«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԻՑ ԹՐՔՈՐԵՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ ՊՈԿԵԼ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԻՑ ԹՐՔՈՐԵՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ ՊՈԿԵԼ
15.12.2009 | 00:00

Սերժ Սարգսյանը վերջին երկու օրը քաղաքական կոշտ հայտարարություններով հանդես եկավ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքաղաքական հարցերի առնչությամբ:
Սկսենք վերջինից, հարցադրմամբ` Էրդողան-Օբամա հանդիպումից հետո խաղն իսկապե՞ս փոխվեց, թե՞ աշխարհն ու տարածաշրջանն իրադրային լուծումների հերթական փուլն են հաղթահարում:
Ասենք միանգամից. Օբաման ու Էրդողանը չպայմանավորվեցին: Չպայմանավորվեցին ո՛չ Աֆղանստանի, ո՛չ Իրանի, ո՛չ Հայաստանի և, որ ամենակարևորն է, ո՛չ էլ քրդական հարցի շուրջ:
ՈՒ թե սրան էլ հավելենք այն հանգամանքը, որ Թուրքիան «բաբչկայով ու բակենբարդներով» էր հանդես գալիս «փոքրամասնությունների» հարցով, որովհետև հեռավոր հույսեր ուներ եվրոպական ընտանիքում իր նեոօսմանյան նկրտումները քողարկելու և ծերուկ Եվրոպայի բարեհաճությունն ստանալու համար, իսկ ծերուկը խիստ եվրոպաբար, հերթական անգամ հասկացրեց` Եվրոպան Թուրքիայի բերնի բանը չէ, այդ իսկ պատճառով էլ Թուրքիան ուղղակի դեմարշ սկսեց հենց Վաշինգտոնից, որքան էլ մեզանում պնդեն, թե` բա չե՜ք ասի, Էրդողանը Վաշինգտոնում համեմատաբար մեղմ էր հայ-թուրք-ադրբեջանական «հաշվով» ու չասաց` «20 տոկոս տարածքի օկուպացիա» ու այլ «տրա-լյա-լյաներ»:
Հենց միայն այն հանգամանքը, որ Վաշինգտոնից, որը հավերժ ու բոլոր մակարդակներում պնդում է, թե հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերն անջատ են, միմյանց շաղկապված չեն, այդ Վաշինգտոնի ուղիղ սրտից հայտարարել, որ Թուրքիան նախապայմանով կվավերացնի արձանագրությունները (մանավանդ որ` թրքական իշխանություններին էլ ոչ մի կերպ չի հաջողվում «զսպել» սեփական խորհրդարանական մեծամասնությանը), շատ ուղղակի դեմարշ էր` Մյունխենում հազար ժամ բանակցած, արձանագրությունները մի կերպ ստորագրման հասցրած ԱՄՆ-ի պետդեպի ու նրա լեդիի որդեգրած քաղաքականության դեմ:
Հիմա պաուզան շատ արագ ձգենք` ասելու, որ ինչպես մնացած, այնպես էլ էրդողանական պառլամենտի ուղղությամբ ամերիկա-թուրքական փոխադարձ գամբիտը շատ հետաքրքիր զարգացում ունեցավ. թրքական դատախազությունը «հաջորդ օրն» արգելեց քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը, ԱՄՆ-ն էլ հոգաց, որ 21 քրդամետ-պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները` է՛լ ավելի սրելով Թուրքիայում քրդական հարցը` Թուրքիային հասցնելով քաղաքացիական բախումների շեմին, ինչպես միշտ, վառ պահելով քրդերով Թուրքիան ցնցելու-տարուբերելու շատ կենսունակ դրույթը:
Փոխադարձ գամբիտն է՛լ ավելի հետաքրքիր շարունակություն ունեցավ, երբ Էրդողանը տուն մեկնեց. ճամպրուկները դեռ վայր չդրած, ինքնաթիռի հենց «տրապից» նա հայտարարեց, որ եթե հանկարծ Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ինքը դա «թույլ չի տա» ընդհանուր համատեքստով:
Բոլոր դեպքերում, ամենահետաքրքիրն ԱՄՆ-Թուրքիա «երկխոսությունում» Հայաստանի մասն էր: Վարկանիշային ահավոր անկում գրանցող Օբաման «ամերիկյան գետնին» վրա հազար ու մի փորձանքի մեջ ընկնող «Էրդողանին» (մե՛կ Օբամայի թիկնապահներն են նրան «ծեծկռտում», մե՛կ ամերիկացի, բայց հայ Իգնատիոսը չի թողնում Էրդողանը խոսի, Էրդողանն էլ համայն աշխարհի աչքի առաջ կորցնում է ինքնատիրապետումը...) և ուրեմն հայ լոբբիի բաց ականջի համար շատ հստակ ասել էր. հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը չի կարող ձգձգվել մինչև ապրիլի 24, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ որակել 1915 թ. դեպքերը որպես ցեղասպանություն:
Ահա հենց այդ պահին և «նույն» տեղում «խառնվեց» նաև Սերժ Սարգսյանը և իր տեսակի մեջ բավականին կոշտ հայտարարություն արեց. այն է` ձգձգման դեպքում հայկական կողմը չեղյալ կհայտարարի արձանագրությունները:
Մինչ կանցնենք առաջ, «ճշտվենք». դա հայտարարություն էր հայտարարությա՞ն համար, դիվանագիտական զգուշացո՞ւմ էր, թե՞ դրան կարող են և հաջորդել ռեալ գործողություններ:
Բոլորը` միասին վերցրած: Մեր ունեցած տեղեկություններով, եթե Թուրքիան շարունակի իրեն պահել այդպես «անկանխատեսելի», ապա հայկական կողմը, նույնքան արևմտյան բարձրաստիճան մի նախագահի այցի ժամանակ, կֆիքսի «ողջամիտ ժամկետ»` Թուրքիայի համար, վերջինիս կանգնեցնելով փաստի, եթե կուզեք` այլընտրանքի բացակայության առաջ:
Այսպիսով, կարող ենք գոնե այս պահի համար ռեալ ֆիքսել. անցյալ բոլոր փուլերում հայկական և ամերիկյան կողմերը հանդես են եկել բավականին սինխրոն: Նույն համատեքստում էր (ասել է, չէ՞, Սերժ Սարգսյանը` «քաջատեղյակ եղեք համատեքստերին») նաև Հիլըրիի զանգը (չնայած, ոնց տեսնում ենք` նրա մոտ խասիաթ է դառնում` առավոտը զարթնել, ձեռը գցել հեռախոսին ու բարլուսախառն զանգել Սերժին):
Բայց դե` նրա այդ զանգը Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի «վայրկյան անց», երբ մանավանդ Հայաստանում էր շատ բարձրաստիճան հյուրը` պոստսովետական տարածքի արևմտյան «դեսպան» Լատվիայի նախագահը, պետք է որ շատ տպավորեցրած լինի Էրդողան Ռեջեբ Թայիփին:
Տպավորվե՞լ է, թե՞ ոչ Ռեջեբը, առայժմ վաղ է ասել, սակայն նրանց բազմաշերտ, կամ առավել հասկանալի` զուտ թրքական խաղը հեռուն գնացող է այնքանով, որ նեոօսմանական այժմյան Թուրքիան, շատ լավ հասկանալով, որ ինքն առանձնապես Եվրոպայի բերնի բանը չէ, փորձում է տարածաշրջանում ոտնատեղ չտալ ԱՄՆ-ին, միևնույն ժամանակ շատ լավ հասկանալով, որ ԱՄՆ-ն ավելի շուտ կհամաձայնի տարածաշրջանում կուրատոր-հեգեմոն տեսնել նավթագազային ռեսուրսներով հարուստ Իրանին, քան իրեն: Եվ հետո` Թուրքիան թրքորեն արագ է հասկացել նաև, որ ԱՄՆ-ը, ուզի-չուզի, տարածաշրջանում Թուրքիայով պիտի խաղա: Թուրքիան թրքորեն շատ լավ է հասկացել, որ ԱՄՆ-ն աշխարհի գլոբալ խաղը ձեռից բաց է թողել ու ծայրերը չի կարողանում իրար վրա հավաքել (ԱՄՆ-ը վաղ թե ուշ ստիպված կլինի թողնել թե՛ Իրաքը, թե՛ Աֆղանստանը, որովհետև այլևս անզոր է «քաշ տալ» դրանք` թողնելով տարածաշրջանը քաոսային վիճակում), մյուս կողմից էլ` Թուրքիան թրքորեն լավ է հասկանում, որ միաբևեռ աշխարհը չկա, բազմաբևեռն էլ չի ստեղծվում, ու անբևեռ աշխարհից, ինչպես նախորդ դարի սկզբին էր, փորձում է հնարավորիս շատ պոկել, հնարավորինս` բոլորի հաշվին:
Բայց և այնպես` ջոկերն այս խաղում ԱՄՆ-ի ձեռքին է: Այո՛: Եվ դա քրդական գործոնն է, որ հարկ եղած` ծայրահեղ դեպքում Միացյալ Նահանգները կխաղարկի` փլուզելով թրքական կայսրապետությունը (չմոռանանք` ոչ միայն Իրաքի քրդական հատվածը, ուր արդեն կա ռեալ «պետություն», այլև հանգամանքը, որ վիճակագրական առումով Թուրքիայում քրդերն ավելի շատ են, քան թուրքերը: Գաղտնիք չէ, որ քրդական այդ պետությունը պետք է ծառայի որպես բուֆեր` իսլամական և քրիստոնեական աշխարհն անջրպետելու համար):
Դառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, պետք է ասել, որ այն, այո՛, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում էր` ներքաղաքական առումով:
Զարգացումները ներքաղաքական «լույսին ներքո», փաստորեն, տևական ժամանակ, մինչև գարնան կեսեր, հայ-թուրքական սառեցման հետ կապված, նույնպես կսառեցվեն: Կպահպանվի ստատուս-քվոն նաև մնացած բոլոր «ոլորտներում»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, այնտեղ էլ ստատուս-քվոն, չնայած այցերի, հայտարարությունների, հանդիպումների «բուռն և երկարատև» ֆոնին, կպահպանվի:
Հիմա հարցնում եք` «հբը կյանքս ընչի՞ անցավ»` նկատի ունենալով թե՛ ՀՀԿ բունտարներին, որոնց բունտը խեղդվեց հենց օրորոցում, թե մնացած «նեղացածներին», որոնք «աբառոտկա ֆռռացին» «Youtube»-ում (ու ոնց երևում է, ո՛չ հրապարակային, սակայն անպայմանորեն այս «պարտիայի» ձայն-պատասխանը նախագահականից դեռ լսվելու է):
Եթե չհաշվենք, որ մասամբ լսվեց Սերժ Սարգսյանի` ՕԵԿ-ում հնչեցրած ելույթի «տեսքով»:
Միայն թե անհասկանալի է, թե ինչու է «պայքարը» տեղափոխվել «Youtube»-ի կայք և համագումարներ, երբ կարելի է շատ քաղաքակիրթ որոշակի ներքին բարեփոխումներ իրականացնել, բառերի փոխարեն նախընտրելով իրական գործը` կադրային շտկումների, որոշակի մաքրազարդումների տեսքով: Այս մասին շատ ենք խոսել, կրկին անդրադարձը խիստ անիմաստ է:
Մնաց հուսալ, որ վերջին շրջանում «վտարանդի դարձած» կոալիցիոն զավակը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, տուն կվերադառնա (որքան էլ զարմանալի, նա դեմարշի կասկադ ցուցադրեց. չմասնակցեց ՀՀԿ համագումարին, բյուջեի քննարկմանը, ՕԵԿ համագումարին...), և ուրեմն կգա ու մեծ պոետի նման կասի` «ինձ բացակա չդնեք». ինչպես եղավ անցած տարի` նույն բյուջեի, հարկային փաթեթի քննարկման ժամանակ` «ինձ բացակա դրեցին», հետո էլ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը Նոր տարվա առիթով ընդունելություն էր կազմակերպել, ՀՀԿ բունտարներն արգելել էին իրենց «տղերքին» գնալ այդ հանդիպմանը, ԲՀԿ-ից էլ` «ինձ բացակա չդնեք» տարբերակով մասնակցել էր միայն Գ. Ծառուկյանը, բայց հետո` գարնան նախաշեմին ամեն բան ընկավ իր տեղը, և կառավարությանն առնչվող որոշ աննշան քվեարկություններին եկավ-մասնակցեց անձամբ «ինքը»: Կգա Գ. Ծառուկյանը, և մենք իրենից «անձամբ» կհարցնենք` ո՞ւր էր գնացել, ինչո՞ւ ու հատկապես` «ումո՞վ»:
Հա, ի դեպ, դեռ մի քիչ անհանգիստ է ԲՀԿ-ում. «որոշները» քիչ էր մնացել մանդատները վայր դնեին` որոշ ստորագրությունների հետ կապված (նրանց թվում` նոր պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որը երևի կյանքում ամենաճշգրիտ քայլն էր կատարել` ստորագրելով Սասուն Միքայելյանի ազատման խնդրագրի տակ, մի քիչ էլ Վարդան Բոստանջյանը): Մի քիչ անհանգիստ են Քուշկյանն ու Նիկոյանը` «համատեղ ջանք» օպերացիայի շրջանակներում: Գեղարքունիքի ԲՀԿ մարզպետն անհանգիստ կլինի, նրան էլի ստուգում են, իսկ ԲՀԿ Կարո Կարապետյանի գործը չի փակվել, մի քիչ անհանգստություն էլ նրան «կամենանք», ու քանի որ վերջերս «մի տասն անգամ» նախագահական է կանչվել Ռուբեն Հայրապետյանը, ու հրապարակավ արտահայտել է իր «խոստովանանքն ու հրաժարիմքը», ճիշտ ժամանակն է, որ պարոն Ծառուկյանը, իսկապես տուն գա ու լսի (համ էլ տեսնի, թե իր կուսակիցները ոնց են նետվում դեպ Սերժ Սարգսյանը), թե ինչ է ասում Սերժ Ազատիչը կոալիցիոն գործընկերոջ համագումարում:
Իսկ նա ասում է` «մեր իրականության մեջ տեղի ունեցող բացասական երևույթները մերժելու գործում կարևորագույն դերակատարում ունեն պետական կառավարման ղեկը ստանձնած կոալիցիոն քաղաքական ուժերը»:
Ինչ բացասական բանե՞ր. դե՜ «...սուտը... սևացնելը, սեփական ես-ի պրիզման, անհանդուրժողականությունն ու չարակամությունն այդպես եղել է, այդպես կա, արդյոք այդպես պե՞տք է շարունակվի։ Մենք ասում ենք` ո՛չ»:
Է, արեք. վառանք սպասելով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ