«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՆՈՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»

ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՆՈՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
02.11.2010 | 00:00

Եվ այսպես, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, Անկարան շատ հետևողական է իր նոր աշխարհաքաղաքական տեսլականների իրացման և թշնամիների ցանկի ճշգրտման գործում։ Իսկ նրա թշնամիները ոչ պակաս հետևողական են Թուրքիայի դեմ ուղղված գործողություններում։ Այսպես, բառացիորեն անցած շաբաթ թուրքերը հրապարակեցին «նոր թշնամիների ցուցակը», իսկ մեկ-երկու օր անց Ստամբուլի կենտրոնի բազմամարդ հրապարակում մահապարտ ահաբեկիչը ռումբ պայթեցրեց, և զոհվեց ավելի քան 30 մարդ։ Իհարկե, հնարավոր է, որ սա սոսկ զուգադիպություն է, առանց մարդկանց կամքի ու հաշվարկի։ Բայց այդ դեպքում, հավանաբար, դա Աստծո բանն է, որ, անշուշտ, ոչ պակաս, եթե ոչ ավելի լուրջ է։ Սակայն միստիկայի հարթությունից անցնենք աշխարհաքաղաքական փոփոխությունների ավելի պրոզայիկ ոլորտ, ինչից, կարծում ենք, շոշափվող թեմայի հետաքրքրությունն ու կարևորությունը չեն նվազի։
Ինչպես և պետք էր ակնկալել, «զրոյական խնդիրներ», «արտաքին քաղաքականության բազմավեկտորություն», «մեղմ հզորություն», «կրոնական գերուժ» արտահայտությունները, որոնք վերջին տարիներին գլխավորն էին թուրք առաջնորդների համար, ոչ թե պարզապես հայրենասիրական գեղեցիկ կարգախոսներ են, այլ քաղաքական կարևոր ծածկագրեր` աշխարհաքաղաքական լուրջ բեռնվածությամբ։ Այս ամենը, ինչպես նաև Թուրքիայի առաջին հայացքից տարօրինակ արտաքին քաղաքական վայրիվերումները, անտարակույս, հստակորեն մտածված և համառորեն իրացվող ծրագրի հետևողական տարրերն են։ Հենց դա էլ, անկարացի նոր «հիմնադիր հայրերի» կարծիքով, պետք է երկրին տարածաշրջանային գերտերության, Եվրասիայի էներգետիկ հոսքերի համակարգում առանցքային օղակի դեր շնորհի։ Հենց այդ նպատակն ու դոկտրինը լիարժեքորեն իրենց արտացոլումը գտան օրերս Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ընդունած ազգային անվտանգության նոր ռազմավարությունում։
Փաստաթուղթը հաճախ անվանում են «երկրի գաղտնի սահմանադրություն» կամ «Կարմիր գիրք»։ Նոր ռազմավարությունը նախատեսված է առաջիկա հինգ տարվա համար։ Նախկին «Կարմիր գիրքը» վերանայելու մտադրության մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանը դեռ այս տարվա փետրվարին էր հայտարարել։ Հենց այդ ժամանակ էր նա առաջարկել դրանից հանել ներքին ու արտաքին սպառնալիքների մասին մի շարք դրույթներ։ Եվ հիմա, իսլամականների իշխանության նկատելի ամրապնդումից հետո, նոր հայեցակարգ ընդունվեց։ Նկատենք, որ այդ քաղաքական փաստաթղթի մեջ, ելնելով իրավիճակից, շարունակ փոփոխություններ են մտցվում։ Սակայն երկար ժամանակ նրանում որպես գլխավոր սպառնալիք էր դիտարկվում իսլամական արմատականությունը, անջատականությունն ու ձախական խմբավորումների գործունեությունը։ Նոր խմբագրմամբ ոչ միայն լուրջ, շատ դեպքերում հեղափոխական փոփոխություններ են ամրագրվել, այլև գաղափարախոսական նոր բեռնվածություն։ Անվտանգության նոր ռազմավարության մանրամասները չեն հրապարակվում, բայց, ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, նոր «Կարմիր գրքում» տեղ են գտել «ամենաարմատական փոփոխությունները» «սառը պատերազմից» ի վեր։ Մասնավորապես, առաջին անգամ ամփոփիչ փաստաթղթում մանրամասնորեն խոսվում է երկրի ներսում և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցերի մասին։ Բացի այդ, ԱԱԽ-ն կոչ է արել «բարեկամ ու դաշնակից երկրներին` գործուն միջոցներ ձեռնարկել» ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումն ու նրանց գործունեությունը խափանելու նպատակով։ Առաջին անգամ հիմնական սպառնալիքների ցանկում ներառված է համակարգչասպառնալիքը։ Հաշվի առնելով Իրանի միջուկային օբյեկտների դեմ հակերների վերջին գրոհները, դա շատ հրատապ տեսք է ստանում, իսկ «հրեական հետքի» առնչությամբ կասկածներն առանձնակի սրություն են հաղորդում խնդրին։ Բայց, գլխավորը, որ հիմա իրավաբանորեն արձանագրված է, ոչ միայն Թուրքիայի արտաքին քաղաքականության որակական փոփոխություններն է, այլև Մերձավոր Արևելքում այդ երկրի նոր աշխարհաքաղաքական դիրքորոշումը, ինչպես նաև թշնամիների նոր ցուցակը։ Իսկ այն սենսացիոն դուրս եկավ։
Նախ` նշենք, որ ԱԱԽ-ն Սիրիային, Իրանին, Բուլղարիային, Հունաստանին, Վրաստանին ու Հայաստանին հանել է այն երկրների ցանկից, որոնք արտաքին սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար։ Մինչ այդ թշնամի պետությունների ցանկից հանվել էր Ռուսաստանը։ Ընդ որում, դա արվել է միակողմանիորեն, հաշվի չառնելով նշված երկրներում տիրող տրամադրություններն ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների դիրքորոշումները։ Այսպես, բառացիորեն նոր հայեցակարգի ընդունման նախօրեին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավութօղլուն ասաց. «Մենք չենք ուզում, որ Թուրքիան ընկալվի որպես սառը պատերազմի ժամանակների ռազմաճակատային երկրի նման մի տերություն։ Մենք մեր որևէ հարևանից սպառնալիք չենք զգում, և չենք կարծում, թե մեր հարևանները սպառնալիք են ՆԱՏՕ-ի համար»։ Այդ մոտեցման տրամաբանությամբ` «Կարմիր գրքում» առանձին տեղ է հատկացված իրանական հարցին։ Թուրքիան նշել է Թեհրանի միջուկային խնդրի վերաբերյալ ուղղակի բանակցությունների նոր տուրի շուտափույթ կազմակերպման կարևորությունը, որին պիտի մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը։ Միևնույն ժամանակ, հակառակ դիտորդների սպասումների, ոչ մի խոսք չի ասվում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ հավաքական համակարգի ստեղծման (և ոչ միայն իրանական ուղղությամբ) նախագծի` կարևոր ու ցավագին թեմաներից մեկի մասին։ Ամենայն հավանականությամբ, սա կարևոր հանգամանք է, որովհետև նոր հայեցակարգն ընդունվել է ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովից մոտ մեկ ամիս առաջ, որտեղ պետք է հաստատվի դաշինքի հակահրթիռային պաշտպանության ծրագիրը, իսկ այժմ այդ հարցի շուրջ աշխույժ գաղտնի բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև։ ՈՒ թեև թուրք զինվորականները, իբր, արդեն քարտեզներ են նախապատրաստել ՆԱՏՕ-ի ռադարների տեղաբաշխման համար, իսկ Անկարան ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել, թե հրթիռների մասին տվյալները, որոնք Թուրքիայում չեն տեղադրվելու որպես ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգի տարրեր, չեն փոխանցվի Իսրայելին, այդ հարցի շուրջ վերջնական համաձայնության գալու պահը դեռ հեռու է։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնն ու Պենտագոնի ղեկավար Հեյցը օրերս Անկարային նախազգուշացրել են Թուրքիայի համար լուրջ հետևանքների մասին, եթե նա հրաժարվի իր տարածքում համալիրի տեղաբաշխումից։ «Մենք Թուրքիային պարզորոշ հասկացրինք, որ հակահրթիռային պաշտպանության ծրագիրն իր արևմտյան դաշնակիցների հետ հավաքական անվտանգության համաձայնագրերին Թուրքիայի հավատարմության երդում է»,- հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Միևնույն ժամանակ, թուրքական կառավարամետ ազդեցիկ մեկնաբան Ալբայրաքն ասում է. «Հօգուտ ՆԱՏՕ-ի զոհաբերել Իրանի հետ բարեկամությունը` նշանակում է վերջ դնել անկախ արտաքին քաղաքականությանը և կորցնել մահմեդական աշխարհում ձեռք բերված հարգանքը»։ Այնպես որ, Անկարայում, շատ հավանական է, արդեն ճշգրտված են «գլխավոր մայրուղին» և գործընկերների հետ վարքագծի ուղին, ինչը և արտացոլվել է «Կարմիր գրքում»։
Սակայն, ինչպես ասվում է, «Ա»-ից հետո պետք է ասել «Բ», և Էրդողանի նոր հովերի ու այն հայտարարությունների տրամաբանությամբ, թե Իսրայելը «գլխավոր սպառնալիքն» է Թուրքիայի համար, փաստաթուղթը ներառել է նաև «Իսրայելի թշնամականության» մասին նոր կետ։ Ընդ որում, հատկանշական է, որ այդ կետն ընդունվել է միաձայն։ Հիմա իրավաբանորեն վավերացվել է, որ «Իսրայելը Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման գլխավոր սպառնալիքն է», և որ Իսրայելի գործողությունները կարող են սպառազինությունների մրցավազք հրահրել։ Նկատենք, համանման, թեև ավելի կոնկրետ կետեր Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ եղել են միայն մեկ անգամ` 1949-ին, երբ նոր-նոր էր Իսրայել պետությունն ստեղծվում։ Մի հետաքրքիր փաստ. այդ նույն ժամանակ Թել Ավիվի ու Թեհրանի հարաբերությունները ոչ միայն պարզապես գործընկերային էին, այլև բարեկամական։ Վերջին ժամանակներս շատ է գրվել ու խոսվել երկու երկրների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների հնարավոր ավարտի մասին։ Անկարայի և Թել Ավիվի միջև բարդացումների պաշտոնական պատրվակը, ինչպես հայտնի է, 2010-ի գարնանը Միջերկրական ծովում «Խաղաղության տորմիղի» հետ կապված միջադեպը դարձավ, երբ Իսրայելի հատուկ գործողության հետևանքով զոհվեց նավի ինը ուղևոր։ Սակայն դա, հավանաբար, միայն պատրվակ է եղել, իսկ իրական խորթացումն սկսվեց այն բանից հետո, երբ Էրդողանը նպատակ հռչակեց Թուրքիան դարձնելու իսլամական աշխարհի առաջնորդ։ Եվ ահա հիմա Անկարան, Իսրայելի հետ սերտ գործակցությունից հետո, երբ իրականացվում էին համատեղ ռազմական, տնտեսական, տեղեկատվական և ուրիշ շատ նախագծեր, միարժեքորեն ու կոշտ ձևով որոշեց այդ երկիրը դուրս նետել իր «բարեկամների» ցուցակից։
Ինչպես և պետք էր սպասել, Իսրայելի կառավարության ներկայացուցիչները շատ սուր արձագանքեցին Թուրքիայի այդ որոշմանը։ Նախ, ի տարբերություն «զբոսաշրջային բոյկոտի» նախկին քաղաքացիական նախաձեռնությունների (միայն անցած ամռանը դրա հետևանքով երկրի կրած վնասները հարյուր միլիոնավոր դոլարներ կազմեցին), հիմա բարձր մակարդակով կոչեր են հնչում «խփել շեքելով» (իսրայելական արժույթ - խմբ.) և առհասարակ չուղևորվել այնտեղ։ Այնուհետև Թուրքիայի ԱԱԽ-ի նիստից անմիջապես հետո Մարոկկոյում կայացած միջերկրածովյան երկրների միջխորհրդարանական վեհաժողովում Իսրայելին հաջողվեց «կանխել» կազմակերպության նախագահի պաշտոնում թուրք պատգամավորի ընտրությունը (և դա արաբական երկրում և մահմեդական շրջապատում)։ Ավելին, Իսրայելի ներկայացուցիչը, առանց դիվանագիտական որևէ սեթևեթանքի, նշեց. «Մենք դուրս կգայինք վեհաժողովի կազմից, եթե Թուրքիայի ներկայացուցիչն ընտրվեր»։ Ըստ երևույթին, հատկապես Արևմուտքում Անկարայի կողմնակիցների համար նշանակալի է նաև այն, որ իսրայելական մի շարք առաջատար թերթերում երևացին Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մյուս անդամների համար անսպասելի հայտարարություններ. «Հաշվի առնելով աշխարհում անվտանգության ասպարեզում տիրող անկանխատեսելի իրավիճակը, կգա ժամանակ, որ ՀՀՊ համակարգը կօգտագործվի նաև Իսրայելի դեմ»։ Իսկ դա Թուրքիայում ՀՀՊ համակարգի տեղաբաշխման ամբողջ գործընթացը, այդ թեմայով Անկարայի բոլոր հաշվարկներն ու շահարկումները տեղափոխում է այլ հարթություն, առաջին հերթին` ԱՄՆ-ի հասարակական կարծիքի համար։ Բացի այդ, «նոր թշնամու» մասին լուրերի արտահոսքից հետո համաշխարհային լրատվամիջոցները հաղորդեցին, որ մոտ ժամանակներս Իսրայելի պաշտպանության բանակի սպառազինության մեջ կհայտնվեն նոր մշակումներ «21-րդ դարի անկոնտակտ պատերազմների» համար։ Դրանք ռոբոտներ են, որոնք ընդունակ են կրակելու իրենց վրա դրված գնդացրից, ինչպես նաև սեղմածավալ ռադարներ, որոնք կարող են արդյունավետորեն հայտնաբերել 20 սմ հաստությամբ բետոնե սալի հետևում մարդկանց ներկայությունը, ճշտել նրանց շարժման ուղղությունն ու դիրքը, և կառավարվելու են հեռվից` ավելի քան 100 մետր տարածությունից (կարելի է պատկերացնել թուրք զինվորականների արձագանքը. չէ՞ որ նրանք առանց այդ էլ իրենց «եղունգներն են կրծոտում» իսրայելական ռազմական մատակարարումների կրճատման պատճառով)։ Հատկանշական է նաև այն, որ Թել Ավիվը հայտարարել է, թե արագ ու բազմակողմանի (մատակարարումներից ու զորավարժություններից սկսած մինչև հետախուզական տվյալների հավաքում ու փոխանակում) ռազմական համագործակցություն է սկսում Հունաստանի հետ։ Սա առանձնապես «վիրավորական» է Անկարայի համար, քանի որ թուրքերը «ողորմածաբար որոշել են» Հունաստանը հանել «առաջնահերթ սպառնալիք» ներկայացնող երկրների ցանկից, և նոր փաստաթղթում շեշտը դնել Աթենքի հետ գործակցության վրա։ Ի միջի այլոց, շատ հետաքրքիր է, որ իրենք` հույները, առանձին ոգևորությամբ չեն ընդունել իրենց նոր կարգավիճակը։ Այսպես, մի երկու օր առաջ Հունաստանի իշխանություններն արտաքին սահմաններում օպերատիվ գործակցության կառավարման եվրոպական գործակալությանը հարցապնդում են արել Հունաստանի ու Թուրքիայի միջև անցնող պետական սահմանի մի մասում արագ արձագանքման սահմանապահ խմբեր տեղաբաշխելու մասին։ ՈՒ թեև հայտարարվել է, որ դա արվում է անլեգալ գաղթականների հոսքը կանխելու նպատակով, Թուրքիան վրդովմունքով է ընդունել այդ հաղորդումը, հատկապես իր նոր «բարի կամքի դրսևորումների» համատեքստում։
Այսպիսով, հարկ է նշել, որ Անկարայի նոր ռազմավարությունն ավելի շատ հարցեր է առաջադրում, քան պատասխաններ տալիս։ Առայժմ պարզորոշ է միայն մեկ բան. «Փորձած թանն անփորձ մածնից լավ է» հին ասացվածքը Էրդողանի կառավարությունը հաշվի չի առել։ Հերթական անգամ իրեն որպես աշխարհաքաղաքական բևեռներից մեկի իրական հավակնորդ հայտարարելու իր խելահեղ ձգտման ճանապարհին Թուրքիան առանց տատանվելու զոհաբերեց Իսրայելի հետ ռազմավարական դաշինքը։ Մինչդեռ նոր աշխարհաքաղաքական գործընկերության երկարաժամկետ ընտրությունը նույնքան հեշտ չի լինելու։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ