ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՍԵՎ ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ»

«ՍԵՎ ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ»
26.03.2010 | 00:00

Ժամանակ առ ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը որոշում է խոսել, և պարզվում է, որ լրագրողներն ուզում են նրան հարց ուղղել: Ռոբերտ Քոչարյանը վերստին խոսում է տնտեսության մասին` իր նախագահության տարիների «փայլուն» պատկերը ներկայացնելով. «Իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր` աշխատած միջոցների մի մասը պահելով «սև» օրվա համար»:
Որքանո՞վ է պատկերը համարժեք ճշմարտությանը: 1998-ին նա հարցնում էր` ո՞րն է Ամիրյան փողոցը, 2008-ին իր մեծ գործերից մեկը համարում էր Հյուսիսային պողոտան: Թե որքանով էր պետք Հայաստանին շինարարական բումը, վկայում է նույն Հյուսիսային պողոտան: Միլիոնանոց քաղաքում մի «քարե արգելոց», որտեղ ոչ ոք չի ապրում, որտեղ չկան ծառեր, և չկան մանուկներ: Պատահաբար թե օրինաչափորեն` հենց Հյուսիսային պողոտան ի տես աշխարհի վկայեց, թե իրականում ի՛նչ է նշանակել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարությունը Հայաստանի համար: Դա պատմություն է, որ կարող ես դասագրքերում ներկայացնել իբրև երևանցիների ինքնաբուխ պաշտպանություն` առ իշխանություններ, բայց մարդկանց հիշողության մեջ կմնան իրականությունն ու անեկդոտը, թե ինչպես էին չբնակեցված շենքերի բնակիչները ոստիկանությանը խնդրում լռություն ապահովել իրենց փողոցում:
Ռոբերտ Քոչարյանը միանշանակ ճիշտ է, երբ առաջարկում է. «Թող ընթերցողը պարզապես հաշվի, թե բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քանի՞ ընտանիք է ճանաչում անձամբ ինքը»: Իսկ Ռոբերտ Քոչարյանը քանի՞ ընտանիք է անձամբ ճանաչում, որոնք, շնորհիվ իրեն, բնակարանային պայմանների բարելավման կարիք այլևս չունեն: Բնակարանը վաճառածներին, երկրից հեռացածներին չհաշված: Պետական կարիքների անվան տակ տունը կորցրածներին չհաշված: ԱՄՆ-ի հիպոթեքային պղպջակին խորքով տիրապետող մեկը պետք է իրական պատկերացում ունենար իր նախագահած երկրի տնտեսության վիճակի մասին` ոչ ըստ աղյուսակների, թվերի, ծրագրերի: Ըստ բնակչության ծնելիության ու մահացության, արտագաղթի ու ներգաղթի հարաբերակցության, ըստ աղքատության հաղթահարման ցուցանիշների, ըստ կենսամակարդակի, վերջապես` ըստ այն մարդկանց թվաքանակի, ովքեր 2008-ի փետրվարի 19-29-ն իրենից արդարություն էին պահանջում: Հազիվ թե նրանք պայքարում էին հանուն ժողովրդավարության, որը Հայաստանում միշտ էլ ապրիորի գաղափար է եղել, մարդկանց աշխատանք, վստահություն ու հեռանկար էր պետք: Նրանք նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացան իրենց պատասխանը։ Մարտի 1-ին:
«Պատմությունը ենթադրություններ չի ընդունում», ասում է նա ու անմիջապես ենթադրում, թե տնտեսության աճին զուգահեռ ինչպես կբարգավաճեր բնակարանաշինությունը և անխուսափելի դեֆոլտի կհանգեր տնտեսությունը, եթե իր վարած քաղաքականության արդյունքում արտաքին պարտքը ՀՆԱ-ի ոչ թե 13, այլ 40 տոկոսը կազմեր: Այսինքն, ոչ հեռու ապագայում, եթե հատենք 40-տոկոսանոց սահմանագիծը, ազգովին պիտի խնդրենք նրան վերադառնալ դեֆոլտից փրկելո՞ւ: Սա՞ է իշխանության քննադատության ենթատեքստը, թե՞ երկրորդ նախագահն իրոք մարգարե է։ Մարգարեին, ինչպես հայտնի է, սեփական հայրենիքում չեն սիրում։ Ոչ էլ հասկանում են: Համենայն դեպս, երբ ասում է` «ցավոք, տնտեսությունը հաճախ վերլուծում են դրա մասին աղոտ պատկերացում ունեցող մարդիկ», համոզված է, թե դա իրեն չի վերաբերում: Գուցե և չի վերաբերում, քանզի անհերքելի փաստ է, որ նա կարողացավ տասը տարի նախագահել մի երկրում, որի մասին աղոտ պատկերացում ուներ։ Եվ հիմա էլ ունի:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ