«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՁԵՐ ԱՐՏԱԴՐՈՂԸ` ՀԵՉ, ՄԵՐԸ` ՄԵՋ»

«ՁԵՐ ԱՐՏԱԴՐՈՂԸ` ՀԵՉ, ՄԵՐԸ` ՄԵՋ»
02.07.2010 | 00:00

Օրերս կառավարությունում թեժ քննարկում է ծավալվել գործարարների, օրենսդիր և գործադիր մարմինների միջև։ Այս տեղեկությունը հաստատեցին նաև կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, որոնց փոխանցմամբ` հունիսի 29-ին կառավարությունում քննարկվել է տեղական արտադրության ոգելից խմիչքների և ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի գնի առավելությունը ներմուծվող նույնատիպ արտադրանքի դրոշմանիշերի նկատմամբ։ Այսինքն, խնդիր է դրված ներմուծվող ծխախոտի և օղու ակցիզային դրոշմանիշերի արժեքն իջեցնել, ինչը, մեր համոզմամբ, կարող է հարվածել տեղական արտադրողին։ Նույն աղբյուրները փաստում են, որ քննարկմանը ներկա են եղել խոշոր և միջին բիզնեսը ներկայացնող գործարարներ։ Եթե հավելենք 30 աստիճանից բարձր ամառային շոգը, ապա քննարկման թեժությունը 100 աստիճանի մոտ է եղել։
Պետք է նկատել, որ օրակարգային դարձած հարցը բնավ չի բխում տեղական արտադրողի շահերից։ Ըստ էության, կարելի է ենթադրել, որ այդ քննարկումը չէր լինի, եթե այս գործում որոշ երկրների մատը խառը չլիներ։ Ըստ հավաստի աղբյուրների, վերջերս Ռուսաստանն ու ՈՒկրաինան դիմել են ՀՀ կառավարությանը, նշելով, որ Հայաստանում ստեղծվել են ոչ մրցակցային պայմաններ օղու և ծխախոտի շուկայում, քանի որ ներմուծվող ծխախոտի և օղու համար սահմանված ակցիզային դրոշմանիշի արժեքը մի քանի անգամ գերազանցում է տեղականին։ Այլ կերպ ասած, Ռուսաստանն ու ՈՒկրաինան, ցանկանալով աջակցել իրենց տնտեսավարողներին, փորձում են դա անել մեր տնտեսավարողների հաշվին։ Սա դեռ ոչինչ, պարզվում է, այս երկրների մտահոգությունն «ի սրտե» կիսում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որը, ըստ տարբեր աղբյուրների տվյալների, նույնպես կարծում է, որ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը ներմուծվող ծխախոտի և օղու նկատմամբ։ Այսինքն, ոչ ավելի, ոչ պակաս, ուզում են ասել` ձեր արտադրողը` հեչ, մերը` մեջ։ Հետաքրքիր է` ինչո՞ւ այդ նույն քաղաքականությունը նույն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ մյուս երկրները չեն կիրառում ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Գուցե ժամանակն է, որ հայրենի կառավարությունը ցույց տա իր «ատամները» և փորձի պաշտպանել տեղական արտադրողի շահերը։ Այն, որ այլ երկրներ փորձում են կանաչ լույս վառել սեփական արտադրողների համար Հայաստանի շուկայում, դատապարտելի չէ, փոխարենն անչափ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի Հայաստանի գործադրի և օրենսդրի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Համենայն դեպս, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ քննարկման ժամանակ, լսելով բոլոր գործարարներին, վերջիններս համաձայնել են, որ խնդիրը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ օղու և ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի արժեքի տարբերությունը տեղական արտադրության և ներմուծվողի միջև սահմանվեց ի շահ տեղական արտադրության խթանման, ինչն էլ զգալի պտուղներ տվեց։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ