«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ

ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ
05.10.2010 | 00:00

Սլավոնասիրության գաղափարը, որ բավական լայնորեն տարածված էր XIX դարում ռուս մտավորականների շրջանում, փուլ եկավ և սպառվեց լեհական անհաշտվողականության (նոնկոնֆորմիզմի) և Բալկաններում ազդեցության առումով Ռուսաստանի կորսված հույսերի պատճառով, 1877-78 թթ. ռուս-թուրքական ազատագրական պատերազմից հետո։ Սլավոնասերներին փոխարինելու եկած եվրասիացիներն այդպես էլ չկարողացան պատշաճ ընդգրկումով ծավալել իրենց շարժումը, քանի որ Ռուսաստանում բողոքի հեղափոխական հզոր ալիք էր բարձրացել, և աննախադեպ տարածում էին ստացել ձախ գաղափարները։ Սլավոնականության, որպես ազգային-լեզվական հանրության, պատմական ճգնաժամի հիմքում ընկած է Ռուսաստանի և Լեհաստանի դիմակայությունը, ինչը պայմանավորված է ոչ միայն կաթոլիկության և ուղղափառության ներհակությամբ, այլև Արևելյան Եվրոպայում գերիշխելու երկու պետությունների ու ազգերի հավակնությամբ։ Բալկաններում ռուսական հույսերի ձախողումը, որ գուշակել էր փիլիսոփա և ռուսական գործակալ Կոնստանտին Լեոնտևը, ըստ էության, ավարտեց համասլավոնականության գաղափարախոսական նախագիծը, իսկ կոմունիստական-խորհրդային ժամանակաշրջանը միայն է՛լ ավելի խորացրեց հակասությունները սլավոնական պետությունների ու ժողովուրդների միջև։ Այդ համակարգի փլուզումից հետո արևմտյան ընկերակցությունը, առաջին հերթին եվրոատլանտյան կառույցները շատ հեշտորեն և ամենակարճ ժամկետներում ներգրավեցին Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի սլավոնական բոլոր երկրները և ավելի քան լուրջ հայտ ներկայացրին ՈՒկրաինայում, իսկ հիմա նաև Բելառուսում գերիշխելու առնչությամբ։ Հենց ՈՒկրաինայի և Բելառուսի տարածքով են անցել քաղաքակրթական բեկման գծերը, ինչը Եվրոպայում սահմանների սպասվող վերաբաժանում և վերաձևում է նշանակում։ Դրա հետ մեկտեղ, առավել դրամատիկ կերպով, սլավոնականության ճգնաժամը տեղի է ունեցել և դեռևս չի ավարտվել նախկին Հարավսլավիայի տարածքում, ուր ժողովուրդների քաղաքակրթական պատկանելությունը դարձավ կատաղի, արյունահեղ պատերազմի սկզբնապատճառ։ Բայց պետք է ասել, որ միայն այդ մշակութային-պատմական տարբերությունները չեն ճգնաժամային իրավիճակների պատճառ դառնում։ Բավականին լուրջ խնդիրներ կան նաև սլավոնական ուղղափառ ժողովուրդների` բուլղարների ու սերբերի, ուկրաինացիների ու ռուսների միջև, բաժանվեցին Սերբիան ու Չեռնոգորիան։ ՈՒղղափառ աշխարհին պատկանելը համախմբման գործոն չդարձավ վրացիների ու ռուսների, հույների ու բուլղարների, հույների ու մակեդոնացիների, ռումինների ու ռուսների, ռումինների և ուկրաինացիների միջև։ Գրեթե ամենուր առկա են տարածքային վեճեր սլավոնական և ուղղափառ պետությունների միջև, և եթե անգամ պետությունների միջև հակամարտություններ պաշտոնապես չեն լինում, ապա այդ երկրների հասարակական ու քաղաքական ուժերը տարածքային-քաղաքական առումով տարբեր գաղափարների ու հավակնությունների կրողներ են։ Ընդ որում, մի շարք դեպքերում նախկինում մարած խնդիրները դառնում են հրատապ և վերածվում միջազգային քաղաքական բանավեճերի առարկայի։
Կոմունիստական-խորհրդային համակարգը կարողացավ միայն մի քանի տասնամյակ խլացնել վեճերն ու հակասությունները, և ընդհակառակը, հանգեցրեց դիմակայության սրմանը սլավոնների միջև։ Արևմտյան ընկերակցությունը կարողացավ սլավոնական աշխարհին առաջարկել փաստորեն խնդիրների մարման նույն մոդելը, որ տարածում էր խորհրդային համակարգը, այսինքն` տարբեր պետությունների ու ժողովուրդների հավակնությունների վերահսկողության ուժային եղանակները։ Արժեքների արևմտյան կամ լիբերալ-ժողովրդավարական համակարգը սլավոնական պետություններին հանգեցրեց շահերի ընդհանրության ըմբռնմանը, այդ թվում եվրա-ատլանտյան ընկերակցության շրջանակներում։ Ավելին, սլավոնական պետություններում, ինչպես ամբողջ Արևելյան Եվրոպայում, «արդարացի աշխարհակարգի» որոշ սպասումից հետո առաջացան կամ վերակենդանացվեցին բավական արմատական և անգամ ծայրահեղական բնույթի քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ։ Առանց բացառության բոլոր սլավոնական պետությունները և, առհասարակ, Արևելյան Եվրոպայի երկրները սոցիալական, քաղաքական, հոգևոր արժեքային բարդ ու դժվար հաղթահարելի ժամանակաշրջան են ապրում, ինչը երկու հակադիր միտումների զարգացում է նշանակում։ Մանրբուրժուականության և սոցիալական խմբերի համընդհանուր տեղաշարժի, վարքագծի քաղքենիական կարծրատիպի, քաղաքական անտարբերության, չափազանցված անհատականության, կենցաղային և հասարակական արժեքների փոխման, ազգային մշակույթի անկման և կրթության ձևականացման պարագայում հասարակության մի մասի կամ առանձին հասարակական խմբերի շրջանում ուժեղանում են արմատական տրամադրությունները։ Ընդ որում, այդ միտումներին ենթակա են ոչ միայն ոչ մեծ երկրները, այլև սլավոնական աշխարհի առաջատարները` Ռուսաստանն ու Լեհաստանը։ Այս պայմաններում սլավոնական աշխարհը տնտեսական ու քաղաքական կոշտ ճնշում է զգում ոչ միայն առաջատար արևմտյան պետությունների, այլև Ասիայի խոշոր տերությունների կողմից։
Ասիական պետություններից մեկը, որը ձգտում է լայնածավալ թափանցել սլավոնական աշխարհ, Թուրքիան է, որը ոչ մի կերպ չի կարողանում մրցակցել Արևմուտքի առաջատար երկրների հետ ներդրումների, տեխնոլոգիաների և արդիական արտադրությունների արմատավորման ոլորտներում, բայց բավականաչափ հնարավորություններ ունի իր գերիշխանությունն ամբողջ տարածաշրջանների վրա տարածելու համար։ Տնտեսական թափանցումը դարձել է նոր «Օսմանյան» քաղաքական տարածության ստեղծման կարևորագույն գործոն, որը ներառում է այն երկրներն ու ժողովուրդները, որոնք եղել են Օսմանյան կայսրության ծիրում։ Դա բազմաբարդ խնդիր է, որ ներառում է կրոնական, գաղափարախոսական, ազգային և ազգային-քաղաքական լծակների գործադրումը, բայց այդ դոկտրինի առավել կարևոր բաղկացուցիչն այս փուլում տնտեսությունն է։ Ստեղծվել է օսմանյան քաղաքական տարածության ստեղծման երեք հիմնական ուղղություն` Սևծով-կովկասյան, մերձավորարևելյան և բալկանյան տարածաշրջաններ Բալկաններից մինչև Կովկաս փռված հսկայական տարածությունում Թուրքիան շփվում է սլավոնական աշխարհի հետ և վարում բազմապիսի և ինչ-որ չափով հակասական քաղաքականություն։ Թուրքիան ամենուր աշխատում է ստեղծել ազգային քաղաքական օջախներ` իր ուշադրությունը ծագումով, կրոնով, հոգևոր ընդհանրությամբ, քաղաքական շահերով Թուրքիային այս կամ այն չափով մոտ ազգերի բնակության վայրերում տարածելու համար։ Թուրքական առաջնային շահերի գոտում գտնվում են Ռուսաստանը, ՈՒկրաինան, Բուլղարիան, Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան, Բոսնիան, Հորվաթիան։ Այս երկրներում ապրում են բազում ազգային խմբեր, որոնք Թուրքիան համարում են խնամակալ պետություն, որն իրենց ֆինանսական ու ռազմական օգնություն է ցուցաբերում, փաստորեն, հովանավորում է իրենց քաղաքական գործունեությունը, հանդես է գալիս որպես իրենց շահերի իրական պաշտպան։ Թուրքիան դարձել է բոսնիացիների ու կոսովցիների, Բալկաններում մահմեդական հավատի մյուս ավելի մանր ազգային խմբերի գլխավոր զինամատակարարը։ Նույնն է նաև Ղրիմի թաթարների առնչությամբ։ Մյուս ուղղափառ պետություններում` Մոլդովայում ու Վրաստանում, Թուրքիան հովանավորում է գագաուզներին ու մեսխեթցի թուրքերին, հուսալով այդ շրջաններում ստեղծել իր աշխարհաքաղաքականության վստահելի առաջադիրքեր։
Այդ պետությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Բուլղարիան, որը վերջին տարիներին հայտնվել է թուրքական ուժեղ ճնշման տակ, լուրջ դժվարություններ ունի տնտեսության մեջ, սոցիալական կառուցվածքում, քաղաքական կայունության հարցում։ Բուլղար ազգը նաև ժողովրդագրական և ազգային նկարագրի առումով է խոր ճգնաժամ ապրում, ինչը կապված է ոչ միայն սոցիալական զարգացման ներկա փուլի, այլև ազգի ծագման ներկա փուլի խնդիրների հետ։ Տեղի է ունենում երկրի բնակչության թվի անկում, ինչը հետևանք է ծնունդի աղետալի նվազման, ինչպես նաև զգալի տնտեսական արտագաղթի, ընդ որում, առավել ողբալի վիճակում է հայտնվել բուլղար ազգը։
Բուլղարիայում ապրում է առնվազն 800 հազար թուրք, ինչպես նաև 500 հազարից ոչ պակաս գնչու և մահմեդական ազգությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս որպես Օսմանյան կայսրության պատմական ժառանգներ։ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Բուլղարիայում ստեղծվել է ազգային բնույթի խոշոր և ազդեցիկ քաղաքական կորպորացիա, տարբեր ընտրություններում հանդես է գալիս քաղաքական կուսակցության դերում, որը շարունակաբար ու վստահորեն ներկայացված է խորհրդարանում և շատ քաղաքապետարաններում։ Դա ամենևին էլ ինչ-որ լուսանցքային խմբավորում չէ, այլ առաջատար քաղաքական ուժերից մեկը երկրում, որ շատ հետևողականորեն պաշտպանում է Թուրքիայի շահերը։ Այս ազգային կորպորացիան անջատական նպատակներ չի առաջադրում, թեև երբեմն երկրի մի շարք շրջաններում ապրում է ներհավաք խմբերով, հատկապես հարավում։ Անկասկած, նպատակ է հետապնդվում Բուլղարիայում ստեղծելու ազգային քաղաքական առումով դուալիստական (երկզուգահեռ) պետություն, որտեղ թուրքական փոքրամասնությունն իր կամքը կթելադրեր ամբողջ երկրին։ Քաղաքական իրավիճակը Բուլղարիայում այնպիսին է, որ, փաստորեն, թե՛ ձախ, թե՛ աջ բուլղարական կուսակցությունները նախընտրում են սերտորեն համագործակցել թուրքական կորպորացիայի հետ` նպատակ ունենալով ստեղծել խորհրդարանային կոալիցիա և դրանով ապահովել երկրի կառավարումը։ Բուլղարական կուսակցությունների այդ կարճատես և կոնյունկտուրային քաղաքականությունը ոչ միայն վկայում է երկրի ճակատագրի համար քաղաքական գործիչների պատասխանատվության զգացումի բացակայության, այլև հասարակության և ամբողջությամբ վերցրած ազգի քաղաքական ձգտումների մակարդակի անկման, քաղաքականության մեջ, առհասարակ, հետաքրքրության նվազման և հանրային հոգեբանության «տնտեսականացման», մասին։ ՈՒնենալով նպաստավոր, անգամ ռազմավարական դիրք, էական բնական պաշարներ, եզակի բնակլիմայական պայմաններ, բավական պատրաստված կադրեր, փայլուն մտավորականություն, Բուլղարիան չկարողացավ հաղթահարել ճգնաժամային երևույթները և հիմա Եվրամիության հետնապահն է շատ առումներով։ Անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ակնկալվող արդյունքները չբերեց երկրին, սկզբունքային ոչ մի նոր բան չմտցրեց տնտեսական զարգացման մեջ։ Աշխարհի ոչ մի առաջատար երկիր շոշափելի ներդրում չի արել Բուլղարիայում, ինչը հնարավոր է դարձրել թուրքական գլոբալ ներթափանցման ներկա փորձերը։ Բացի արտադրական ձեռնարկությունների ցանցի ստեղծումից, Թուրքիան բոլոր միջոցներն օգտագործում է թույլ չտալու, որ հարմար դիրք ունեցող այդ եվրոպական երկրում որևէ էներգահաղորդման նախագիծ իրականացվի` շրջանցելով Թուրքիայի տարածքը։ Թուրքիայի կողմից խափանվում է Բուլղարիայի տարածքում տնտեսական խոշոր` հանքարդյունաբերական, էներգետիկ, արտադրական, տարանցման ցանկացած ձեռնարկ` կանխելով մրցակցությունը թուրքական տնտեսության հետ։
Բուլղարիան միշտ է խնդիրներ ունեցել հարևանների, հատկապես Սերբիայի և Հունաստանի հետ, գլխավորապես Մակեդոնիայի պատճառով, որտեղ բնակչությունը, անկասկած, բուլղարների ազգային խումբ է, և արդեն 130 տարի շարունակ մակեդոնական գործոնը եղել է պատերազմների, բախումների, քաղաքական պահանջների պատճառ։ Կոմունիստական Բուլղարիան փաստորեն հրաժարվել էր Մակեդոնիայի հանդեպ հավակնություններից, բայց հիմա խնդիրը նորից է ծառացել և մնում է նույնիսկ Մակեդոնիայի անկախացումից հետո։
Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Բուլղարիայի անդամակցությունը չհանգեցրեց Հունաստանի, Մակեդոնիայի ու Սերբիայի հետ նրա մեծ փոխըմբռնման` Թուրքիայի կողմից սպառնալիքների առումով, տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական ազդեցության ընդլայնման առումով, այդ թվում` Բոսնիայի ու Ալբանական Կոսովոյի ստեղծման կապակցությամբ, որոնք համակրանքով ու երախտագիտությամբ են տոգորված Թուրքիայի հանդեպ։ Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումից անմիջապես հետո Հունաստանը փորձեց միավորել բալկանյան պետությունները` թուրքական ներթափանցման սպառնալիքը կանխելու նպատակով, սակայն 90-ականներին Բուլղարիայի ու Սերբիայի քաղաքական վերնախավերը երևի բավականաչափ հասուն չէին Հունաստանի ահազանգն ու նախաձեռնությունն ըմբռնելու համար կամ իրենց զգալ էին տալիս նախկին ընդհարումները։ Բացի այդ, թուրքական ներթափանցումն այսքան բացահայտ չէր, բալկանյան պետություններն էլ հույս ունեին իրենց քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության հարցերը լուծել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում, որոնց, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ Թուրքիան այն ժամանակ դեռևս այսքան կոշտ առճակատման մեջ չէր։ Ներկա իրավիճակը մտորելու նոր նյութ է տալիս։ Բալկանյան երկրները գլուխները կորցրել են թուրքական ներթափանցման դեմ հանդիման, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությունն ամենևին էլ զերծ չի պահել հնարավոր և իրական սպառնալիքներից։ Այնպիսի տպավորություն է, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չէ և տարածաշրջանում վարում է միանգամայն ինքնուրույն, ինքնագլուխ քաղաքականություն։
Ցավոք, սլավոնական և ուղղափառ այնպիսի խոշոր պետություն, ինչպիսին ՈՒկրաինան է, այն աստիճան է «խրված» սոցիալ-քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ, որ ի վիճակի չէ պատշաճորեն արձագանքելու Սև ծովում և իր սեփական հողում` Ղրիմում, ինչպես նաև Բեսարաբիայում թուրքական քաղաքականությունից բխող մարտահրավերներին։ ՈՒկրաինան ջանում է մտերմանալ Թուրքիայի հետ, նախընտրում է Սևծովյան ավազանում գործ ունենալ Թուրքիայի, և ոչ թե Ռուսաստանի հետ։
Հազիվ թե քաղաքական փոփոխությունները ՈՒկրաինայում ստիպեն նրա ղեկավարությանը հասկանալու սլավոնական համերաշխության անհրաժեշտությունն այն տարածաշրջաններում, որտեղ ընդհանուր շահեր կան։ Սակայն սլավոնական շահերին գլխավոր հարվածը բխում է Ռուսաստանի քաղաքականությունից, որը Թուրքիայի հանդեպ սպեկուլյատիվ խաղ է խաղում, նպատակ ունենալով Թուրքիան դուրս բերել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ազդեցության գոտուց (ոչ ավելի, ոչ պակաս)։ Ռուսաստանը պատրաստ է միավորելու ջանքերը Թուրքիայի հետ` թույլ չտալու ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը Սև ծովում, և հանուն դրա, ըստ երևույթին, կարող է իրեն թույլ տալ Թուրքիայի հետ քաղաքական սակարկություն անել Բալկանների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ։ Բայց դե Ռուսաստանը Բալկաններում քիչ բան ունի, ուստի այդ սակարկությունը հազիվ թե առարկայական ու կոնկրետ դառնա, բայց Ռուսաստանի կողմից այդ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը հավանություն տալը կարող է շոշափելի հարված հասցնել բալկանյան երկրների շահերին։ Պետք է, այնուամենայնիվ, ասել, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում չափազանց շատ խնդիրներ կան, և արդյունավետ դաշինք ստեղծելը դժվար կլինի, բայց համագործակցությունը զարգացնելու Ռուսաստանի և Թուրքիայի ներկա ձգտումներն արդեն սպառնալիք են այդ տարածաշրջանների շատ երկրների շահերին։
Այս բարդ ու առայժմ ոչ լավատեսական իրավիճակին կարելի է նաև այլ հայացքով նայել, եթե ուշադրության առնենք, որ ԱՄՆ-ը Թուրքիայի սահմանների և աշխարհաքաղաքական դիրքերի ամբողջ պարագծով նրան զսպելու համապարփակ քաղաքականություն է ծավալել և կարող է ավելի մանրամասնորեն օգտագործել Բուլղարիայում և առհասարակ Բալկաններում առկա խնդիրները։ Այնպիսի «սահմանամերձ» երկրներում, ինչպիսին Բուլղարիան է, ԱՄՆ-ն ակնհայտորեն լուրջ շահագրգռություն ունի։ Բուլղարիան Բալկաններում առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ հենց նա է Եվրոպայի գլխավոր միջնաբերդը և հենց նրա տարածքով է ծավալվելու Բալկաններ ու Եվրոպա թուրքական ներթափանցման նոր ալիքը։ Սա լավ են հասկանում թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիները, որոնք 60 տարվա մեջ առաջին անգամ հանգել են եզրակացության, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը Թուրքիային զսպելու, նրան հսկողության տակ պահելու համար։ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկա ազատական ու ժողովրդավարական կարգերը խիստ նպաստավոր են Թուրքիայի կողմից իր նվաճողական քաղաքականության իրականացման համար։ ՈՒստի Բուլղարիան կարիք ունի, որ Թուրքիային զսպելու քաղաքականությանը հավանություն տրվի ուժի արևմտյան կենտրոնների` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից։ Եթե Բուլղարիայի հայրենասիրական քաղաքական կուսակցություններն ու խմբերը կարողանան ճիշտ կողմնորոշվել այս իրավիճակում և ճիշտ քաղաքականություն վարեն, ավելի պարզորոշ շարադրեն իրենց նպատակները, ապա նրա նկատմամբ կարելի է սպասել հետաքրքրության մեծացում և աջակցություն ԱՄՆ-ի ու Գերմանիայի, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրների ու քաղաքական ուժերի կողմից։ Այսպես թե այնպես, ներկայումս ԱՄՆ-ը և մայրցամաքային Եվրոպայի տերությունները կարող էին դառնալ սլավոնական աշխարհի շարժիչ ուժը` նրանց ազգային անվտանգության խնդիրները լուծելիս։
Իսկ մինչ այդ Բուլղարիան իր բանակի վերակազմավորման ու վերազինման, ընդհանուր առմամբ արդիականացման կարիք ունի։ Ի վերջո, ՆԱՏՕ-ին անդամակցելը պետք է դրականորեն ազդի այս վիճակի վրա։ ԱՄՆ-ը պետք է շոշափելի ներկայություն ապահովի այդ երկրի տարածքում, և ըստ պատշաճի ստեղծվի առաջավոր բազավորման գիծ։ Բուլղարիան պետք է լինի մի այնպիսի նորակազմ կառույցի ուշադրության շրջանակում, ինչպիսին եվրոպական զինված ուժերն են (արագ արձագանքման կորպուս)։ Բուլղարիան կարող է դառնալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի սերտ համագործակցության ասպարեզ` տարածաշրջանի անվտանգության առումով։ Իհարկե, տարօրինակ մի իրավիճակ կարող է ստեղծվել, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի «քննություն բռնած» անդամ է, բայց մի՞թե ներկա իրավիճակում աշխարհում ու Բալկաններում քիչ տարօրինակ բաներ կան...
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ