«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՆԱՄԱԿ-ԲՈՒՄԵՐԱՆԳՆԵՐ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ ԱՅԼՈՒՐ

ՆԱՄԱԿ-ԲՈՒՄԵՐԱՆԳՆԵՐ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ ԱՅԼՈՒՐ
29.10.2010 | 00:00

(Նաջարյանի սպասումով)
Գրասեղան, զոհասեղան, ժողովրդավարության պետքաման։
Նորանկախ երկրի ժողովրդավարության բարեբեր վարելահողերը... Նամակ-ապավեն, դիմում-ցասում, ուղերձ-կոչնակ։ Պարզամիտ իմ հայրենակիցը հավատի լեռնացած պաշարներն անկախության շեփորականչից ի վեր «խարջում» է պատերազմի բոթը լսած մենատնտեսի ուշիմությամբ։
ՈՒ ահավասիկ հավքի թևով ճախրում են կոչնակները դեպի նախագահական նստավայր։ Կառույցը գեղաշեն է, պետական խորհրդանիշերը` հավուր պատշաճի նպատակասլաց։ Գեղաշեն է կառույցը, բարենորոգիչ-նախագահ Ազատիչի հույժ նշանակալից ներկայությամբ։
Այսուհանդերձ, նախագահականի թագավորանիստ վեհությունը երերում է. նստավայրի հանդիպակաց բակում դիմահայաց արձաններն են` սինլքոր գեղարվեստի ատրուշանները...
Ժողովրդավարությունը նստավայրի այցեքարտն է։ Մի գողտրիկ ու գեղաշեն շինվածք` նստավայրին կից։ Անցնում ես շեմն ու հանձնում բողոքդ, ցասումդ, ուղերձդ կաղնեփայտ փոստարկղին։ Հետո վեհաշունչ ու թեթևընթաց ելնում ես պողոտա... Անցնում են օրեր, շաբաթներն են մաշվում։ Ամիսը լրացավ։ Ամսվա, շաբաթվա, օրվա ու փոստարկղին մերձենալու գերագույն պահի ճշգրտությամբ պատասխանը հետ է թևում. այսինչ թվի օրն այնինչ ուղարկած նամակը ուղղորդված է ահա այսինչ ենթանստավայր։
(Բյուրոկրատնե՛ր երկիր մոլորակի, միացե՛ք, լիացե՛ք, այցելե՛ք Երկիր Նաիրի` որակավորման բարձրացման)։
«Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել...»
Տերյանի գոհարակերտ քնարը, պարզվում է, նստավայրի տեսլականի թուղթ ու գիրն էր։ Ղշի թևով նամակ-բողոքը հասնում է նախագահական ու բայղուշի բանդագուշանքով հանգրվանում բյուրոկրատի... Կա՛նգ առ, ակնթարթ, բախտորոշ ես դու։ Զի նորանկախ-համազգային բյուրոկրատի դեմ պայքարելիս հանրային ցասումն անպտուղ նետահարում է։ Բյուրոկրատի հետ անգամ հեռակա զրույցը պիտի կառուցել թվերի, փաստերի, կռվանների ու կարոտախտի վրա, սովետախորհրդային կարոտախտի։ Միով բանիվ` de facto։ Այսպես ահա, ՀՀ անկախ ու ազատական քաղաքացին նվաստացած է, անկախության հետնախորշն է մղվել ու Նաջարյանի կարոտախտով նստավայր է դիմել։ Զի արդարություն չի գտել թաղում, քաղաքում, մարզում... Ոմն պնդաճակատ պետծառայող (ասենք, վարչական շրջանի ղեկավարի քարտուղարուհի սֆինքսը) թույլից չափավոր լկտիության օրինախախտում է թույլ տվել։ Եվ ահա նստավայրի ժողովրդավարական ապտակը պնդաճակատին։ Նաջարյանի ցասման սպասումով նամակը... հայտնվում է շրջապտույտում։ Նրա ճակատագիրն այլևս տնօրինում է ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների և բողոքների բաժինը։ Եվ ուղղորդում է ելման կետը։ Ասել է թե` հենց այն ատյանին, ում դեմ էր ծառացած նամակագրի ցասումը։
(Նախագահականի աշխատակազմն իր վերահսկողականով սեփական օրհներգ ունի։ Երաժշտությունը կոլեկտիվ-վերահսկողական աշխատանքի պտուղ է, տեքստը... դե, իհարկե, կռահեցիք` «պտտվիր, պտտվիր կարուսել...»)։
Հսկա աղեղ գծելով բումերանգներն են սլանում նախագահական, ընկնում շրջապտույտի մեջ, լիցքավորվում են, իմաստ, բովանդակություն, նպատակ ստանում։ Եվ սփռվում մայրաքաղաքով մեկ, թևածում մինչև սահմանամերձ գյուղի սահմանապահ խրճիթը։ Ծաղկե՜ց «սահմանապահ» Մարոյի բախչեն։
Երևանի քաղաքապետարան։ Աշտարակին` քարակոփ ժամացույց։ Ավագանի, թանգարան ու բաց պատուհան։ Հազարամյակի մարտահրավերներ երևանաբնակներին։ Քաղաքային պետքարանների հույժ նշանակալից դեֆիցիտ։ Մետրոպոլիտենի կառուցման կորուսյալ հեռանկարներ։ Եթե միջնադարյան-մանուֆակտուրային Անգլիայում ոչխարները կերան մարդկանց, երևանցիներիս սպառնում են կլանել շարժակազմերը, եռագույն լուսացույցները, հետիոտնին վազանցող մայթերի սալիկները։
Եվ տոն, ցնծություն, հախուռն շքերթեր ու շփոթահար սագեր Ազնավուրի հրապարակում։

ՈՒղղակի ցնծությունն է հոգիդ պատում։ Բարեշինվում է քաղաքամայրը։ ՈՒ ահա չարենցյան հոգեպարար ռիթմերին ցանկացա միակցել իմ տառապած և փառապանծ փողոց-մայրուղի-չարչարանաց ճանապարհի բախտը։
Առաջին գրությունս տատրակի կտցին ճախրեց քաղաքապետարան։ (Այդ ո՞ր միաբջիջ-պարզամիտն է հորինել, թե անիվն է մարդկության մեծագույն հայտնագործությունը։ Բումերանգ։ Վարչաչինովնիկական օսլայած ոգու սրսուռ սփոփանքը)։
Հետ ճախրեց այն Երևանի գլխավոր ճարտարապետ Դանիելյանի թղթե սավառնակով. «Շիրազի փողոցի վրա վերգետնյա անցում կառուցելու առաջարկության վերաբերյալ հայտնում ենք, որ բարձրացված հարցն ընդունվել է ի գիտություն...»։ «Հարցը քննարկվել է նաև քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման և տրանսպորտի վարչությունում, որոնք, հաշվի առնելով Շիրազի փողոցի տրանսպորտային հոսքերը, առարկություն չունեն դրա իրականացման կապակցությամբ»։ «Դրա», հուզիչ է, հատկապես, երբ առարկություն չունեն և ընդունել են ի գիտություն։ Սա 2009-ի հուլիսին էր։ Եվ քանի որ փողոցի բնակչությունը հուսավառ հոգեվիճակից սահուն անցում կատարեց խանդավառ-տագնապի հոգեվիճակին, նրանց ստորագրություններով համեմված բողոքագիրն ուղղորդում եմ նախագահական։ Բումերանգի մեկնարկն ազդարարված է։ Նախագահականից պատասխանը նետվում է, այո, գլխավոր ճարտարապետի սեղանին, այնտեղից էլ բնակչությանն ի սպաս. «Շիրազի փողոցի վրա վերգետնյա անցում կառուցելու վերաբերյալ կրկին հայտնում ենք, որ բարձրացված հարցն ընդունվել է ի գիտություն և քննարկվում է քաղաքապետարանի 2010-ի զարգացման ծրագրի նախագծերի կազմում ընդգրկված վերգետնյա անցումների իրականացման ցանկում»։
«Ի գիտությունն» այս անգամ գիտակցորեն չընկալեցին դրկիցներս, անձնական-մասնագիտական վարկանիշս իր անկման խորությամբ համահավասարեցվեց պետբյուջեի քրոնիկ ճողվածքին։
2010-ին վերգետնյա անցումների տեսլականը միս ու արյուն առավ։ Բախտավորվեցին անցորդները Մալաթիա-Սեբաստիայում, Խանջյան փողոցում և այլուր։ Վերգետնյա թռիչքուղիների հիմնարկեքները, բնականաբար, համաքաղաքային-համազգային տոնախմբությամբ են համալրվում։ Եվ ահա նախագահականի զորության առհավատչյան. Շիրազի փողոցի շուրջ պարտիզանական լռություն է։ Քաղաքապետարանը հեռակա երջանկացնում է 2011-ի անցորդներին Ազատության պողոտայում և այլուր։ Եվս մեկ նամակ։ Այն էլ է հետ թևում միևնույն հետագծով. «Հաշվի առնելով, որ հարցն օրակարգային է, աշխատանքներ են տարվում Երևան քաղաքի տարբեր հատվածներում հետիոտն անցումների (վերգետնյա կամ ստորգետնյա) անհրաժեշտության, դրանց նախագծային լուծումների, հնարավոր կառուցապատողների ընտրության, ինչպես նաև շինարարության ֆինանսավորման աղբյուրների հստակեցման ուղղությամբ»։

Խանջյան փողոցում հիմնարկեքված վերգետնյա անցումը մղում է զարմանահրաշ մտորումների։ Ինչո՞ւ, զի 75 մետր վեր դյուրընթաց շերտավոր անցումն է... Հանդիպակաց «ափին» հսկա «զրահանավն» է` սրճարանային համալիրը։ Դե, բնական է, անհրաժեշտ է ապահովել ապագա հաճախորդների հետիոտն արշավները դեպի սրճարանային «Նոյյան տապան»։
Գրասեղան, զոհասեղան, համաժողովրդական հոպ-զիլինա՜, զիլինա՜... Նախապատերազմյան օրերի Երևան, Ապարան, Զանգիբասար։ Թաղի, բակ-հայաթի և համայնքի բարոյականի, առավել ստույգ` ճշտի պահապանը օրենքով գողի դրանիկն էր, «վեցնոցը»։ Հետպատերազմյան օրերում այս դերակատարումն ստանձնեցին թաղային ռազբորկաներում ինքնահաստատված ղոչերը, ովքեր հաճախ ու առանձին հաճույքով համագործակցում էին սովետական միլիցիայի հետ։ Հասկանալի է, ոչ հանուն գաղափարական մտատանջանքի։
Անկախացմամբ ազատականացվեց նաև «թաղային հեղինակություն» ասվածը։ ՈՒ այսօր ունի հետևյալ տեսքը. ա) կոալիցիայի մաս կազմող հրաբորբոք քաղմարմնի տեղական ներկայացուցիչը, բ) օլիգարխի ներանձնական գործընկերուհու ծածկագրված սիրեկանը, գ) այն բախտավորը, ում մանկամսուրային պետքամանը տեղակայված էր ապագա պատգամավորի պետքամանին կից։ Եվ որևէ խնդրով, առաջարկով, բողոքով նրանց դիմած քաղաքացին ձեռնունայն չէր մնում։ Զի հարցը լուծվում էր տեղում և գեղական կարգով։ Կարգազանց Վալոդիկը, Սքեն, Մռազը կամ Վարազը գամվում էին անարգանքի սյունին։
ՈՒ մի թիզ յուղ էր քսվում բողոքավորի սրտին։
Ականջդ կանչի, Նաջարյան, գեղականի քթի մուխը հանում էիր զօր ու գիշեր, բայց ստվերիդ առաջ էլ գլխարկ հանողները լավ գիտեին, որ գեղին տիրություն անող կա, արդար, հոգսաշատ, ջհաննամը, թե մի քիչ էլ սարթ։
Ի դեպ, ուշագրավ ավարտ ունեցավ վերգետնյա անցման մեր ոդիսականը։ Մի նամակ ուղղեցի անձամբ Գագիկ Բեգլարյանին։ Պատասխանը` միանգամայն գործնական և խելքի մոտ։ Այն, իհարկե, հետ ճանապարհվեց գլխավոր ճարտարապետի ստորագրությամբ, սակայն ակնհայտ է, հարգարժան քաղաքապետն ընթերցել է նամակն ու գործին ձեռնամուխ եղել անձամբ։ «Ձեր նախորդ դիմումների և առաջարկությունների հիման վրա անցման կառուցումն ընդգրկվել է Երևանի քաղաքապետարանի կազմած հետիոտն անցումների իրականացման ծրագրում, որի հիման վրա, ըստ կարգի, արդեն իսկ հայտարարվել է նախագծային աշխատանքների կատարման համար մրցույթ»։
Իսկ օրեր անց նախագծողներն արդեն իսկ չափումներ էին կատարում։ Ահա թե ինչ կցուցանե նամակս...
Մի խոսքով, ՀՀ քաղաքացին, հոգին բերանը հասած, դիմում է երկրի նախագահին։ Դիմում` վերջին հույսով։
Նախագահականի սեղանապետ-օրապահը տեղազննում է նամակը, մեղմանուշ հորանջում է... ու նամակը հետ մղում միևնույն հետագծով։
Բայց գուցե նախագահականի դարպասին թաշախուստով մի պաստա՞ռ փակցվի. «Սույնով հայտնում ենք ՀՀ բոլոր աբիժնիկ, մտամոլոր, դյուրագրգիռ և ԱԻՄ-ական քաղաքացիներին, գյուղաբնակներին, ընտրակեղծիքների արհեստավարժներին և ազատական բոմժերին` մեզ հետ հույսեր չկապեք։ Դուք հո, կներեք, հեքիաթի աղքատ-հիմարը չե՞ք»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ