որոշ փորձագետներ կարծում են, որ դա ազդեցիկ վարչապետ Պուտինի և ավելի լիբերալ, բայց շատ ավելի պակաս ժողովրդականություն վայելող նախագահ Մեդվեդևի միջև մեծացող բյուրոկրատական պառակտման վկայություն է։ Սակայն, ինչպես թվում է, այդ վարկածը ոչ այլ ինչ է, քան ցանկալին իրականի տեղ հրամցնելու փորձ։ Նման «դիվերսիաներ» սարքել Ռուսաստանի նախագահը չի կարող և, որ ավելի հավանական է, պարզապես չի ուզում, այլ բան է, որ «ժողովրդավար Մեդվեդև» և «ՊԱԿ-ական Պուտին» խաղը շատերին ձեռնտու է ոչ միայն ռուսական երկիշխանության համակարգում, այլև Արևմուտքում։ Բայց այդ «դետեկտիվ պատմության» մյուս կողմն ակնհայտ է։ Տնտեսական ճգնաժամից հետո, երբ Ռուսաստանը, կարկատելով բյուջեի անցքերը, ծախսել է իր ֆինանսական պահուստների էական մասը, երկրին բացահայտորեն չեն հերիքում հարյուր միլիարդավոր դոլարներ` անհրաժեշտ արդիականացման համար։ Եվ, շատ հավանական է, այդ փաստաթղթի «արտահոսքը» կազմակերպվել է հատուկ և ժամանակին, որպեսզի ռուսական իշխանությունները կարողանան նպաստավոր լուսաբանում ստանալ մամուլում, ավելի գրավիչ տեսք ունենալ Արևմուտքի համար, մի քիչ «քաղաքակիրթ կոստյումով լավ տղա» խաղալ և համաշխարհային մյուս ղեկավարներին համոզել համաձայնելու իրենց պահանջներին։ Պատահական չէ, որ մի շարք դիտորդներ հաճույքով «թռցրին» «փոփոխությունների» թեման և սկսեցին հայտարարել, թե «Կրեմլը հրաժարվում է անտաշի կերպարից»։ Եվս մեկ մեջբերում փաստաթղթից. «Ռուսաստանը մտադիր է ոչ թե խոսքով, այլ գործով վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որն աշխատի առաջադրված խնդրի լուծման` ռուսական էկոնոմիկայի անհրաժեշտ արդիականացման օգտին»։ Կարելի՞ է, արդյոք, հավատալ դրան։ Առավել ևս, որ Մոսկվայում էլ շատ քաղաքական գործիչներ ու չինովնիկներ հարց են տալիս. «Սա ի՞նչ է նշանակում։ Ինչների՞ս է պետք նոր դոկտրինը, եթե այն մենք արդեն ունենք, իսկ նման բաներն ընդունված չէ երկու տարին մեկ փոխել»։ Հարցերի պատասխանը տալիս է Սերգեյ Լավրովը` Դմիտրի Մեդվեդևին հասցեագրված նամակում, որը կցված է արտաքին քաղաքականության վերաբերյալ փաստաթղթին։ «Արագորեն փոփոխվող աշխարհում ռուսական շահերի ապահովման գլխավոր միջոցներն են արդիականացված օրակարգի հետևողական ու արդյունավետ իրացումը, արմատական միջազգային որոշումների ընդունման գործընթացին Ռուսաստանի իրավահավասար ներգրավվածության ապահովումը, այդ նպատակով մեր համախոհների ու գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդումը»։ Այսինքն, հավակնությունները նույնն են մնում, միայն այս անգամ դրանց համար վճարել առաջարկվում է Արևմուտքին։ Սակայն, եթե Ռուսաստանում արդեն ասում են, թե այդ փաստաթուղթը դարձել է «անգութ գործնականության և ոգու հանդեպ նյութականի հաղթանակի խորհրդանիշ», ապա և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում գործնականությունը պակաս մոդայիկ բառ չէ։ Համապատասխանաբար, Օբաման, խոստանալով տնտեսական մեղմացումներ և Մոսկվայի համար ծայրաստիճան կարևոր համագործակցություն խաղաղ ատոմի ոլորտում, պատասխան կոնկրետ աջակցություն է սպասում Իրանի դեմ լրացուցիչ, ուժեղացված և կոշտացված պատժամիջոցների կիրառման հարցում։ Ընդ որում, կոնկրետ ժամկետներում` մինչև մայիսի վերջը։ Ի դեպ, ամերիկացիները չեն բացառում, որ նույն «արդիականացնողները» Մեդվեդևին խորհուրդ են տալիս, միայն թե «չարտահոսված փաստաթղթերում», զիջումների չգնալ Իրանի հանդեպ ունեցած դիրքորոշման և, գլխավորը, Թեհրանի հետ առևտրի հարցում։ Այսպես, արդեն արտաքին քաղաքականության «նոր մոտեցումների» հրապարակումից հետո Ռուսաստանը քամահրանքով արձագանքեց Իրանին «ցամաք-օդ» հրթիռների վաճառքի առնչությամբ Միացյալ Նահանգների զգուշացումներին, հայտարարելով, թե Մոսկվան Վաշինգտոնի խորհուրդների կարիքը չի զգում։ Սերգեյ Լավրովը պակաս կտրուկ չի արձագանքել նաև Եվրամիության նախաձեռնություններին, հայտարարելով, որ «Եվրամիության հետ ԱՊՀ երկրների ասոցացման մասին համաձայնագրերի կնքումը կարող է վնաս հասցնել այդ հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերություններին»։
Այսինքն, ամենայն հավանականությամբ, մի քիչ միամիտ կլիներ պատրանքներ տածել Ռուսաստանի նոր «արևային քաղաքականության» առնչությամբ։ Թվում է, դա սոսկ մարտավարական անհրաժեշտություն է (որն առաջ էլ է եղել, սկսած Պետրոս Մեծից, վերջացրած Լենինով ու Գորբաչովով), որը պետք է բավարարել ցանկացած գնով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ