«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՐՅՈՒՆ ԷԼ ԿՏԱ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՐՅՈՒՆ ԷԼ ԿՏԱ
27.04.2010 | 00:00

Երեկ ԱԺ պատգամավորները դարձան ոսկրածուծի դոնորներ։ ԱԺ-ն, կարծես, պոլիկլինիկայի էր վերածվել, որտեղ պատգամավորներն իրենց «բարեգործական» արյունն էին հանձնում` նախօրոք լրացնելով թերթիկը, թե ինչ պապերից ու տատերից են սերվել, ինչ գեներ ունեն։ Արյուն հանձնելու «արարողությունը», ԱԺ նախագահի գլխավորությամբ, միակ իրադարձությունն էր, որ փոքրիշատե աշխուժություն մտցրեց քառօրյայի առաջին օրվա «անկենդան» առօրյայում։ Ներկայացնում ենք այդ ընթացքում հնչած երկխոսություններից պատառիկներ։ Հովիկ Աբրահամյանին լրագրողները հարցրին` արդյոք չի՞ վախենում արյուն հանձնելուց։
-Մինչև հիմա չեք հասկացե՞լ, որ ես էսքան շուտ չեմ վախենում։ Լրագրողներից վախենամ, արյուն տալուց վախենամ` ո՞ւր կգնա կհասնի։ Ես ձեզ ասեմ, որ ասում եք` պատգամավորները քիչ են, բոլորն էլ շենքում են ու մեկ-մեկ մոտենալու են։
Գալուստ Գրիգորիչը, որ Հովիկ Աբրահամյանից հետո էր պատրաստվում դոնոր դառնալ, լսելով ԱԺ նախագահի խոսքը, ասաց.
-Սրտայինները, տարբեր հիվանդություններ ունեցողները չեն մասնակցի, իսկ մնացածները կլինեն։ Կան, որ հանձնել են արդեն մի ամիս առաջ։
ՀՀԿ-ական դոնորներին միացավ դաշնակցական Վահան Հովհաննիսյանն ու առաջարկեց Գալուստ Սահակյանին արյուն չհանձնել, ինչին հետևեց Հովիկ Աբրահամյանի ռեպլիկը.
-Դաշնակցությունը կհանձնի իր փոխարեն, ինչպես միշտ։
Վահան Հովհաննիսյանը, չլսելու տալով ԱԺ նախագահի խոսքը, հարցրեց.
-Քանի՞ գրամ ենք հանձնելու։ Երեք գրամն ո՞ւմ է պետք։
-Կարևորը հետագայում եք տալու,- ասաց ԱԺ խոսնակն ու ոչ մի պատասխանի չսպասելով` արագ հեռացավ, իսկ դաշնակցական պատգամավորը պատրաստվեց ընդամենը երեք գրամ արյուն հանձնելու` միաժամանակ արձագանքելով հնչած ռեպլիկներին.
-Իմ արյունը կապույտ է։ Ամեն մեկից նոր շպրիցով ե՞ք վերցնում։
Այս ընթացքում դեռ Գալուստ Սահակյանն էր արյուն հանձնում, իսկ Վահան Հովհաննիսյանը կանգնած էր նրա կողքին։
-Շոկոլադ էլ են տալիս,- հատուկ ՀՅԴ խմբակցության ղեկավարի համար ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
-Ես արդեն խմբակցությունում կերել եմ...
Վերջում Վահան Հովհաննիսյանը մոտեցավ ոսկրածուծի դոնորների ռեեստրի ղեկավարին` պարզելու, թե էս ի՞նչ «միջոցառում» էր։
-Հիմա Դուք ինձնից ի՞նչ ճշտեցիք։
-Մենք դեռ չենք ճշտել։ Վերցնելուց հետո կճշտենք ձեր հակամարմինների կազմը, գեների կառուցվածքի մի հատվածը,- հետևեց պատասխանը։
-Լավ, եթե ճշտեցիք...
-Կմտնի համակարգչի մեջ, ու եթե աշխարհում որևէ մի տեղ որևէ մի հայորդի կամ ոչ հայորդի...
-Չէ, հայորդի...
-Կարող եմ օրինակ բերել, որ մի հայորդի տարիներ առաջ փրկեց իտալացի երեխայի։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե առանց իմանալու ինչո՞ւ է արյուն հանձնում դաշնակցության խմբակցության ղեկավարը։
-Ես գիտեի` ով է կազմակերպիչը, և նրան ամբողջովին վստահում եմ...
Հավելենք, որ ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի պատվավոր նախագահը էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի կինն է` Բելլա Քոչարյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ