«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ ՉԼԻՆԵՐ, ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՇԱՏ ՁԵՌՆՏՈՒ ԷՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ»

«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ ՉԼԻՆԵՐ, ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՇԱՏ ՁԵՌՆՏՈՒ ԷՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ»
16.07.2010 | 00:00

Երեկ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալվել էր Ազգային ժողովի 4-րդ խոսափողի նախկին «սեփականատեր», ԱԺԴ ղեկավար, Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ, որի կարծիքով` այսօր Հայաստանի քաղաքական դաշտը ճահճացած է։ «Աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք մեզ մոտ կարծես լավ չեն մարսվում։ Արմատական մեծ փոփոխություններ, համաշխարհայնացում, տեղաշարժեր են լինում, որոնք մեզանում բավարար չեն ընկալվում»,- հայտարարեց բանախոսը։ Սադոյանի դիտարկմամբ` առաջիկա ընտրություններին ընդառաջ քաղաքական նոր ուժեր են ի հայտ գալու։ Իսկ մինչ այդ` քաղաքական դաշտում դերակատարություն ունեցող ուժերի մասին. «Դաշինքներ, բոլոր դեպքերում, կձևավորվեն, բայց հիմնական ակնկալիքը կլինի ոչ թե հների մեջ դաշինքների ստեղծումից, այլ նոր կոմբինացիաներից` նոր որակով ու մոտեցումներով»։
ՈՒշագրավ էր, որ 4-րդ խոսափողի «սեփականատերը», ապագա խորհրդարանի կազմն ուրվագծելով, կանխատեսեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միավորումը։ «Այսօրվա ուժերից ապագա խորհրդարանում կլինեն գրեթե բոլորը` շատ փոքր «տոկոսադրույքով»։ Կլինի նաև նոր ուժ, որը հազիվ թե մեծամասնություն լինի, բայց կունենա լուրջ դերակատարում։ Ե՛վ «Ժառանգությունը», և՛ ՀՅԴ-ն, և՛ ՀԱԿ-ը խորհրդարանում կլինեն փոքր կազմով»։ Ինչ վերաբերում է նոր ուժին, ԱԺԴ ղեկավարը պարզաբանեց. «Ժամանակակից հնարավորություններին տիրապետող երիտասարդներով համալրված քաղաքական ուժ է լինելու։ Մտավախություն ունեմ միայն, որ այդ քաղաքական միավորը չի ունենա գաղափարական միասնություն, որովհետև իմ շփումները քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ ցույց տվեցին, որ նրանք աշխարհայացքային մոտեցումներ դեռ չունեն։ Սակայն մոտեցումների նոր որակով կձևավորվի այդ ուժը, որին կմիանան նաև ավագները»։
Ներքին քաղաքական խմորումներին անդրադառնալով` ակումբի հյուրն ընդգծեց. «Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը միասին նույն ճանապարհով չեն գնա։ Կոնգրեսի ստեղծումը հենց նրա համար էր, որ «Ժառանգությունը» մի քիչ կողմ «տշվի», մեծ դերակատարում չունենա այդ միավորման մեջ։ ՀԱԿ-«Ժառանգություն» հարաբերություններում շեշտված փոփոխություններ չեն լինի։ Որքան մոտենան ընտրությունները, այնքան նրանց մոտեցումները սրվելու են։ Նույնիսկ ՀԱԿ-ի ներսում «ջրերը» սկսել են այլ ուղղությամբ հոսել»։
Արշակ Սադոյանը նաև իր տեսակետը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ։ «ՈՒրախ եմ, որ այսքան տարի ձգվող գործընթացը շարունակում է նույն հունով ընթանալ։ Որոշակի արմատական փոփոխություն առաջիկա վեց-յոթ ամիսներին չի լինելու։ Ավելի շատ է թմբկահարվում նոր փոփոխությունների հավանականությունը, քան իրականում կա։ Աշխարհի ուժեղները թույլ չեն տա զինված բախում լինի։ Ձգձգվող բանակցությունները կարող են մեզ ձեռնտու լինել, եթե Հայաստանը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական ու այլ ոլորտներում հետընթաց չարձանագրի»,- շեշտեց հանրային խորհրդի անդամը` հընթացս մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը։
«Շատ շատերի համար սա մուննաթ գալու հարց է դարձել։ Եթե ադրբեջանական պրոբլեմը չլիներ, Թուրքիային շատ ձեռնտու էր հարաբերությունների կարգավորումը։ Չնայած որոշ ավանդական կուսակցությունների դիրքորոշմանը, հայ ժողովրդին էլ է ձեռնտու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Կորուսյալ հայրենիքի կարոտով սպասում են, թե հեսա կվերադարձնենք մեր հողերը, Վանա խնձորը, Վանա տառեխը... Էս կարոտով փորձել ազգապահպանության հարցեր լուծել, դերակատարում ունենալ Հայաստանում և գաղթօջախներում` անհնար է, քանի որ արդեն երեք-չորս սերունդ հետո մարդիկ ոչ միայն իրենց բակը, խնձորն ու Վանա տառեխն են մոռացել։ Հիշողությունների, հայրենիքի կարոտի մարմաջը չի կարող ազգապահպանական խնդիրներ լուծել»,- ասաց Արշակ Սադոյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ